Ավանի տաճար․ «Երբեք կողքով անտարբեր չեմ անցնում»
Երևանի ամենազարմանալի ու գողտրիկ հուշարձաններից մեկը Ավանի տաճարն է՝ 7-րդ դարում կառուցված, 17-րդ դարում երկրաշարժից ավերված, իսկ հետո համանուն թաղամասի առանձնատների մեջ թաքնված: ԵՐԵՎԱՆի խնդրանքով հնագետ Ավետիք Ղազարյանը ներկայացրել է տաճարի պատմությունը, իսկ տեղաբնակները պատմել են, թե ինչ տեղ է տաճարը զբաղեցնում իրենց կյանքում։
Տեքստը՝ Սոնա Խաչատրյանի
Լուսանկարները՝ Կարեն Սարդարյանի
Թաղամասը
Թեև միայն 20-րդ դարի երկրորդ կեսերին է Ավանը վարչականորեն դարձել Երևանի բաղադրիչ, սակայն դեռևս շատ ավելի վաղ դարերում այն մշակութային, հոգևոր, եկեղեցական ամբողջություն է կազմել օր օրի զարգացող, ընդարձակվող Երևանի հետ:
Տաճարի պատմական անցյալը
Ավանի Տաճարի հիմնադրումը թվագրում են 602թ.-ով: Տաճարը պատմության մեջ հայտնի է որպես եզակի քաղկեդոնադավան հակաթոռ կաթողիկոսական նստավայր, որի կառուցման նախաձեռնող կողմը Բյուզանդական կայսրությունն էր: 591-ին Ավանում աթոռակալում է Հովնան Բագարանցին, և քանի որ Մորիկ կայսեր մահվանից հետո պարսկաբուզանդական պատերազմը վերսկսվում է, Բագարանցին, որ հստակ բյուզանդական կողմնորոշում ուներ, լքում է Ավանը: Մատենագրությունն ասում է, որ գերության մեջ դեգերելով՝ Բագարանցին մահացել է 610-611 թ. ու հուղարկավորվել կամ տաճարում կամ հարակից տարածքում:
Դավանական կողմնորոշումը
Վիմական արձանագրության բովանդակության համաձայն՝ տաճարը սուրբ Աստվածածին է կոչվում: Ի սկզբանե այն կառուցվել էր որպես կաթողիկոսական նստավայր, ինչը ենթադրում էր նաև վարչական շինություններ եկեղեցական կառավարում իրականացնելու համար: Սակայն, խիստ կարճ ժամանակահատված է գործել որպես կաթողիկոսարան. մատենագրական վկայությունների համաձայն՝ հետո այն վերածվել է Դվինի կաթողիկոսարանին ենթակա վանական կառույցի, ավելի ուշ՝ պատկանել է էջմիածնի կաթողիկոսարանին: Որոշակի ժամանակաշրջան լինելով հանդերձ հայադավան ուղղվածության՝ ներքին համակրանք է ունեցել դեպի քաղկեդոնական ուղղվածությունը:
Ճարտարապետական նորարարությունները
Որոշակի ճարտարապետական հատկանիշներ թույլ են տալիս ասելու, որ Ավանի տաճարի տեղում առավել վաղ շրջանի կառույց է գոյություն ունեցել. առնվազն այդ մասին է վկայում գետնախարիսխը, որի վրա վեր է խոյանում Ավանի տաճարը:
Տաճարը, որպես պատմաճարտարապետական հորինվածք, իր մեջ ներառում է իր ժամանակի համար աննախադեպ նորարարական լուծումներ, որոնց շնորհիվ այն ոչ միայն ինքնին որպես եզակի հուշարձան է ներկայանում, այլ նաև՝ որպես նախակերպար այն ճարտարապետական շարքի, որը մասնագիտական շրջանակներում հայտնի է Ավան-Հռիփսիմեատիպ ճարտարապետական հորինվածք:
Տաճարը եզակի է որպես եռամուտք կառույց. երկու մուտք արևմտյան ճակատային հատվածում և մեկ մուտք հյուսիսային պատի մեջ:
Ավանի տաճարն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաթև եկեղեցի է, սակայն խաչաթև լուծումն ամբողջանում է անկյունային ավանդատների ¾ շրջանաձև խորշերով. հայկական ճարտարապետության մեջ դրանք առաջինն այստեղ են արտահայտվել:
Եվս մեկ նորարարություն գմբեթային փոխանցման համակարգում է. այստեղ է, որ առաջին անգամ ներդաշնակորեն համադրված հանդես են գալիս երկու իրողություններ՝ աստիճանաբար առաջ եկող կամարաշարերով փոխանցում, որն ամբողջանում է առագաստներով:
Գիտական որոշ խումբ այն համոզմանն է, որ Ավանի տաճարը եղել է միագմբեթ, սակայն փաստավավերագրական հենքը թույլ է տալիս պնդելու, որ այն եղել է հնգագմբեթ շինություն: Պետք է արձանագրել, որ մենք արդեն նախատիպը ունեինք հնգագմբեթ եկեղեցու՝ 5-րդ դարում վերակառուցված Վաղարշապատի Մայր Տաճարը:
Արտաքուստ համեստ հորինվածքով եկեղեցին առանձնանում է իր ընդարձակ լուսամուտներով, լունետով՝ շքամուտքի բացվածքներով: Տաճարն առանձնահատուկ է եղել իր լուսավորությամբ, ինչը հավելյալ տարածական բաղադրիչ է հաղորդել նրա ներքին տարածքին: Դատելով պահպանված պատուհաններից՝ կարող ենք ասել, որ տաճարը ողողված է եղել արևի բնական լույսով, թեև 1940թ. մեկնարկած աշխատանքերի պահին լուսամուտները եղել են որմնաշարված:
Պեղումներ
1940 թվականին մեկնարկում են եկեղեցու տարածքի պեղման, մաքրման և հուշարձանի ամրակայման, վերականգնամ աշխատանքները: Փաստավավերագրերը, ցավոք, արձանագրում են, որ 1941-ի կեսերին Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով աշխատանքների ընդհատումը վնաս է հասցնում հուշարձանին: Որոշ հատվածներ մասամբ, իսկ գմբեթային փոխանցման համակարգն ամբողջությամբ ապամոնտաժված լինելով՝ այլևս ենթակա չեն լինում վերականգման. ինչպիսին և այսօր ներկայանում է հուշարձանը:
Ընդհատված աշխատանքների զգալի հատված լրացվում և ամբողջացվում է 1960-ականներին՝ մեծ մասամբ Կարո Ղաֆադարյանի շնորհիվ: Պահպանված հուշարձաններն այս պահի դրությամբ երկուսն են՝ տաճարը և կաթողիկոսական պալատը, սակայն բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այն ունեցել է նաև հարակից շինություններ, որոնք ավերվել են 1679 թվականի Գառնիի հայտնի ավերիչ երկրաշարժից:
Ավանի տաճարը ավանցիների հուշերում
Սերժիկ Շահբազյան
Էս կիսատ պատերը, որ էրևում են, չէ՞, դրանք մի 20-30 տարի առաջ վերանորոգեցին... Հիմի էս մեր տարածքն ա, մենք ենք նայում. հենա իմ տունը: Որ մի միլիոն տան էս տներին՝ չեմ տա, հատուկ եկեղեցու համար: Ամեն առավոտ ես աղոթում եմ իմ էրեխեքի, ազգի համար...
Մի քիչ ներքև Գետառն էր. ես փոքր էրեխքա էի՝ 12-13 տարեկան, հիշում եմ, որ այ սենց՝ ձեռով ձկներ էինք բռնում: Դա գետարգելից էր գալիս՝ է՜ն կողմերից, սարերից... Ստեղ շենքեր չկային, անտառ էր, բոլորը պղատու ծառեր էին:
Ավանցիները էկել են Խոյից, տեսել են եկեղեցի, տեսել են ջուր, բնակություն են հաստատել: Հիմա ձուկ չկա, ջուր չկա, արդեն կանալիզացիա ա:
Մանյա Ապինյան
Ես իրա կողքով անտարբեր չեմ անցնում, միշտ մտնում եմ, հիմա մոմ ունեի վառած, մտա, ասի տեսնեմ՝ քամին հո չի՞ հանգցրել: Հետո, միշտ ստեղ Զատկի տոնին մեծ արարողություն ա լինում: 70 թվից ես հիշում եմ, որ միշտ էս վիճակում ա էղել: Ես էդ շանսը չունեմ, որ ինչ-որ մի տեղ դիմեմ-ասեմ՝ խոսքս անցնի, բայց որ սարքեին՝ լավ կլիներ:
Ռեբեկա Հակոբյան
Տատիկս էստեղ ա ապրել, ամբողջ կյանքս էստեղ ա անցել: Տատիկս պատմում էր, որ էնտեղ մի տեղ գաղտնի անցուղի ա էղել, որ իբր տանում էր դեպի Արևմտյան Հայաստանին: Փոսը ես էլ եմ հիշում, բայց դե չգիտեմ՝ իրոք էդքան հեռու գնում էր, թե չէ։ Մարդիկ անցնում-դառնում էին՝ վտանգավոր էր, փակեցին:
Ժամանակին ներսում էլ շատ խաչքարեր կային, բայց լրիվ կորել են. ոչ բոլորը սրա արժեքը գտեն. ցավոք: Ես ինքս դրա համար ժամանակին փորձել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը գրավել: Բայց հիմա էս մոտակայքի ժողովուրդը շատ ուշադիր են, իրանք են մաքրում, տարածքին ուշադրություն են դարձնում:
Մարդիկ քարերը հանում-տանում էին: Բայց, որպես կանոն, էդ մարդկանց տներում միշտ շատ կորուստներ են էղել: Ես գիտեմ, մեկը կար, քար էր տարել իրա տան պատի վրա օտագործել էր. բողոքեցինք, սվաղը բացեց, որ քարը էրևա: 70-ականներին սրան Բագոյի տուն են ասել. Բագրատը Ավանի գյուղապետն ա էղել: Էս տունը շատ կորուստներ ա ունեցել: Հիմա ստեղ մարդ չի ապրում, վարձով են տվել, իրանք ստեղ չեն:
Սվետա Գալստյան
Պապաս բնիկ ավանցի ա. Պարսկաստանից գաղթած 17 խոյեցի ընտանիքներից մեկը, որ հիմնել էն Ավանը, պապայենցս ընտանիքն ա էղել: Ես էստեղ եմ ծնվել, մինչև հիմա էլ էստեղ եմ ապրում: Շատ հարազատ տարածք ա: Լավ հիշում եմ, նույնիսկ նկարներ կան, որ ամեն տարի Զատիկին ավանցիները եկեղեցու բակում մեծ պղինձներով մատաղ էին եփում: Պապաս էլ ամեն տարի էստեղ մատաղ էր անում: