Armenia in Rock. ֆիլմի պրեմիերան
Պատմություն

Armenia in Rock. ֆիլմի պրեմիերան

Armrock.am կայքում ներկայացվեց «Ճամփորդություն դեպի Armenia in Rock փառատոն» վավերագրական ֆիլմի առաջին մասին պրեմիերան։ 2021 թվականին ԵՐԵՎԱՆը շփվել էր ֆիլմի հեղինակ, Dogma խմբի բաս կիթառահար Վարդան Գրիգորյանի հետ և՛ փառատոնի, և՛ լայնամասշտաբ վավերագրական նախագծի մասին։

Տեքստը՝ Լենա Գևորգյան

 

Լուսանկարները՝ Vibrographus

 

ԵՐԵՎԱՆ #73 | 2021

 

#Ռոք #Կինո

«Ճամփորդություն դեպի Armenia in Rock փառատոն»․ դիտել armrock.am կայքում

2019 թվականի սեպտեմբերի 27-ին ու 28-ին Ազատության հրապարակում Հայաստանի Ռոք ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Armenia in Rock փառատոնը։ Իրադարձությունը տպավորիչ էր նրանով, որ համախմբել էր հայաստանյան ռոք բեմի գրեթե բոլոր գլխավոր կատարողներին՝ վետերաններից մինչև նորեկներ։ Իսկ դրանից ոչ շատ առաջ վավերագրական ֆիլմ էր նկարահանվել այդ նույն խմբերի մասին, հետո էլ պիտի միջազգային ելույթներ լինեին․․․ Այս ամենի մասին պատմում է փառատոնի կազմակերպիչ, Ռոք ասոցիացիայի նախագահ, Dogma խմբի բաս կիթառահար Վարդան Գրիգորյանը։

 

Ռոք խմբերի «ներքին խոհանոցը»

Մի օր Dogma-ի հերթական փորձն էինք անում Տիկնիկայինի մեր ստուդիայում։ Ինչպես միշտ քննարկում էինք տարբեր հարցեր ու մտածեցինք, որ լավ կլինի տեսնել ու ցույց տալ հայկական տարբեր ռոք խմբերի ներքին խոհանոցը՝ որտեղ ու ինչպես են նվագում, ոնց են փորձ անում, ինչպես է անցնում իրենց առօրյան, ոնց է ծնվում երաժշտությունը, ինչ է նշանակում լինել պրոֆի խումբ ու ինչով է այն տարբերվում սիրողականից։

 

Ռոք համայնքի մասին, ըստ էության, հավաստի ու ամփոփ ինֆորմացիա չկա՝ միայն հազվադեպ հարցազրույցներ, կիսատ-պռատ տեղեկություն։ Գաղափարն այն էր, որ հենց մենք էլ պատմենք մեր մասին, հանրայնացնենք, իրազեկենք, պատմություն հավաքենք։ Որոշեցինք պատմել խմբերի մասին՝ հիմնվելով իրական փաստերի վրա ու 100 տոկոսանոց ճիշտ ինֆորմացիա փոխանցել։ Մեզ մոտ երաժշտական չափանիշը սահմանափակվում է «լավ ա երգում-վատ ա երգում» բնորոշմամբ, իսկ մենք ուզեցինք ցույց տալ իսկական՝ մասնագիտական կողմը։

 

Ֆիլմի թրեյլերը

 

Ռոք-դոք

Այսպիսով, «ներքին խոհանոցի» հանրայնացումը որոշեցինք մեզնից սկսել։ Պրոֆեսիոնալ տեսախցիկներ ձեռք բերեցինք, թիմ հավաքեցինք, որ իրականացնենք նկարահանումներն ու վավերագրենք բոլորին։ Որոշեցինք գնալ խմբերի մոտ՝ բոլորին հավաքելով աշխատանքի վայրում ու միավորելով հենց իրենց ռոքային գաղափարի շուրջ։

 

