Այստեղ ապրում է կինոն
Կինո

Այստեղ ապրում է կինոն

1975 թվականի հունիսի 29-ին Երևանում բացվեց Հայաստանի կինոգործիչների միության շենքը՝ Կինոյի տունը։ Կինոյի տունն իր երեք դահլիճներով, Բուխարու սրահով ու ամառային այգով դարձավ Երևանի մշակութային կյանքի կենտրոններից մեկը. այստեղ էին տեղի ունենում «Հայֆիլմ» կինոստուդիայի գրեթե բոլոր կինոպրեմիերաները, ցուցադրվում էին հազվագյուտ արտասահմանյան ժապավեններ, հանդիսատեսի հետ հանդիպումներ էին անցկացնում Սարոյանը, Փարաջանովը, Վեռնոյն ու Մամուլյանը։ 2022-ին՝ զանազան փոփոխություններից ու մեծ աշխատանքից հետո, Կինոյի տունը նորից նվաճում է իր երբեմնի կարևոր տեղը։

Տեքստը՝ Լենա Գևորգյանի


Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

 

ԵՐԵՎԱՆ #80 | 2023
 

#Կինո

 

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

 

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

Դեռ կգտնվեն մարդիկ, որ կհիշեն Կինոյի տան նախկին ապակեպատ դռները՝ մինչև երկրորդ հարկը հասնող վիտրաժներով։ Այն դռները, որ տարիներ առաջ կինոսերները կոտրում էին շենքի՝ այն ժամանակվա վիտրաժային ապակիները, որ կարողանային ներս մտնել ու ֆիլմ դիտել։ Իսկ հիմա տաքսու վարորդն ամենայն հավանականությամբ կխնդրի կոնկրետ հասցե ասել, քանի որ չգիտի, թե ինչ է այդ կինոյի տունը։

 

 

Կինոյի տան մուտքն ազատ է

Որքան կարևոր ու երանելի վայր էր ժամանակին Կինոյի տունը, այնքան էլ դժվար էր հայտնվել դրա ներսում։ Հարություն Խաչատրյանն այսօր Կինոյի տան գլխավոր դահլիճի մուտքի մոտ կանգնած հիշում է, որ տարիներ առաջ նրան չէր հաջողվել ներս մտնել. «Արգելված էր նրանց համար, ովքեր Կինոմիության անդամ չէր»,– հիշում է այդ միության այժմյան նախագահը, ու նրա դեմքին կարծես դեռ երևում են զայրույթի նշույլներ։ «Շատ ջղայնացած ու նեղացած էի Կինոյի տան վրա այդ օրենքների համար։ Դրա համար էլ որոշել եմ, որ բոլոր ուսանողների համար կինոյի տան մուտքն ազատ է։ Նրանք կարող են ներկա լինել բոլոր ցուցադրություններին, նաև օգտվեն դահլիճից։ Ուզում եմ՝ էլ ոչ ոք չզգա այն, ինչ ես եմ զգացել այն ժամանակ։ Ցավոք, այս հնարավորությունից առանձնապես չեն օգտվում, այսօրվա ուսանողությունը պասիվ է…»։


Հետաքրքիր է, որ հետագայում, երբ նրան ի վերջո հաջողվեց ներս սողոսկել, առիթը նույնիսկ կինոն չէր. «Էլեկտրոնային մեքենաների կարգավորող էի աշխատում, երբ իմացա, որ Վիլյամ Սարոյանն է եկել Կինոյի տուն։ Գաղտնի մտանք ներս՝ դա առաջին անգամն էր, երբ եղա այս շենքում»,– պատմում է Խաչատրյանը։

 

