ԱրտդոկՖեստը ճամպրուկում
Ռելոկացիա

ԱրտդոկՖեստը ճամպրուկում

Արտդոկֆեստի երևանյան արձագանքը, Տարկովսու ու Զվյագինցևի հետահայաց ցուցադրություններն ու թունավորված նախագահի մասին ներկայացումը։

Տեքստը՝ Դիանա Մարտիրոսյանի

 

Լուսանկարները՝ Կատյա Անտիպինայի, Դարյա Մորոկի

#Կինո

Անցած տարի Ռուսաստանից Երևան տեղափոխված մի խումբ ստեղծագործ ու միջոցառումներ կազմակերպող ակտիվ մարդիկ սկսեցին մայրաքաղաքում  միջոցառումներ կազմակերպել՝ ՆՓԱԿ-ում ռուսական կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրություններից մինչև հանրահայտ Արտդոկֆեստ փառատոնի սփին-օֆֆ տարբերակ ու թատերական ներկայացումներ։ Կինոքննադատ և լրագրող Դիանա Մարտիրոսյանը  Երևանում շփվել է ռուսալեզու կինո և թատերական միջոցառումների կազմակերպիչների հետ և պարզել, թե ինչու էր Վիտալի Մանսկին աշնանը համաձայնել Երևան գալ ու ինչպես է Սերգեյ Դովլաթովի «Ճամպրուկը» ադապտացվելու ռուս ռելոկանտների անձնական պատմությունների հետ։

 

ԱՐՏԴՈՔԿՖԵՍՏ

Սերգեյ Ցելիկով, պրոդյուսեր

Մոբիլիզացիայից առաջ ես բիզնես ունեի Ռուսաստանում, որն ինձ գումար էր բերում, իսկ այստեղ ես ավելի շատ զբաղվում եմ հոգու համար ինչ-որ գործունեությամբ, նոր ծանոթներ ու ընկերներ ձեռք բերելու նպատակով։ Քանի որ մասնագիտությամբ ռեժիսոր եմ, բացի այդ, ունեմ նաև ռեժիսոր ընկերներ, որոշեցի կազմակերպել մեր նկարած ֆիլմերի ցուզադրությունները, որպեսզի կողքիս մարդկանց ծանոթացնեմ իմ և հետո նաև այլ մարդկանց ստեղծագործությունների հետ։ Այդ երեկոներից մեկին եկել էր Մարինան, որն առաջարկեց ավելի մասշտաբային միջոցառում կազմակերպել, օրինակ՝ Արտդոկֆեստ փառատոնը բերել այստեղ։ 

 

Սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ, Մանանա Ասլամազյանն օգնեց կապվել Վիտալի Մանսկու հետ, թեև մենք ծանոթ էինք հետը, բայց հենց Մանանան հավաստիացրեց իրեն, որ մենք լուրջ զբաղվելու ենք կազմակերպչական աշխատանքով, ինչի արդյունքում էլ Մանսկին համաձայնեց կազմակերպել Երևանում փառատոնի փոքր սփին-օֆֆը՝ «Արտդոքֆեստի արձագանքը»,  ու ստանձնել մեզ կազմակերպչական հարցերը։ Դրանից  հետո իրար հետևից եղան մի շարք հայտնի դեպքեր [Մանանա Ասլամազյանի կյանքից հեռանալը, ՌԴ-ում սեպտեմբերին հայտարարված մոբիլիզացիան, հայ-ադրբեջանական սահմանի վրա պատերազմական էսկալացիան- խմբ․], որոնց պատճառով փառատոնն ընկավ աշնան երկրորդ կես։ 

 

 

Ռուսաստանում գտնվողներին կարող է թվալ, որ եթե էմիգրացիայի մեջ ես, ապա երկրիդ խնդիրները դադարել են քեզ հուզել։ Իհարկե, դա այդպես չէ, որովհետև շատ ցավալի էր ընդունել այն ամենն, ինչ կատարվում էր, դրան գումարած բազմաթիվ ընկերներ ժամանեցին Ռուսաստանից, որոնց պետք էր տեղավորել․ իմ տանն այդ օրերին ութ հոգի ապրում էր, միաժամանակ չէ, բայց անընդհատ գնում-գալիս էին։ Երբ քիչ թե շատ իրավիճակը կարգավորվեց՝ մեկ ամսում, շատ խիտ գրաֆիկով, գրեթե առանց քուն ու դադարի, փառատոնը կազմակերպվեց։ 