Մեր նկարահանման թիմով նստեցինք իմ մեքենան ու գնացինք Գյումրի՝ որոշեցինք սկսել «Բամբիռի» Ջագից, հետո՝ Վանաձոր, հետո «Ոստան Հայոցենց» մոտ՝ Ուստա Արեգի՝ Սաղմոսավանում գտնվող պապիկի տանն էին միշտ հավաքվում, հետո Երևան, ամեն մեկին իր մթնոլորտում, իր ոճով, իր ռոքով ու գաղափարով։ Ճանապարհ ենք ընկել, գնացել դաշտեր, խորոված արել, խոսել, նվագել ու վավերագրել այդ ամենը։

 

Ֆիլմում պատմում ենք 20 խմբերի մասին։ Ընտրել ենք նրանց, ում ես գիտեի անձամբ, ծանոթ էի նրանց գործունեությանն ու որակյալ էի համարում։ Խմբեր, որոնք բազմաթիվ ձայնագրություններ, ալբոմներ, համերգներ, շրջագայություններ, ինչ-որ նվաճումներ են ունեցել։

 

Իհարկե, նեղացողներ էլ եղան, սակայն դա իմ ու ընկերներից նախագիծն էր, մեր սեփական բյուջեով ենք արել ու նորմալ է, որ մենք էինք որոշում՝ ում ընդգրկել։ Գուցե եղել են լավ խմբեր, ում մենք այդ պահին չենք անդրադարձել, քանի որ չենք իմացել նրանց մասին։

 

Ֆիլմը վաղուց պատրաստ է։ 6 ժամ է՝ 4 մասից բաղկացած, խմբերը բաժանված են ըստ սերունդների՝ խորհրդային տարիներից մինչև մեր օրեր։ Ուզու՞մ ես իմանալ «Ոստան Հայոցի» մասին՝ միացնում ես ֆիլմում հենց իրենց հատվածը, տեսնում ես փորձը, ինչ են մտածում, խոսում, ինչպես են ապրում, հանգստանում, հետո՝ բեմում, թե ինչպես են նվագում։ Սա այն իրականությունն է, որ ուզում էինք ցուցադրել։

 

Վարդան Գրիգորյանը

 

«Բամբիռի» երկու սերունդները

 

«Անո՛ւմ ենք»

Բայց սա դեռ ամենը չէր․ վավերագրական ֆիլմն ու թեման հանրայնացնելու հետ մեկտեղ որոշեցինք այս գաղափարն ավելի գլոբալ առումով զարգացնել՝ կազմակերպելով Armenia in Rock ռոք փառատոնը, որը պիտի դառնար ամենամյա ու համախմբեր բոլորին։ Տարբեր երկրներն ունեն իրենց՝ այցեքարտ դարձած հայտնի ռոք փառատոները, մենք էլ ուզեցանք մերն ունենալ։ Ֆիլմով ուզում էինք ցույց տալ խմբերին իրենց միջավայրում, իսկ հետո փառատոնով՝ արդեն բեմում։

 

Ֆիլմի նկարահանումների ընթացքում բոլոր խմբերի հետ քննարկեցինք ու համաձայնեցրինք՝ անու՞մ ենք փառատոնը։ Պատասխանը միանշանակ էր՝ անում ենք։ 

 

Սկսեցի՛նք։

 

Ու ստացվե՛ց

Ամեն բան մեր ուժերով ենք իրականացրել։ Երևի նման բան քաղաքում չէր եղել, որ նման մասշտաբի փառատոն լինի, բայց պաստառներին, բացի անունից, որևէ այլ բան, լոգո նշված չլինի։ Քաղաքապետարան գնացի, խնդրեցի, որ Օպերայի հրապարակը 4 օրով հատկացնեն մեզ՝ երկու օրը փորձերի համար, երկուսն էլ՝ համերգի։ 

 

Ու ստացվեց․ նկարահանեցինք, եկանք հասանք Ազատության հրապարակ, բեմը սարքեցինք, ու սկսվեց։ Մինչև վերջ էլ մարդիկ հարցական աչքերով էին նայում մեզ՝ չէին հասկանում, թե ինչ է կատարվելու, ինչ է լինելու։ 

 

