Բանդերէգո. էգոյահաճո միջավայր
Նստավայր

Բանդերէգո. էգոյահաճո միջավայր

ԵՐԵՎԱՆը գնացել է նորաբաց «Բանդերէգո» կոկտեյլ բար՝ լսելու դրա պատմության ու փիլիսոփայության մասին ու տեսնելու այնտեղ ստեղծված զուգահեռ իրականությունը։ Բարի հիմնադիր Ջոն Մկրտչյանը մի շոթ «Արքայական բալասանի» շուրջ մեզ պատմեց այն ամենը, ինչ հարկավոր է իմանալ նախագծի մասին։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 
Լուսանկարները՝ «Բանդերէգո»

 

ԵՐԵՎԱՆ #77 | 2022

#Գործընկեր

Խառը՝ աշխատանքային

Իրականում բարերում ամենախառը ցերեկային ժամերին է, երբ փորձում են ի մի բերել երեկվա օրը՝ միևնույն ժամանակ պատրաստվելով հաջորդ երեկոյին։ Հենց այդ ժամանակ էլ գնացինք «Բանդերէգո»՝ զրուցելու հիմնադիր Ջոն Մկրտչյանի հետ։ Բարի ներսում միակ բանը, որը հուշում էր արտաքին աշխարհի գոյության մասին, նորոգումով զբաղված աշխատակիցներն էին, կանգնակի շուրջ ակտիվ քննարկումների մեջ ընկած թիմակիցները և մաքրուհիները։ Ջոնի խոսքով՝ մինչև բացումը թեստային տարբերակով են աշխատում՝ ընթացքում շտկելով բոլոր խնդիրները, տարածքը հարմարեցնելով թիմի և հաճախորդների համար։ Նախագծի վրա աշխատել են շուրջ մեկ տարի և հոկտեմբերի 31-ին՝ Հելոուինի օրը, այն պաշտոնապես բացվեց։

 

 

Ոչ ստատիկ էակներ

Անվանումը բավական հետաքրքիր պատմություն ունի։ Այն, որ նախագիծն ընդհանուր առմամբ ոգեշնչված է կապիկի կերպարից, դժվար չէ նկատել ոչ միայն անվանումից («բանդերը» հինդիում նշանակում է կապիկ), այլև դիզայնից։ Մուտքի դռան վրա պատկերված կապիկները դրա վառ ապացույցն են։ Ի սկզբանե, բարը պիտի անվանվեր «Բանդերլոգ»՝ ոգեշնչված Կիպլինգի «Ջունգլիների գրքում» նկարագրվող կապիկների ցեղից։ Դրանք շատ ակտիվ են, ունեն կարճ հիշողություն, բայց և միահամուռ են։ 


«Այդ կերպարներն ինձ էլ են բնորոշ,– ասում է Ջոնը,– ոչ ստատիկ, փոփոխվող, անընդհատ նորացվող, առանց որևէ կանոնների»։ Այդ ամենը երևում է նաև տարածքի ներսում. չկան կանոններ, օրինաչափություն, տիրում է մաքսիմալիզմը։ Սակայն այդ անվանման հետ կապված որոշակի հակասական կոնոտացիաների պատճառով որոշեցին պահպանել բառի հիմնական մասը՝ ավելացնելով դրան «էգոն», որն էվոլյուցիայի շղթայում մարդու ամենավերին կետերից է։


Բացի այդ, «բանդեր» և «էգո» բառերի սկզբնատառերը միասին դառնում են be (անգլերեն՝ «լինել») բառը, որն էլ բացահայտում է բրենդի մեկ այլ գաղափարախոսություն. «Բանդերէգոյում» մարդը կարող է լինել այն, ինչ ցանկանում է. սահմանափակումներ չկան։ Ռասայական, գենդերային, կրոնական և շատ այլ բաժանումներ մի կողմ են դրվում։ Այդպիսով փորձում են մարդկանց ավելի լայն մտածողության և աշխարհընկալման բերել։ Այդ նույն գաղափարից ելնելով էլ ընտրել են թիմը։ Թիմակիցներից շատերն օտարերկրացի են, այլ մշակույթների մարդիկ։ 

 

Դետալներ

Ջոնը նախագիծն անվանում է «էգոն բավարարող» (ego friendly) բազմամշակութային բար, և ամեն մանրուք հուշում է այդ մասին։ Տարածքը չես կարող նկարագրել։ Պետք է պարզապես գալ, տեսնել, ուսումնասիրել ամեն դետալ և նույնիսկ դրանից հետո շատ բաներ կմնան չբացահայտված։ Ինտերիերի մաս կազմող իրերը բերված են աշխարհի ամենատարբեր վայրերից՝ Հնդկաստան, Ասիա և այլն։ Նույնիսկ երաժշտությունը լինելու է դաուն տեմպո էլեկտրոնային՝ հստակ էթնիկ ուղղվածությամբ։ 