 

Կինոյի տան հարթակն ունի մեծ դահլիճ, որակյալ կինոպրոեկցիա՝  էկրանավորում, մի քիչ ափսոսում եմ, որ այդտեղ ոչ մի բան չի կատարվում, հուսամ, Կինոյի տունն ինձնից չի նեղանա այս խոսքերիս համար։ Բացման համար մեծ դահլիճ էինք ուզում, այդ իսկ պատճառով կազմակերպեցինք այնտեղ, իսկ մյուս ֆիլմերն արդեն ցուցադրվեցին  ՆՓԱԿ-ում։ Բոլորը մեզ օգնում էին, բաց էին մեր գաղափարների համար, անգամ երբ շատ շտապ պաստառ պետք է տպես և դրա մասին ասում ես տաքսու վարորդին՝ ինքն էլ է օգնություն առաջարկում՝ այդ պահին զանգելով իր ծանոթ-բարեկամներին։



 

Մարինա Կուլապինա

Երբ եկել էի Երևան, ոչ ոքի չգիտեի, բայց նկատել էի, որ հանդիսատեսը շատ բաց է, ակտիվ հավաքվում է որոշակի խմբակներում, բոլորն ուզում են միջոցառումների հաճախել։ Նաև նկատեցի, որ թատերական ժողովուրդն ավելի շատ է, քան կինոյինը, բոլորն ասում են՝ «Պետք է մի բան անել», իսկ թե կոնկրետ ինչ անել՝ հասկանալի չէ։ Դրան զուգահեռ ինքս ականատես եղա, թե ինչպես 2022-ին Ռուսաստանում չեղարկվեց Արտդոկֆեստը, ինչպես Վիտալի Մանսկու վրա ներկ լցրեցին, ինչքան տգեղ և ստոր էր այդ ամենը։

 

Մոսկվայում Արտդոկֆեստը միշտ խնդիրներ է ունեցել, բայց, այնուամենայնիվ, այն միշտ տեղի էր ունենում։ Իսկ այս անգամ տապալումը տեղի ունեցավ ամենանողկալի կերպով, և դա ինձ հունից հանեց։ Ես այդ պահին արդեն ծանոթ էի Նաստյա Բուրակովայի հետ, որը «Կովչեգի» կոորդինատորն է, և ինքը մի անգամ խոսքի մեջ նշել էր, որ ինքը Մանսկու վրա դուրս գալու կոնտակտ ունի, այդպես ես ուղղակի ընկերներիցս խնդրեցի կոնտակտն ու գրեցի իրեն։ 

 

Սերգեյի հետ էլ ծանոթացանք շատ պատահական, իր կազմակերպած կինոերեկոներից մեկի ժամանակ։ Մոտեցա, պատմեցի գաղափարիս մասին, որ շատ եմ ուզում ավելի գլոբալ մի բան անել։ Մեր բախտը շատ բերեց, քանի որ ես ծանոթացա Նունե Սարգսյանի ու Մանանա Ասլամազյանի հետ։ Մանանան խոստացավ զրուցել Մանսկու հետ, և արդյունքում իր օգնության և ջանքի շնորհիվ, քանի որ իրենք Մանսկու հետ հին ընկերներ էին, Մանանան խորհուրդ տվեց ինձ որպես կազմակերպիչ։ Դա էր առաջնային փուլը, իսկ հետո ես ամբողջությամբ սկսեցի զբաղվել պրոդյուսերական գործունեությամբ․ հարթակների հետ պայմանավորվածություններ ձեռք բերել, գտնել մեդիա-գործընկերներ, փիառ-արշավի կառուցում։ 

 

