«Աշուղ Ղարիբ․ կորսված ետնաբեմ»
«Ոսկե ծիրան» կինոփառատոնը և Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանը ներկայացնում են «Աշուղ Ղարիբ․ կորսված ետնաբեմ» ցուցահանդեսը: Հավաքված լուսանկարները մի քանի տարի առաջ գտնվել են Սանկտ Պետերբուրգի փողոցային աղբամաններից մեկում ու հիմա առաջին անգամ ցուցադրվում են հանրությանը։
Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի
Լուսանկարները՝ Ոսկե ծիրան կինոփառատոնի / Yants Images
Ցուցահանդեսը կգործի Կինոյի տանը մինչև հուլիս 17-ը, ամեն օր՝ ժամը 10-ից 20:00-ն։ Մուտքն անվճար է:
Մութ դահլիճում մեծ պատի վրա Աշուղ Ղարիբը՝ սազով զինված ելույթ է ունենում պալատական քեֆուրախությանն ու երազում գեղեցկուհի Մագուլ-Մեղերիի մասին, բայց նրանք տարբեր դասակարգերից են, նրանք չեն կարող լինել միասին, նույնիսկ երազներում։ Մեկը մյուսի հետևից հայտնվող կադրերը լավագույնս ներկայացնում են այն, ինչ վաղուց արդեն բնութագրվել է իբրև «պոետիկ կինո», իսկ այդ կինոյի գլխավոր ասպետ Սերգեյ Փարաջանովի արտակադրային ձայնը դիտողին պատմում է, թե ինչերի միջով է ստիպված եղել անցնել՝ ֆիլմը նկարահանելու համար ու ինչպես չի կարողացել (հերթական անգամ) իրագործել գաղափարն ամբողջությամբ։
Բայց չնայած, որ մութ դահլիճը գտնվում է Կինոյի տանը, որտեղ տարիներ առաջ, ասում են, երևանցիները դռներ կոտրելով են ներս լցվել՝ Փարաջանովին սեփական աչքերով տեսնելու համար, սա ոչ թե կինոդիտում է, այլ ցուցահանդես։ Ցուցադրվողն էլ ոչ թե ամբողջական ֆիլմն է, այլ դրա ամենացայտուն հատվածները, իսկ վրայից խոսող Փարաջանովը՝ 1989 թվականի հեռուստատեսային հարցազրույցի ձայնագրություն։ Բայց ամենահետաքրքիրը տեղի է ունենում որպես էկրան հանդես եկող պատի հակառակ կողմում՝ ետնաբեմում։
Այնտեղ է սկսվում «Աշուղ Ղարիբ․ կորսված ետնաբեմ» ցուցահանդեսը։ Պատերի վրայի ֆոտոները պատուհաններ են բացված դեպի մի զուգահեռ իրականություն, որտեղ Փարաջանովը դեռ կենդանի է, դեռ լեցուն է երևակայությամբ ու գեղեցկությամբ, դեռ ֆիլմեր է նկարահանում, դեռ կարող է հայ ռեժիսորը վրացական կինոստուդիայում էկրանի վրա տեղափոխել թուրք աշուղի մասին պատմող ռուս գրողի հեքիաթը։
Rambalkoshe-ի հիմնադիր-հայր Վահան Ստեփանյանը կլանված ինչ-որ բան է պատմում դահլիճի կենտրոնում դրված երկու սեղանների մոտ հավաքված հետաքրքրասեր հանրությանը։ Վահանի պատմածը կինոյի պես մի բան է։ «Ես Պետերբուրգում լուսանկարիչ ընկերներ ունեմ, հարյուր տարվա մտերիմ մարդիկ են, ու մի օր զանգում են, թե՝ գիտե՞ս ինչ ենք գտել՝ զիբիլանոցում պլյոնակներով արկղեր։ Ու որ հասկանաք դրա նրբությունը, մարդ պիտի ֆոտոյով լրջորեն զբաղված լինի, որ տարբերի սովորական արկղերը ֆոտոյի համար նախատեսված հին, սովետական արկղերից․․․ Մի խոսքով, տանում են, բացում են ու տեսնում են՝ տոննաներով նեգատիվներ Լենֆիլմից։ Ու արկղերից մեկում տեսնում են Փարաջանովին։ Էդ որ տեսնում են, զանգում են ինձ․․․»
Այդպես, երեք տարի առաջ լուսանկարիչ ու հավաքորդ Վահանի ձեռքում հայտնվում է զարմանահրաշ մի արխիվ․ «Աշուղ Ղարիբ» ֆիլմի նկարահանումների բեքսթեյջի լուսանկարներ։ Ուղիղ 80 հատ։ Ավելի ստույգ՝ 80 ծրար, ամեն մի ծրարի վրա լուսանկարի փոքր օրինակը (համակարգչային լեզվով կասեինք thumbnail-ը), կողքին նկարագրությունը, ներսում՝ նույն լուսանկարի նեգատիվը։ Ահա այդ ծրարներն են հիմա դրված սրահի կենտրոնի երկու սեղանների վրա։ Ծրարներ, որոնք նախատեսված չէին ոչ մեկին նամակ հասցնելու համար։ Թեև ի՞նչ է սա, եթե ոչ նամակ անցյալից։ Պարզապես նամակը գրված է ոչ թե տառերով, այլ պատկերներով։
Բոլոր ծրարների վրա դաջված է ֆիլմի նկարահանող խմբի մասին տեղեկությունը, ինչպես նաև լուսանկարիչ Ելենա Կուրասաարի անունը։ «Այ էս երևի ամենահետաքրքիր պահն ա, որովհետև մենք գիտենք, որ ինքը Լենֆիլմի լուսանկարիչն ա եղել, իսկ Աշուղ Ղարիբը նկարվել ա Վրացֆիլմում», - հայտնում է Վահանը, որը խոստանում է այս ցուցահանդեսից հետո շարունակել հետազոտությունն ու պարզել, օրինակ, թե ինչու և ինչպես է այս արխիվը հայտնվել աղբանոցում։
Իսկ մինչ այդ, հիանում ենք գտածոյով։ Եվ այսպես, ցուցահանդեսի կենտրոնում ծրարներն են, գլխավոր պատերին՝ դրանցից ընտրված ու մեծ չափով տպագրված լավագույն կադրերը, մեկ այլ խցում պատից փակցված են այլ կադրերից ընտրված դետալներ, իսկ որպես շրջայցի ամփոփում՝ դասական, ֆոտոլաբորատոր ձևով տպված մեծ նմուշը․ Աշուղ Ղարիբի դերակատար Յուրի Մգոյանը, ինքը՝ Փարաջանովը, խորհրդավոր երկարամազ տղամարդը, ինչպես նաև հետին պլանում շեփոր փչող երկու հրեշտականման կերպարները։ Այս նկարը տարբերվում է մյուսներից, քանի որ անզեն աչքով տեսանելի է դրա կտոր-կտոր, փազլի պես հավաքվածությունը։ «Անպայման ուզում էինք գոնե կադրը տպել հին ձևով, դրա համար մտանք իսկական կարմիր սենյակում իսկական ֆոտո թղթի վրա կտոր-կտոր տպեցինք ու կպցրեցինք իրար», - բացատրում է Box Photolab-ի հիմնադիր Թորոս Խաչատրյանը («Եթե ֆոտո ժապավենի հետ ցանկացած տեսակի գործ ունեք անելու, հաստատ գնացեք Box», - կողքից հուշում է Վահանը)։
«Աշուղ Ղարիբը» Փարաջանովի վերջին ավարտուն ֆիլմն էր։ Այն ցուցադրվեց միջազգային փառատոներում, բայց առանձնապես չդիտվեց Հայաստանում, որն արդեն փաստացի պատերազմի մեջ էր այն երկրի հետ, որտեղ ռեժիսորը նկարահանել էր իր վերջին պոետիկ կինոն։ Հետո վրա հասավ Փարաջանովի ծանր հիվանդությունը ու նա հեռացավ կյանքից։
Բայց այս մեծ քառակուսի պատուհան-լուսանկարներում նա դեռ կենդանի է, լի է երևակայությամբ ու գեղեցկությամբ։