🍒 Բարձր բալ
Երեկոյան Երևան

🍒 Բարձր բալ

Ինչպես Երևանի կոնյակի գործարանի տարածքում մեծ հանդիսավորությամբ ու հավես վայբերով ներկայացվեց ARARAT Cherry նոր խմիչքը, որն արդեն հասցրել է դառնալ երևանյան կոկտեյլների ամենասիրված բաղադրիչներից մեկը։

Տեքստը՝ Արտավազդ Եղիա#զարյանի


Լուսանկարները՝ Երևանի կոնյակի գործարանի

 

ԵՐԵՎԱՆ #77 | 2022

#Գործընկեր #ARARAT

Օրացույցի համաձայն՝ արդեն աշուն էր, բայց աշնանային այն օրերից էր, որոնք դեռ դժվար է տարբերել ամառվանից։ Տարվա եղանակի փոփոխության մասին այդ ժամանակ դեռ փաստում են միայն անծայրածիր ցերեկային խցանումները, քանի որ բոլոր-բոլորն արդեն վերադարձել են արձակուրդից։ Այս տողերի հեղինակն էլ նոր էր հայրենիք վերադարձել ծովափնյա հանգստից։ Դա էլ այն հանգիստներից էր, որոնց հետդարձն այնքան հոգնեցուցիչ է, որ հայրենիքում պետք է դեռ մի քանի օր հանգստանալ այդ հանգստից։ Այլ կերպ ասած, փորձում եմ արդարանալ, թե ինչպես ստացվեց, որ ներկա չգտնվեցի ARARAT Cherry-ի ներկայացման շլացուցիչ միջոցառմանը։ Նույնիսկ հրավիրատոմս ունեի, բայց օրգանիզմս հրաժարվում էր հեռանալ տան բազմոցից ավելի հեռու, քան խոհանոցն էր։ 

 

 

Ինչևէ, ինչպես պարզվեց արդեն այդ նույն երեկոյի ընթացքում, բավական շատ բան էի կորցրել։ Նախ, աչքովս ընկավ Kond House բարի հիմնադիր-հայր Նարեկ Բախտամյանի հուզիչ ֆեյսբուքյան գրառումը՝ միջոցառմանն իր մասնակցության մասին։ Պատմում էր, թե որքան լարված էր, ինչքան շատ բան կար մտածելու՝ սկսած կոկտեյլների բաղադրությունից ու անվանումից, վերջացրած սնունդով ու տաղավարի դիզայնով։ «Ամեն ինչ պետք է լիներ նախ մասնագիտական առումով իդեալական, հետո արդեն տարբերվող, գժական, կոնդական ու մի քիչ էլ բախտամյանական»,– գրում էր Նարեկը։ Ու ոնց հասկացա մեկնաբանություններից ու հետո տարբեր էջերում հայտնվող գունեղ լուսանկարներից՝ ամեն ինչ իրոք իդեալականին մոտ էր ստացվել։ Ընդ որում՝ ոչ միայն Kond House-ի մոտ, այլև մյուս թույն երևանյան բարերի, որոնք այդ ուրբաթ երեկո իրենց գործունեության մի զգալի մասը տեղափոխել էին Երևանի կոնյակի գործարանի տարածք։ 

 

Մի քիչ մանթո վիճակով գրում եմ ԵՐԵՎԱՆի արտ-տնօրեն Նոնային, թե՝ իրո՞ք էդ աստիճան թույն է անցել։ Նոնան հաստատում է, բայց ավելի շատ խոսում է մշակութային բաղադրության մասին. «Ներսոյին երգելուց լայվ չէի տեսել,– նկատի ունի դերասան Ներսես Ավետիսյանին,– շատ հավես ծրագիր էր՝ դասական հին երգեր, բայց թարմ հնչողությամբ։ Շատ ափսոս, որ չեկար, որովհետև լիքը հետաքրքիր մարդ կար, որոնց հետ կարելի էր լիքը հետաքրքիր բաներ քննարկել ու պլանավորել։ Ես էնքան ծանոթ տեսա, որ չհասցրեցի բոլոր կոկտեյլները փորձեմ, չնայած երևի բոլորը չէի էլ հասցնի…»


