Աշխարհի ամենակատվասեր քաղաքները՝ Evoca Travel Card-ի հետ
Այնտեղ

Աշխարհի ամենակատվասեր քաղաքները՝ Evoca Travel Card-ի հետ

ԵՐԵՎԱՆը պատմում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող այն քաղաքների մասին, որտեղ կատուներն իրենց զգում են տանը, իսկ Evoca բանկը հիշեցնում է, որ ցանկացած ճամփորդություն ավելի հարմարավետ է Evoca Travel Card-ի հետ։

Նկարազարդումները՝ Evoca Bank

 

ԵՐԵՎԱՆ #89 | 2025

#Գործընկեր #Կատուներ

 


Տոկիո, Ճապոնիա

Տոկիոն կատուների սիրահարների դրախտն է։ Այստեղ կգտնեք տասնյակ կատու-սրճարաններ, որտեղ կարող եք վայելել մաչա լատտեն, մինչ մի կարմրահեր կատու կհանգրվանի ձեր ուսին։ Ճապոնական մշակույթում կատուները հնուց համարվել են հաջողության ու հարստության խորհրդանիշ։ 


Առանձին արժե նշել Խաղաղ օվկիանոսի ճապոնական Տաշիրոջիմա կդզյակը, որտեղ ընդամենը հինգ տասնյակ մարդու կողքին ապրում են հարյուրավոր փողոցային կատուներ։

 


Լիմասոլ, Կիպրոս

Լիմասոլի փողոցներում շրջելիս ամեն քայլափոխի կարելի է հանդիպել կատուների, որոնք այստեղ ապրելու դարերի պատմություն ունեն։ Պատահական չէ, որ Կիպրոսը հաճախ անվանում են «Կատուների կղզի»։ Այս կենդանիների նախնիները բերվել են կղզի կատվապաշտ Եգիպտոսից 4-րդ դարում՝ Կոնստանտինոս Մեծ կայսեր մոր՝ Հելենայի հրամանով։ Նրանց հետնորդները, որոնց զգալի մասն ապրում է վայրի կյանքով ինչպես քաղաքներում, այնպես էլ լեռնային շրջաններում, հիմա հայտնի են որպես առանձին տեսակ. Կիպրական կատու։

 


Հռոմ, Իտալիա

Հռոմի Լարգո դի Տորե Արգենտինա հրապարակում՝ հինավուրց տաճարների ավերակներում, հազարավոր կատուներ ապրում են իրենց վայրի գաղութում։ Նրանց խնամում են տեղական կամավորները՝ կերակրելով, բուժելով ու ընդունելով որպես քաղաքի ժառանգության մասնիկ։ Հռոմի կատվային գաղութները գրանցված են քաղաքային քարտեզներում ու դարձել են ոչ միայն տուրիստական տեսարժան վայր, այլ նաև հռոմեական կյանքի փափուկ խորհրդանիշ։ Ընդհանուր առմամբ հավերժական քաղաքի փողոցներում ապրում է 130 հազար կատու, ևս 170 հազարը՝ Հռոմի բնակարաններում, մարդկանց հետ։ 

 


Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան

Կատուները Ռուսաստանի ամենաեվրոպական քաղաքի հռչակավոր Էրմիտաժի խորհրդանիշն են։ Ի սկզբանե թանգարանում՝ դեռ Պետրոս Մեծի ժամանակներից, բնակեցվեցին կատուներ՝ մկներից պաշտպանվելու համար։ Այսօր էլ թանգարանն ունի իր պաշտոնական «կատուների բաժինը»՝ շուրջ հարյուր կատու, որոնց համար կա անգամ հիվանդանոց և խնամող անձնակազմ։ Քաղաքում ամեն տարի անցկացվում է «Էրմիտաժյան կատուների օր»։ 


Էրմիտաժից դուրս ապրող պետերբուրգյան կատուների մեծ մասը վերացել էր Երկրորդ համաշխարհայինի ժամանակ քաղաքի շրջափակման տարիներին, սակայն պատերազմից հետո նրանք նորից վերադարձվել էին քաղաք։

 


Աթենք, Հունաստան

Ի տարբերություն հին Եգիպտոսի, որտեղ կատուներին պաշտում էին, անտիկ Հունաստանում այս կենդանիներն առանձնապես սիրված ու սպասված չէին։ Իրավիճակը կտրուկ փոխվեց քրիստոնեության ընդունումից հետո, քանի որ Հունաստանում տարածված պատում կար այն մասին, թե ինչպես մի կատու ջերմացրել է նորածին Հիսուսին։ Այսօր Աթենքի փողոցներում կատուները զգում են իրենց միանգամայն սիրված ու հարգված։ Զբոսաշրջիկների համար կա նույնիսկ հատուկ աուդիո-տուր՝ «Աթենքի կատուները», որտեղ հավաքված են բոլոր հնարավոր փաստերն ու առասպելները հպարտ կենդանիների մասին։ 

 


Ամստերդամ, Նիդերլանդներ

Ահա թե ինչքան կարևոր են կատուներն Ամստերդամի համար. երբ մի քանի տարի առաջ պատահաբար գետն ընկած մի քանի կատուներ խորտակվեցին, քաղաքային իշխանությունները կառուցեցին ամբողջ քաղաքում հատուկ փայտե հարթակներ, որոնք թույլ են տալիս կենդանիներին հեշտորեն դուրս գալ ջրից։ Բացի այդ, գետում գործում է հատուկ նավակ-կացարաններ, որտեղ խնամում են վիրավոր, անտուն կատուներին։ 


Ամստերդամում նաև գործում են հատուկ կատվային սրճարաններ, մասնագիտացած թանգարան, իսկ տեղական բարերից շատերն ունեն իրենց սեփական կատուները։ Եվ իհարկե, շատերն ապրում են մարդկանց հետ բնակարաններում։

 


Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ

Սան Ֆրանցիսկոն հայտնի է ոչ միայն իր բարձունքներով ու քամոտ ծովածոցով, այլ նաև կենդանիների նկատմամբ սիրով։ Այստեղ գործում են բազմաթիվ կատվային սրճարաններ, փրկարար կազմակերպություններ և բազում թաղամասեր, որտեղ կատուները համարվում են որպես համայնքի լիարժեք անդամներ։ Հատկապես Mission և Castro թաղամասերում կարելի է տեսնել պաստառներ ու արվեստի գործեր՝ նվիրված տեղական հայտնի կատուներին։ Քաղաքում նույնիսկ անցկացվում է Cat Video Fest՝ մի ամբողջ փառատոն՝ նվիրված կատուների մասնակցությամբ հոլովակներին։ 

հավելյալ նյութեր