18 խումբ ելույթ ունեցավ այդ երկու օրերի ընթացքում բեմում։ Բոլորը բացառապես սեփական կատարումներն էին նվագում։ Համերգը ևս նկարահանվում էր։ Ildaruni ու Level 81 խմբերը, որ էքստրեմալ մետալ են նվագում, բեմում ելույթ չունեցան։ Տարածքային առումով նրանց երաժշտության համար հարմար ու սազական չէր։ Բայց նրանց մասին կա ֆիլմում։ «Բամբիռենք» էլ բեմում չնվագեցին, դրանից առաջ Գերմանիա էին մեկնել, որոշ խնդիրների պատճառով՝ ուշ վերադարձան։ 

 

Dogma-ի Զառան՝ Ոստան Հայոցի Դավիթի ու Հովհանի հետ

 

Չստացված շարունակությունը

Շարունակությունը պիտի լիներ 2020-ի օգոստոսի 28-ից 30-ը՝ Լոռիում․ փառատոնը դառնում էր միջազգային։ Ամեն ինչ պատրաստ էր, խմբերը հրավիրված էին, պայմանագրերը՝ կնքված։ Բայց փոխվեց ամեն ինչ՝ համաճարակ, հետո էլ՝ պատերազմ։

 

Հաստատված խմբերի կազմում էին այնպիսի աշխարհահռչակ խմբեր, ինչպիսիք են՝ Opeth-ը, Sons of Apollo-ն, Pain of Salvation-ը, Ihsahn-ը, Anathema-ն, Dirty Loops-ը և այլն։ Փառատոնի հիմնական գաղափարներից էր բացահայտել ու օգտագործել Վանաձորի ներուժը՝ վերադարձնելով հայկական ռոքն իր բնօրրան։ Ամենակարևոր գաղափարը, սակայն, այն էր, որ սա խաղաղ երկիր է՝ չնայած որ հաճախ ընկալվում է որպես կոնֆլիկտային տարածք։ Իսկ հետո սկսվեց պատերազմը։

 

Իմաստային առումով ամեն ինչ փոխվեց, մի քանի խմբեր, որոնց հետ արդեն համագործակցության պայմանագիր ունեինք, դադարեցրին գործունեությունը։

 

Հիմա էլ պատրաստ եմ շարունակել, բայց․․․

 

Clocker-ի ելույթը փառատոնի ժամանակ

 

Ամեն ինչ ռոքի մասին

Կա այս ամենի շարունակությունը, որի վրա աշխատում ենք։ Ցանկացանք ստեղծել մի հարթակ՝ կայք, որտեղ կլինի ամեն ինչ ռոքի մասին։ Քլիք ես անում որևէ անվան վրա ու ստանում ես ամեն ինչ՝ սկսած տեղեկությունից, վերջացրած տեսանյութերով, համերգներով, նոտաներով և այլն։

 

Կայքում բազմաթիվ բաժիններ կան` այդ թվում նաև ռոք TV, որը բազմազան բովանդակություն կունենա՝ մաստերկլասներ, տեխնիկական ամփոփումներ, երաժշտական ռեվյուներ։ Վստահ եմ, որ կամաց-կամաց այս ամենը կհետաքրքրի հասարակությանը։ Հետագայում նախատեսում ենք նաև ներգրավել լրագրողների, ովքեր կկարողանան մասնագիտանալ հենց երաժշտական ռեվյուներ գրելու հարցում՝ երաժշտական քննադատներ կունենանք։ 

 

Կայքը համարյա պատրաստ է, սակայն հովանավորի կարիք ունենք, որովհետև մեր սեփական ռեսուրսները սպառվեցին ֆիլմի նկարահանման ու համերգի ընթացքում։ Մեր ընկերների, կամավորների ուժերով ենք ամեն ինչ անում, դրա համար էլ փոքր ինչ դանդաղ է ստացվում։ 

 

Հենց որոշում եմ, կամ խոսում եմ ֆիլմի պրեմիերայից, մի բան լինում է ու ամեն ինչ խառնվում։ Դրա համար որոշել եմ, որ երբ պատրաստ լինի կայքը, հենց այդ հարթակում էլ կցուցադրենք։

հավելյալ նյութեր