Artuyt-ը, Փարաջանովը և Միլանի նորաձևության շաբաթը
Artuyt-ի նոր՝ «Փարաջանով 100» Haute Couture զգեստների հավաքածուն ցուցադրվեց Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում։ Արվեստաբան Հասմիկ Բարխուդարյանը, որը ներկա է եղել այդ իրադարձությանը, պատմում է հետնաբեմում կատարվածի մասին։
Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի
Լուսանկարները՝ Artuyt-ի
Սեպտեմբերի 20, Artuyt-ի թիմը ժամանում է Միլան։ Նորաձևության աշխարհի մայրաքաղաքում տարվա ամենամեծ իրադարձությունն է՝ «Միլանի նորաձևության շաբաթը»: Քաղաքը հրաշալի է (Իտալիայում այլ քաղաքներ կարծես չեն լինում), բայց զբոսնելու ժամանակ չկա․ գործը շատ է, ժամանակը՝ քիչ։ Արդեն վաղը՝ սեպտեմբերի 21-ին, նորաձևության շաբաթի շրջանակում Artuyt-ի միջոցառման մեկնարկն է, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն աջակցությամբ և Emerging Talents Milan–ի հետ համագործակցությամբ։
Փարաջանովի 100-ամյակին նվիրված ու նրա արվեստից ոգեշնչված նոր կարված հագուստներով լի ճամպրուկները գլորվում են Միլանի մայթերով՝ ուղևորվելով դեպի, ինչպես ընդունված է ասել մեզ մոտ՝ քաղաքի սրտում, այսինքն՝ պատմական կենտրոնում գտնվող Բագատի Վալսեկի թանգարան։ Մոտենում ենք թանգարանի խաչմերուկին․ Louis Vuitton, Brioni, Cartier, ահա, այստեղից աջ, BVLGARI, Hermes, Chanel, Van Cleef & Arpels․․․ հասանք։
Օր առաջին
Թանգարանի շքեղ միջանցքներում արագ–արագ ավելանում է տեխնիկան, ամենուրեք անցնում են լարեր, մյուս սրահում հավաքվում է էկրանը, տեղադրվում են բարձրախոսներն ու ավելանում են աթոռները, իսկ թանգարանի աշխատակիցները հետաքրքրությամբ հետևում են ընթացող աշխատանքներին՝ մոռանալով իրենց վերահսկողության տակ գտնվող անգին ցուցանմուշների մասին (թանգարանը հայտնի է Վալսեկի եղբայրների անձնական հարուստ հավաքածուով, որում տեղ են գտել Ջովաննի Ամբրոջիոյի, Ջովաննի Բելինիի, Անտոնիո Բոսելիի, Բերնարդո Զենալեի և Վերածննդի այլ հանրահայտ իտալացի վարպետների ստեղծագործություններ, ինչպես նաև 15-19-րդ դարերի կիրառական արվեստի բացառիկ նմուշներ)։
Զարեհի ու Դավիթի աշխատանքը սկսված է․ նախասրահի առաստաղին ու թանգարանի ներքին բակում Փարաջանովին նվիրված իմերսիվ շոուի համար տղաները միլիմետր առ միլիմետր համապատասխանեցնում են պատկերը տեղանքին։ Մի սրահից մյուսն անվերջ տեղաշարժի մեջ են Artuyt-ի մարքեթինգի թիմի Հովհաննեսն ու Մարիամը։ Բոլորը լարված են․ ձայն, պատկեր, լուսավորություն, ամեն բան մտածված է ամենայն մանրամասնությամբ ու պետք է լինի իդեալական։
Թանգարանի մեկ այլ սրահում թեժ քննարկումներ են։ Այսօր այստեղ պետք է ցուցադրվի 3 ֆիլմ։ Նախ՝ հոբելյարի ցավալիորեն քիչ հայտնի, բայց ոչ պակաս սքանչելի «Հակոբ Հովնաթանյանը», ապա Ալեքսանդր Մելյանի՝ «Տրիպտիխ Փարաջանովյան ֆիլմերից» վիդեոէսսեն, ինչպես նաև ռեժիսոր Արամ Շահբազյանի ու OnOff ստուդիայի «Փարաջանով 100» անիմացիոն ֆիլմը։ «Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը պատրաստվում է դասախոսությանը, խոսք կասի նաև իտալացի արվեստի համադրող Ֆրանչեսկո Կապուտոն, իսկ առաջինը խոսքով հանդես կգան բիզնես և հատուկ միջոցառումների մասնագետ Սիլվիա Ռանզին և Artuyt-ի հիմնադիր և տնօրեն Արևիկ Առաքելյանը։ Միջոցառման ընթացքում՝ Arteria-ի հետ համատեղ, կներկայացվեն իտալացի 8 արվեստագետ թվային արվեստի գործեր․․․
Հյուրերը ժամանում են, նրանց մուտքի մոտ դիմավորում է նկարիչ Տիգրան Համալբաշյանի ստեղծած փարաջանովյան կոլաժ-պաստառը, որով մենք արդեն հասցրել էինք հիանալ ամառային «Ոսկե ծիրանի» օրերին։ Քիչ անց թանգարանի գլխավոր սրահում դրված աթոռներն արդեն ամբողջությամբ զբաղված են, սպառվել են նաև կանգնելու տեղերը։
Կարեն Ավետիսյանի խոսքը հուզում է, ստիպում մտածել ու վերաիմաստավորել Փարաջանովի արվեստի մասին պատկերացումները։ Կարենը հատկապես ընդգծում է սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի ակախության օրը կայացող միջոցառման խորհրդանշականությունը․ Փարաջանովն ինքն էլ ստեղծագործական, ֆիզիկական ու խոսքի ազատության համար անվերջ պայքարի մեջ էր։ Հետո թանգարանի տարածքը լցվում է հարազատ հնչյուններով։ Փարաջանովը կրկին զարմացնում է օտար հանդիսատեսին՝ հրավիրված մշակութային լրագրողներին ու արվեստագետներին։ Հնչում են ծափահարություններ, բացվում է կարմիր գինին, ակտիվ քննարկումները շարունակվում են։
Օր երկրորդ
Նորաձևության ցուցադրության օրն է։ Փարաջանովի արվեստից ոգեշչված՝ Artuyt-ը կներկայացնի իր «Փարաջանով 100» Haute Couture զգեստների հավաքածուն, որը կազմված է 15 զգեստից և 5 նոր շարֆից: Եվ կրկին Բագատի Վալսեկին լի է եռուզեռով։ Ժամանում են մոդելներն ու ոճաբանները։ Այսօր զարմացնելու հերթը նրանցն է։
Ցուցադրությունը սկսված է․ մոդելները քայլում են պոդիումով՝ թանգարանի երկար ու նեղ միջանցքներով, հյուրերի զննող հայացքների ներքո։ Մեկը մյուսի հետևից ցուցադրվում է նրբաճաշակ, բայց և համարձակ գունային ու ձևվածքային լուծումներ ունեցող հագուստ՝ փարաջանովյան նուրբ հղումներով։ Դասական կոստյումներ, երեկոյան զգեստներ՝ համեմված զարդանախշերով, թավշյա կտորներով, մետաքսյա զարդերով ու հախճապակյա զարդերով։
Մոդելներն արդեն ավարտել են իրենց ընթացքը, բոլորը շունչը պահած սպասում են կուլմինացիային։ Կրկին մեկ շարքով անցնում են բոլոր մոդելները, սրահ է մտնում Արևիկ Առաքելյանը, հնչում են բուռն ծափահարություններ։ Վերջ, ցուցադրությունն իրավամբ ստացված է։ Ներկաները շարունակում երեկոն արդեն թանգարանի ներքին բակում, որտեղ Փարաջանովի կոլաժներից հավաքված առեղծվածային իմերսիվ շոուն պատմում էր Վարպետի անցած ուղու մասին։
Կեսգիշերն անց, երբ բոլորն արդեն գնացել են, հավաքվում ու ճամպրուկների մեջ է տեղավորվում ամենը, ինչ այդքան խնամքով բերվել էր Երևանից։ Այս մեծամասշտաբ միջոցառման կազմակերպող թիմը՝ այդպես էլ Միլանում մի կարգին չզբոսնած, կրկին գլորում է ճամպրուկները դեպի քաղաքի մետրոյի կայարան։ Ամեն բան դեռ առջևում է․․․ Անդրադարձներ միջազգային հեղինակավոր պարբերականներում, նոր համագործակցություններ ու հայկական մշակույթի ներկայացում այլ միջազգային հարթակներում։