Այ Թի Պարկ
Միջավայր

Այ Թի Պարկ

Արդեն 20 տարի է՝ Հայաստանում գործում է «Այ Թի Պարկ» բիզնես կենտրոնը, որն իր հարկի տակ հյուրընկալում է գործարար՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված 96 ընկերության։ ԵՐԵՎԱՆը կենտրոնի մարքեթինգի բաժնի ղեկավար Վահագն Խալաֆյանի հետ շրջել է շինությունով ու պարզել, թե որն է «Այ Թի Պարկի» բացառիկությունն ու կարևորությունը՝ ոլորտի աճի, զարգացման, ժամանակին համընթաց շարժվելու համար։

Տեքստը՝ Կարինա Տերտերյանի


Լուսանկարները՝ «Այ Թի Պարկ»

#Գործընկեր

«Ալգորիթմից» մինչև «Այ Թի Պարկ» 

Աջափնյակում դժվար է չնկատել խորհրդահայ ճարտարապետական գլուխգործոցներից մեկը՝ «Ալգորիթմ» գիտահետազոտական կենտրոնը: Ճարտարապետը Ստեփան Քյուրքչյանն է, որն ավելի հայտնի է մայրաքաղաքի ամենայուրօրինակ կառույցներից մեկով՝ Կամերային երաժշտության տան շենքով, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ճարտարապետական լուծումներով և մետրոյի Երիտասարդական կայարանով: «Ալգորիթմը» նշանակված է եղել Հաշվողական Տեխնիկայի և ծրագրային ապահովման նախագծերի իրականացման, ինչպես նաև խորհրդային հանրապետությունների մասնագետների պատրաստման և վերապատրաստման համար։ 

 


Շենքի հիմնադրումն Աջափնյակ համայնքում ուներ կարևոր քաղաքական և ռազմավարական նշանակություն։ Հիմնադրվելով Երևանի ամենականաչապատ համայնքում՝ այն պետք է լուծեր տեղի բնակչության աշխատանքային զբաղվածության խնդիրը և ժամանակի հրամայականով դարձներ այն բարձր տեխնոլոգիաների ստեղծման համայնք։


Հատկանշական է նշել նաև համայնքի անվտանգությունը, որը մասնակիորեն լուծվեց նույն այդ շենքի կառուցմամբ։ Շենքը (նույնիսկ այս րոպեներին) պատրաստ է պաշտպանել համայնքի քաղաքացիների անվտանգությունը քիմիական և օդային հարձակումներից, գործող ՔՊ օբյեկտի՝ բունկերի միջոցով։ 


Բարեբախտաբար, թե դժբախտաբար, նույնիսկ այսօր առկախված կանխատեսվող պատերազմական վտանգները թույլ չեն տալիս գործող ընկերության աշխատակիցներին մոռանալ ՔՊ օբյեկտի մասին, ուստի պարբերական պլանային աշխատանքներ են անում՝ տարածքի ապագա խնդիրները կանխելու համար։


1987-ին նույն շենքի ներսում ձևավորվեց Հաշվողական տեխնիկայի և Ինֆորմատիկայի գիտահետազոտական ինստիտուտը, որն իր աշխատանքային կոլեկտիվի հետ հետագայում մասնավորեցրեց շենքը՝ երկրից ձեռք բերելով բոլոր բաժնետոմսերը։ Իսկ 2003-ին ստեղծվեց «Այ Թի Պարկ» բիզնես կենտրոնը, որը մինչև օրս շարունակում է իր տնտեսական գործունեությունը՝ փաստացի պահպանելով շենքի որդեգրած ռազմավարությունը։

 

Կամուրջ պետության, ֆինանսական կառույցների և ոլորտային ընկերությունների միջև 

Դեռ շենք չմտած՝ կարելի է զգալ շինության ահռելի չափերը, տեսնել արդեն հնացած ու կանաչած աստիճանները, որ տանում են ինչ-որ հետաքրքիր տեղ: Առաջին հարկի մի սրահում կարելի էր տեսնել խորհրդային 60-ականների ոճով ձևավորված առաստաղը, ինչպես նաև ավելի ուշ շրջանի հետքերը։ Պահպանելով շենքի գաղափարային նշանակությունը՝ կենտրոնը վարձակալության գրասենյակային տարածքներ է առաջարկում ՏՏ ընկերություններին և տրամադրում ծառայություններ, որոնցով վարձակալը կմոռանա կենցաղային խնդիրները և կկարողանա կենտրոնանալ բուն աշխատանքի վրա՝ շարունակելով արժեք ստեղծել Հայաստանի զարգացման համար։


«Մենք առաջին հերթին ուզում ենք վերակառուցել ճարտարապետական արժեք ներկայացնող մեր ենթակառուցվածքը՝ պահպանելով ճարտարապետի կողմից ներկայացված ոճը՝ բարձր մոդեռնիզմը։ Մենք վստահ ենք՝ վերակառուցման և վերանորոգման փուլի ավարտից հետո շենքը հայտ կներկայացնի Աջափնյակ համայնքի այցեքարտը դառնալու համար։ Եվ հենց այս նպատակն իրականացնելու համար «Այ Թի Պարկը» շուտով կթողարկի իր կորպորատիվ պարտատոմսերը, որոնց ձեռքբերումը կրկնակի հաճելի պրոցես կդառնա ապագա ներդրողների համար՝ գաղափարի իրականացման մշակութային անհրաժեշտության գիտակցմամբ և ինչու ոչ, ֆինանսական եկամտաբեր գործերով»,– նշում է Վահագնը։

 

 


Մինչ ես ուսումնասիրում եմ թանգարան հիշեցնող այս տարածքը, Վահագնը կենտրոնի նպատակների մասին ևս մի քանի մանրամասներ է ներկայացնում. 2022-ին մշակել և ստեղծել են նոր գաղափար, որի իրականացման դեպքում Երևանը կունենա գերժամանակակից, դիզայներական խելահեղ լուծումներով և էկոարդյունավետ նոր բիզնես կենտրոն։ Ի դեպ, նույն թվականին «BSC» ընկերությունը պատրաստեց տեխնոպարկի բիզնես մոդելը, որով սկսեցին աշխատել ֆինանսական ներդրումների ներգրավման ուղղությամբ։ Վահագնն էլ հավելում է՝ բաց են նոր ներդրողների և այլ գործընկերների հետ աշխատանքում։ «Ուսումնասիրելով աշխարհի զարգացած բիզնես կենտրոնների տնտեսական բիզնես քաղաքականությունը՝ որոշ բաների հարմարվելուց հետո «Այ Թի Պարկը» որոշեց ներդնել նոր ռազմավարություն՝ դառնալու ՏՏ և վենչուրային ընկերությունների միջև անշահախնդիր կամուրջ»։ Շարունակում ենք շրջայցը։


Բոլոր ընկերությունները, որ կունենան նորարարական ստարտափ նախագծեր, գաղափարներ և կլինեն «Այ Թի Պարկի» գործընկերները, կկարողանան իրենց ծրագրի իրականացման համար դիմել կենտրոնին և իրենց գործընկեր վենչուրային ֆոնդերի հետ միասին ուժերի առավելագույն և միասնական համակցությամբ կանեն հնարավորը՝ կյանքի կոչելու այդ ծրագրերը։ 

 

Ամեն ինչ ոլորտին լավ պայմաններով ապահովելու համար 

Կենտրոնի ինտերիերը հիշեցնում է ֆիլմերում հանդիպող առաջադեմ տեխնոլոգիական գրասենյակները՝ աչք շոյող գույներ, հարմարավետ աշխատավայրեր, ժամանակակից դիզայներական լուծումներ։ Բայց ի տարբերություն սովորական ՏՏ գրասենյակների՝ այստեղ բացառապես ոլորտային ընկերություններ են, ուսումնասիրել են շուկան ու հասկացել, թե ինչ են փնտրում ոլորտի ընկերություններն ու ստեղծել են պայմաններ այդ ընկերությունների համար. «Շենքի ընդհանուր տարածքը 14 հազար քառակուսի մետր է, օգտակարը՝ 11 հազար, այս պահին զբաղված է 9100 քառակուսի մետր տարածքը: Շենքի հարակից մասում ևս մեկ նոր բիզնես կենտրոն ստեղծելու մտադրություն կա. նոր ժամանակակից տեխնոպարկ: Արդեն ունենք բիզնես մոդելը: Լիահույս ենք, որ մյուս տարի կսկսենք աշխատանքները»,– վստահեցնում է Վահագնը:

 

Ինչու էր այդքան կարևոր ոլորտին օգնելը

ՏՏ-ն ու հայթեքը դեռ 2000-ականներից դինամիկ զարգանում են, քանի որ մի քանի խոշոր ընկերության մուտքի շնորհիվ թրենդ ձևավորվեց ու հստակ կապ ստեղծվեց բիզնեսի ու տեխնոլոգիաների միջև։ «Այ Թի Պարկը» ոլորտում ուզում է կայունություն մտցնել: Նպաստել ընկերությունների զարգացմանն ու երկրում էկոհամակարգի բարելավմանը:


«Կարծում ենք, որ ոլորտը մոտ ապագայում տնտեսության շարժիչ ուժերից մեկը կդառնա, ու դրա կայունացման հետ մեկտեղ կունենանք հնարավորություն վերջապես գիտական հասարակության արտագաղթը կասեցնել: Ուզում ենք նպաստել, որ այն տեխնոուղեղները, որոնք իսկապես պետք են ու կարող են մեր երկրում արժեք ստեղծել, մնան Հայաստանում: Իսկ մենք մեր ծրագրերով նպաստում ենք դրան»,– ասում է Վահագնը: 

 

 

Կարևոր գործ երկրի համար

Բացի գաղափարական արժեք ստեղծելուց, «Այ Թի Պարկը» երկրին օգնում և օժանդակում է նաև ֆինանսական տեսանկյունից: Շենքից ահռելի չափով գումար է դուրս գալիս ու գնում պետբյուջե՝ հարկերի տեսքով: Բացի այդ, կենտրոնում աշխատում են ավելի քան 1000 աշխատակից, որոնք անհատապես են հարկեր վճարում պետությանը: 


«Նպատակ ունենալով խթանել էլեկտրական մեքենաների օգտագործումը կենտրոնում՝ տեղադրում ենք Էլեկտրոմոբիլների լիցքավորման կայաններ: Ապագայում քաղաքի տարբեր հատվածներում հենց մեր ընկերության լիցքավորման կայանները կտեղադրենք, որից հնարավորություն կլինի օգտվել անվճար, ինչպես հիմա կենտրոնի կայաններից»,– նշում է Վահագնը: 


Ամփոփելով շրջայցը՝ Վահագնը ասում է, որ հաջորդ այցելությանս շենքի ենթակառուցվածքներն էլ ավելի բարվոք վիճակում կլինեն: Խոստանում է՝ պահպանելու են շենքի ճարտարապետական լուծումները, իսկ ընկերությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելն առաջնային են համարում:

հավելյալ նյութեր