Ազատ Արցախը հոգնեց ձեզ սպասելով
Մենք մերոնցով

Ազատ Արցախը հոգնեց ձեզ սպասելով

Հայաստանաբնակների մոտ 60%-ը երբեք ոտք չի դրել Արցախ։ Առաջարկում ենք փոխել իրավիճակը հենց առաջին հնարավորության դեպքում։ Արվեստաբան Էմմա Հարությունյանը բացատրում է, թե հատկապես ինչու։

Տեքստը՝ Էմմա Հարությունյանի

 

Լուսանկարները՝ Լիլիթ Կոստանդյան, Առնոս Մարտիրոսյան, Էդուարդ Դանիելյան, Սմբատ Ավետյան, Ալեքսեյ Յակովլև, Սահակ Մուրադյան, Դևիդ Հոֆֆման, Արեգ Բալայան, Հայկ Մելքոնյան | տրամադրել է ԱՀ ՌԵՍԶ նախարարության զբոսաշրջության վարչություն

 

ԵՐԵՎԱՆ #63 | 2020

#ՆերքինՏուրիզմ

Հուշումներ նախքան ճամփորդությունը

Զրուցե՛ք արցախցիների հետ, լսե՛ք նրանց զրույցները, որոնք կարող է մի քիչ դժվար ըմբռնելի լինել բարբառի պատճառով, բայց քաղցր կթվան ու դուք ամեն ինչ կհասկանաք։ Պատմության գրքերով մեզ հասած տեքստերը բոլորովին այլ իմաստներ կստանան և կկենդանանան այդ պատմվածքներում։ Վստահեցնում եմ, ինչքան էլ տխուր լինեն մըսլըհաթները (խոհերը), դուք աշխուժություն, ապրելու ցանկություն ու կյանք կգտնեք դրանց մեջ։ Թողեք Արցախի տատիկները ձեզ «մատաղ» ասեն, պապիկները թթի՝ իրենց քաշած օղի հյուրասիրեն, բալիկները ձեզանով հետաքրքրվեն ու փորձեն ուշադրություն գրավել։ Արցախի բալիկների աչքերը, ի դեպ, շատ մեծ են և վառվռուն, ինքներդ կտեսնեք։ Ուստի ամբողջական տպավորություն ստանալու համար փորձեք հարցուփորձ անել և բացահայտել ձեր սեփական Արցախը։ 

 

Քարվաճառ 

Հիմա անցնենք բուն ճամփորդությանը։ 

 

Դե գիտեք, որ Արցախ ժամանելու երկու հիմնական ճանապարհ կա, երկուսն էլ բարեկարգ։ Առաջարկում եմ գնալ վերին՝ Քարվաճառի, իսկ հետ գալ ներքևի՝ Գորիսի ճանապարհով։ Վերջերս կառուցված վերին ճանապարհը տանում է գեղատեսիլ և աչք չհոգնեցնող տեսարանների մոտով։ Փորձե՛ք ուշադրություն դարձնել, թե ինչպես Սևանի փափուկ ալիքների ընկերակցությունը փոխարինվում է Արցախի տարածքում երևի ամենահուժկու, բայց կուսական և ազատագրված Քարվաճառի լեռներով։ 

 

Հիացմունքից հետո իհարկե միանգամից պարզ կդառնա, որ Արցախի, հատկապես իր այս մասի բնությունը տարբերվում է ձեր տեսած այլ մասերի բնությունից։ Քարվաճառի խիտ լեռների մեջ էլ տեղադրված է Դադիվանքը, որն անպայման պետք է այցելել հատկապես հիմա, երբ երկու նվիրյալ վերականգնող վարպետների՝ Կոստան Զարյանի թոռ Արա Զարյանի և բելգուհի Քրիստին Լամուրեի շնորհիվ վերածնվել են վանքի բացառիկ որմնանկարները։ Նրանք հրաշքով են մեզ հասել, քանի որ եկեղեցում տասնամյակներ ապրող քուրդ անասնապահները մրի, ածուխի և փոշու շերտերի տակ ուղղակի չէին նկատել քրիստոնեական պատկերները։ 