Բնականաբար, այս ամենի մեջ չեն մոռացել նաև հայկականը։ Տարածք մտնելուն պես յուրահատուկ բույր կզգաք, ու եթե թիմից որևէ մեկին հարցնեք, ձեզ կպատմեն, որ այն ստեղծվել է Մատենադարանի ձեռագրերից վերցված հատուկ բաղադրատոմսով։ Այստեղ պատմության հետ կապը չի ավարտվում։ Բարմենները ձեզ կառաջարկեն յուրահատուկ կոկտեյլներ, որոնց հիմքում ևս ձեռագրերի բաղադրատոմսերով պատրաստված թուրմեր են։ Բարում օգտագործվող օճառն ու ձեռքի քսուկը նույնպես դարերի պատմություն ունեն. պատրաստված են մյուռոնաբույրի հիմքի վրա։ 

 

 


 


Տարածքը բաժանված է մի քանի մասի՝ հիմնական սրահը, որտեղ բարմենները կանգնած են ոչ թե բարի կանգնակի հետևում, այլ շուրջը։ Մյուս սրահը ոսկեպատ «Էլդորադոն» է, բայց ամենահետաքրքիրը «Poker Room»-ն է։ Բարի կանգնակների փոխարեն այստեղ իրական պոկերի սեղաններ են, բայց խաղալ չի թույլատրվում։ Այս սրահում հստակ մենյու գոյություն չունի։ Երբ մարդը մտնում է ներս, բարմենը, նրա հետ զրուցելով, փորձում է բացահայտել հաճախորդի խառնվածքը և, ըստ իր ընկալման, կոկտեյլ է պատրաստում, որը հարազատ կթվա հենց այդ մարդու քիմքին։ Երեկոյի վերջում չմոռանաք մտնել հայելապատ սենյակ և նկարվել այդ երեկոն հիշողության մեջ պահպանելու համար։ 


«Բանդերէգոյի» թիմը մշակել է 15 հեղինակային կոկտեյլ, որոնցից յուրաքանչյուրը վերաբերում է որևէ երկրի մշակույթի։ Օրինակ՝ «Սաուդադե» կոկտեյլը պատրաստվում է պորտուգալական խմիչքի հիման վրա, իսկ անվանումն ինքն իրենով նշանակում է մի տխրության տեսակ, երբ դու տխրում ես լավը հիշելով։ Բառ, որը կնկարագրի այս հոգեվիճակը, կարելի է գտնել միայն պորտուգալացիների առօրյայում։ «Բանդերէգոն» փորձել է ամեն մշակույթից նման հետաքրքիր դետալներ ու պատմություններ գտնել ու ստանալ տարբերվող համ։ Բարի խոհանոցը նույնպես առանձնահատուկ է։ Խոհարարների առջև խնդիր է դրվել ստանալ համեղ ու տարբերվող ուտեստներ՝ համադրելով իրար հնարավորինս հակասող բաղադրիչներ։ 

 

Նովուս

Սպասարկման հարցին շատ լուրջ են մոտեցել, մշակել են սեփական հայեցակարգը, որն անվանել են «Նովուս»։ Այն սպասարկման տեսակ է, որը պահպանում է էթիկայի բոլոր կանոնները՝ միևնույն ժամանակ ցուցաբերելով ընկերական մոտեցում: «Երբ հյուրը մտնում է մեր դռներից ներս, նա մտնում է մեր տուն, թիմի յուրաքանչյուր անդամ այս տան տերն է և հենց այդպես էլ դիմավորում և ճանապարհում է հյուրին,– պատմում է Ջոնը,– չզարմանաք, եթե բարմեններից մեկը գա և նստի ձեր սեղանի շուրջ, և դուք զրույց սկսեք, ինչպես հայկական հավաքույթների ժամանակ է դա տեղի ունենում»։ 


Մշակված ծրագիրը բավական հստակ է ու երկարաժամկետ. շաբաթվա մեջ երեք օր խոհարարներից մինչև հյուրընկալ՝ բոլորը դասընթացների են մասնակցում և ավարտական քննություն հանձնում։ Անգլերեն, բուսաբանություն, գաստրոֆիզիկա, խմիչքի պատմություն և այլն։ «Մեզ մոտ մի բան չիմանալն ամոթ է»,– ասում է Ջոնը։ Հիմնադիրն ինքը տարիներով աշխատել է Երևանի լավագույն վայրերում՝ անցնելով «դժոխքի բոլոր շրջանները». խոհարարի օգնականից՝ շեֆ, այնուհետև մենեջմենթ ու մարքեթինգ։ Մի շրջան դուրս է եկել ոլորտից, հետո մեկնել արտերկիր, ճանապարհորդել, ծանոթացել տարբեր մշակույթների հետ։ «Տեսնելով այնտեղի մոտեցումները՝ բոլորովին նոր գաղափարներ, հասկացա, որ պիտի վերադառնամ ու Երևանում ստեղծեմ մի այնպիսի նախագիծ, որի նմանը քաղաքը դեռ չի տեսել,– պատմում է Ջոնը,– կոնցեպտուալ վայր, որն իր ասելիքն ունի, որի մասին կարելի է ժամերով պատմել»։ 