Մեր բախտը նաև շատ բերեց, որ միջոցառումն անցկացրեցինք Կինոյի տանը, շատ շնորհակալ ենք Հարություն Խաչատրյանին, ով մեզ ընդառաջեց և թե ինչ պայմաններով տրամադրեց մեզ դահլիճը։ Մարդիկ իսկապես ուզում էին տեսնել փառատոնն ու օգնում էին մեզ, մարդկանց՝ հանդիսատեսի ռեակցիայից երևում էր, թե ինչքան է դա իրենց դուր գալիս, որ իրենք իսկապես ուզում են դիտել գիտակից կինո, այդպիսի կինո նայող լսարան Երևանում կա, դա ոչ միայն ռելոկանտներն են։ Մեզ համար սկզբունքային էր հայալեզու ենթագրեր ունենալը, մենք շատ երկար ու համառորեն գործընկերներ էինք փնտրում դրա համար։ Այսպես էլ եղավ ամեն ինչ։



 

ԹԱՏՐՈՆ

Սերգեյ Ցելիկով

 

Մի մեծ երկրի պրովինցիալ հիվանդանոց են բերում այդ երկրի ուշագնաց նախագահին, որին ենթաթրաբար թունավորել են։ Բժիշկներն, իհարկե, հասկանում են, որ եթե նախագահն իրենց հիվանդանոցում մահանա, իր մահը կբարդեն իրենց վրա, երևի բանտ կնստացնեն, իսկ այդ բարձր պաշտոնյայի անվտանգության աշխատակիցներն ամեն կերպ ձգձգում են բուժման հարցը, որպեսզի նա այնտեղ հենց մահանա, որպեսզի զբաղեցնեն իր աթոռը։ Ստեղծագործությունը գրվել է որպես աբսուրդի կատակերգություն՝ հասկանալով, որ իրականում նման բան երբեք չի կարող պատահել։ Պիեսը ես կարդացել էի դեռ հունվարին, պատերազմից առաջ և մտածել, որ Ռուսաստանում նման բան բեմադրել հնարավոր չէ։ Իսկ մարտին, երբ տեղափոխվեցի Հայաստան, այլ բաների հետ միասին, հիշեցի պիեսի մասին, զանգեցի նրա հեղինակ Օքսանա Նեկրիտովային և առաջարկեցի բեմադրել Հայաստանում։ Սեպտեմբերին էլ բեմադրության ռեժիսոր Ալեքսեյ Գայլիտը եկավ Երևան։ 

 

Ես ծանոթացրեցի Ալեքսեյին բոլոր այն թատերական գործիչների հետ, որոնց արդեն գիտեի, և Լյոշան անցավ նախապատրաստական աշխատանքի։ Ամեն ինչ անում էինք զրոյից, փորձերն անում էինք ՆՓԱԿ-ում, երբ այնտեղ նորոգում էր։ Երկար սպասում էինք բժշկական սայլակի, որը մեր ռեկվիզիտի մի մասն է։ Քանի որ Հայաստանում օգտագործած սայլակը վաճառքի ենթակա չէ, կարելի է միայն նորը գնել, որը բժշկական սարքավորում է և շատ թանկ արժե, սպասում էինք մինչ օգտագործածը մեզ կհասնի Ռուսաստանից՝ Եվրատեսիլի և լեռնանցքների ձների արանքով։ 

 

Շուտով բեմադրելու ենք նաև Սերգեյ Դովլաթովի «Ճամպրուկ» պատմվածքների ժողովածուի հիման վրա մի ներկայացում, որի մտահղացումը կրկին շատ սպոնտան ստացվեց։ Հասկացանք, որ իր էմիգրացիայի և մեր օրերի պատմությունները նման են։ Ինչպե՞ս էր այդ ժամանակ՝ հետդ կարող էիր վերցնել 1-2 ճամպրուկ, այն ամենը, ինչ կտեղավորվի ինքնաթիռում, ամենապետքական իրերը։ Բայց սովորաբար դրանց մեջ միշտ լինում են հնարավորինս իռացիոնալ իրեր, որոնք քեզ շատ հոգեհարազատ են՝ փափուկ խաղալիք կամ սիրելի շարֆ, ինչը կապում է քեզ հայրենիքիդ հետ։ Որոշեցինք անել իմերսիվ ներկայացում, միքս դովլաթովյան պատմություններից և իրական ռելոկանտների, որոնք իրենց հետ կբերեն մի թանկագին իր, որի հետ ինչ-որ պատմություն կա կապված կամ էլ հիշողություն։ Դնել այդ իրը բեմի վրա գտնվող ճամպրուկի մեջ, և երբ դերասանը կվերցնի այն՝ բարձրանալ բեմ ու պատմել այդ իրի հետ կապված պատմությունը հանդիսատեսին։ Իհարկե, ոչ ոքի չենք ստիպում, նրանք, ովքեր չեն ցանկանա հրապարակավ խոսել, կարող են պարզապես գալ և դիտել ներկայացումը։ Այսպիսի էքսպերիմենտալ բան ենք մտածում, տեսնենք՝ ինչ կստացվի։