 

Քարվաճառի Ջերմաջուրը

 

Բնության մեջ պատսպարված այս ճարտարապետական ոգեղեն կոթողը երկար խաղում է նյարդերի հետ, ստիպում ամեն կողմից ուսումնասիրել վանքի շինությունը։ 1993 թվականին՝ երկար դադարից հետո, երբ հայերը ոտք դրեցին Դադիվանք, այստեղ մնացել էին կիսավեր շենքի փլատակները, որոնք միայն վերջերս լցվեցին նոր ոգով նաև վանքի վանահայր Տեր Հովհաննեսի շնորհիվ։ Այս հուժկու կեցվածքով հինգ որդիների հայրը Փարաջանովի ֆիլմերի հերոսներին է հիշեցնում։ Եթե նրան հանդիպեք, նա ձեզ սիրով կպատմի, թե ինչպես է հրացանը ձեռքին ամիսներ շարունակ գիշերել վանքում, պաշտպանել այն, երբ թշնամական սահմանին այդքան մոտ գտնվող վանքը դեռ վտանգի տակ էր։ 

 

Այստեղից ճանապարհորդությունը կարելի է շարունակել երկու ուղով։ Երկուսն էլ ջրային, երկուսն էլ տաք և տպավորիչ բնության մեջ։ Գուշակեցիք երևի․խոսքս հանքային և բուժական ջրավազանների մասին է։ Տասնյակ հազարամյակների ընթացքում գետերի ջուրը մերկացրել է կիրճում գտնվող հանքային աղբյուրները և ստեղծել տաք, երբեմն շատ տաք այս լողավազանները, իսկ մեզ հիմա մնում է վայելել։ 

 

Ուրեմն այսպես․առաջին տարբերակը Ջերմաջուրն է (մայրուղուց 1,5 -2 ժամ), որտեղ բացի լավ լողանալուց կարող եք տեսնել նաև սովետական հայտնի Իստիզու առողջարանի ավերակները։ Այստեղ գալիս էին երիկամները, լյարդը բուժելու համար, կամ ուղղակի չոփչոփի։ Այժմ փոթորիկների միջով անցած այս տարածքում ապրում է կոմունիզմի ուրվականը, որն իր մասին հիշեցնել է տալիս հատակին ընկած Լենինի հսկայական քարակերտ գլխի, կիսաքանդ հիվանդանոցի և կլուբի պատուհանների միջով։

 

Երկրորդ տարբերակը Զուար գյուղի մոտ գտնվող «Տաք ջուրն» է (մայրուղուց 1 ժամ)։ Այստեղ մի քանի մետր տրամագծով հսկայական ջակուզին անգամ ձմռանն այցելուներ ունի, սակայն անպայման դուք էլ մտեք, քանի որ տեղացիները վստահ են և հարյուր ապացույց ունեն, որ ջուրը մաքրում է բոլոր սթրեսները։ Պիտանի բան է լոքդաունից և վիրուսի տանջանքներից հետո։ 

 

Մարտակերտ

Արցախը նաև ներհայեցողության համար ամենաիդեալական վայրերից է։ Թաքնված, աչքից հեռու և զբոսաշրջիկների երթուղիներից հիմնականում դուրս մնացած ուղղություններից է Ջրաբերդի ամրոցը և Երից Մանկանց եկեղեցին։ Երկուսն էլ գտնվում են արդեն գրեթե բնակչություն չունեցող Թրխի գետի կիրճում՝ շատ օրգանիկ զետեղված շլացնող բնության մեջ։ 

 