 

 

 

Լավագույնների օրինակով

Բարի թիմին ի սկզբանե վերապատրաստել է Սանկտ Պետերբուրգի ամենահայտնի բարերից մեկի՝ «Էլ Կոպիտասի» թիմը։ Եկող տարվա ընթացքում սպասում են մի քանի այլ կարևոր բարերի թիմերի այցեր Երևան՝ վերապատրաստելու բարի աշխատակիցներին, պարբերաբար հրավիրելու են այլ հայտնի բարմենների իրենց փորձով կիսվելու համար։ Կարևոր է նաև այն, որ ուսումնական գործընթացը բաց է նաև այլ տեղերում աշխատող բարմենների համար։ Կարող են գալ, մասնակցել, սովորել։ «Մեր նպատակն է բարձրացնել բարային մշակույթի մակարդակը Հայաստանում,– ասում է Ջոնը,– մենք ունենք հստակ մշակված ստրատեգիա, և վստահ եմ, որ դրան հետևելով մոտակա մեկ-երկու տարում մեր անունը ևս կլինի աշխարհի թոփ բարերի ցուցակում»։ 

 

Մետավերսն ու Կեյտարոն 

«Բանդերէգո» մուտք գործելն այդքան էլ հեշտ չի, սկզբում պետք է կայքի միջոցով հաստատում ստանալ ու միայն դրանից հետո ձեզ թույլ կտան սեղան ամրագրել։ 
Գնալուց առաջ չմոռանաք բարմեններից մեկին հարցնել Կեյտարոյի մասին։ Նա թիմի կողմից ստեղծված հավաքական կերպար է, որի միջոցով հետագայում բացահայտելու են բարի կոնցեպտը։


Կեյտարոն ճանապարհորդ է, ՏՏ ոլորտի ներկայացուցիչ, ով գումար է վաստակում ռոբոտներ ստեղծելով։ Բարի ինտերիերը ստեղծելիս պատկերացրել են, թե ինչպիսի տեսք կունենար նրա տունը՝ ճանապարհորդի տունը։


Կեյտարոն ձեզ կուղեկցի նաև մետավերսի տարածքում, որտեղ դուք նույնպես կարող եք գտնել «Բանդերէգոն»։ Մետավերսի որևէ մակարդակում այցելուն կկարողանա ծանոթանալ նախագծին, շփվել Կեյտարոյի հետ, մասնակցել վարպետաց դասերի, տարբեր թրեյնինգների ռեստորանային ոլորտի վերաբերյալ։ Իսկ դրսից հրավիրված դիջեյների սեթերը, որոնք նվագելու են իրական կյանքում, հասանելի կլինեն նաև մետավերսում։ Այդ ամենի մասին ձեզ մանրամասն կպատմի հենց ինքը՝ Կեյտարոն։

 

 

Ժամանակը՝ որպես արժեհամակարգ

Նախագծի փիլիսոփայությունը նույնպես առանձնանում է։ Թիմը մտապահել է 1440 թիվը, որպես մեկ օրվա րոպեների քանակ և փորձում է իր հաճախորդների համար այդ րոպեներից յուրաքանչյուրն իմաստալից դարձնել։ «Հյուրի մտնելու վայրկյանից մինչև գնալու պահը այնպես ենք մտածել, որ որևէ րոպե չվատնվի անիմաստ»,– ասում է Ջոնը։ 


Ժամանակի հանդեպ նրբանկատությունը նաև սպասարկման արագության մեջ է երևում։ Բարի կանոններից մեկն այն է, որ առավելագույնը հինգ րոպեում կոկտեյլը պիտի հայտնվի հաճախորդի ձեռքում։ «Բանդերէգոյում» չկան մատուցողներ, միայն բարմեններն են, որոնք ձեզ կհյուրասիրեն համեղագույն խմիչքներ՝ համեմված հետաքրքիր պատմություններով։ Ջոնի խոսքով՝ մեծ տեղ են տալիս տարբեր ավանդույթների. լինի դա հնդկական ձեռքեր լվալու սովորույթը, թե հայկական «բարով տեսանքը», որով այցելուն դիմավորում են բարում։ 


Ինձ նույնպես ճանապարհեցին հայկական ավանդույթին համապատասխան։ Փոքր գավաթների մեջ լցնելով «Արքայական բալասանը»՝ Ջոնը պատմեց, որ դեռ հազարամյակներ առաջ հայ թագավորներն այս 50-ից ավելի խոտաբույսերից պատրաստված թուրմը համադրել են գինու հետ։ «Կարելի է ասել, որ դեռ այն ժամանակ մեր արքաները կոկտեյլներ են խմել»,– ասում է Ջոնը։

հավելյալ նյութեր