Artpokaz. ովքե՞ր և ինչո՞ւ են Երևանում մեծ էկրանով ցուցադրում հայտնի հին ֆիլմեր
Մեծ էկրան

Artpokaz. ովքե՞ր և ինչո՞ւ են Երևանում մեծ էկրանով ցուցադրում հայտնի հին ֆիլմեր

Հունվարին կինո «Մոսկվայում» կցուցադրվեն Ուես Անդերսոնի Grand Budapest-ը, Հարրի Փոթերի շարքի առաջին ֆիլմն ու Քոեն եղբայրների The Big Lebowski-ն։

Տեքստը՝ Դիանա Մարտիրոսյանի

Արդեն անցած տարվա դեկտեմբերի 9-ին և 10-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում բնօրինակով ցուցադրվեց Քվենթին Տարանտինոյի շրջադարձային «Քրեական ընթերցվածքը» ժապավենը (բոլորիս ավելի հայտնի որպես Pulp Fiction)։ Իսկ արդեն հունվարին ծրագրված են Ուես Անդերսոնի Grand Budapest-ը, Հարրի Փոթերի շարքի առաջին ֆիլմն ու Քոեն եղբայրների The Big Lebowski-ն։ Ցուցադրությունների կազմակերպիչ artpokaz թիմի ղեկավար Դմիտրի Պոկրովսկին կինոքննադատ ու լրագրող Դիանա Մարտիրոսյանին պատմել է Սանկտ Պետերբուրգում կազմակերպված միջոցառումների, երևանյան լսարանի ու հին ֆիլմերը կինոթատրոններում ցուցադրելու ավանդույթի մասին։

 

Լսել կինոն

Երևի թե նախ պետք է նշել, որ ես երաժիշտ եմ և կինոյի հնչյունային ռեժիսոր, և երբ 2013-ին սկսեցինք նախագիծը, Ռուսաստանում գրեթե չէին ցուցադրվում ենթագրերով ֆիլմեր։ Կինո ստեղծելու համար նախ պետք է շատ կինո նայել, իսկ հնչյունային ռեժիսորին՝ համապատասխանաբար՝ լսել այն, լսել օրիգինալով, քանի որ կրկնօրինակված ֆիլմերը կիսատ են, ձայնի կեսը կորում է։ Հնչյունային ռեժիսորներիս մոտ միշտ խնդիր էր՝ ինչպես սովորել կինո ստեղծել, եթե մենք գրեթե ոչ մի տեղ չենք կարողանում այն դիտել, տանը նոութբոքով դիտելն այն փորձը չէ, որն ուզում ես ստանալ, այդպես ոչինչ չես սովորի… 

 

Բացի այդ, կար նաև սեփական նախաձեռնություն ստեղծելու ցանկություն։ Գլխումս առկա էր եվրոպական փոքրիկ սրճարանի ձևաչափը, սրճարան, որտեղ տերերն անձամբ են սպասարկում հաճախորդներին, իրենք էլ բնակվում են սրճարանի երկրորդ հարկում, այդ ոճի հաճելի մի բան։ Պարզապես՝ կինոցուցադրությունների տեսքով։ Եվ Սանկտ Պետերբուրգի Լիգովսկի պողոտայի վրա գտանք մի վայր, կարծեմ, մինչ օրս էլ այդ տեղը գոյություն ունի, կոչվում էր «Լոֆթ Պռոեկտ Էտաժի»։ Գնացինք իրենց մոտ և իրականացրեցինք նախագիծն այդտեղ շուրջ երեք տարի։ Թեև ամեն ինչ այնպես չէր, ինչպես որ պլանավորում էինք, կինոգործիչներն այնպես չէր, որ առանձնապես հաճախում էին, մեզ մոտ էլ իրենք այդքան շատ էլ չեն, բայց կային բազմաթիվ մարդիկ, տարբեր՝ կինոմաններ և ոչ միայն, որոնք հաճույքով գալիս էին։ 

 

Երեք տարի հետո սկսեցինք կինոդիտումներ կազմակերպել «Ռոդինա» կինոթատրոնի դահլիճում, մենք մինչ օրս էլ երբեմն կինոցուցադրություններ ենք կազմակերպում այդտեղ, կենտրոննականներից մեկն է։ Այդ ժամանակներից անընդհատ զբաղվում ենք ցուցադրություններով, չհաշված Պիտերն ու Մոսկվան՝ նաև մտքներումս ունեցել ենք շրջաններում կինո ցույց տալու միտքը, չէ՞ որ մեզ մոտ կենտրոնացում կա, ամեն ինչ գրեթե երկու քաղաքներում է։ 

 

Pulp Fiction

 

Հասունացած Երևան

Երբ փետրվարին տեղի ունեցավ այս դժբախտությունը, և հոլիվուդյան մեծ ստուդիաների կինոն արգելքի տակ ընկավ, սկսեցինք զբաղվել լայն վարձույթով։ Այժմ Ռուսաստանում մենք զբաղվում ենք ամբողջ երկրի համար նախատեսված վարձույթով, դրանք հազարավոր դահլիճներ են։ Եվ, բնականաբար, միշտ կար այն միտքը, որ գոյություն ունեն այլ երկրներ, ինչու՞ չզբաղվել այս ամենով նաև այնտեղ։ Քանի որ մինչ այս Ռուսաստանում անելիքները շատ էին, հերթը դրան չէր հասնում, բացի այդ Ռուսաստանում միշտ ինչ-որ նոր արգելող օրենքներ են ստեղծվում, ինչ-որ կատակլիզմներ են, ճգնաժամեր են ի հայտ գալիս… 

