Բացակայի որոնումով․ Էդիկ Պողոսյանի անհատական ցուցահանդեսը
Ցուցահանդես

Բացակայի որոնումով․ Էդիկ Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

Պատերազմի ու դրա վավերացման, կյանքի կոնտրաստների ու արվեստ-չարվեստ-ի շուրջ նոր դիսկուրսներ ծավալելու հնարավորություն է Էդիկ Պողոսյանի անհատական ցուցահանդեսը։ ԵՐԵՎԱՆը զրուցել է հեղինակի, ինչպես նաև ցուցահանդեսի համադրող Արա Հայթայանի հետ։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի


Լուսանկարները՝ Ռուբեն Մարտիրոսյանի
 

#Արվեստ

 

Ցուցահանդեսն անցնում է Հ․ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի ցուցասրահում։ Այն կտևի մինչև դեկտեմբերի 3-ի երեկոն։ 

Ցանկացողները՝ յուրաքանչյուր աշխատանքի համար նվիրաբերելով նվազագույնը 60000 դրամ, ստեղծագործություններն ունենալու հնարավորություն են ստացել։ Հավաքված գումարը մասամբ կնվիրաբերի Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին և մասամբ, որպես օգնություն, կնվիրաբերվի «Հետևանքը՝ արտեֆակտ» նախագծի ֆոտոպատումներին մասնակցած այն մարդկանց, որ հետպատերազմյան շրջանում կարիքի մեջ են։

Էդիկ Պողոսյանի «Բացակայի որոնումով»ցուցահանդեսը վավերագրում ու արվեստի դաշտ է տեղափոխում պատերազմի հետևանքը՝ նյութականացնելով այն, միևնույն ժամանակ ցույց տալով, որ այդ բոլոր կյանքային դրվագներում մարդն այլևս ֆիզիկապես բացակա է։ Նպատակը բացակայի բացահայտումն է, այն, ինչ գոյություն ունի այս դրվագներից դուրս՝ մինչև, հետո և մեր մեջ։

 

Էդիկ Պողոսյանն ու Արա Հայթյանը

 

 

Ոսկե շրջանակներ

Էդիկը խոստովանում է, որ 2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում այս նախածի գաղափարն այլ էր։ Քննադատական ցուցահանդեսը պետք է մատնանշեր գերտերությունների ռազմական բյուջեի ճոխությունն ու ցցուն կերպով ներկայացներ այդ մեծ բյուջեների հետևանքով առավել թույլ երկրներում տեղի ունեցող պատերազմի արհավիրքը։ Նյութը տաք-տաք կոփելու ցանկությունը ստիպում էր գնալ Արցախ, սակայն, ընկերն այլ խորհուրդ էր տվել․ «Գալու ես, ոչինչ չանես, նստելու ես տանն ու գժվես, նույնը Երևանում էլ կարող ես անել»։  


Էդիկը դադար վերցրեց, քանի որ էմոցիաներն ու տենդենցներն այլ ճանապարհ էին տանելու, այս տեսանկյունից շատ հեշտ էր շեղվել, իսկ սխալ ճանապարհով գնալն այս պարագայում անթույլատրելի էր։ Մյուս կողմից՝ նախագիծը դեռ եփվում էր․ գուցե՝ մեզ էլ չէր խանգարի մեծ ռազմական ամբիցիաներ ունենալ, գուցե պետք չէ՞ քննադատել նման ձգտումները։ Հետո՝ այց Արցախ ու զարմանալի մի տեսարան․ պատերազմի հետքերը գրեթե ամբողջապես մաքրված էին, այն պարագայում, երբ նախորդ նախագծի համար Արցախյան առաջին պատերազմի հետքերը 30 տարի անց դեռ դժվար չէր գտնել։ 