Սարոյանը, Խաչատրյանը, Բաղրամյանն ու Բուխարու սրահը

Սարոյանի այցի մասին քիչ չեն այլ վկայությունները։ Նախ և առաջ՝ նրա ստորագրությունը Բուխարու սրահի պատին։ Այս լեգենդար սրահը յուրահատուկ թանգարան է. պատերին ամենահայտնի, անհավանական ու լեգենդար կերպարների իրական ստորագրություններն ու գրություններն են։ Բոլոր նրանց, ովքեր հյուրընկալվում էին Կինոյի տանը, հենց այստեղ էլ սրճում ու քննարկումներ ունենում։ Պատի առաջին ստորագրությունը հենց բացման թվականին է դրվել՝ Հովհաննես Բաղրամյանն էր։ 


1977 թվականին պատին ավելացան Ուիլյամ Սարոյանի ու Արամ Խաչատրյանի ստորագրությունները։ Ամենահետաքրքիրը, որ այժմ սրահում այդ ստորագրություններից բացի կարելի է տեսնել նաև ականավոր հյուրերի՝ նույն միջավայրում։ 


«Որևէ կերպ չէի կարողանում գտնել պահպանված վավերագրերը՝ լուսանկարներ չկային։ Բայց ինչ-որ բան ինձ հուշում էր, որ անհնար է՝ գտնելու եմ»,– պատմում է կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը։

 

Հարություն Խաչատրյանը

 

Կինոգործիչների միության նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը


Լուսանկարիչ Պողոս Պողոսյանն աշխատում էր «Հայրենիքի ձայն» թերթում։ Հենց նա էր նկարում Սարոյանի բոլոր այցերը։ Արայիկը փորձում է գտնել Պողոսյանի ընտանիքի անդամներից մեկին։ Մեծ դժվարությամբ տան համարն է հայթայթում ու ամիսներ շարունակ համառորեն զանգահարում, բայց՝ անպատասխան։ «Ամեն օր 10-ին գալիս էի աշխատանքի ու զանգում էի այդ համարով։ Ոչ ոք չէր պատասխանում։ Ամիսներ անց մի առավոտ նորից զանգեցի՝ այդ անգամ պատասխանեցին։ Պարզվեց՝ Պողոսի աղջիկն էր, պատահական եկել էր հորական տուն, որտեղ ոչ ոք էլ չէր ապրում»,– հիշում է Արայիկը։ 


Պարզվում է, որ տանը ժապավեններ կան, որոնց վրա գաղափար չունի, թե ինչ նկարներ կարող են լինել։ «Ժապավենները վերցրեցի։ Թվայնացրեցինք ու պարզվեց, որ Սարոյանի՝ կինոյի տան ողջ ֆոտոշարքն է»։


Պարզվեց, որ բացի Բուխարու սրահում հյուր լինելուց, հանդիպում ու ասուլիս ունենալուց, Սարոյանը նաև մեծարման երեկո է ունեցել մեծ դահլիճում։ Բեմում էլ այդ ժամանակվա մշակութային էլիտան էր՝ Վարդգես Պետրոսյանը, Սերո Խանզադյանը, Հայրիկ Մուրադյանը, Ջիվան Գասպարյանը, Մարո Մարգարյանը։ Նկարները մշակման փուլում են, շուտով մեծ ստենդ կտեղադրվի կինոդահլիճի մուտքի մոտ։

 

Հովհաննես Բաղրամյանը՝ Բուխարու սրահում

 

 

Բուխարու սրահի մակագրությունները


Երկրորդ փնտրտուքները Բաղրամյանի լուսանկարների հետքերով էին։ Կինոյի տանը երկար տարիների տնօրենը Գեորգի Դավիդովն էր, մարդ, որը մեծ ավանդ ուներ կենտրոնի կառուցման ու ստեղծման պատմության մեջ։ 


«Նախկին ղեկավարությունից նեղացած էր։ Երբ Խաչատրյանը եկավ, հրավիրեցինք իրեն։ Շշմեցուցիչ պատմություններ էր պատմում՝ անուն առ անուն գիտեր, թե ով է դրել շենքի ամեն քարը։ Զանգեցի Դավիդովի որդուն՝ ասացի պիտի գտնեմ նկարները։ Դավիդովը նոր էր մահացել, Կարենը՝ որդին, ասաց, որ որոշ ժամանակ անցնի՝ նոր սկսենք փնտրել, բայց չսպասեցի։ Ասացի, որ սուրճ ու կրուասան եմ գնել ու գալիս եմ»։ Հենց Արայիկի շնորհիվ էլ գտնվեցին ժապավենները, որտեղ հստակ երևում է պահը, երբ Բաղրամյանը ստորագրում է պատին։


Բաղրամյանը ևս մի նկար ունի՝ այգում է, որի մի մասն այլևս չի պատկանում Կինոյի տանը։ Կինոյի տան ռեստորանը ևս այս հատվածում էր։ Մալյանի թատրոնից դեպի այգի դուրս եկող մուտք կա՝ ներկայացումներից, կինոդիտումներից հետո հյուրերը հենց այս այգում էին հավաքվում շփվելու ու քննարկելու տեսածը։


Իսկ Բուխարու սրահն այսօր վերանորոգված է ու ապրում է լիարժեք կյանքով. մինչև երեկո այն վերածվում է co-working տարածքի։
 

 

Շփում հանճարի հետ

Կինոյի տան ամենայուրահատուկ սենյակներից է Փարաջանովինը։ Առաջին հերթին ուշադրություն են գրավում ռեժիսորի ձևավորած ափսեները, որոնք նա հավաքում էր տարբեր ռեստորաններից, ապա նկարազարդում։ Գործարար Արթուր Ջանիբեկյանին հաջողվել է գտնել աշխարհով սփռված ափսեներից մի քանիսն ու նվիրել Կինոյի տանը:


Իմ զրուցակիցները, իհարկե, լավ հիշում են, թե ինչպես 1985-ին այս շենքում տեղի ունեցավ «Սուրամի ամրոցի» հայաստանյան պրեմիերան՝ վրացական ֆիլմերի շաբաթվա շրջանակում։ Մինչ հանդիսատեսն արդեն հավաքված սպասում է, Թբիլիսիից ժամանած Փարաջանովին դիմավորում ու միանգամից տանում են «ուտել-խմելու» հենց Կինոյի տան ռեստորանում։ Նրան են միանում Ֆրունզիկ Մկրտչյանն ու Վախթանգ Կիկաբիձեն։ Ինչպես Փարաջանովն էր ավելի ուշ գրում այդ օրվա մասին՝ կոնյակը հոսում էր սեղանի վրա։


Լավ քեֆ անելուց հետո ռեժիսորը բարձրանում է դահլիճ՝ հետևի մուտքով։ Կինոյի տան դռներն արդեն փակ են, ոչ մեկին այլևս ներս չեն թողնում, տեղ չկա, բայց մարդիկ տեղից չեն շարժվում։ Փարաջանովը բացում է դռներն ու ասում, որ բոլորին պետք է ներս թողնել, չէ՞ որ մարդիկ ուզում են հանճարի հետ շփվել։

 

Փարաջանովի ու Փելեշյանի լուսանկարը Ռոտերդամից (Փարաջանովի մակագրությամբ) զարդարում է Կինոյի տան պատը
 

Փարաջանովի սրահը


Հետո ռեժիսորն էկրանի հետևի մասով բարձրանում է բեմ։ Բազմամարդ դահլիճում բոլորը ծափահարում են նրան։ Փարաջանովն առաջին շարքում նստած մի մարդու է տեսնում՝ Ալբերտին, ու միանգամից բացականչում՝ «Դու է՞լ ես ստեղ»։ Ալբերտը, բնականաբար, անչափ ուրախանում է, որ այդքան մարդուց ռեժիսորը հենց իրեն ճանաչեց։ «Դու է՞լ ես ինձ ծափահարում», շարունակում է ռեժիսորն ու հարցնում՝ «բա ու՞ր էիր, ինչի՞ ինձ չէիր օգնում, ուտելիք չէիր բերում, երբ բանտում էի»…


