Արմեն Երիցյան.  «Փարաջանովին իմ տուն կհրավիրեի»
Իմ Երևան

Արմեն Երիցյան. «Փարաջանովին իմ տուն կհրավիրեի»

Արմեն Երիցյանը Երևանի ամենավառ ու տպավորիչ կերպարներից է՝ նկարիչ-մոդելավորող, արվեստի գիտակ ու պարզապես նորաձև մարդ։ Իր սիրելի Սարյան փողոցում՝ մի գավաթ հայկական սուրճի ուղեկցությամբ, Արմենը ԵՐԵՎԱՆին պատմել է քաղաքի հանդեպ ունեցած սիրո, իսկական երևանցի լինելու ու Փարաջանովի ազդեցության մասին։

Տեքստը՝ Լենա Գևորգյանի

 

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

 

ԵՐԵՎԱՆ #86 | 2024

#ԻմԵրևան

Ծնվել և մեծացել եմ Ալավերդիում, ապա տեղափոխվել Երևան և ավարտել Պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկայի և ծրագրավորման ֆակուլտետները:

 

24 տարի ապրել եմ Հայաստանից հեռու, բայց ամեն ամառ անցկացրել եմ այստեղ: Գուցե դրա համար է, որ ինձ միշտ ասոցացնում են Երևանի հետ: Ամեն տարի մտածում էի, որ վերջապես կյանքը կփոխվի Հայաստանում, և մենք կվերադառնանք: Ուրախ եմ, որ վերջապես վերադարձել եմ:

 

Ուսանողական տարիներին շատ սիրելի վայրեր ունեի՝ Պոնչիկանոցը, Կազիրյոկը, Սկվազնյաչյոկը, Թեմուրնոցը: Հենց նոր վայր էր բացվում, անմիջապես դառնում էր մեր սիրելի հավաքատեղին:

 

Երևանը շատ է փոխվել իմ համալսարանական տարիներից հետո։ Եղել եմ այդ բոլոր փոփոխությունների անմիջական ականատեսը։ Իհարկե, կան փոփոխություններ, որոնց հետ համաձայն չեմ, օրինակ՝ շենքեր, որոնք անվերադարձ կորել են։

 

 

Քաղաքը զարգանում է և մենք էլ նրա հետ։ Անընդհատ բողոքելն օգուտ չի տալիս, մշտապես հին հիշողություններով ապրելը սխալ է։ Այժմ էլ շատ լավ ու հետաքրքիր է։ Իհարկե, շատ վատ է, որ քանդել են հին շենքերը և քաղաքի տեսքը փչացրել, բայց ժամանակը առաջ է գնում։ Դրա հետ միասին պետք է ընդունենք և վայելենք, ինչպես նաև ամեն ինչ անենք, որպեսզի մեր քաղաքը գնալով գեղեցկանա։

 

Ինձ համար Հայաստանը Երևանով չի սահմանափակվում: Առաջին հերթին սա իմ Հայրենիքն է և ծննդավայրը: Մարդկանց լավ վերաբերմունքը, բարությունը, շփվող լինելը՝ այս ամենը միշտ ինձ այստեղ է ձգել: Շատ հեշտ է մարդկանց հետ ընկերանալ, և սա, կարծում եմ, շատ լավ է բնութագրում մեր ազգին:

 

Երբ երկար ժամանակ Երևանում չեմ լինում, ամենաշատը կարոտում եմ առավոտվա օդը։ Մոտ ժամը 6-ից 7-ը Երևանում լրիվ ուրիշ օդ է:

 

Փարաջանովի հետ իմ առաջին հանդիպումը տեղի ունեցավ, երբ շատ փոքր էի։ Հորաքույրս ինձ ու իր տղային վարսավիրանոց էր տարել։ Պատին կարծես սովետական ամսագրից կտրված մի քանի կադրեր էին փակցված «Նռան գույնից»։ Մինչ վարսավիրը հարդարում էր մազերս, ես հիացած նայում ու ուսումնասիրում էի այդ նկարները։ Դա իմ առաջին ու ամենաուժեղ տպավորությունն էր, թեև այն ժամանակ դեռ չգիտեի, թե ով է նկարների հեղինակը։  

 

Բարդ է պատկերացնել, թե ուր կգնար Փարաջանովը, եթե հիմա Երևանում լիներ։ Գուցե Վերնիսաժի՝ հին իրերի հատվածը:

 

Եթե մի օր Փարաջանովի հետ Երևանում շրջելու հնարավորություն ունենայի, առաջինը նրան իմ տուն կհրավիրեի՝ համեղ ուտեստ կպատրաստեի իր համար։ Հետո կգնայինք Ինվինո՝ գինի խմելու։ Անշուշտ, շատ ընկերների կհրավիրեի՝ վստահ լինելով, որ Փարաջանովը շատ էր սիրում շփվել մարդկանց հետ:

 

Երևանն ինձ համար մարդիկ են։ Ճարտարապետությունը, իհարկե, կարևոր դեր է խաղում՝ կան շինություններ, որ շատ ենք սիրում, և կան, որոնք քննադատում ենք։ Բայց քաղաքի սիրտը և հիմքը մարդիկ են:

 

Սերնդեսերունդ այստեղ ծնված երևանցիներ կան, որոնք երբեմն այնքան էլ սրտացավ չեն իրենց քաղաքի նկատմամբ:

 

Երևանը ստեղծում են ոչ միայն նրանք, ովքեր այստեղ են ծնվել, այլև տարբեր պատճառներով մեր քաղաք տեղափոխվածները։ Կարևորը՝ զգալ այս քաղաքի էմոցիան, հասկանալ, որ սա քո քաղաքն է։ Երբ չես աղտոտում, ավելին՝ երբ պատշգամբից տեսնում ես թափված շիշն ու բղավում ես՝ «Այդ շիշը աղբամանը նետեք»։ Սա է Երևանը սիրելու բանաձևը։ 

 

Երևանը տուն է, իսկ տունը չի ավարտվում միայն բնակարանով, մուտքով կամ փողոցով։ Շատերն են սիրում առանձնացնել՝ մեկը կոնդեցի է, մյուսը՝ կոմիտասցի, բայց դա սխալ է։ Բոլորս երևանցի ենք և հայ ենք։

 

Ժամանակակից արվեստի թանգարան ունենք, որը շատ փոքր է Երևանի համար։ Գիտեմ, որ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի վերևի հատվածում ևս մի թանգարան կառուցելու նախագիծ կա, բայց կարծում եմ, դա էլ քիչ է լինելու մեր քաղաքի համար։ Կուզեի, օրինակ, Գուգենհայմի նման այլընտրանքային թանգարան կառուցվեր։

 

Երազանքիս Երևանի կենտրոնում բարձրահարկեր չկան։ Նույնիսկ եթե դրանք ճարտարապետական տեսանկյունից գեղեցիկ են, կենտրոնում չպետք է լինեն։

 

Արևածագ գյուղում պատրաստած իմ նախաճաշերը շատ են տարբերվում Երևանյան նախաճաշերից, որովհետև յուրաքանչյուր վայր իր յուրահատուկ էմոցիան ունի։ Երևանյան դասական նախաճաշ՝ կանաչիներ, ձու և բիբար, չէ՞ որ Երևանցիները շատ են սիրում բիբար։

 

Սիրում եմ այս քաղաքը՝ զբոսնել, նոր բաներ բացահայտել, օրինակ՝ սիրուն պատշգամբ հայտնաբերել, մուտքի մոտ նոր տնկած ծառեր։ Ի դեպ՝ շենքիս առջև ես էլ եմ նախատեսում ծառեր տնկել։

 

Եթե գինի ենք խմում՝ գնում ենք Սարյան, եթե համով ուտելու վայր ենք փնտրում՝ Պուշկին, պարզապես քայլելու և քաղաքը վերևից վայելելու համար՝ Կասկադ։ Տրամադրությունից կախված՝ կարող ես գնալ Կոնդ և գտնել հին Երևանը։ 

 

Մենք ամեն օր փոխվում ենք։ Առավոտը զարթնում ենք նոր զգացողություններով։ Մի տեղ կարդացել էի, որ մարդն ամեն օր պետք է տասը նոր ծանոթություն ձեռք բերի, դա խթանում է հոգեբանական հավասարակշռությունը և հիշողության զարգացմանը։ Երևանում մարդկանց մարդամոտ և շփվող լինելը սա հնարավոր է դարձնում։ Դե, միշտ չէ, որ տասը հոգու հետ ծանոթանալ ստացվում է, բայց շփումը շատ է՝ լինի դա սրճարանում, տարբեր համերգների ժամանակ։ Պարտադիր չէ, որ այդ մարդիկ դառնան քո մոտիկ ընկերները, հիմնականում շփման և էմոցիայի փոխանակման ընթացքն է կարևոր։

 

Երևանում ինձ շատ ազատ եմ զգում։ 

 

Եթե պատկերացնեմ, թե ինչպիսին է Երևանը. կարևոր չէ, թե Երևանն ինչ տարիքի է կամ ինչ սեռի։ Մի օր կարող է շատ հետաքրքիր հագուստ կրել, մի օր հակառակը, բայց անկախ տրամադրությունից, Երևանը միշտ բարեհամբույր է։ Շատ եմ սիրում, որ այն միշտ պատրաստ է օգնելու անծանոթին։

 

Կատարյալ Երևան չեմ փնտրում՝ դա անհնար է։ Այսօրվա Երևանն էլ ինձ շատ է դուր գալիս, և վստահ եմ, որ վաղն ավելի լավն է լինելու։ Շատ եմ սիրում մեր երկիրը և մայրաքաղաքը, և վստահ եմ, որ շատերն են ամեն ինչ անում, որպեսզի մեր քաղաքն ու երկիրն ավելի լավը դառնան։