Ըստ էդիկի սա և ցավալի է, և հասկանալի․ հաղթածի դիրքերի՞ց ենք նայում խնդրին, թե՞ պարտվածի․ «Եթե հնարավոր էր օրինակ կես տարվա ընթացքում գոնե էլեկտրականության համար սյուները դնել, ինչու հնարավոր չէր դա անել 30 տարվա մեջ։ Փաստորեն հնարավոր էր։ Թանկ վճարեցինք՝ պարտությամբ։ Ստորագրությունից հետո ինձ համար Հայաստանը դադարեց դառնալ երազանքի երկիր ու ես զգացի, որ երազանքը, որ նաև ես եմ ունեցել ինչ-որ չափով կոմֆորտ զոնա է ու իմ ինքնախարազանումը սկսվեց հենց այդտեղից։ Փորձեցի դուրս գալ էդ հարմարավետությունից, մտնել ներքին հակադրության ու դիսկոմֆորտի մեջ, որը նաև ինձ զգոնություն կտա, հնարավորինս հեռու կպահի էքստազից և ինչ-որ հոսանքների կամ տենդենցների մեջ մտնելու վտանգից»,—ասում է Էդիկը։ 

 

 


Այս և այլ մտորումները ստիպեցին հեղինակին չհրաժարվել պատերազմի հետքերը ոսկեգույն շքեղ շրջանակների մեջ ներկայացնելու և հարմարապաշտության ու ողբերգության միջև հակադրությունը սրելու մտքից։ Փաթեթավորել ողբերգությունը, շեշտել այն ու բերել արվեստի դաշտ՝ պատերազմի հետևանքները ոսկեգույն շրջանակներում տեղավորելու ճանապարհով։ Ծանր էր թե՛ հոգեբանորեն և թե՛ տեխնիկապես․ ի վերջո նյութը պետք էր հավաքել ու բերել Երևան։ Տեղ-տեղ շրջանակն ու նյութը կարծես միմյանց համար են ստեղծված և հարմարվելով ու միաձուլվելով դառնում են մեկ մարմին, երբեմն նյութն ըմբոստանում ու դուրս է գալիս շքեղ շրջանակից, իսկ երբեմն էլ լուռ է՝ փորձելով հասկանալ բացերը, ինչպես մեր հասարակության ներկայի բոլոր շերտերը։


Տեքստային վավերագրությունը գալիս է լրացնելու իրականության զգացումը։ Գործերն ուղեկցեցվեցին ոչ միայն պիտակներով, այլև օբյեկտներից որոշների հետ կապված իրական պատմություններով. «Սա հնարավորություն կտա նաև հիշելու, հուշեր վերականգնելու։ ճիշտ է, մարդկանց հատուկ է մոռանալը, այդպես ավելի կոմֆորտ է»,— ասում է Էդիկը։

 

 

Լիցքաթափել խտությունն առանց միջամտելու

Ըստ Արա Հայթայանի, պատերազմի ընթացքում արվեստագետն անշուշտ ձևեր է փնտրում ստեղծագործելու, պատերազմն ու ողբերգությունն ինքն իր մեջ լուծելու։ Եվ Արան ինքն իր մեջ դեռևս վաղուց էր որոշել, որ այդ թեման արծարծող նախագծի մեջ անպայման կներգրավվի։ Ստացավ Էդիկի առաջարկն ու ինքն իր համար սկզբունք սահմանեց չմիջամտելը, որպես ստեղծագործող մարդ չփորձել ուղղորդել , քանի որ գաղափարն ըստ Արայի՝ Էդիկի մոտ արդեն իսկ հասունացել էր ու պետք էր միայն իր այդ գաղափարն ավելի հնչեղ դարձնել։
Կարևոր էր միայն Էդիկի ասելիքը խտությունից լիցքաթափելն ու այդ հուզական խտությունը ցուցասրահում տարածելը։ Պետք էր թույլ տալ հանդիսատեսին այն ընկալել փուլ առ փուլ։ Թեթև խմբագրումներ, ոչ ավելի։ «Ես ինձ համարում եմ Էդիկին գաղափարակից, որովհետև ես էլ ինքս իմ պարտքն եմ համարում շարունակել բացակայի հետ այդ զրույցը։ Ես դա համարում եմ բոլորիս պարտականությունը։ Մենք չպետք է դադարենք դա։ Մարդ մնալու նախապայմաններից մեկը համարում եմ հենց այդ երկխոսության շարունակումը մարդկանց հետ, ովքեր ունեին երազանքներ, ներուժ, նպատակներ։ Պետք է կարողանալ հարաբերվել իրենց տեսլականների հետ»,—ասում է Արան։