Բամբիռի «Մանկական խաղերը»․ «Խաղալ ռուսական ռուլետկա թուրքական յաթաղանով»
Բամբիռը՝ Հայաստանի գուցե ամենահայտնի ռոք խումբը, անցյալ շաբաթ ներկայացրեց իր 12-րդ ալբոմը։ Երաժիշտ, արվեստաբան Արթուր Աթայանը հիացած է ձայնապնակի հնչողությամբ, ուղերձով և ընդհանուր տրամադրությամբ։ Ահա նրա գրախոսականը։
Տեքստը՝ Արթուր Աթայանի
Լուսանկարը՝ Բամբիռ խմբի
Բամբիռն այն խմբերից է, որոնց երաժշտությունը միշտ մեծ իրադարձություն է դառնում: Դեռ հեռավոր 2000-ականներից սկսած գյումրեցի լեգենդար կոլեկտիվի նոր սերունդը դարձել է ծանրակշիռ ուժ, որի հետ հաշվի է նստում ոչ միայն ռոք համայնքը, այլև երաժշտասերների շատ ավելի լայն շերտ:
2015 թվականի բեկումնային Upsessions-ից և 2020-ի՝ ուղնուծուծով ժողովրդական «Գժի հարսանիքից» հետո շատ դժվար էր պատկերացնել, թե ինչպիսին պիտի լինի Բամբիռի նոր ալբոմը, որ կարողանա իրապես զարմացնել ունկնդրին: Բայց արի ու տես՝ ստացվեց:
2024-ի ամռանը Բամբիռը վերջապես հայտարարեց երկար սպասված «Մանկական խաղեր» կոչվող նոր ալբոմի մասին: Իրար հաջորդեցին երկու սինգլ՝ «Տուր ինձ» և «Թռնենք» գործերը (վերջինս՝ հոլովակով), իսկ սեպտեմբերին կայացավ ալբոմի փակ շնորհանդեսը:
Բամբիռ իմացող ցանկացած մարդու համար միանգամից հասկանալի է, թե ինչին է հղում նոր սկավառակի անվանումը: «Մանկական խաղերը» Բամբիռի վաղ շրջանի հանրահայտ հակապատերազմական բալլադ է, որի հիմնական թեմաներն են մանկական անմեղությունն ու «մեծերի աշխարհի» իռացիոնալ, դաժան բնույթը: Զարմանալի չէ, որ համանուն ալբոմի հիմնական մոտիվը հենց մեզ շրջապատող իրականության անողոք իռացիոնալությունն է:
Այս առումով ուզում եմ անվերապահ հիացմունքս հայտնել Բամբիռին: Երկար դադարից հետո նրանք ոչ միայն կարողացան իսկական ռոք ալբոմ թողարկել, այլև այդ ալբոմը լիցքավորել շատ ուղղակիորեն ձևակերպված ուղերձով: Վերջապես, հայկական ռոք խմբերից գոնե մեկը մի կողմ դրեց հայ արվեստագետի ավանդական չեզոքությունը, դուրս եկավ բոլորիս կլանած ապատիայից ու երաժշտությամբ արտահայտեց այն, ինչն ընկած է ռոքի ամենա-ամենահիմքում՝ գրողը տարած ԲՈՂՈՔ:
Բամբիռի բողոքի տակ, վստահ եմ, շատերս կարող ենք ստորագրել. այն ամենն, ինչ կատարվում է մեզ հետ, սխալ է: Սխալ է արմատապես, գոյաբանական մակարդակում. այսպես չպիտի լիներ, ու չի կարող շարունակվել: Սրա դեմ չի ստացվում պայքարել, չի ստացվում ոչինչ փոխել, բայց երբ զայրույթդ արյուն է եռացնում, պետք է գոռալ, ոչ թե կուլ տալ: Եվ «Մանկական խաղերի» հիմնական մոտիվը հենց այս զայրույթն է, երբ այլևս չես դիմանում ու չես հանդուրժում: Այս առումով, կրկնեմ, «Մանկական խաղերը» բառիս բուն իմաստով ռոք ալբոմ է՝ անկոմպրոմիս, ջղային, ջղաձգված:
Այս զգացողությանը շատ է նպաստում ժամանակակից ու ծանր հնչողությունը: Առանձին ուզում եմ նշել գրեթե մետալային սաունդի եզրին գտնվող ծանր կիթառը, բասն ու հարվածայինները (հարգանքներս միքսի հեղինակներին): «Մանկական խաղերում» Բամբիռը շարունակում է վոկալային էքսպերիմենտները, որոնք սկսվել էին դեռ նախորդ ալբոմում և սայդ-պրոյեկտներում: Շատ անսպասելի և հետաքրքիր հավելում է դաշնակահար, ձայնային արտիստ Վարդան Հարությունյանի ներկայությունն ալբոմում: Ցավոք, այդքան էլ շատ չէ օգտագործված Արիկի սրինգը, որի պակասն, անկեղծ ասած, զգացվում է:
Ալբոմը հիմնականում ծանր է և մոնոտոն. առաջին չորս գործը ոչ միայն նույն տոնայնության մեջ է, այլև տեղ-տեղ տպավորություն կա, որ մեղեդիները, սոլոներն ու ռիֆերը հատուկ են սեղմված նվազագույն դիապազոնի մեջ: Ընդ որում, գրեթե բոլոր գործերում հանդիպում են դամի դեր տանող կրկնվող հնչյունաշարեր՝ ստացված դիլեյների ու արպեջիոների միջոցով: Այս կրկնվող, loop-ի տակ դրված կիթառային և ստեղնաշարային պատկերները ևս ալբոմի հիմնական մոտիվներից են:
Մի փոքր անդրադառնամ ալբոմի գործերին՝ առանձին-առանձին:
«Փակ շուրջպար»
Երևի թե ալբոմի ամենաջղային ու ուղիղ իմաստով քաղաքական գործն է. այնքան, որ առաջին անգամ լսելիս՝ մի քանի տեղ չհավատացի ականջներիս: Գործը կատարյալ բացում է ալբոմի համար. պարզ, ծանր ու արագ ռիֆ, հիշվող կրկներգ ու պարացնող ռիթմ: Առաջին անգամ լսվում է դաշնամուրը, որն ալբոմում կարևոր դեր ունի, ինչպես նաև շատ անսպասելի ու հաջող է օգտագործված դհոլը: Թեման մի քանի շերտ ունի՝ Հայաստանի իրականության անտանելիությունը, մեր մշակութային գաղութացումն ու բարքերի դեգրադացիան: Երգում գրոտեսկի հասնող սատիրայի մի մեծ չափաբաժին կա: Իմ սիրելի և ամենադաժան տողը՝ «ինքս իմ հետ վարվում եմ այնպես, ինչպես թշնամիս կվարվեր իմ հետ […] ապրում ինչպես նա, բայց մեռնում ինչպես ես»: Եվ իհարկե «խաղալ ռուսական ռուլետկա թուրքական յաթաղանով» արտահայտությունը, անգլերեն ասած, iconic է:
«Թռնենք»
«Թռնենք»-ը շարունակում է «Շուրջպարի» մեջ նշմարված անորոշության ու ոտքի տակից գնացող հատակի թեման, սակայն այստեղ այն ոչ թե ընդվզման ձև է ստանում, այլ հասցվում է տագնապի աստիճանի: Կիթառի մանր ու խիտ ռիթմիկ պատկերին հակադրվում է դանդաղ գրուվը. այս հնարքը շատ անհանգիստ հնչողություն ունի, քանի որ մեր մարմինն արձագանքում է դանդաղ ռիթմին, բայց հարվածների միջակայքում բազմաթիվ այլ հնչյուններ են տեղավորվում, որոնք մեր ուղեղը փորձում է հասցնել որսալ: Այս անհանգիստ, արագ ֆակտուրայի վրա դանդաղ երգվող, կարծես թե սիրային տեքստը վերածվում է տագնապալի խնդրանքի՝ «մի թող մենակ, արի թռնենք միասին»: Գործի կեսից միանում են դաշնամուրի արպեջիոները, և լարվածությունն ուղղակի բազմապատկվում է: Այս պահի դրությամբ՝ ալբոմից իմ սիրած գործն է:
«Մանկական խաղեր»
Ալբոմի անվանական թրեքն արդեն (առնվազն) երրորդ անգամն է վերաձայնագրվում Բամբիռի կողմից, ու հին ունկնդիրներին, ինչ խոսք, վերադարձնում հեռավոր 2000-ականներ: Սակայն այս անգամ մշակումը փոխվել է, և թե՛ մեղեդին, թե՛ հարմոնիան պարզեցվել են՝ ալբոմի ոգուն համապատասխան: Երգը տրամաբանական է լսվում ալբոմում, չնայած, մոնոտոնությունն այնքան էլ շահեկան չէ այս տեսակ դանդաղ գործերի համար:
«Ամենեցուն»
«Մանկական խաղերին» հաջորդող «Ամենեցունը» մոտ մեկուկես րոպե դանդաղ build-up-ից հետո հանկարծ պայթում է պարկապզուկի պես վզզացող կիթառի, կատաղի հարվածայինների և էֆեկտներով հարուստ վոկալների հրավառությամբ: Երգի ռիթմը պինդ է, ոգեշնչող և հիմնված է ժողովրդական պարերի ռիթմիկ պատկերների վրա: Կարծես առաջին երեք երգի ծանր տրամադրության ճնշման տակ գլխավոր հերոսն այլևս չդիմանա և ճչա՝ կոչ անելով կամ աղոթելով, որ ազատություն և խաղաղություն լինի:
«Ուր էիր»
Ալբոմի միակ մաժորային գործը լուսավոր և թափանցիկ է հնչում: Այստեղ սիրո փնտրտուքը միաձուլվում է ցավի և հիասթափության հետ, և ինչպես նախորդ գործում, տեղ-տեղ լսելի է հոգու խորքից եկող օգնության կանչը, ուղղակի այս անգամ այն խորապես անձնական է: Գործը ակամայից ինդի-ռոքային ասոցիացիաներ է առաջացնում՝ հատկապես բրիտանական ինդիին բնորոշ հարմոնիայով, դանդաղ աճով և երկար ավարտով:
«Տուր ինձ»
Որպես սինգլ լույս տեսած փանկային «Տուր ինձ»-ը ծանրությամբ ձգտում է դեպի թրեշ և գրուվ մետալ: Ջղային, արագ և ագրեսիվ այս գործը լայն իմաստով դիմադրության մասին է: Գործը հետաքրքիր կոնտրաստ է կազմում ոչ միայն թեթև և մելոդիկ «Ուր էիր»-ի հետ, այլև ինչ-որ առումով արձագանքում է «Փակ շուրջպարի» թեմաներին: Սակայն, եթե «Շուրջպարը» կարծես սատիրայի և գրոտեսկի ասեղով ուզի ծակել չորացող վերքը, ապա «Տուր ինձ»-ը բռնի դիմադրության կոչ է՝ այս տեսակի երգերի լավագույն ավանդույթներից բխող:
«Դժվար է»
«Դժվար է»-ն նկարագրում է մեր գոյության հիմնական մարտահրավերները, այնուհետև վերածվում է յուրատեսակ մանտրայի (սրան նպաստում է նաև հնչողությունը): Սակայն, լիրիկական առումով այս գործն էականորեն զիջում է մյուսներին. առաջին տպավորությունս այն է, որ երգը ծնվել է իմպրովիզացիայից և տեքստը կարծես անուշադրության է մատնվել: Այնուամենայնիվ, այն շնչելու մի պահ է տալիս ալբոմի փակումից առաջ:
«Խնդասգը»
«Խնդասգը»-ն ևս վերաձայնագրված գործ է, ու երգը դրանից միանշանակ շահել է: Սա իսկական քաղաքական մանիֆեստ է, որն ուղղված է արդեն ոչ թե մեր տեղական համատեքստի, այլ, առհասարակ, աշխարհակարգի դեմ: Թռչկոտան, ֆանքային «Խնդասգը»-ն, ինչպես և ալբոմի բացումը լի է սարկազմով: Թրեքը շատ հաջող ամփոփում է ալբոմի ընդհանուր ուղերձը: Ասում է՝ տես ինչեր են կատարվում աշխարհում, իսկ դու, ապ, խնդասգը:
ԱՄՓՈՓՈՒՄ
«Մանկական խաղերը» վերջին տարիների հայկական լավագույն ռոք ալբոմն է, ու շատ ոգևորիչ է տեսնել, որ Բամբիռը չի մնացել ստուգված բաղադրատոմսերի հույսին, այլ նորից փորձարկումներ է անում: Ալբոմն անկեղծ է, կտրուկ և արտահայտում է այն բողոքը, որ բոլորիս է տանջում՝ դրան տալով համոզիչ ու հիշվող երաժշտական ձև: