Արվեստի հավաքածու ձևավորելու նուրբ արվեստը
Armenia Art Fair

Արվեստի հավաքածու ձևավորելու նուրբ արվեստը

Ովքե՞ր են արվեստ ձեռք բերում, ինչպե՞ս են ձևավորվում անհատական հավաքածուները և ի՞նչը կարող է օգնել կողմնորոշվել արվեստի բազմազան աշխարհում․ այս և այլ հարցերը պարզաբանում են ԵՐԵՎԱՆը, Armenia Art Fair-ն ու քաղաքի ամենահայտնի մասնավոր պատկերասրահներից մեկի՝ «Արամեի» տնօրեն Արամ Սարգսյանը։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Armenia Art Fair, «Արամեի» պատկերասրահի

#Արվեստ

Armenia Art Fair 2022 արվեստի տոնավաճառը տեղի կունենա մայսի 27-ից 30-ը։ 

 

Արվեստի ժամանակակից շուկան բարդ է, բազմաշերտ, երբեմն էլ՝ անտրամաբանական ու հաճախ բոլորովին անկախ բիզնես աշխարհի կանոններից։ Սակայն երբեմն արվեստ գնելը հենց բիզնես որոշում է, չէ՞ որ սա թերևս միակ  ոլորտն է, որտեղ գրեթե միշտ գնաճ կա։ Արվեստի սիրահարին, իհարկե, նման գնումը մեծ բավարարվածություն կպարգևի, մյուս կողմից՝ կընդգծի գնորդի ճաշակը, ինտելեկտն ու գլուխ գովելու առիթներ կստեղծի։ Բայց սա նաև մի ոլորտ է, որտեղ գնումներ կատարելն այնքան էլ հեշտ չէ և հարց է առաջանում՝ ինչպես կարելի է որոշել, թե ինչ գնել։  

 

Անհատական հավաքածու ձևավորելիս, անշուշտ, կարելի է կողմնորոշվել՝ ելնելով սեփական նախասիրություններից, սակայն եթե գումարը խելամիտ ծախսելն այնուամենայնիվ կարևոր է, պետք է ընտրել գործ, որի գինն ու արժեքը համապատասխանում են։ Այս հարցում գնորդներին օգնում են արվեստի խորհրդատուները, մասնավոր պատկերասրահներն ու արվեստի տոնավաճառները։ Վերջիններս օգնում են մի մեծ քայլ առաջ գնալ գնման գործընթացում՝ առաջարկելով ստեղծագործություններ, որոնք անցել են հիմնական ֆիլտրերը։  

 

Gagosian Gallery-ն Նյու Յորքում

 

Բանն այն է, որ արվեստ գնելիս պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն գործի էսթետիկ ու ինտելեկտուալ բաղադրիչին։ Հատկապես դասական կամ մոդեռն արվեստի պարագայում նախ պետք է իմանալ, թե ով է գործի հեղինակը, ուսումնասիրել նրա ստեղծագործական ուղին, հետաքրքրվել նրա այլ գործերի վաճառքներով և արժեքներով։ Կարիք կլինի համոզվել, որ գործն օրիգինալ է, ճշտել սերտիֆիկատի և հեղինակի ստորագրության առկայությունը, հարկ կլինի ուսումնասիրել ժամանակաշրջանն ու ուշադրություն դարձնել  նաև գործի պահպանվածությանը, տեղեկանալ արդեն կատարված ռեստավրացիոն աշխատանքների մասին։ 

 

Պակաս բարդ չէ հասկանալ, թե արդյո՞ք առաջարկվող գինը խելամիտ է։ Արվեստի ու հատկապես ժամանակակից արվեստի գնային քաղաքականությունը երբեմն կարող է տարօրինակ թվալ։ Անշուշտ, պետք չէ մոռանալ նաև սեփական նախասիրությունների մասին։

 

Գնորդները տարբեր են

Արամ Սարգսյանի տարիների փորձը ցույց է տվել, որ գնորդների մի քանի տեսակ կա։ Կան մարդիկ, որոնք պարզապես սիրում են որևէ արվեստի գործ ու ցանկանում են ձեռք բերել այն։ Դա թերևս ամենատարածված տարբերակն է, երբ մարդը պարզապես գնում է այն, ինչ հավանում է և կարող է իրեն թույլ տալ ունենալ դա։ Նման գնորդը գուցե արվեստի հետ կապ չունենա կամ առանձնապես չկարողանա հիմնավորել, թե ինչու է հենց այդ գործը գնում, արվեստի էմոցիոնալ ներգործությունն ու առաջացրած հաճելի ասոցիացիաները անում են իրենց գործը։ 

 

Կան և այնպիսի գնորդներ, որոնք արվեստ գնելը դիտարկում են որպես ֆինանսական ներդրման միջոց։ Նրանք, որպես կանոն, ֆինանսական կառույցների և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ են և դա տրամաբանական է, քանի որ աշխարհում ոչինչ այդքան արագ չի թանկանում, որքան արվեստի գործերը։ Այսպիսի գնորդները հաճախ են դիմում արվեստի խորհրդատուների օգնությանը, որպեսզի վերջիններս  իրենց օգնեն ընտրել այն գործերը, որոնք տարիների ընթացքում գնաճի հեռանկար կունենան։   

 

«Արամեի» տնօրեն Արամ Սարգսյանը

 

«Արամե» մասնավոր պատկերասրահը

 

«Սակայն արվեստ գնելը պայմանավորված չէ միայն ֆինանսական ներդրում կատարելու ձգտումով, - շեշտում է Արամ Սարգսյանը։ - Հաճախ արվեստի գործ ունենալը հասարակության մեջ ավելի բարձր դիրք գրավելու և ազդեցիկ լինելու միջոց է»։ Նման մարդիկ հպարտանում են իրենց հավաքածուներով և չունենալով ֆինանսական խնդիրներ՝ ամենևին էլ չեն նախատեսում վերավաճառել ձեռքբերվածը, այլ, ընդհակառակը, պահպանում ու հարստացնում են անձնական հավաքածուն։ Ժամանակի խոշոր նավթարդյունաբերողներ Գալուստ Գյուլբենկյանն ու Ժան Փոլ Գեթին այսօր հայտնի են իրենց արվեստ հավաքածուներով և իրենց անունը կրող թանգարաններով (Լիսաբոնում և Լոս Անջելեսում)։ 

 

Գնորդների մյուս տեսակին Արամ Սագսյանը «դեկորատիվ մտածողությամբ մարդիկ» է անվանում և ցավով է նշում, որ նրանք այժմ շատ են։ Բանն այն է, որ այս գնորդները արվեստի գործերն ընկալում են որպես դեկոր և հաճախ ընտրում են այն ստեղծագործությունները, որոնք ըստ նրանց համապատասխանում են բնակարանի կամ գրասենյակի տեսքին, պատերի կամ վարագույրների գույների և ոճի հետ։ Դա, ըստ Արամ Սարգսյանի, բացասական է անդրադառնում արվեստի վրա առհասարակ, քանի որ գործ վաճառելու անհրաժեշտությունից դրդված արվեստագետները երբեմն սկսում են մտածել առավել կոմերցիոն գործեր ստեղծելու ուղղությամբ, ինչի արդյունքում տուժում է իրական արվեստը։ 

 

Մասնավոր պատկերասրահներն օգնում են կողմնորոշվել

Իսկ ինչպե՞ս կողմնորոշվել արվեստի շուկայի մեծ օվկիանոսում, եթե արվեստի գիտակ չես։ Դա, ըստ «Արամեի» հիմնադրի, բավական բարդ է նույնիսկ Հայաստանի նման արվեստի փոքր շուկա ունեցող երկրում․ «Միայն գեղանկարիչները Հայաստանում մոտ երկու հազարն են ու կարելի է պատկերացնել, թե, օրինակ, որքան գեղանկար կա մեր շուկայում կամ արվեստանոցներում, և թե որքան դժվար կլինի ընտրություն կատարել»։

 

Այստեղ արվեստասեր գնորդին օգնության են գալիս մասնավոր պատկերասրահները, որոնք այդ մեծ օվկիանոսից զտում, առանձնացնում են լավագույններին։ «Լավագույններն», իհարկե, ոչ միայն սուբյեկտիվ, այլև սահմանափակ պատկերացում է, սակայն յուրաքանչյուր պատկերասրահ ունի իր մոտեցումները և իր չափանիշները, ինչը հեշտացնում է ընտրությունը։ Չափանիշներն, իհարկե, տարբեր են, սակայն արվեստի գործ գնելիս ավելի լավ է վստահել ոլորտի մասնագետներին ոչ միայն չխաբվելու, այլև հնարավորինս արժեքավոր գործ ձեռք բերելու համար։ 

 

Այցելելով պատկերասրահ՝ հնարավոր է ծանոթանալ 20-25 հեղինակների աշխատանքների, լսել խորհուրդներ և, ըստ սեփական մոտեցումների ու նախասիրությունների, կատարել ընտրություն։ Արամ Սարգսյանն, օրինակ, խորհուրդ է տալիս ընտրել այն գործերը, որոնք ստուգված են ժամանակով, կոփված են միջազգային հարթակներում և որոնք գնահատանքի են արժանացել ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում։ «Հայ կերպարվեստը մեր մշակույթի ամենամրցունակ տեսակն է իմ համոզմամբ։ Ես չգիտեմ մեր մշակույթի մեկ այլ դրսևորում, որը միջազգային հարթակում նույնքան մրցունակ լինի», - նշում է նա։ 

 

Armenia Art Fair 2019

 

Արվեստի ամենակարևոր տոնավաճառը հայաստանյանն է

Անձնական հավաքածու ձևավորելու, արվեստի շուկայի և առհասարակ արվեստ գնելու մշակույթի խթանման տեսանկյունից Արամ Սարգսյանը մեծապես կարևորում է արվեստի տոնավաճառի ձևաչափն ու հատկապես Armenia Art Fair-ը։ «Արամե» պատկերասրահը բազմաթիվ տոնավաճառների է մասնակցել ողջ աշխարհում՝ Նյու Յորքից մինչև Ստամբուլ, և դա ինքնանպատակ չէ․ միջազգային փորձն ու հավաքածուն օտար հանդիսատեսին ներկայացնելը շատ կարևոր է։ Մյուս կողմից էլ, պակաս կարևոր չէ նաև հենց հայ հանդիսատեսի մոտ արվեստի հանդեպ հետաքրքրություն առաջացնելն ու ոլորտի խթանումը։ 

 

Armenia Art Fair-ն, ըստ Արամ Սարգսյանի, կարևոր դեր ունի հայ արվեստի միջազգայնացման գործում։ Տոնավաճառի մասին տեղեկատվությունը տարածվում է թե՛ հայկական, թե՛ միջազգային մամուլում, ներկա են լինում հյուրեր արտերկրից, տպվում է կատալոգ, որն ուղարկվում է տարբեր թանգարաններ ու պատկերասրահներ։ Այդ ամենը նպաստում է հայ արվեստի հանրայնացմանը, ինչն էլ իր հերթին խթանում է արվեստի շուկան ու արվեստ գնելու մշակույթ ձևավորում։

 

հավելյալ նյութեր