Տապալված Բանվորի (մասնակի) վերադարձը
Ցուցահանդես

Տապալված Բանվորի (մասնակի) վերադարձը

Հայաստանի ազգային պատկերասրահում արդեն մոտ երկու ամիս ցուցադրվում է քանդակագործ Արա Հարությունյանի հեղինակած լեգենդար Բանվորի արձանը։ Ավելի ճիշտ, այն, ինչ մնացել է արձանից։ ԵՐԵՎԱՆ-ն այցելել է պատկերասրահ ու պարզել, թե ինչպես եղավ, որ մոնումենտալ քանդակը շենք մտավ։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝ Հայաստանի ազգային պատկերասրահ, Արա Հարությունյանի ընտանիքի արխիվ

#Արվեստ

Սովորական հայ մարդ

«Փառք աշխատավորին» կամ, ինչպես ավելի հայտնի է երևանցիների շրջանում՝ Բանվորի արձանը քանդակագործ Արա Հարությունյանի վերջին և ամենասիրելի աշխատանքներից մեկն է եղել։ Հուշարձանի իրականացումը բավական բարդ էր մոնտաժման, նյութի, զոդման և այլ խնդիրների առումով։ 1982-ին այդ 11 մետրանոց թուջե հսկան տեղադրվեց Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի հարակից հրապարակում։ 1997-ի ապամոնտաժումից հետո արձանը Երևանի լեգենդներից մեկն է դարձել։ 


Նոր սերունդները նույնիսկ չեն տեսել այն կանգուն վիճակում, սակայն գիտեն ու մի տեսակ թաքուն սպասումով են խոսում նրա մասին։ Հեղինակի որդին՝ Արամ Հարությունյանը գրում է, որ մինչ օրս շատերը վստահ են, թե բանվորի մի ձեռքում մուրճ է եղել, մյուսում՝ «Պրավդա» թերթ (որը պարզապես անհնար է ձուլել թուջից): Իրականում այն այնպիսին էր, ինչպիսին պահպանված է լուսանկարներում՝ դատարկաձեռն: 

 

 

Ըստ Ազգային պատկերասրահի քանդակի բաժնի ղեկավար և «Բանվորի արձան․ Post scriptum…» ցուցահանդեսի համադրող Մարիամ Դավթյանի, դա ևս մի փոքր դրվագ է, որը ցույց է տալիս արձանի գեղարվեստական արժեքը։ Այնպիսի բացառիկ դինամիկա, շարժում կա այդ կարծր նյութի մեջ, որ թվում է՝ մեծ ուժ է խտացել բռունցքում և ուր որ է կհարվածի աներևույթ մուրճով։ Նրա քայլքի շարժումը, ձեռքերի դիրքը և կեցվածքը հիշեցնում էր Միքելանջելոյի հայտնի Դավթին։ Արձանի հետ կապված ևս մի տարածված լեգենդ կա, թե բացման արարողության ժամանակ այն դուր չի եկել կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին, որին վերագրում են՝ «Այս ինչ տգեղություն է» ռեպլիկը: Իսկ իրականում բոլոր մոնումենտալ հուշարձանները խորհրդային Հայաստանում իրականացվում էին ՀԿԿ կենտկոմի և հենց առաջին քարտուղարի անմիջական  հսկողությամբ։ Սակայն իսկապես, մասամբ ֆորմալիստական ոճով կատարված «Բանվորի» արձանն այն օրերին բարդ էր ընկալվում անտեղյակ սովետահայ հանրության մեծամասնության կողմից, բայց և կարճ ժամանակում սիրվեց երևանցիների կողմից և դարձավ քաղաքի խորհրդանիշներից մեկը: Մինչև հիմա էլ երևանցիները տեղանքը նկարագրելու համար ասում են՝ «բանվորի արձանի մոտ» կամ «բանվորի հրապարակը»։ 

 

Արդեն անկախության տարիներին Բանվորի արձանն ընկալվում էր որպես սոցիալիզմի մնացուկ ու գաղափարների կրող, մինչդեռ ինչպես պնդում էր ինքը՝ Հարությունյանը, արձանը ոչ թե սոցիալիստական և դասակարգային գաղափարների մարմնացում էր, այլ ընդամենը դեպի Արևմտյան Հայաստան քայլող սովորական հայ մարդու կերպար, խորհրդանիշ: 

 

 

Տասը գծամետր մայթեզրի քար

Սակայն դա այդպես չէր այն օրերի քաղաքական ղեկավարության համար և ի վերջո, 1997-ի հոկտեմբերին արձանը տապալեց։ Դա պետական որոշում էր, իսկ պաշտոնական պատճառը՝ ոչ պատշաճ ամրացված լինելը։ Սակայն իրականում արձանը ներսից ամրացված էր  երկաթուղային ռելսով, որի մի մասը գետնի տակ ամուր հիմք էր հանդիսանում արձանի համար: Մյուս, ավելի քիչ շրջանառվող պատճառաբանությունն այն էր, որ հայ աշխատավորի արձանը այլևս գաղափարապես չէր համապատասխանում երկրում տիրող նոր քաղաքական իրավիճակին: 
Արձանը հանձնված էր Շենգավիթի համայնքին, հանդիսանում էր համայնքային սեփականություն և ապամոնտաժվել է հենց այդ համայնքի ավագանու որոշմամբ։ Իսկ քաղաքապետարանի դիրքորոշումը բանվորի արձանի ապամոնտաժմանը ժպիտը դեմքին ձևակերպեց խոսնակը․ «Քաղաքապետարանը Բանվորի արձանը համարում է այնպիսի մշակութային արժեք, ինչպիսին տասը գծամետր լավ տաշած մայթեզրի քարը և ըստ այդմ էլ վերաբերվում է դրա ճակատագրին»։ 


Արձանը, որն ընդգրկված էր պետության կողմից պահպանվող հուշարձանների շարքում, ապամոնտաժվեց մեկ գիշերվա ընթացքում:  Քանդակագործ Արա Հարությունյանն այդ ժամանակ ծանր հիվանդ էր և այդ վանդալության մասին իմացավ միայն առավոտյան, երբ արդեն չափազանց ուշ էր որևէ կերպ դիմադրել։ Հետագայում էլ քաղաքային իշխանությունները ոչ մի կերպ չմեկնաբանեցին կատարվածը։ 

 

 

 

Բանվորի վերադարձը 

Երկար ժամանակ արձանի հատվածները գտնվում էին Շենգավիթի գործարաններից մեկի տարածքում, որոշ մասեր էլ փորձել են ձուլել և վաճառել։ Պահպանվել է գլուխը, ձեռքը, մի ոտքը, մի կոշիկը և տորսի հետևի հատվածը։ 2004-ին գտնվեցին Բանվորի արձանի հատվածները, իսկ տարիներ անց՝ 2011-ին, «Արտ լաբորատորիա» արվեստագետների միավորման շնորհիվ Բանվորը դուրս բերվեց մոռացությունից և «Գործարանային» կայարանի հարակից պատին ամբողջ հասակով փակցվեց արձանի պաստառը։ Այժմ արձանից մնացած որոշ հատվածներ ցուցադրվում են Ազգային պատկերասրահում՝ «Բանվորի արձան․ Post scriptum…» ցուցահանդեսի շրջանակում։ 

 

Բանվորի արձանի մնացորդների տեղափոխումը


Ցուցահանդեսի համադրող Մարիամ Դավթյանը նշում է, որ նպատակը նախ և առաջ մշակութային վանդալիզմի մասին խոսելն էր։ 80-ականների վերջում, 90-ականների սկզբում նման քաղաքական զոհեր արձանների տեսքով, ցավոք, շատ են եղել։ Ցուցահանդեսը փորձ է անդրադառնալ այդ ժամանակաշրջանում մեծ տարածում գտած մշակութային վանդալիզմին։ «Բոլորիս միշտ հետաքրքրել է, թե ինչ է եղել այս արձանի հետ։ Այն մի տեսակ քաղաքային լեգենդի էր վերածվել։ ինքս այն կանգուն վիճակում չեմ տեսել, բայց տպավորություն է, որ այն միշտ եղել է։ Իհարկե, բոլորս էլ կուզեինք տեսնել արձանը դրսում, ամբողջական տեսքով, բայց դա այժմ տեխնիկապես գրեթե անիրական է։ Ամեն դեպքում ինձ, որպես համադրողի շատ հետաքրքիր  էր այդ կոնտրաստը՝ երբ մոնումենտալ հուշարձանը ներկայացված է թանգարանի պատերից ներս։ Սա իմ կարծիքով հենց կոնցեպտուալ առումով է բացառիկ։ Այս քայլով մենք հնարավորություն ենք ստանում ավելի մոտիկից տեսնել, հասկանալ ու զգալ արձանը։ Թույլատրում ենք նույնիսկ շոշափել, չէ՞ որ այն այնքան վատ պայմաններում է պահպանվել, որ այցելուների հպումները ոչինչ անել չեն կարող։ Շատ հետաքրքիր էր նաև ինքնին ցուցահանդեսի կազմակերպման ընթացքը։ Արձանի գլուխն ինքս եմ լվացել։ Շատ հուզիչ էր»,— պատմում է Մարիամը։ 


Ցուցահանդեսում ներկայացված են քանդակագործի էսքիզներ թվային տարբերակով, ինչպես նաև երկու գրաֆիկական էսքիզ՝ գրեթե վերջնական տարբերակով։ Էքսպոզիցիայում հնարավոր է տեսնել նաև արձանի նախնական էսքիզի բրոնզե տորսը, ինչպես նաև արձանի երկու հատված՝ գլուխը և բռունցքը։ Եվս մեկ ամիս, և արձանի մասերը կգտնեն նոր հանգրվան, իսկ մինչ այդ այն կարելի է տեսնել Հայաստանի ազգային պատկերասրահում։

հավելյալ նյութեր