Ջրաբերդի ամրոցը դեռ վաղ միջնադարից հանդիսացել է ուժի և կայունության խորհրդանիշ։ Մաղավուզ գյուղից 6 կիլոմետրանոց հողե ճանապարհը տանում է դեպի Ջրաբերդ՝ Արցախի ամենահետաքրքիր ամրոցներից մեկը։ Ամրոց հասնելու համար պետք է անցնել 50-ականներին երկրաբան-հետախուզողների կողմից փորված թունելով և բարձրանալ կտրուկ կածանով դեպի ամրոց։ Ի վերջո անառիկ Ջրաբերդն եք բարձրանում, այն չի կարող հեշտ ճանապարհներ ունենալ։ Այստեղ գտնվում են նաև Մեջլում մելիքի ապարանքի և ևս մի քանի շինության բեկորները, իսկ բերդից ուղղակի հրաշալի՝ ափի մեջ է երևում Երից Մանկանց եկեղեցին։ 

 

Երից մանկաց վանքը

 

Ասում են, որ այս եկեղեցին կառուցվել է Գանձասարի մոնոպոլիային հակակշիռ ստեղծելու համար։ Դե դուք էլ կարող եք տուրիստական մոնոպոլիստներից բացի նաև մի քիչ աչքաթող արված անկյուններ այցելել, պրպտել։ Լուռ և ասֆալտե ճանապարհ չունեցող եկեղեցիներն ինձ համար հատուկ հմայք ունեն։ Այս անտառներում զգացվում է հուսահատ արցախյան հպարտություն։ 1993 թվականին ադրբեջանցիները, կարծելով, որ եկեղեցում հայեր են պատսպարված, կրակոց բացեցին վանքի վրա և տապալեցին գմբեթի խաչը, վնասեցին պատերը։ Հենց հաջորդ օրն այստեղ մտած հայ զինվորների ջոկատը խոսք տվեց վերականգնել խաչը, սակայն պատերազմի ծանր պայմաններում տղաներից շատերը զոհ գնացին, իսկ խոստումը 21 տարի հետո, միևնույն է, իրականություն դարձավ։ Նրանք «Եղնիկներ» հատուկ ջոկատի տղաներն էին։ 

 

Այս վայրերը այցելելու համար ցանկալի է ձեզ ուղեկցի տեղացի մեկը, ով կկարողանա անսխալ մատնանշել ճանապարհները և որոշել, թե ինչպես կողմնորոշվել, եթե սահմանապահների հանդիպեք, հայ սահմանապահների, բնականաբար։ Հուսով եմ՝ դժվարությունները ձեզ չեն կանգնեցի, իսկ տեղացի ընկեր այստեղ կարելի է շատ շուտ գտնել։ 

 

Բնության հետ միասնություն զգալու համար զբոսաշրջիկի համար լավագույն լեռնային ճանապարհներից է վերելքը դեպի Կաչաղակաբերդ, որտեղ ամպերի հետ միաձուլվել է բերդի ուրվագիծը։ Զգուշացնում եմ, որ սկզբում կարող է թվալ, որ բերդը շատ մոտ է և փոքր, բայց մի քանի ժամից հետո, երբ առջևում կշարունակեք տեսնել նույն գրեթե չփոփոխվող տեսարանը, տեսողական խաբկանքներին կսկսեք հավատալ, բայց վստահ եմ, որ նպատակասլաց զբոսաշրջիկը չի կանգնի կես ժամապարհին և կբարձրանա վայելելու «Արցախը ափի մեջ» տեսարանը։ Միայն մինչև ճանապարհի վերջը բարձրանալով՝ կտեսնեք, որ ժայռը և բերդի փլատակներն իսկապես ինչ հսկայական են։ 

 

Նիկոլ Դումանի թանգարանը

 

Երկար օրվա մայրամուտին անպայման պետք է այցելել ազատագրական շարժման մասնակից Նիկոլ Դումանի աուտենտիկ թանգարանը։ Այստեղ կտեսնեք պարզ կենցաղի պարագաներ, որոնք ներկայացված են ոչ թանգարանային խիստ ապակյա տուփիկների մեջ, այլ իրենց բնական միջավայրում: Տպավորություն է կարծես մի երկու դար ետ գնալով մտել եք մի անծանոթի տուն։ Այստեղ պետք է ուշադիր զննել պարզ, բայց ինքներդ կզամանաք, թե ինչքան մտածված են կենցաղի պարագաները։ Իսկ եթե սուրճ հյուրասիրեն, կխնդրեք, որ իրենց ավանդական գաթան էլ կփորձեք։ Շատ համեղ է։

 

Ստեփանակերտ 

Ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում կենտրոնացած է բնակչության մեծ մասը։ Նախ խորհուրդ կտամ շրջել քաղաքով առանց google maps-ի, զգալ քաղաքի ռիթմը, ինչը, մի քիչ առաջ գնալով ասեմ, որ անգամ շատ արխային երևանցիներին կզարմացնի իր դանդաղ անհոգությամբ։ Ստեփանակերտը փոքր, բայց կենդանի քաղաք է, իսկ կենտրոնն իր հրապարակով մաքուր և գրավիչ է երեկոյան պռոմենադների համար։ 

 

Ստեփանակերտի ամենագեղեցիկ շենքերից է Վահրամ Փափազյանի անվան թատրոնը, որը, ցավոք, այժմ վթարային վիճակում է և այլևս չի շահագործվում։ Այն գտնվում է քաղաքի սրտում և մինչև արցախյան պատերազմն իսկապես քաղաքի սիրտն էր։ Աշխատակիցները պատմում են, որ թատրոնում ամսական մինչև 70 ներկայացում էր խաղացվում, իսկ քաղաքի բնակիչները տարեկան տասը անգամ թատրոն էին գնում (սա պարտադիր էր, քանի որ բոլորը թատրոնի աբոնեմենտ ունեին)։ Շենքն իրոք տպավորիչ է ներսից և դրսից և կառուցվել է փոքրամարմին կին ճարտարապետ Թամարա Պետրոսյանի նախագծերով և ամենօրյա հսկողության ներքո։ Միշտ չէ, որ հնարավոր է մտնել թատրոն, բայց տնօրենի թույլտվությամբ և պահակի հսկողությամբ շանսերը մեծ են։ 

 

Ստեփանակերտի շուկան

 

Ստեփանակերտի շուկան ամենամտերմիկ և, բնականաբար, համով վայրերից է։ Հենց մուտքի մոտ ձեզ կդիմավորի արցախցի տատիկը, ձեռքի մեջ կդնի ժենգյալով հացը և կուղարկի այս ու այն կողմից իրենց թարմ ու սեփական ձեռքով աճեցրած մթերքի պիառշիկների՝ վաճառողների մոտ։ Իհարկե, չեմ հավատում, որ կարդացողներից որևէ մեկը չգիտի այս բուսակերական, լիականաչ հացի մասին, այնպես որ միայն ասեմ, որ կարող եք լսել, որ հենց ձեր լոշիկում մինչև 40 տեսակի կանաչի կա, բայց դուք դա երբեք չեք ճշտի։ 

 

Արցախցիները մարինացնում և թթու են դնում ամեն ինչ՝ սոխից սկսած՝ վերջացրած զկեռով և ամեն տեսակ կանաչիներով։ Ի դեպ, անպայման փորձեք և ձեզ հետ վերցրեք արցախյան կապերսները, որոնք այստեղ անվանում են կապար։ Ստեփանակերտի ներքևի, ավելի փոքր շուկայում կգտնեք նաև ամբողջահատիկ ցորենից պատրաստված տեղական «թուրնավ հացը»՝ թոնրի հաց։ Այս հացի համար ալյուրը, ի դեպ, բերում են Արցախում աշխատող միակ հին ջրաղացից։ 

 

Երեկոյան այցելեք Իոսիֆ գինեգործին, որ Խնձորի բաղ կոչվող թաղամասում մի փոքրիկ, բայց շատ կոլորիտային հյուրատուն ունի, չնայած հենց ինքն ավելի կոլորիտային է։ Ալխիմիկ (այդպես են իրեն անվանում ընկերները) Իոսիֆն ամբողջ կյանքում աշխատել է ոգելից խմիչքների ստեղծման վրա, իր մառանը միշտ լիքն է սեփական արտադրության գինիներով, հապալասենու, բալի և տարբեր հատապտուղների թուրմերով, սեփական արտադրության մրգային օղիներով և կոնյակով, որոնց մասին նա կարող է երկար պատմել և անպայման այս ամենն ուղեկցել արցախյան իմաստությամբ լցված կենացներով։ 

