Աստղազարդ գմբեթ
Տիեզերք

Աստղազարդ գմբեթ

Նախքան Կոմիտասի թանգարան-ինստիտուտի վերածվելը, Պանթեոնի հարևանությամբ գտնվող շենքը ծառայել է իբրև կինոթատրոն, համերգասրահ և աստղացուցարան։

Տեքստը՝ Ալետա Հակոբյանի

 

Նկարազարդումը՝ Վիլյամ Կարապետյանի

 

ԵՐԵՎԱՆ #65 | 2020

 

#ՀինԵրևան #Գիտություն

«Հոկտեմբեր» կինոթատրոն

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ներկայիս համերգասրահի շենքը կառուցվել է 1947-ին որպես կինոթատրոն (ճարտարապետ՝ Կորյուն Հակոբյան): Կինոթատրոնի մասին ամենավաղ հիշատակությունը թվագրվում է 1952 թվականով: Ազգային արխիվում պահվող փաստաթղթից տեղեկանում ենք կինոթատրոնի անվանադրման մասին: Երևան քաղաքի մի շարք այլ կինոթատրոնների շարքում նշված է. «Ստալինյան շրջանի ամառային թատրոնը անվանել «Հոկտեմբեր»»: Վստահաբար նույն թվականից կինոթատրոնը գործել է, քանի որ մեկ այլ փաստաթղթում ՀՀՍՌ կինեմատոգրաֆիայի մինիստրության կոլեգիայի 1952 թ. հունիսի 12-ի որոշման մեջ «Ամառային սեզոնում պիոներ-դպրոցականների կինոսպասարկումը կազմակերպելու մասին» ի թիվս այլ որոշումների նշված է. «Քաղաքի ռայոնների երեխաների կինոսպասարկումը բարելավելու նպատակով «Մոսկվա», «Հայրենիք», «Սասունցի Դավիթ», «Հոկտեմբեր», «Արագած», «Նորք», «Ավանգարդ» և «Հաղթանակ» կինոթատրոններում սիստեմատիկ կարգով կազմակերպել ցերեկային սեանսներ, դրանք մտցնելով այդ թատրոնների ռեպերտուարային պլանի մեջ»:  Կինոթատրոնի առաջին տնօրենն էր Հայկուշ Մեհրադյանը:

 

Այս կինոթատրոնի մասին հիշատակություններ հանդիպում ենք «Ֆիլմ» հանդեսում, որի 1970 թիվ 29 (229) հոկտեմբերի 31 համարում Հայաստանում սովետական կարգերի հաստատման 50-ամյակի առթիվ նոյեմբեր ամսին Երևանի կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերի ցանկի մեջ նշված է նաև «Հոկտեմբեր» կինոթատրոնի ֆիլմացանկը, որը ներառում էր բացառապես հայկական արտադրության, բայց տարբեր թվականների խաղարկային և վավերագրական ժապավեններ՝ «Գիքորը», «Զանգեզուր», «Ում է ժպտում կյանքը», «Քաջ Նազարը», «Նվագախմբի տղաները», «Անահիտ», «Լենինի հրապարակը», «Նամուս», «Վարդագույն քաղաքը» և այլն։ Իսկ մյուս օրերին այստեղ կարելի էր դիտել նաև միջազգային հիթեր, օրինակ՝ «Սև կակաչը» կամ «Իմ վերջին տանգոն»:

 

«Հոկտեմբեր» կինոթատրոն

 

«Էկրան» միամսյա հանդեսի 1969 թ. ապրիլի համարում հոդվածագիրը բացասական նրբերանգով է խոսում կինոթատրոնի մասին՝ նշելով, որ «Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու մասին շատերը գիտեն, իսկ որ այգում կա կինոթատրոն «Հոկտեմբեր» անվամբ (դիրեկտոր Մամիկոն Հովհաննիսյան), հազիվ թե շատերն իմանան: Իր գոյության ընթացքում շենքը չի տաքացվել, թեպետ անց է կացվել ջեռուցման սիստեմ, փաստորեն կինոթատրոնում նստել կարելի է միայն տաք եղանակին: Էլ չենք խոսում ռեկլամի ու անճաշակության մասին: Նույնիսկ ռեկլամի ցուցատախտակի վրա  դիտողություն էր արված՝ «Գրել ճիշտ և գեղեցիկ»: 