Ի դեպ, ռեժիսորի այցի ու պրեմիերայի մասին ոչ մի տեղ գրված չէ՝ 80-ականներին Փարաջանովի անունը ռիսկային էր հիշատակել: Միայն մի թերթում փոքրիկ լուր կար այն մասին, որ Երևանում անց է կացվում վրացական ֆիլմի շաբաթը։

 

Սկզբում էր Մակիչը

Մկրտիչ Գրիգորյանին քչերն են ճանաչում, իսկ Մակիչին գիտեն գրեթե բոլոր նրանք, ովքեր կապ ունեն կինոյի հետ։ Սկզբում Մակիչն էր՝ հետո նոր Կինոյի տունը. սա Կինոյի տան ամենատարածված լեգենդներից է։ 1985 թվականից նա Կինոյի տանն է աշխատում։


Հաշվիչ-մեքենաների կարգավորող Մակիչը միշտ երազում էր կինոյի ոլորտում լինել, բայց ճակատագիրն անընդհատ այլ տեղ էր տանում նրան։ Բայց Մանկավարժական համալսարանում, որտեղ ընդունվել էր աշխատանքի, պարբերաբար կինոդիտումներ էին կազմակերպում։ Եվ մի անգամ հերթական ցուցադրությունը Կինոյի տանն էր։ 


«22 տարեկան էի, մի օր եկա, կատակով ասացի՝ եկել եմ աշխատանքի, ու մնացի»,– հիշում է Մակիչը, որը ներկա է եղել 85 թվականից հետո Բուխարու սրահում բոլոր «ստորագրման» արարողություններին։


Մակիչը հիշում է՝ փակ դիտումները յուրահատուկ էին։ Հրավիրվածներին հատուկ ցուցակով էին ներս թողնում։ Նման դիտումներից մեկը Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրն» էր։ Դա հենց այն ֆիլմերից էր, որոնք լայն խորհրդային վարձույթ չէին հասնում ու Կինոյի տան միջոցառումը բացառիկ հնարավորություն էր։ Դռների մոտ մեծ հերթ էր գոյացել։ Բայց ոչ մեկին ներս չէին թողնում։ Հավաքվածները սկսեցին բրդել միմյանց, որ ներս մտնեն։ Արդյունքում դռները կոտրվեցին։ Կինոյի հանդեպ սերը հզոր էր։

 

Մկրտիչ Գրիգորյանը, նույն ինքը՝ Մակիչը

 

Վերգտնելով պահոցը

Այսօր դժվար է պատկերացնել, որ ֆիլմերի պահոցի սրահը բոլորովին վերջերս կիսալքված ու անմխիթար վիճակում էր։ Ինչպես հիշում է Մակիչը, այն բառի բուն իմաստով կորել էր շինարարական աղբի մեջ և միայն հին աշխատակիցների հիշողության շնորհիվ հնարավոր դարձավ «վերգտնել» պահոցը։ Այսօր արդեն վերականգնված պահոցում ամերիկյան, եվրոպական ու տեղական արտադրության, Ոսկե Ծիրանի ընթացքում ցուցադրված ֆիլմերի մեծ արխիվն է։ Դրանք հիմա պարբերաբար ցուցադրվում են Կինոյի տան վերանորոգված մեծ դահլիճում։ 


Վերականգնվել է նաև ժապավենային պրոյեկտորը։ Սրահում է նաև արխիվային մոնտաժային սեղանը, որը բերվել է Հայֆիլմից ու վերականգնվել։ Իսկ սրահի պատերին հայտնի կինոգործիչների արխիվային լուսանկարներն են։ 