 

Ասկերանի ամրոցը

 

Ասկերան 

Կարծում եմ արդեն պարզ է, որ Արցախում շատ են հին ամրոցներն ու բերդերը։ Նրանց շարքում, հարկավ, ամենահայտնին է Ասկերանի բերդը։ Այս՝ համեմատաբար երիտասարդ բերդը բավական բարվոք վիճակում է․հուժկու, 9-մետրանոց պատերը մինչև հիմա էլ պաշտպանության հստակ զգացում են փոխանցում։ Խորհուրդ կտամ շրջել, անցնել միջանցքով մի ծայրից մյուսը և նայել դիտակետերից․ ի դեպ, ամբողջ երկայնքը մոտ 1,5 կիլոմետր է։ Իսկ բերդը ինչպես 18-րդ դարում, այնպես էլ 20-րդ դարի վերջում զանգվածային ընդհարումների ժամանակ վստահելի պատնեշ է հանդիսացել։ 

 

Հասկանում եմ, շատ տարբերվող չեմ լինի, եթե առաջարկեմ գնալ Տիգրանակերտ, սակայն այստեղ հատուկ նշում եմ Տիգրանակերտի մասին, քանի որ շատերը միայն թանգարանն են այցելում՝ մոռանալով հսկա և ճոխ քաղաքի խոսուն ավերակների մասին, որտեղ արդեն տարիներ ի վեր պեղումներ են տեղի ունենում անփոփոխ ղեկավար Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ։ Ես վստահ եմ, որ պարոն Պետրոսյանը շատ զբաղված կլինի, բայց եթե նրան հանդիպեք պեղումների վայրում և հետաքրքիր հարցեր տաք, անմոռանալի զրույցը դեռ երկար կմնա մտքում։ Զարմանալի է, որ մի քանի տարիների ընթացքում պեղվել է ամբողջ մի քաղաք, որը, ի դեպ, հաստատվել է մ.թ.ա․ առաջին դարում։ Այստեղ էլ երևակայությունը պետք կգա պեղումներից գտնված բեկորների վրա տեսնելու այգիների մեջ սփռված այս սպիտակ քաղաքը, որը զբաղեցրել էր մոտ 70 հա տարածություն։

 

Արցախյան Տիգրանակերտը

 

Մշակութային օրվանից հետո զարկ տանք ադրենալինին։ Ասեմ ինչպես․Արցախի օդանավակայանում կարելի է ամերիկյան CH701 մակնիշի ինքնաթիռով ճախրել Ստեփանակերտի, Շուշիի, անգամ ամբողջ Արցախի վրայով, բայց դա, իհարկե, արդեն ըստ դրամապանակի ճոխության։ Սրահում միայն լինելու եք օդաչուի՝ Սամվելի հետ, ով ձեզ ցույց կտա Արցախը վերևից։

 

Շուշի

Իմ կարծիքով, Շուշին պետք է առավոտյան սիրել։ 

 

Շուշին երկտեղանոց զբոսաշրջային ինքնթառից․ չվերթը կատարվում է Ստեփանակերտի օդակայանից

 

Շուշիի վերանորոգված մզկիթը

 

Սիրուն է, երբ արթնանում ես վաղ առավոտյան և զբոսնում դեռևս նոր-նոր աշխուժացող տների կողքով։ Բոլորն էլ Շուշիում իրենց սիրած շենքերն ունեն, դուք էլ կունենաք։ Իհարկե, քաղաքից ստացած տրամադրությունը կարող է կոնտրաստային լինել․մի կողմից կիսավեր և ժամանակին շատ հարուստ տների փլատակները, որտեղ արդեն հսկա ծառեն են աճում, մյուս կողմից՝ վառ հաղթանակի և սպիտակ Շուշիի վերածնվող կերպարը տարբեր մտքեր են առաջ բերում և խորհել տալիս քաղաքի ապագայի մասին։ 

 