 

Քանի որ կինոյի աստղերի համար կինոթատրոնն այդքան էլ հարմար չէր, որոշ ժամանակ անց այստեղ սկսեցին ուշադրություն դարձնել իսկական աստղերին և շենք տեղափոխվեց պլանետարիումը։ 

 

Առաջին աստղացուցարան

Մարիամ Կարապետյանը հիշում է շուրջ երեք տասնամյակ առաջ իր այցն աստղացուցարան. «Երբ որ մենք հայտնվեցինք աստղացուցարանի դահլիճում, մեզ առաջին հերթին գրավեցին պտտվող աթոռները: Նստեցինք ու սկսեցինք ճոճվել… Հանկարծ լույսերը մարեցին և մեզ համար աննկարագրելի, հրաշալի ինչ-որ տեսարան բացվեց: Երկնքում պտտվում էին աստղերը, մոլորակները, և մի վայրկյանում մենք կարծես թե հայտնվեցինք տիեզերքում»: 

 

Երևանում առաջին աստղացուցարանը՝ «պլանետարիումը», բացվել է 1952 թվականի մարտի 27-ին  Կապույտ մզկիթի հարակից տարածքում։ Ինչպես հայտնում է «Սովետական Հայաստան» թերթի 1972 թվականի մարտի 28-ի հոդվածը, պլանետարիումն արդեն 20 տարի «գունավոր լուսապակիների (դիապոզիտիվների) և բազմապիսի այլ լուսային էֆեկտների օգտագործման միջոցով պրոպագանդում է աստղագիտության, աշխարհա-երկրաբանության և տիեզերագիտության նվաճումները»: 

 

«Պլանետարիումի աշխատանքները հետաքրքրում են տասնյակ հազարավոր մարդկանց: Հիմնարկ ձեռնարկություններն ու կազմակերպությունները, դպրոցները, ինստիտուտները կազմակերպում են կոլեկտիվ դիտումներ»: Հոդվածից իմանում ենք նաև, որ պլանետարիում այցելել են ոչ միայն Երևանից ու մարզերից, այլև հարևան հանրապետություններից՝ Վրաստանից, Ադրբեջանից: 1958-ից սկսած պլանետարիումը դասախոսություններ է կազմակերպել հանրապետության տարբեր շրջանների հիմնարկ-ձեռնարկություններում:

 

Պլանետարիումի հիմնական գործիքը եղել է Ցեյսի օպտիկական ապարատը՝ 1920-ականներին նախագծված պրոյեկտոր, որից և սկսվել է պլանետարիումների պատմությունը: Սրանից բացի գործել են նաև «ամպամած երկինք», «արևի և լուսնի խավարումները», «բևեռափայլը», «հրթիռներ», «արհեստական արբանյակներ», «տիեզերանավեր» և այլ օպտիկական ապարատներ: «Իսկ նախասենյակ ճեմասրահում աստղագիտությանը, տիեզերքի նվաճմանը նվիրված ցուցահանդեսն է: Այստեղ տեղադրված են տիեզերական մի քանի արբանյակների մոդելներ, երկրի Լուսնի (ռելիեֆ), աստղային երկնքի մեծ գլոբուսները և այլ մոդելներ»:

 

 

Ինչպես նշում է հոդվածագիրը՝ Երևանի պլանետարիումի տնօրենի տեղակալ, դասախոս Պ. Գևորգյանը, Պլանետարիումի տպավորությունների գրքում հիանալի խոսքեր է գրել նաև Ավետիք Իսահակյանը:

 

