«Ավլելով Երևանը»․ «Նրանք աշխատում են՝ մենք քնած ենք, նրանք քնած են՝ մենք ենք աշխատում»
Կինո

«Ավլելով Երևանը»․ «Նրանք աշխատում են՝ մենք քնած ենք, նրանք քնած են՝ մենք ենք աշխատում»

Մարտի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի ռեժիսոր Նաիրի Հախվերդիի «Ավլելով Երևանը» վավերագրական ֆիլմը: Ֆիլմի հերոսուհին Մարինան է, որն ամեն օր Չարենցավանից Երևան է հասնում Երևանը մաքրելու համար: ԵՐԵՎԱՆը շփվել է ֆիլմի ռեժիսորի և գլխավոր հերոսուհու հետ։

Տեքստը՝ Սոնա Խաչատրյանի

 

Լուսանկարենրը՝ կադրեր ֆիլմից

 

Գնել տոմս

 

 

#Կինո

Նաիրի Հախվերդի, ռեժիսոր

Հայաստան տեղափոխվելուց ի վեր ինձ միշտ հետաքրքրել են այս մարդիկ, հատկապես կանայք՝ ովքե՞ր են, որտե՞ղ և ի՞նչ պայմաններում են ապրում, ինչպե՞ս են ամբողջ գիշեր աշխատում, ի՞նչ դժվարությունների ու վտանգների են հանդիպում: Կարճ ասած՝ ինքս ուզում էի տնից մինչև աշխատավայր մի քանի օր ապրել նրանց կյանքով, որն, ի դեպ, հեչ հեշտ կյանք չէր: Հուսամ՝ կարողացել եմ դա հանդիսատեսին փոխանցել. չգիտեմ:

 

Հերոսի փնտրտուքը երկար տևեց: Ուշ գիշերով մի քանի անգամ հանդիպեցի այդ մարդկանց, բացատրեցի, որ ուզում եմ ֆիլմ նկարել իրենց մասին, բայց ոչ ոք չէր համաձայնվում: Ասում էին՝ հարցազրույց կտամ, բայց չեմ նկարվի, չեմ ուզում իմ տուն գաք, նկարեք: Ու հանկարծ հանդիպեցի Մարինային: Ասեց՝ արի, ինչ ուզում ես նկարի: Երջանկություն էր դա ինձ համար: Իսկ երբ ծանոթացա ընտանիքի հետ, հասկացա, որ նա հենց այն մարդն է, որին փնտրում եմ:

 

«Ավլելով Երևանը» վավերագրական ֆիլմի թրեյլերը

 

Մարինան շատ ուժեղ կին է: Ամբողջ ֆիլմում չեք տեսնի մի պահ, որ ձեռքերը ծալած նստած է, իրական կյանքում ևս այդպես էր: Տանը նա հոգատար մայր է, որ զբաղվում է երեխաների դաստիարակությամբ: Նա նաև կին է, որ խնամում է կույր ամուսնուն, սկեսրոջը խնամող հարս է Մարինան: Ցերեկվա մի փոքր ազատ ժամանակը, հարևանների համար կար է անում, մազ է կտրում, որպեսզի կարողնա ընտանիքի ամբողջ հոգսերը հնարավորինս հոգալ: Մարինան իր ընտանիքի լոկոմոտիվն է: Աշխատանքում Մարինան համարձակ, ոչնչից չվախեցող կին է: Թե տանը, թե գործում Մարինան լավատես է՝ եթե ոչ այսօր, վաղը հաստատ մի բան դեպի ավելի լավը կփոխվի. այսպես է նա մտածում: Կարծում եմ սա է նրա մոտիվացիան:         

 

Ամեն օր երեկոյան ժամը 9-ին իրենք Չարենցավանից ճանապարհվում են Երևան, վերցնում են ավելները, մյուս պարագաները, այդ ժամանակ արդեն գիշերվա 11-ն է լինում և սկսում են ավլել Երևանը: Ամեն խումբ իր տարածքն ունի ավլելու. Մարինան ավլում է Հյուսիսային պողոտայից մինչև Կողբացի ընկած հատվածը: Սա ֆիլմում շատ մեծ կոնտրաստ է ստեղծում։ Մարինան գալիս է Չարենցավանի հեռու մի անկյունից, շատ համեստ մի ընտանիքից ու Երևանում մաքրում է ամենահարուստ, ամենահայտնի տարածքներից մեկը: Առավոտյան 6-7-ի կողմերը իրենք ավարտում են աշխատանքը ու հոգնած հետ գնում Չարենցավան:

 

 

Նպատակներիցս մեկն էր ցույց տալ անտեսանելին՝ այս դեպքում այն մարդկանց, ովքեր քաղաքի մաքրությունն են ապահովում: Մենք նրանց երբեք չենք տեսնում. նրանք աշխատում են՝ մենք քնած ենք, նրանք քնած են՝ մենք ենք աշխատում: Մենք տեսնում ենք նրանց աշխատանքի արդյունքը, իսկ իրենք անտեսանելի են մնում: Այս մարդիկ մի փոքր ընկճված են, որովհետև ոչ բոլորն են իրենց մասին ըստ արժանվույն մտածում, ասում են՝ հա, դե լավ, հավաքարար ա էլի. ֆիլմում նույնիսկ լսվում է մի այդպիսի ֆոնային խոսակցություն: Այս մարդկանց տնտեսական վիճակն եմ փորձել ներկայացնել՝ 700.000 դրամ է արժեցել մի տատիկի վիրահատությունը, որի համար ամբողջ ընտանիքը ստիպված է եղել աշխատել, բայց դարձյալ գումարը չի բավականացրել:  

 

Գիշերը դրսում ինչ ասես կարող է պատահել՝ արագ ընթացող մեքենա, շուն… Նույնիսկ մեր նկարահանումներից մեկ օր առաջ նրանցից մեկը աշխատանքի վայրում վթարի էր ենթարկվել և մեկ ամիս անց ուշքի չգալով մահացավ: Բացի այդ, այս մարդիկ մշտապես զրկված են գիշերվա քնից: Բոլորս գիտենք, որ ցերեկվա քունը չի փոխարինում գիշերվա քնին. սա նաև առողջության հարց է: Կուզենայի, որ այս մարդկանց աշխատանքը կոորդինացնողները մտածեին այս մասին և ավելի հարմար հերթափոխ սահմանեին նրանց համար: Գուցե ֆիլմը ստիպի մարդկանց ավելի հարգանքով մոտենալ այս անտեսանելի մարդկանց կատարած տեսանելի աշխատանքին և սուրճի բաժակը գետնին նետելուց առաջ մի քիչ ավելի երկար մտածել…

 

 

Մարինա Գինոսյան, գլխավոր հերոսուհին 

Միշտ ուզել եմ ֆիլմում նկարահանվել, բայց բախտ չի վիճակվել, ու երբ Նաիրին ինձ առաջարկեց նկարահանվել, սկզբում մի քիչ տատանվեցի, բայց հետո մտածեցի՝ մարդիկ ինչ դերերում ասես՝ չեն խաղում, ի՞նչ կա որ, փորձեմ… Համ էլ, էդ իմ քայլով ուզեցի կանանց ցույց տալ, որ եթե ընտանիքում ֆինանսական խնդիրներ են առաջանում, չպետք ա հուսախաբվես, կոտրվես, այլ պետք ա լուծում գտնես: Փառք Աստծո, ես կարողացա դուրս գալ էդ խնդիրներից: Էդ ժամանակ 2 ուսանող և 2 դպրոցական երեխա ունեի, ավտովթարի ենթարկվեցի նաև այդ ընթացքում. դժվար էր: 4 տարի աշխատել եմ Սանիտեկում, հիմա՝ ոչ: 

 

Բացի գիշերից, ես ցերեկն էլ եմ աշխատել: Առավոտյան գնացել եմ գործի երաժշտական դպրոցում, հետո էկել եմ տուն, էրեխեքին հացավորել եմ, մի քիչ կար եմ արել ու եկել եմ Երևան: Իմ քնելը էղել ա ընդամենը Գազելում, ոնց դուք տեսնում եք ֆիլմում: Որ ընդունվել էի գործի, ինձ թվում էր հեսա Երևանում կկորեմ գիշերով: Բայց հետո, երբ արդեն ցերեկն էի տեսնում քաղաքը, ասում էի՝ հլը սպասի, էս որտե՞ղն ա: Արամի, Պուշկին, Կողբացի, Տերյան, Բուզանդ փողոցները և Հյուսիսային պողոտան եմ մաքրել: 

 

Երևանը միշտ սիրել եմ։ Մի քիչ ժխորն ա, որ պահի տակ չեմ սիրում, բայց Չարենցավանի համեմատ աշխատանքը ավելի շատ ա, կյանքը եռում ա… Եվ լավն ենք տեսել փողոցում,  և վատը. ուշ ժամին դրսում աղջիկներ, շներ, հարբած մարդիկ, բայց վատը լավով փակել ենք:

հավելյալ նյութեր