 

Ես մեր ցուցադրությունները կարող եմ համեմատել թատրոն հաճախելու հետ։ Թատրոնում լավ ներկայացումը կարող է գնալ մի քանի տասնամյակ, կինոթատրոնների պես չէ, որ մի ֆիլմ ցուցադրվի, իսկ մյուս շաբաթ արդեն ուրիշը գնա, չէ. լավ ներկայացումը կարող է տարիներ շարունակ ցուցադրվել և ունենալ լեփ-լեցուն դահլիճներ։ Բայց ամեն քաղաքում չէ, որ կստացվի, անհրաժեշտ է որոշակի մշակութային մակարդակ, որն էլ իր հերթին կապված է նաև տնտեսական վիճակի հետ։ Հիմա ականատես ենք դարձել մի քիչ տարօրինակ վիճակի․ Երևանում առկա է ռուսաստանցիների հոսք, ես տեսնում եմ, որ այն զգալիորեն ազդում է այն շերտի վրա, որով որ մենք ենք զբաղվում: Դա չի նշանակում, որ եթե չլինեին ռելոկանտները, այս նախագիծը չէր գտնի իր հանդիսատեսին, պարզապես մեզ համար այս պայմաններում գործը սկսելն ավելի հեշտ էր։ Մի խոսքով, Երևանը միանգամայն հասունացել էր մեր այս նախագծի համար։ 

 

Թարգմանություն 

Ռուսալեզու ենթագրերի մասով ասեմ, որ ես շրջել եմ երևանյան կինոթատրոններով, խոսել կինոթատրոնի հետ և հասկացել, որ Հայաստանում ֆիլմերը ցուցադրվում են կա՛մ ռուսերեն, կա՛մ անգլերեն, դա թույլատրելի է, չեմ ասում ճիշտ է, բայց թույլատրելի, հետևաբար մենք նախատեսեցինք առաջին ցուցադրությունները ռուսերեն ենթագրերով։ Բայց մտածում եմ, որ մեզ հետագայում անհրաժեշտ կլինի ունենալ նաև հայերեն ենթագրեր, հիմա մտածում ենք, թե ինչպես ենք համատեղելու ռուսերեն ենթագրերի հետ, քանի որ բացարձակ առանց ռուսերենի սխալ կլինի, չէ՞ որ մեր լսարանում շատ են Ռուսաստանից եկածները։ Դա մեր հիմնական լսարանն է, նրանք շատ ուրախ են, որ մենք Երևանում ենք, և մեզ համար կարևոր է իրենց ուրախացնելը։ Հավանաբար կունենանք երկու տեսակի ենթագրեր, այդպիսի կոմպրոմիսային լուծում կտանք։

 

The Big Lebowski

 

Մեծ էկրանը փոքրից լավ է

Նույն ֆիլմը դիտել տանը նոութբուքով և գալ կինոդահլիճ, որտեղ լիքը մարդ կա, որոնց այդ ամենը հետաքրքիր է, դիտել վերականգնված տարբերակը հսկայական կինոէկրանի վրա, զիլ ձայնով՝ անհամեմատելի բաներ են, պետք է դա հասկանալ։ Ի սկզբանե մենք միշտ ցանկացել ենք ցուցադրել այն, ինչ մարդիկ ուզում են տեսնել, եթե, ասենք, մեզ տասն անգամ խնդրեն ցուցադրել «Քրեական ընթերցվածքը»՝ մենք այն կցուցադրենք։ Կինոն մի քանի ֆունկցիա ունի, բայց առաջինը զվարճացնելն է, բառի լավ իմաստով, այսինքն՝ չենք ուզում որևէ մեկի վզին ինչ-որ բան փաթաթել։ 

 

Հենց այդ պատճառով էլ մենք առաջին հերթին ընտրում ենք արդեն հայտնի, սիրված ֆիլմեր, որոնք նորից մեծ էկրանով ու լիքը մարդկանց հետ վերանայելը հավես է։ Դրանք ուժեղ ու զիլ, բայց այնուամենայնիվ ժամանցային ֆիլմեր են՝ «Մատանիների տիրակալը», «Մեծ Լեբովսկին», «Գրանդ Բուդապեշտը»։

 

Հատուկ շնորհակալություն

Ուզում եմ շնորհակալություն ասել Հայաստանին, քաղաքին՝ Երևանին, որովհետև ամեն ինչ շատ հյուրասեր է, ջերմ  ու հյուրընկալ, նախագիծն իրականացնելու ժամանակ ոչ մի բացասական երևույթների հետ չենք բախվել։ Պատճառը, որի հետևանքով այս ամենը տեղի է ունենում, շատ տխուր է, բայց այնուամենայնիվ այժմ որոշակի սինթեզ է տեղի ունենում Երևան ժամանածների շնորհիվ, նրանք ալիք են ստեղծում, որով էլ այս ամենը, կարծում եմ, շարժվելու է։

հավելյալ նյութեր