«Այգ է բացվում. Մատենադարանի այգու տեսլականը»
Ցուցահանդես

«Այգ է բացվում. Մատենադարանի այգու տեսլականը»

Մատենադարանի լանջի հողատարածքն իր վերջին մերկ ձմեռն է անցկացնում։ Շուտով այն ծածկվելու է դարավանդային կանաչ ճեմուղիներով։ Իսկ ի՞նչ գաղափարական ու տարածական բնութագիր է ունենալու ապագա այգին։ Ինչպե՞ս է այգին լրացնելու Մատենադարանի թանգարանային փորձառությունը և երկխոսության մեջ մտնելու ձեռագրական ժառանգության հետ։ Ինչպե՞ս է այգին կապվելու քաղաքի ավելի լայն կանաչ ցանցի և հանրային տարածքների հետ։ Այս հարցերի ուսումնասիրությունն ու Մատենադարանի երեք առաջարկվող այգիների տեսլականներն են ներկայացվում՝ «Այգ է բացվում. Մատենադարանի այգու տեսլականը» խորագրով ցուցադրության մեջ, որը բացվել է փետրվարի 6-ին։

#Արվեստ

«Մատենադարանը քաղաքակրթական խորհրդանիշ է և սա նշանակում է, որ քաղաքակիրթ պետք է լինի Մատենադարանի ամեն մի դրսևորում: Այգու հիմնումը մեզ համար ունի քաղաքակրթական նշանակություն: Իրականություն է դառնալու Մատենադարանի գիտական սերունդների երազանքը՝ անջրդի և անաղմուկ տարածքները վերածվելու են շնչող և նեևշնչող միջավայրի», նշում է Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանը։

 

Ցուցադրությունը ներկայացնում է 2025 թ.-ի նոյեմբերի 22-ին կայացած Մատենադարանի այգու նախագծման համաստեղծական աշխատարանի արդյունքերը և դրանց վերլուծության հիման վրա ստեղծված այգու երեք տեսլականները։ Աշխատարանին մասնակցել են 42 միջգիտակարգային մասնագետներ՝ արվեստագետներ, համադրողներ, ճարտարապետներ, քաղաքային պլանավորման ոլորտի ներկայացուցիչներ, լուսավորության և ոռոգման մասնագետներ, բուսաբաններ և բնապահպաններ, Մատենադարանի աշխատակիցներ, հումանիտար ոլորտի գիտնականներ, թաղամասի բնակիչներ։

 

 

«Տարածքը երբեք չեզոք չէ։ Այն աննկատ կերպով ծրագրավորում ու թելադրում է մեր վարքը: Այդպես և խնամքով ու հոգատարությամբ համատեղ ստեղծված այգին պարզապես կանաչ տարածք չէ․ այն նուրբ ազդակ է՝ ուղղված փոխադարձ հոգատարության, ապրումակցման և միասնականության ձևավորմանը», նշում է Armenia Tree Project-ի Ռազմավարական գործընկերությունների եւ ազդեցության հարցերով տնօրեն Մարինա Մխիթարյանը։

 

Նախագիծը հիմնված է հանրային տարածքի նախագծման ներառական և մասնակցային մոտեցման վրա։ Համաստեղծական աշխատարանի և բաց երկխոսության միջոցով գործընթացը խթանել է մասնագետների միջև փոխգործակցությունը՝ ապահովելով, որ ապագա այգին արտացոլի հավաքական կարիքները և պատկերացումները` ձևավորելով նաև ընդհանուր պատկանելիության զգացում։

 

«Մատենադարանի այգու տեսլականները նախագծվել են հավաքական պատասխանատվության խորը զգացումով` հավասար ուշադրություն դարձնելով այգու մշակութային, տարածական, բուսաբանական, ձևավորման ու թանգարանային շերտերին։ Հույսով այս ներառական մոտեցումը օրինակ կհանդիսանա հանրային տարածքների նախագծման համար, թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում», նշում է AHA collective-ի տնօրեն, աշխատարանի և ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրեանը։

 

Համաստեղծական աշխատարանը նախաձեռնել են Մատենադարանն ու Armenia Tree Project-ը։ Աշխատարանն ու ցուցադրությունը նախագծել է AHA collective համադրողական գրասենյակը։ Ցուցադրությունը կգործի Մատենադարանի գիտական մասնաշենքի ճեմասրահում փետրվարի 6-ից մարտի 6-ը։ Ցուցադրությունը բաց կլինի երեքշաբթիից շաբաթ` ժամը 10։00-ից 18։00-ը։

հավելյալ նյութեր