«Ինքս եմ զբաղվել ֆիլմերի ցուցակագրմամբ, մասնակցել եմ պահոցի վերականգնման աշխատանքներին։ Պետք է ունեցածը պահպանենք, սա մեր պատմությունն է»,– պատմում ռեժիսոր, պահոցի ղեկավար Հրանտ Հակոբյանը։

 

Սիմենաթեքի հավաքածուն՝ Կինոյի տան նախասրահում

 

Կինոյի տան մեծ դահլիճը՝ վերանորոգումից հետո

 

Նոր շունչ

1990-ականների ճգնաժամը հարվածեց ոչ միայն կինոարդյունաբերությանը, այլև Կինոյի տանը։ «Կինոյի տունը մահացավ, ինչպես թատրոնները մահացան, վաճառվեցին՝ ինչպես և ամեն ինչ։ Շենքն անմխիթար վիճակում էր,– հիշում է Հարություն Խաչատրյանը,– բայց այն միշտ ինձ համար  մի վայր էր, որ երազում էի՝ մշակույթային կենտրոն դառնար, ազատ ու բաց բոլորի համար, որ այստեղ կրթվեին, ֆիլմեր դիտեին և խոսեին դրանց մասին։ Ու հիմա այդ երազանքը կառուցելու ու իրականացնելու ճանապարհին ենք»։


Կինոյի տունը կրթական ծրագրի մեծ նախագիծ ուներ։ Վարչապետի որոշումն արդեն պատրաստ էր, պաշտոնական ստորագրությունից մի շաբաթ առաջ սկսեց քովիդը, հետո՝ պատերազմը։ Արդյունքում, Հարություն Խաչատրյանը որոշեց իր ուժերով մեկնարկել ծրագիրը, հենց այդ ժամանակ էլ նախագծվեց ու բացվեց առաջին հարկը, որն այժմ ծառայում է որպես կինոթանգարան։ Բոլոր նմուշներն իրական նկարահանումներից են, իրենց պատմությամբ։ Հիմա այստեղ անց են կացվում 30 րոպեանոց շրջայցեր՝ դպրոցականների համար, որի ընթացքում երեխաներին պատմում են հայկական կինոյի մասին։


Կինոյի տունն այժմ նորից ապրում է ակտիվ մշակութային կյանքով։ Դռները թեև այլևս վիտրաժապատ չեն, բայց միևնույն է՝ հյուրընկալ են։ Երբ մի քանի տարի առաջ վավերագրող ռեժիսոր Հարություն Խաչատրյանը դարձավ Կինոգործիչների միության նախագահ, երբեմնի լեգենդար դահլիճը փակ էր, չկար օդափոխություն, ջեռուցում, տեխնիկա, աթոռները հին էին, հատակը՝ մաշված, պատերը՝ պոկոտված։ Նախագահն իր թիմի հետ նպատակ դրեց շտկել իրավիճակը։ Այժմ այստեղ գործում է ժամանակակից co-working տարածք, իսկ 510 տեղանոց դահլիճն այն եզակիներից է, որ համալրված է մասնագիտացված ակուստիկ ինժեներիայով ու ժամանակակից տեխնիկայով, երեսպատված է հատուկ փայտով, որը նպաստում է ձայնի հնչողությանը։ 


«Հիմա երջանիկ եմ, որ կարողացանք ապրելու հնարավորություն տալ Կինոյի տանը, համալրել ժամանակակից տեխնիկայով, մաքրել աղբից և ստեղծել ֆիլմ դիտելու համար ամենալավ տեղը»,– անկեղծանում է Խաչատրյանը, որի վերջին վավերագրական ֆիլմը՝ «Նկարչի երեք գերեզմանները», բոլորովին վերջերս մեծ շուքով ցուցադրվեց այս նույն շենքի մեծ դահլիճում՝ նույն դահլիճում, որտեղ ժամանակին նա չէր կարողանում մուտք գործել որպես կինոսիրող։  

հավելյալ նյութեր