 


 

Օքսանա Նեկրիտովա, պիեսի հեղինակ

Այս ներկայացման գաղափարը ծագել է Նավալնիի թունավորման լուրից հետո։ Օմսկի հիվանդանոցում տիրող իրավիճակը, երբ այն լցված էր խիստ կոստյումներ կրող անհայտ մարդկանցով, հուշում էր, որ ինչ-որ պահի համակարգը (այս դեպքում՝ թունավորումների և ռեժիմի դեմ հակադարձող մարդկանց դեմ հաշվեհարդարների համակարգը) անխուսափելիորեն շրջվում է իր ստեղծողի դեմ։ 

 

Ներկայացումը որոշակի փորձ է պատկերացնել, թե ինչ կլինի հիվանդանոցում, երբ նախագահն ինքը դառնա հարձակման զոհ (սփոյլեր՝ ամեն ինչ նույնը կլինի, ինչպես և ընդդիմադիր գործչի դեպքում)։ Այսօր ռուսական հասարակության մեջ մարդիկ հաճախ խոսում են կոնֆորմիզմի բնույթի մասին, մարդկանց մեծամասնության՝ ուժեղի (ինչպես իրենք են կարծում) կողմում լինելու անհրաժեշտության մասին, այն մեկի, որ կարող է հաղթել։ Եվ թեև պիեսը գրվել է գրեթե երեք տարի առաջ, այն նաև ուսումնասիրում է այս թեման և, ցավոք, գալիս է այն եզրակացության, որ կոնֆորմիզմը բուծում է  համակարգը (ներառյալ դրա ռեպրեսիվ-թունավոր կողմերը), իսկ թե որոնք են դրա արմատները և ինչ անել դրա հետ՝ սրանք հարցեր են, որոնք ես արդեն ուսումնասիրում եմ մեկ այլ պիեսում:


 

Ալեքսեյ Գայլիտ, ներկայացման ռեժիսոր

Արդի՞ է Եվրոպայում Օրուելի «1984» հակաուտոպիան կամ «Ստալինի մահը» ֆիլմը կամ Կաֆկայի «Դատավարությունը»։ Այս ներկայացումը հետաքրքիր կլինի ամենուր և միշտ: Այս պիեսի ամենամեծ արժանիքն այն է, որ այն հյուսված է իրական փաստերից, բայց, կարծես, աբսուրդիստական լինի, և ինչպես ցանկացած աբսուրդիստական ​​պիես, այն բացահայտում է համամարդկային գործընթացները, որոնք տեղի են ունեցել և շարունակվելու են տեղի ունենալ ժամանակակից աշխարհում: 

 

Գործողության ներսում մենք տեսնում ենք մարդկային կոմֆորմիզմի որոշակի լաբորատորիա՝ ինչպես է այն ծնվում, ինչ հանգամանքներում և ինչ ճնշման տակ է մեծանում, ինչի է հանգեցնում այս ամենը… Հիմա, երբ աշխարհում նման դրամատիկ իրադարձություններ են տեղի ունենում և ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Ռուսաստանի վրա, կարծում եմ՝ շատերին է տանջում այն ​​հարցը, թե ինչպես է ընդհանրապես տեղի ունեցել, հետևաբար, իհարկե, ներկայացումը արդիական կլինի նաև եվրոպական երկրների համար։ Այժմ մենք ակտիվ բանակցություններ ենք վարում մարտին շրջագայություններով Վրաստան մեկնելու համար։ Այս պահին  վերջապես կարողանում ենք գրավել արտասահմանյան մամուլի ուշադրությունը նախագծի վրա, ուստի հսկայական ծրագրեր ունենք։ 

 

հավելյալ նյութեր