Երևանի առաջին պլանետարիումի մասին հիշատակված է նաև «Երեկոյան Երևանի» 1972 թվականի ապրիլի 2-ի համարում «Պլանետարիումի 20 տարին» վերնագրով: Հոդվածից տեղեկանում ենք, որ տեղի է ունեցել համանուն գիտաժողով, որ «նվիրված էր Հայաստանի բնության պետական թանգարանին կից գործող պլանետարիումի հիմնադրման 20-ամյակին»: Գիտաժողովի ժամանակ բացման խոսքով հանդես է եկել պլանետարիումի տնօրեն Է. Վառիկյանը: Ի թիվս այլ զեկուցողների՝ ելույթ են ունեցել նաև պլանետարիումի դիրեկտորի տեղակալ Պ. Գևորգյանը, որ պատմել է պլանետարիումի անցած ուղու մասին, ինչպես նաև ավագ դասախոս Շ. Դանիելյանը, որ «Պլանետարիումի սարքավորումները» թեմայով ցուցադրում է կազմակերպել՝ ժամանակակից սարքերի միջոցով գիտաժողովի մասնակիցներին ծանոթացնելով «աստղային համակարգության, արևի համաստեղության, հրթիռների, արբանյակների և տիեզերանավերի շարժման, աստղագիտությանը վերաբերող մի շարք սիստեմների հետ»:

 

Առաջին աստղացուցարանը հավանաբար գործել է մինչև 1976 թվականը՝ շուրջ 24 տարի: Իսկ փակման պատճառների մասին կարելի է տեղեկանալ «Թանգարանի հոգսերը» խոսուն վերնագրով հոդվածից («Երեկոյան Երևան», 1982, օգոստոսի 12), որտեղ նշված է. «Ավելի քան 6 տարի է, ինչ չի գործում Հայաստանի բնության պետական թանգարանը: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ այնտեղ գտնվող 200-ամյա շենքերից մեկը` գմբեթավոր պլանետարիումը, սկզբում ճաք տվեց, իսկ հետո փուլ եկավ»: 

 

Ցեյսի պլանետարիում

 

Երկրորդ աստղացուցարան 

Ներկայիս թանգարանի շենքի տեղում գործող աստղացուցարանը պատկանել է «Գիտելիք» ընկերությանը: Գիտական քաղաքական գիտելիքների տարածման ընկերությունը ստեղծվել է 1947 թվականին՝ Գիտությունների ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի մի խումբ գիտնականների նախաձեռնությամբ և գոյություն է ունեցել մինչև 1991 թվականը։ 

 

Երկրորդ աստղացուցարանի մասին պատմեց Բյուրականի աստղադիտարանի աշխատակից, աստղացուցարանի բանախոս Հովհաննես Պիկիչյանը. «1980 թվին «Գիտելիքը» նոր աստղացուցարանը սարքեց ու «Հոկտեմբեր» կինոթատրոնը վերասարքավորեցին որպես աստղացուցարան: Ամբողջ վերասարքավորումն արեց Բյուրականի օպտիկամեխանիկական լաբորատորիան: Նրանք կարկասը սարքեցին, որի վրա կախեցին ներսի գմբեթը, քանի որ պրոյեկտորը ցուցադրում էր աստղային երկինքը գմբեթի վրա և օպտիկան կարգավորեցին ու էլեկտրական ամբողջ սարքավորումները: Դրանից հետո հանդիսավոր բացումը եղավ»: 

 

 

Պարոն Պիկիչյանը հիշում է, որ նորաբաց կենտրոնում առաջին դասախոսությունը կարդաց աստղաֆիզիկոս Էդվարդ Խաչիկյանը: Ամբողջ աստղագիտական էլիտան էր եկել, կառավարությունից էլ անդամներ կային: Այնուհետև մշակվեց հատուկ ծրագիր: Դասախոսության թեմաներն են եղել՝ աստղային երկինք,  արեգակնային համակարգության կառուցվածքը, մեծ մոլորակների և նրանց լուսատուների բնույթը, արևը, աստղերն ու միգամածությունները, տիեզերքի մեծածավալ կառուցվածքը, իսկ վերջում այց Բյուրականի աստղադիտարան: Աստղացուցարանն աշխատել է շաբաթը 6 օր, մինչև 1990 թվականը: 

 

2015-ին շենքը վերաձևավորվեց և դարձավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, իսկ 2020-ին Երևանի Անգլիական այգում բացվեց նոր պլանետարիումը։ 

 

2020 թվականին Երևանում բացվեց նոր պլանետարիում