Արտ Բրիջ․ «Հիմա փակելու ժամանակն է»
Գրախանութ

Արտ Բրիջ․ «Հիմա փակելու ժամանակն է»

Արտ Բրիջ գրախանութ-սրճարանը փակվում է։ Գրախանութ-սրճարանի 22 տարվա գործունեության մասին ԵՐԵՎԱՆին պատմել է Արտ Բրիջի հիմնադիր տիկին Շաքե Հավան-Կարապետյանը, իսկ մի քանի երևանցիներ պատմել են այս վայրի հետ կապված իրենց հուշերի մասին։։

Տեքստը՝ Մարիամ Ալոյանի

 

Լուսանկարները՝ Մարիամ Ալոյանի, Արտ Բրիջի արխիվ

 

 

Շաքե Հավան-Կարապետյան

Արտ Բրիջ գրախանութ-սրճարանի հիմնադիր

Ես Երևան եմ եկել եմ 99 թվականին։ Որոշեցի, որ կմնամ, հետո գտա այս տարածքը, որն ինքը թելադրեց, թե ինչ պիտի լինի ներսում։ Մենք բացվեցինք 2001 թվականին։ Այն ժամանակ այս կոնցեպտը առաջինն էր, գիրք քիչ կար, գրքի որակը շատ վատն էր, այսօրվա հետ համեմատելու չէ, և ես ուրախ եմ, որ տեսա գրքի որակի փոփոխությունը: 

 

Արդեն 2001 թվականի սեպտեմբերին որոշեցինք, որ պիտի երկրորդ սրահն էլ բացենք։ Իհարկե, սկզբում ոչ մեկը չէր պատկերացնում, որ այն կաշխատի, ամեն մարդ բացասական էր խոսում: Մեր սրահում պիտի ցածր երաժշտություն լիներ, որակ լիներ, մեր սերվիսը պիտի տարբերվեր, մարդը պիտի հնարավորություն ունենար գիրքը կարդա, ապա նոր գնի այն: 

 

Առաջին գրախանութն էինք, որ բացվում էր 8։30։ Նպատակը այն էր, որ եթե մարդ ուզում է աշխատանքի գնալուց առաջ սուրճ խմի՝ թերթ կարդալով (ի դեպ, մեր սեփական թերթն էինք հրատարակում որոշ ժամանակ), հետո գնա, մենք տալիս էինք այդ հնարավորությունը: Մենք այն ժամանակ մոտ վեց-յոթ մշտական հաճախորդ ունեինք, որ գալիս էին թերթ կարդալու: 

 

 

Մենք նաև անում էինք ցուցահանդես-վաճառքներ, գումարը վերցնում էինք վաճառքից հետո։ Առաջին երեք ամիսներին ես խնդրում էի, որ գան մարդիկ, իսկ այսօր ամենուր ցուցահանդես-վաճառք է: Սկսեցինք նաև տարբեր հրատարակչություններից գրքեր ներմուծել, դարձանք այն գրախանութը, որ խոսում է հայ գրողներից, հայկական գրքերից, արվեստից: 

 

Ես կարծում եմ, հույս ունեմ, որ չեմ սխալվում, որ ամեն ինչ իր ժամանակը ունի։ Այն ժամանակ ես տեսա, որ գրախանութ-սրճարան բացելու ժամանակն է և հիմա զգում եմ, որ փակելու ժամանակն է: Ես հաճախորդներ ունեմ այսօր, որ իրենք իրոք իմ աչքի առաջ են մեծացել, իրենց ծնողներն են եկել, հետո եկել են իրենք փոքր ժամանակ, իսկ հիմա մեծացել են և գալիս են: Խնդրում եմ՝ սխալ չհասկանաք, սա շատ նուրբ կետ է, ես կարծում եմ՝ ամեն մարդ մի դեր ունի, կարծում եմ՝ Արտ Բրիջը իր դերը խաղացել է, հիմա մեր դերը վերջացել է: 

 

 

 

Մենք, ցավոք, կրկնօրինակելու մեջ վարպետացել ենք, ու, ցավոք, կրկնօրինակում ենք շատ վատ, կիսատ, բայց գոնե կրկնօրինակման ժամանակ պիտի իրենից հազար անգամ ավելի լավ անես դա: Թումանյանի վրա մի ժամանակ ձկան խանութ կար, կողքը մեկ այլ ձկան խանութ բացվեց, իսկ հիմա ոչ մեկը չկա, դա վատ է, այդպես չպիտի լինի։ 

 

Մենք չենք փակվում որևէ ֆինանսական խնդրի պատճառով, չնայած սովորաբար այդպես է լինում, մեր խնդիրը այլ է, ավելի խորն է. ինքն իր դերը խաղացել է: Ես չէի ուզենա ուղղակի հեռանալ, չէ՞ որ ես էլ եմ սիրում ձեզ, դուք եթե չլինեիք, մենք չէինք լինի, սա շատ ուժեղ շղթա է, ամեն անգամ խոսելիս, ես ինքս էլ հուզվում եմ: 

 

Պատկերացնում եմ, որ իմ հաճախորդներին չեմ տեսնելու, իմ աշխատակազմում մարդիկ ունեմ, որ 18-22 տարի է, ինչ աշխատում են ու ինձ էլ բարդ է կտրվել այդ ամեն ինչից: Ինձ համար դեկտեմբերի 23-ը շնորհակալության օր է, որ պիտի հայտնենք այն մարդկանց, որոնք այսքան տարի մեզ հետ են եղել:

 

Բայց Արտ Բրիջը չի լուծարվում, մենք մեր աշխատանքները անելու ենք, հնարավոր է լրիվ մեկ այլ բան բացվի: Ես չեմ սիրում կրկնել, ես չեմ ուզում բացել բիզնես, որն արդեն կա և մրցակցել, ես սիրում եմ նորը ստեղծել, նոր գաղափարներ դնել: 

 


 

Անահիտ Արամունի Քեշիշյան

Գրականագետ

Անգլերեն մի արտահայտություն կա՝ home away from home, տուն՝ տնից հեռու։ Ես որպես նոր եկած հայրենադարձված առաջին տարիներին այդ տանը պետք ունեի, և Արտ Բրիջը այդ տունը դարձավ ինձ համար, դարձավ ու մնաց։ Մինչ այդ էլ կար, բայց չէի մտածում, որ այդքան հարազատ կդառնար ինձ համար։ Անկեղծ ասած, ես իմ կյանքում շատ եմ տեղափոխվել, միայն Լոս Անջելեսում 9 տուն եմ փոխել, բայց Արտ Բրիջի դադարելը ինձ վրա ամենաշատն է ազդել, ամենածանրն եմ տարել, որովհետև այդ տունը ես չէի հիմնել, իմ սարքածը չէր, կար, իսկ եթե չկա ուրեմն չկա, ես չեմ կարող ստեղծել։ 

 

Արտ Բրիջում նաև հանդիպում էի մարդկանց շատ անսպասելի, այնպիսի մարդիկ, որոնց հետ կամ անցյալ ես ունեցել կամ ընկերներդ են, կամ քեզ պես հայրենադարձ են, Արտ Բրիջը սիրուն ու գրավիչ է նաև մարդկանց շնորհիվ, ուզում եմ, որ շատ լավ լինի Շաքեի համար հետագայում:

 

Արամ Պաչյան

Գրող

Արտ Բրիջն ինձ համար մի վայր էր, որտեղ իսկապես կարող էիր զրուցել։ Ստեղծված էր հանդիպման ու զրույցի մշակույթը։ Երևանը մենախոսի ու մենախոսության քաղաք է` արդեն վաղուց։ «Արտ Բրիջում» կարևոր զրույցներն եմ հիշում. անգամ մարդկանց հետ, որոնց  այլևս չեմ հանդիպել։ Շնորհակալություն, «Արտ Բրիջ»։

 


 

Հասմիկ Խալափյան

Ինձ համար քաղաքի ամենահարազատ վայրն էր, եթե մենակ եմ ու ուզում եմ ճաշել կամ հանգստանալ, կամ պետք է մեկին սպասեմ, չեմ հիշում քաղաքում այլ տեղ, որ կարող եմ հանգստանալ: Տարիներ առաջ բացված Արտ Բրիջը այսօր էլ պահպանեց իր հիմնադրած մշակույթը, ու դա ինձ շատ է դուր գալիս: Տղայիս հետ էլ հանդիպման վայր էր մեզ համար, միշտ իրեն էստեղ եմ սպասել, ինձ համար ցավոտ է շատ, շատ եմ ափսոսում այս վայրը, կյանքիս լավագույն պահերը, կարելի է ասել, այստեղ են անցել:

 

Արմեն Գրիգորյան 

Այստեղ ես եկել եմ և գործընկերներիս, և ընկերներիս և կնոջս հետ: Ես ինքս մարդու իրավունքներով եմ զբաղվում, դիսկրիմինացիային դեմ եմ պայքարում, ու միշտ գիտեի, որ այստեղ շատ տարբեր մարդկանց կարող եմ տեսնել. ազգային, սեռական, կրոնական փոքրամասնությունների, անգամ կան քյարթու կոչված մարդիկ, որոնք ևս միաձուլվում են այստեղ: Չկա ճնշում մարդկանց հանդեպ անձնակազմի կողմից: Բոլոր տեսակի մարդկանց այստեղ կարող ես հրավիրել շատ հանգիստ: Արտ Բրիջը` որպես Բրենդ, պետք է մի օր վերածնվի:

 

 

Արման Սահակյան

Միջավայրը շատ հաճելի է, ինչը շատ կարևոր է, Արտ Բրիջը նպաստում է, որ դու քո ժամանակը հնարավորինս լավ անցկացնես: Ձգողական մի բան ունի մեջը, որն իհարկե անձնակազմի շնորհիվ է, որովհետև շատ անմիջական են, ուշադիր են, հարգալից են: Միշտ, երբ դուրս ես գալիս, փորձում ես հանգիստդ անցկացնել, քայլերդ բերում են Արտ Բրիջ: Նաև հուշ-հիշողություն է Արտ Բրիջը, որովհետև կյանքի որոշակի ժամ անցկացնում ես այստեղ: Իսկ կյանքն էլ հուշերի ու հիշողությունների ամբողջություն է, որոնք եթե հաճելի են լցնում են կյանքդ, քչանում են սթրեսներն էլ: 

 

Գիտեք, մեր ծնողները, երբ երանի են տալիս 60-70-ականներին, մենք էլ մի օր այս Երևանի մասին կխոսենք, դա հենց այսպիսի տեղերի շնորհիվ է: Ափսոս, որ մնալու է զուտ հիշողություն:

հավելյալ նյութեր