Դե Շուշին մշակութային մայրաքաղաք է, այստեղ պետք է թանգարաններն էլ ուսումնասիրել։ Անպայման այցելեք Շուշիի արվեստի կենտրոնը, որի առաջին հարկում տեղակայված է գորգերի մշտական ցուցահանդեսը։ Ի դեպ, կենտրոնը տեղակայված է 19-րդ դարասկզբի տպարանի շենքում։ Շուշիում կան նաև քաղաքի պատմության, կերպարվեստի, երկրագիտության, դրամի թանգարաններ։ 

 

Մշակութային դոպինգից հետո գնում եք մեգահայտնի, բայց պարտադիր ուղիով։ Ջդրդուզ, Զոնտիկներ, Հունոտի կիրճ։ Այստեղ շատ չկանգնեմ, ուղղակի ասեմ, որ Հունոտն իսկապես Արցախի ամենագեղեցիկ կիրճն է և դրա մասին բոլոր արցախցիները տեղյակ են, ուստի բազմաթիվ հանդիպումները տեղացիների հետ այս վայրից անբաժան են։ 

 

Հունոտի կիրճի հանրահայտ Զոնտիկները

 

Կարծում եմ՝ կսիրեք Քարինտակ գյուղը, որը գտնվում է հենց այն ժայռի տակ, որտեղ կառուցվել է անառիկ Շուշին։ Այսպես դուզ-դուզ էլ անվանել են, քարի տակ, էլի։ Այն անուշ գյուղ է, դժվար անցյալով։ Վերևից Քարինտակը կարելի է տեսնել ինչպես մեծ քարտեզի վրա, այն բաց, ռազմավարական տեսանկյունից անպաշտպան և խոցելի դիրք ունի։ Այս փաստը, սակայն, ազատագրական պայքարի ժամանակ գյուղի բնակիչներին չխանգարեց հերոսական դիմադրություն և հակահարված կազմակերպել։ Գյուղի կենտրոնը համեմատաբար լավ է պահպանվել։ Այստեղ կարելի է շրջել նեղ փողոցներով, ուսումնասիրել հին շենքերը և հետևել գյուղի կոլորիտին, երբ կանայք թոնրի հաց են թխում, իսկ հարևանները ոգևորված քննարկում են օրվա իրադարձությունները։ 

 

 

Մարտունի 

Երևի երկար չպատմեմ Սխտորաշենցի Տնջրի ծառի մասին։ Տարածաշրջանում ամենատարեց և բարձր, ամեն ինչ տեսած չինարի ծառն իր մեջ (ծառի մեջ հսկայական փչակ կա, որի մեջ կարող է հարյուրից ավելի մարդ տեղավորվել), վստահաբար, ընդունել է բոլոր արցախցիներին և ոչ միայն։ Այն զուտ ծառ չի արցախցիների համար, այլ հազարավոր տարիների պատմություն ունեցող հայրենիքի խորհրդանիշ։

 

Հազարամյա Տնջրի ծառը

 

Քանի որ Մարտունու շրջանում առաջինն է հասնում թութը (և ամենահամեղն է), իսկ  թթի հսկայական այգիները սփռված են մի քանի հեկտար տարածության վրա, այստեղ կարելի է վայելել հով զբոսանք բերքատու այգիների միջով։ Գուցե նաև կարողանաք հանդիպել թութ թափ տալու զվարճալի արարողությանը, երբ ամբողջ ընտանիքներով հավաքվում են, մեծ կտորը միասին բռնում, ամենափոքրիկին ուղարկում թթի ծառի վրա, հետո թափ տալիս ու այգիներում էլ համտեսում քաղցր պտուղը։ Այս այգիները սկիզբ են առնում Մաճկալաշեն գյուղից և տանում են մինչև Ամարասի եկեղեցին, որտեղ առաջին անգամ հայ մանուկները սկսեցին հայերեն գրել և կարդալ դեռ նորաթուխ հայկական տառերով Մեսրոպ Մաշտոցի հիմնած առաջին արցախյան դպրոցում։ Եկեղեցու պարիսպների երկայնքով ձգվում են օժանդակ և բնակելի շինությունները, որտեղ՝ քարե բուխարու գլուխ գլխի դրած ֆիգուրների մոտ, սիրում են նկարվել սիրահարները։ 

 

Եթե 2724 մետր բարձրանալու ցանկություն առաջանա, ամենալավ տարբերակը հենց Քիրս լեռն է, որի ուրվագիծը պատկերված է Արցախի զինանշանի վրա։ Այն վեհ է, անվերջ գեղեցիկ, իսկ լեռներից գեղեցիկ Արցախում կարող են լինել միայն լեռները։ 

 

 

Հադրութ 

Հադրութը շատ գեղեցիկ շրջան է, թովիչ բնությամբ, թարմ կանաչով և մշակութային։ Հենց Հադրութ քաղաքն էլ առաձին ժամանակ է պահանջում զբոսանքի և ուսումնասիրության համար։ Այստեղ դեռ նկատվում են նախկինում ակտիվ զարգացած արհեստավորական քաղաքի հիշողությունները։ Քաղաքում մոտ 25 արհեստավորական արտադրություն կար, ինչի շնորհիվ քաղաքն աննախադեպ զարգանում էր։ Հատուկ ուշադրություն դարձրեք քաղաքում ամենուրեք հանդիպող, ձեռքով նկարված պաստառներին և գովազդային վահանակներին։ Ժամանակին այսպիսի վահանակներ ամեն քաղաքում կային, հիմա իրենց օրինակը դեռ Հադրութում կարելի է գտնել։

 

Հադրութի մասին խոսելիս պետք է պարտադիր նշել նրա ինտիլիգենտ անցյալի մասին։ Քաղաքի բնակչության  մեծամասնությունը դեռևս 19-րդ դարի վերջին կիրթ էր։ Ակտիվ երիտասարդության շնորհիվ այստեղ 1976 թվականին անգամ Արցախում առաջին դիսկոտեկն է հիմնվել՝ «Արմատը», որտեղ Բիթլերին էին լսում և կուլտուրական հանգստանում։ Ասեմ, որ մինչև վերջերս սա Արցախում միակ դիսկոտեկային նախադեպն էր։ Իսկ եթե ավելի լուրջ ձեռքբերումներից խոսենք, ապա հենց այստեղ են դրվել արցախյան շարժման նախադրյալները, խմորումները, որտեղից էլ ծնվել է հաղթանակը։ 

 

Ինձ վրա շատ մեծ տպավորություն թողեց Տյաք փոքրիկ գյուղը, որը գրեթե ամբողջությամբ լքված է, սակայն իրենից մի մեծ մշակութային հուշարձան է հիշեցնում։ Գյուղը ստեղծվել է այն ժամանակ, երբ 19-րդ դարում Հադրութ քաղաքի զարգացման ֆոնին, հայտնվեցին նաև մեծահարուստներ, որոնք սկսեցին բնակություն հաստատել մոտակա սքանչելի սարերի փեշերին և կառուցել գեղեցիկ ու ամուր տներ։ Տյաքը հենց այդ բնակավայրերից է, որի շենքերի մի մասին, ի դեպ, ժամանակին ուզում էին մշակութային հուշարձանի կարգավիճակ տային։ Ըստ իս, գյուղը հայկական ստեղծարար ոլորտների զարգացման համար հսկայական պոտենցիալ ունի։ Քայլեք այս փոքրիկ գյուղում․վստահ եմ, ձեզ մոտ էլ շատ մտքեր կառաջանան։ 

 

Տող գյուղ, 19-րդ դարի փլատակներ

 

Եթե չզլանաք և բարձրանաք Գտչավանք, որը ինչպես շատ հայկական եկեղեցիներ, խորոտիկ բնության մեջ է գտնվում, ասեմ, որ այն դարեր ի վեր եղել է այստեղ հաստատված մելիքների հոգևոր կենտրոնը և մեծածավալ ձեռագրերի ստեղծման վայր։ Քանի որ այստեղի վանահայրն էլ եղել է մելիք Եգանի հայրը, որը հայտնի է որպես Տող գյուղի տանուտեր, տրամաբանական է այստեղից իջնել և տեսնել մելիքի ապարանքների վերականգնված մնացուկները։ Ապարանքի մոտակայքում մինչև հիմա էլ բնակվում են մելիքի հեռավոր հետնորդները, որոնք ձեզ սիրով կպատմեն մելիքների ընտանիքի մասին և ցույց կտան փառավոր ապարանքներից մնացած բեկորները։ 

 

Հենց այստեղ էլ արդեն մի քանի տարի կազմակերպվում է Արցախի գինու փառատոնը։ Փառատոնն այստեղ անցկացնելու ամենամեծ պատճառն է մի քանի քայլ այն կողմ գտնվող և միջազգային բարձր ստանդարտներով կյանքի կոչված «Կատարո» գինու գործարանը, որտեղ ձեզ որակյալ շրջայց կկազմակերպեն և համով գինիներ կհյուրասիրեն։ 

 

Արցախի ավանդական խնդողնի խաղողի տեսակով պատրաստված գինին համտեսելուց հետո ձեզ սպասում է հենց Կատարովանքը, որն Արցախի ամենաբարձրադիր եկեղեցին է (ծովի մակարդակից 2480 մետր բարձրության վրա)։ Այն շրջապատված է ժայռերով և գտնվում է Դիզափայտ լեռան գագաթին։ Կատարովանքն ապշեցուցիչ տպավորություն է թողնում ոչ միայն ուխտավորների, այլև յուրաքանչյուր այցելուի վրա: Բավական խրթին ճանապարհից հետո իսկապես երանություն կթվա գտնել վանքի՝ ժամանակի հետ մաշված պատերը և բարձունքից  հայացք գցել Արցախյան լեռնաշղթայի և Իրանի տափաստանների վրա։ Բայց դա լավ եղանակին, իսկ եթե ամպեր լինեն, ապա նրանք լինելու են ձեր ոտքերի տակ։ 

 

Երբ վերադառնաք Տող, այստեղ կարող եք գիշերել Մարի հյուրատանը, որը գտնվում է դարասկզբին կառուցված գյուղական տանը և փոխանցում է ժամանակի շունչը։ 

 

Կատարո վանքը՝ Դիզափայտի գագաթին

 

Քաշաթաղ 

Արցախը լքելուց առաջ անպայման այցելեք սոսիների արգելոց-պուրակի արցախյան հատվածը։ Ասում եմ արցախյան, քանի որ պուրակի մի մասը գտնվում է նաև Հայաստանի տարածքում և մտնում է Շիկահողի արգելոցի մեջ։ Պուրակի արցախյան մասը ձգվում է 17 կիլոմետր՝ Բասուտաջուր գետի երկայնքով։ Առանց չափազանցնելու ուղղակի դրախտային վայր է և առանձնահատուկ ոչ միայն Արցախի և Հայաստանի համար։ Մասնագետների կարծիքով այն ամենահին և ամենաերկար սոսենիների պուրակներից մեկն է աշխարհում։ Այստեղ քեզ երեխա ես զգում, ով թափառում է հսկա ծառերի միջև։ Հատկապես աշնանը, երբ այս հարյուրամյա ծառերը դեղնում են և սկսում է տերևաթափը, իսկ արմատների ոլորան-լաբիրինթներն ավելի արտահայտիչ են ուրվագծվում տերևների ֆոնին, անբացատրելի հուզվունք է պատում։ Այստեղ կարելի է հանգիստ մոռանալ ժամանակի մասին և ուղղակի անվերջ տրվել զբոսանքին՝ անցնելով գետի մի ափից մյուսը։ Պուրակը սկսվում է Վորդուակ գյուղից և ձգվում է մինչև Դիցմայրի, որտեղ կարելի է իջնել Կովսական գյուղից։ 

 

Արցախը կարելի է սիրել միայն ապրումակցելով և հասկանալով նրա դժվար, բայց խրոխտ պատմությունը։ Ազատ Արցախը սպասում է ձեզ, սկսեք հավաքվել։