Հետո տեսնում եմ կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանի սթորին այն մասին, որ սրա պես միջոցառումներն իր մոտ միշտ համախմբման հաճելի զգացողություն են ստեղծում, իսկ ARARAT֊ը շարունակում է փառահեղ ներկայացնել Հայաստանն աշխարհին։ 

 

Դե իհարկե, համախմբվել էին, փաստորեն, բոլորը, բացի ինձնից։ Իսկ Դիանան դեռ անձնական հաղորդագրություն է գրում՝ կարծես փորձելով խորացնել ափսոսանքի զգացումս. «Լսի, գործարանի տարածքում էս տիպի երեկո անցկացնելն էնքան հաճելի էր, թվում էր՝ համ բրենդի, համ քաղաքի արմատներին ենք մոտեցել։ Թույն գաղափար էր՝ մի տեղում հավաքել Երևանի ամենասիրված բարերը, Կոնյակի գործարանի ու գիշերային Երևանի կապը կարծես ավելի ամրապնդվեր»։

 

 

 

Մի պահ արդեն սկսում եմ զարմանալ, թե այս ինչ մեծ հանդիսավորությամբ է ներկայացվում հենց ARARAT Cherry֊ն, չնայած սա ARARAT Flavors համահոտային խմիչքների շարքի արդեն երրորդ ներկայացուցիչն է։ Մյուս օրը զանգում եմ Վարդգես Հովեյանին (Երևանի կոնյակի գործարանի արտահանման զարգացման ղեկավարն է) ու արտահայտում զարմանքս։ Հանգստացնում է, ասում է, որ սրան նախորդող Apricot-ն ու Coffee-ն էլ իրենց արժանի հանդիսավոր ներածությունն են ունեցել, պարզապես «հիմա էնպիսի խառը ժամանակներում ենք ապրում, որ ցանկացած լավ բան ինքնըստինքյան բազմապատիկ ռեզոնանսային է դառնում, էդտեղից էլ տպավորությունդ»։ Գուցե հավելյալ փայլ է տվել այն, որ այս անգամ միջոցառումը տեղի էր ունենում Երևանի կոնյակի գործարանի շենքում, որն ինքնին մեծ համբավով վայր է, բայց որտեղ ոչ բոլորին է վիճակվել լինել։ 

 

«ARARAT-ի բոլոր արժեքներն արտացոլված էին՝ առատաձեռնությունը, վարպետությունը, սերն աշխատանքի հանդեպ, ի վերջո, մի խոսքով՝ շատ ստացված սիրուն միջոցառում եղավ,– շարունակում է Վարդգեսը, ապա հատուկ հպարտանում մասնակից բարերի մասնակցությամբ,– եզակի ընկերություններ կան Հայաստանում, որ կկարողանային ուրբաթ օրով Երևանի ամենալավ բարերն իրանց ամենալավ սթաֆի հետ հանդերձ հավաքել մի տարածքում, կողք կողքի, էնպես, որ ամեն բար ցուցադրեր իր ողջ վարպետությունը՝ մեկական signature կոկտեյլով, որը և՛ ցուցադրեց իրենց բարձր մակարդակը, և՛ ընդգծեց հարգանքը դեպի էն բրենդը, որի հետ իրանք աշխատում են»։ Ինչպես պարզվեց, ARARAT Cherry-ով շուրջ հինգ տասնյակ կոկտեյլի բաղադրատոմս է մշակվել՝ ամենատարբեր տրամադրությունների համար։ 

 

 

 

Վարդգեսից խոստում եմ կորզում, որ, չնայած բացակայիս, հաջորդ միջոցառմանն էլ հրավեր կստանամ, ինքս էլ պատասխան խոստումն եմ անում, որ բաց չեմ թողնի, նույնիսկ եթե հանգստից հետո շատ հոգնած լինեմ։ Իսկ մինչ այդ պետք մտնել Phoenix, Kong, Minas կամ Kond House ու փորձել, օրինակ, Yerevan Sling կոկտեյլը՝ շատ հայտնի Singapore Sling-ի՝ ARARAT Cherry-ի ջանքերով երևանացված տարբերակը։

հավելյալ նյութեր