Արտոյի երկրի դյութանքը
Օրեր առաջ Եվրոպայի ամենամեծ բացօթյա էկրաններից մեկի վրա` շուրջ ութ հազար հանդիսատեսի առաջ տեղի ունեցավ Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» (Le Pays D’arto) ֆիլմի պրեմիերան, որը բացեց Լոկառնոյի 78-րդ միջազգային կինոփառատոնը։ Կինոքննադատ Սոնա Կարապողոսյանը պատմում է հայ-ֆրանսիական դրամայի մասին։
Տեքստը՝ Սոնա Կարապողոսյանի
Բացող լուսանկարը՝ Թամարա Ստեփանյանի ֆբ-էջից
Ֆրանսուհի Սելինին (Կամիլ Կոտան) հայազգի ամուսնու ողբերգական մահից հետո ժամանում է Հայաստան`գտնելու նրա ծննդյան վկայականը: Սակայն վկայականի փոխարեն Սելինը բացահայտում է ամուսնու անցյալը, ինչպես նաև իրեն անհայտ մի երկիր: Այսպիսով` ֆրանսուհու աչքերով հանդիսատեսը բացահայտում է Հայաստանն իր ողջ գեղեցկությամբ՝ Գյումրիից մինչև Արցախ, ու չամոքված վերքերով, ժամանակակից բուռն առօրյայով և հանգիստ չտվող անցյալի ուրվականներով, կոտրված, բայց պայքարը շարունակող մարդկանցով: Ճանապարհորդությունը նաև դառնում է հերոսուհու ինքնաճանաչողության ուղին, որ բերում է դիմացինին հասկանալու, կարեկցելու կարողության և անսպասելի որոշումների:
Ֆիլմի սցենարը Ստեփանյանը և սցենարի համահեղինակ Ժան- Քրիստոֆ Ֆերարին գրել էին դեռևս տասը տարի առաջ: Այդ տարբերակը զոհված զինվոր ամուսնուն սգացող կնոջ պատմություն էր, որ ֆինանսավորման բարդությունների պատճառով երկար տարիներ մնաց դարակում: Ստեփանյանը վերադարձավ գաղափարին 2020-ին, բայց ստիպված էր մի շարք փոփոխություններ իրականացնել պատմության մեջ, քանի որ պատմա-քաղաքական դրությունը ևս փոխվել էր: Զավեշտալիորեն, փոխված իրականությունը նաև հնարավոր դարձրեց ֆիլմի ֆինանսավորումը, որը գլխավորապես Ֆրանսիայից էր: Նկարահանումները սկսեցին 2024-ի ամռանը և ձգցեցին յոթ շաբաթ, իսկ այս ամառ ֆիլմն արդեն պատրաստ էր:
Ստեփանյանին հաջողվեց ֆիլմում միավորել մի շարք աստղերի, օրինակ` Կամիլ Կոտանին, Զար Ամիր Էբրահիմիին, Դենի Լևանին, և հայկական կողմից` Բաբկեն Չոբանյանին, Շանթ Հովհաննիսյանին, Ալեքսանդր Խաչատրյանին և այլոց։ Եվ ահա, «Արտոյի երկիրը» հասավ Շվեյցարիա՝ բացելու ինդուստրիայի ամենահարգված ու հեղինակավոր փառատոներից մեկը՝ իր հռչակավոր բացօթյա դահլիճում։
Թամարա Ստեփանյանը նախևառաջ հայտնի է իր վավերագրական ֆիլմերով. «Անթեղ» (Embers, 2012), «Ձյուն կար» (Those from the Shore, 2017), «Կանանց գյուղը» (Village of Women, 2019) ֆիլմերը ցուցադրվել են տարբեր հեղինակավոր փառատոններում, իսկ հեղինակի վերջին` «Իմ հայկական ուրվականների» վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ բոլորովին վերջերս՝ այս տարի փետրվարին` Բեռլինի միջազգային փառատոնի «Ֆորում. հատուկ» բաժնում: «Արտոյի երկիրը» Ստեփանյանի առաջին խաղարկային աշխատանքն է, որում ևս հեղինակն օգտագործում է վավերագրակաան տարրեր` հավատարիմ մնալով իր կինոլեզվին և միևնույն ժամանակ ընդգծելով իրականության զգացողությունը:
«Արտոյի երկիրը» ռեժիսորի նախորդ ֆիլմերի հետ կապվում է նաև թեմատիկ ընդհանրություններով. ինչպես նախորդող բոլոր գործերում, պատմության կենտրոնում հայրենիքից հեռացած, բայց էմոցիոնալ կապերը երբեք խզել չկարողացող հերոսն է: Ու թեև այս ֆիլմում հայրենիքը լքած հերոսը` Արտոն, մահացել է ու փաստացի չի կարող վերադառնալ տուն, նրա փոխարեն դեպի Հայաստան ոդիսական է անցնում վերջինիս այրին` Սելինը:
Արտագաղթի, տան կորուստի, էմոցիոնալ աքսորի և նոստալգիայի թեմաների պարբերական կրկնությունը թերևս կապված է ռեժիսորի սեփական փորձառության հետ. Թամարան հեռացել է Հայաստանից երիտասարդ տարիքում, անցկացրել պատանեկությունը Բեյրութում, իսկ ավելի ուշ հաստատվել Փարիզում: Հենց այս փորձառությունն է օգնում Ստեփանյանին ավելի բազմաշերտ տեսնել խնդիրը, հասկանալ դրանից բխող հետևանքներն ու դրանց առերեսվելու պատասխանատվությունը:
Ի հավելումն այս թեմաների` ֆիլմում հատուկ տեղ է հատկացված Գյումրիին: Բացի գործողությունների կենտրոն լինելուց, ֆիլմում կարմիր թելով անցնում է 1988-ի երկրաշարժի թեման, ցուցադրված են դրա չամոքված ու չվերականգնված հետևանքները: Ի հակադրում սրա` «Արտոյի երկիրը» նաև լի է առույգ և պայքարել ցանկացող հայ կերպարներով. օրինակ` Արսինեին, որին մարմավորում է հայտնի իրանցի դերասանուհի Զար Ամիր Էբրահիմին կամ նրա հայրը (Ալեքսանդր Խաչատրյան), որը հրաժարվում է հեռանալ Արցախից, որտեղ նրա տունն է:
«Արտոյի երկիրը» ֆիլմի մասին խոսելիս Թամարա Ստեփանյանը բազմիցս նշել է, որ ցանկացել է ֆիլմ նկարել Հայաստանի տրավմաների և վերքերի մասին: Սակայն այս ձգտումն էկրանին փոխակերպում է ապրել. այն դարձել է ռեժիսորի ձոնն իր հայրենիքին, որ դյութում և բաց չի թողնում հերոսներին, որոնք էլ, չնայած իրենց բոլոր տարբերություններին ու հակադրություններին, միավորվում են դրա նկատմամբ տարօրինակ սիրով և գուցե, անհնարին և անհույս նպատակով` «փրկել մահացածին»: