Ավետյանցներն ու Երևանի գարեջուրը
1910 թվականին Երևանում արտադրված «Բոկ-Բիր» գարեջուրն արժանացավ Հռոմում անցկացվող միջազգային մրցույթի ոսկե մեդալին։ Այդ ժամանակ Հարություն Ավետյանցի «Զանգա» գործարանն արդեն հասցրել էր դառնալ Երևանի գարեջրային մշակույթի վերածննդի առաջամարտիկը, գործը ծաղկում էր ու զարգանում։ Ավաղ, XX դարի առաջին քառորդի աշխարհաքաղաքական վայրիվերումներն ընդհատեցին այդ ուղին։ Հռոմի հաղթանակից ավելի քան մեկ դար անց Ավետյանցի ծոռը՝ Nitro ընկերության հիմնադիր Կամո Ադուլյանը, Թիվ 405 կազմակերպության պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանի հետ համատեղ փորձում է գրքի տեսքով վավերագրել ու վերարժևորել իր նախնիների ժառանգությունը։
Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի
Լուսանկարները՝ Կամո Ադուլյանի արխիվից
ԵՐԵՎԱՆ #84 | 2024
Կամո Ադուլյանն ու Նարեկ Վան Աշուղաթոյանը
Կորսված մեդալները
Կամո Ադուլյանի մանկությունն անցել է իր գերդաստանի պատմության վկայությունների մեջ. մի կողմից՝ մեծերը հաճախ պատմում էին նախնիների մասին, մյուս կողմից՝ տան լուսանկարները, կահույքը, հին առարկաները։ Բայց ինչպես հաճախ պատահում է, այդ ամենի կարևորությունը սկսում ես հետո հասկանալ։ Շրջադարձային պահն եղավ մի քանի տարի առաջ, երբ Կամոն, համացանցում հանդիպելով ծանոթ մի պատկեր՝ հռչակավոր «Բոկ-Բիրի» պիտակը, ուշադրություն դարձրեց հենց պիտակի վրա պատկերված մեդալներին։ «Տատիկիս հարցրի՝ իսկ ու՞ր են էս մեդալները,– հիշում է Կամոն,– ասեց՝ ընտանիքում, տարբեր մարդկանց մոտ։ Սկսեցի զանգել բոլորին, հարցուփորձ անել, ու պարզվեց, որ տարիների ընթացքում ոչինչ չի մնացել»։ Դրանից Ավետյանցի ժառանգն է՛լ ավելի տարվեց անցյալի բացահայտումներով ու սկսեց փնտրել կորսված մեդալները՝ Վերնիսաժում, հնավաճառների մոտ, Մոսկվայի ու Բրյուսելի անտիկվարի խանութներում… Ոչ մի բան։
«Արդեն սկսում էի հուսահատվել, բայց մի օր՝ արտերկրից եկած հյուրերիս հետ Երևանի պատմության թանգարանում պտտվելիս հանկարծ աչքիս առաջ հայտնվեցին «Զանգայի» մեդալները»։ Ի վերջո, պարզվում է, որ տարիներ առաջ, երբ թանգարանը դեռ Կապույտ մզկիթի տարածքում էր, այդ ամենը՝ մեդալները, կափարիչները, պիտակները, Կամոյի մեծ տատը՝ Հարություն Ավետյանցի դուստրը, նվիրաբերել է թանգարանին։ Ըստ Ավետյանցի ժառանգի՝ կարևորը, որ ոչինչ չէր կորել ու վստահելի տեղում է։
Զանգայի մրցանակները՝ Նեապոլի ու Հռոմի ցուցահանդեսներից
Մեր բոլորի պատմություն
Բայց ահա էդտեղից էլ ծագեց միտքը՝ հավաքելու նախնիների մասին հնարավոր ամեն տեղեկություն։ Իր գաղափարի մասին Կամոն պատմեց ընկերոջը՝ Թիվ 405 կազմակերպության համահիմնադիր Նարեկի Վան Աշուղաթոյանին. «Քննարկեցինք, եկանք մի գլխավոր սկզբունքի՝ ամեն ինչ լինի իրական, վավերագրված, առանց որևէ ճոխությունների ու չափազանցությունների,– վստահեցնում է Կամոն,– ավելին, ես պատրաստ էի նույնիսկ, որ վերջում հավաքվի մեկ-երկու էջ, բայց ահա, Նարեկն իր թիմի հետ մի ամբողջ գիրք հավաքեց»։
Ըստ նախագծի պրոդյուսեր Նարեկ Վան Աշուղաթոյանի՝ Թիվ 405-ը միշտ իրագործում է ծրագրեր, որոնք ունեն հետաքրքիր բովանդակություն ու հասարակության վրա դրական ազդելու հնարավորություն։ «Երբ Կամոն պատմեց գաղափարի մասին, ես միանգամից հասկացա, թե ինչն է այստեղ կարևորը. Կամոյի ընտանիքի պատմությունն այլևս միայն իր պատմությունը չէ, սա վերաբերում է բոլոր այն մարդկանց, որոնք իրենց համարում են երևանցի, կամ որոնք հետաքրքրվում են Երևանի պատմությամբ, կամ գուցե գարեջրի պատմությամբ,– ասում է Նարեկն ու հավելում,– առավել ևս, որ Ավետյանցները բառի ամենաբուն իմաստով բնիկ երևանցիներ են, Կամոյի նախնիների արմատները՝ ըստ ստույգ փաստաղթղթերի, հասնում են մինչև 18-րդ դար։ Մեր քաղաքի համար սա հետաքրքիր, մասամբ մոռացված շերտ էր, որը պետք էր վերաբացահայտել ու արժևորել»։
Ավետյանցների գերդաստանը
Պեղումներ
Թեպետ աշխատանքի սկիզբը հեշտ չէր։ Կային միայն Կամոյի պատմածները, Կամոյի տատիկի հուշերը, որոշ լուսանկարներ ու իրեր։ Ու վերջ։ Սա շատ նման էր պեղումների, երբ չգիտես՝ հողի տակ ինչ կգտնես, եթե ընդհանրապես կգտնես։ Այդտեղ էր, որ ներգրավեցին պատմաբաններ Համո Սուքիասյանին ու Գայանե Ղազարյանին, որոնք անցան բուն պեղումներին։ Նրանք ամենայն պատասխանատվությամբ ու բծախնդրությամբ արեցին գործն ու հավաքեցին ահռելի քանակությամբ փաստաղթղթեր։ Հաջորդ քայլը դրանց հիման վրա պատում ստանալն էր՝ գիտական, բայց ընթերցողի համար հասկանալի ու հետաքրքիր։ Վերջում էլ միացան Քրիստինե ու Մարիամ Մալխասյանները, որոնք հմտորեն ձևավորեցին գիրքը։
Ինչ ունեին ու ինչ կորցրին
Նարեկ Վան Աշուղաթոյանը նշում է, որ իրենց հետազոտության հերոսները բնավ միայն գարեջրով չեն զբաղվել. «Մինչև գարեջրի գործարանի բացումը, Ավետյանցներն արդեն կայացած հայտնի գործարարներ էին։ Բայց «Զանգան», այո, ընտանեկան բիզնեսի գագաթնակետն էր հավանաբար։ «Զանգան» էր, որ իր ժամանակ փոխեց Երևանում գարեջրային մշակույթը (թեև առաջինը չէր, բայց նոր որակ բերեց իր հետ), «Զանգան» էր իր ամենամեծ կապիտալը, որը բոլշևիկները խլեցին նրանից»։
Հարություն Ավետյանցը կնոջ՝ Շուշանիկի հետ
Գործարար ու քեֆչի
Ավետյանցները, ինչպես պարզեցին հետազոտությունները, շատ լավ ընկերություն են արել շրջապատի հետ։ Մի ռուս զինվորի վկայություն կա, ըստ որի Զանգվի ափին էլեկտրականության գեներատոր են ունեցել, հարևանությամբ՝ ժամանցի տաղավար։ Ու երբ Ավետյանց-ավագն ընկերների հետ իջնում էր այնտեղ քեֆ անելու, կիրճից վեր բարձրանալու համար իր համար արդեն կառք էին ուղարկում։ Իսկ Դալմայի այգիների իր տանը նույնիսկ Ավետիք Իսահակյանին են թաքցրել, երբ ցարական իշխանությունները փնտրում էին նրան։
Իհարկե, որպես գործարար, Կամոն նաև առանձնահատուկ հետաքրքրությամբ ուսումնասիրել է իր նախնիների մասնագիտական փորձը։ «Պատկերացրեք՝ ի՜նչ բարձրորակ աշխատանք պիտի արած լինեին, որ 1910 թվականին Երևանում պատրաստած գարեջրի համար Հռոմում ոսկե մեդալ ստանային։ Նույնիսկ այսօրվա մեր դարում է դժվար այդպիսի արդյունքների հասնել»։
Ափսոս, չի պահպանվել հաղթական գարեջրի բաղադրությունը, թե չէ հետաքրքիր կլիներ 21-րդ դարի Երևանում վերարտադրել հին Երևանում ու Հռոմում թնդացող գարեջուրը։ Այդուհանդերձ, երևանյան այս գերդաստանի պատմությունը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենադժվար պայմաններում կարելի է մեծ արդյունքների հասնել։ Իսկ եթե հետևում ունես նախնիների փորձն ու ժառանգությունը, ապա ապագան մի քիչ ավելի խոստումնալից է թվում։