Արտադրության արդիականացում. նոր հնարավորություններ և աջակցություն
Պետությունը տնտեսվարողների համար ստեղծում է մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։ Էկոնոմիկայի նախարարության միջոցով իրականացվող ծրագրի շահառուները պատմում են, թե ինչպես արդիականացնել արտադրությունը և օգտվել նոր հնարավորություններից։ «Fabrica furniture» ընկերության օրինակը։
Տեքստն ու լուսանկարը՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության
«Fabrica furniture»-ը հիմնադրել և նրա միջոցով տեղական կահույքագործական տնտեսությունն է զարգացնում դիզայներ Ալիկ Խաչատրյանը։ Նրա թիմը պատրաստում է հարմարավետ և դիզայներական գեղեցիկ լուծումներով կահույք՝ հաշվի առնելով շուկայի ժամանակակից պահանջները։
Սակայն կահույքի պատրաստման գործընթացում միայն դիզայնը չէ, որ կարևոր է։ Ժամանակակից կահույքագործությունը նաև ժամանակակից սարքավորումներ է պահանջում։ Հեշտ չէ այն ձեռք բերելը, եթե չկա աջակցություն, նոր հնարավորություններ և նոր միջոցներ։
Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող միջոցառումների շարքը հենց այդ աջակցության մասին է։ Կահույքագործության ոլորտում Կառավարությունն իրականացնում է ռազմավարական նախաձեռնություններ։ Պետությունը շարունակում է աջակցել արտադրողներին հումքի մեծաքանակ ներմուծման և փոքր ծավալներով արտահանման, ոլորտի արտադրողականության մակարդակի բարձրացման, ինչպես նաև արտահանման շուկաների ընդլայնմանն առնչվող հարցերում։
«Fabrica furniture»-ը, օգտվելով արտադրության արդիականացման ծրագրից, հաջողված պատմություն ունի կահույքի արտադրության չիրացված հզորությունների օգտագործման, հայկական բարձրարժեք և յուրօրինակ արտադրանքի ստեղծման ու կայուն որակի պահպանման հարցերում։
Վերջին տարիներին պետության կողմից արտադրության աջակցությունը հասել է նոր մակարդակի։ Նպատակային ոլորտներում արդիականացման ծրագրերը հասանելի են բոլոր արտադրողներին։ Այս պատմությունը վառ օրինակ է պետական աջակցության ծրագրերի իրական, տեսանելի և շոշափելի լինելու մասին։