Բարեկամության ձեռքեր
Արձաններ

Բարեկամության ձեռքեր

Ինչպես կուբացի բռնապետի կնոջ աղոթքների արդյունքում Իտալիայից հասավ Երևանի ամենահայտնի քանդակներից մեկը։

Տեքստը՝ Անի Հայկազունի

 

Լուսանկարները՝  Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի արխիվից, HinYerevan.com, Հովիկ Չարխչյանի բլոգ

 

ԵՐԵՎԱՆ #5 | 2012

 

#ՀինԵրևան

Մարթա և Ֆուլգենցիո Բատիստաները

 

 

Գրիգոր Հասրաթյանը

 

Արա Հարությունյանը

 

1970-ականներ

 

1981

 

 

 

 

 

Երևանի օղակաձև զբոսայգում, «Երիտասարդական» մետրոյի վերգետնյա կայարանի հարևանությամբ, աչք են շոյում «բարեկամության» սպիտակ ձեռքերը, որոնք վաղուց արդեն դարձել են քաղաքի առավել սիրված և ճանաչելի հորինվածքներից մեկը: Սակայն ինչո՞ւ «բարեկամության» և ի՞նչ խորհուրդ ունեն այդ մարմարյա ձյունաճերմակ քանդակները: «Ձեռքերի» մասին տեղեկություններ փնտրելիս, չէինք էլ կարծում, որ հասնելու ենք հեռավոր 1950-ական թվականներ, առավել ևս, որ կհատենք անգամ Ատլանտյան օվկիանոսն ու կհայտնվենք հեռավոր Կուբայի մայրաքաղաք Հավանայում: 



 

Հավանա․ չստացված մահափորձ

1950-ականները Կուբայի համար սև ու մութ տարիներ էին: Ժողովուրդն այլևս չէր կարողանում տանել բռնապետական լուծը, օր-օրի աճում էին հեղափոխական տրամադրությունները: 1950 թվականի սեպտեմբերի 13-ին երիտասարդ հեղափոխականների զինված մի խումբ մահափորձ ձեռնարկեց եկրի ղեկավար Բատիստայի նկատմամբ, ով տարիներ առաջ զինվորական հեղաշրջմամբ իշխանությունը վերցրել էր իր ձեռքը և դաժանաբար իշխում էր Կուբայում: Հարձակումը տեղի էր ունեցել բռնապետի կնոջ աչքի առջև, ով այդ տեսարանից սարսափած դիմում է Աստծուն և աղերսում. «Եթե Ֆուլջենցիոն փրկվի, խոստանում եմ կանգնեցնել Հիսուսի արձանը, ինչպես այն մեկը, որը վեր է խոյանում Բրազիլիայում` Ռիո դե Ժանեյրոյում»: Հավանաբար` աղոթքը հասավ հասցեատիրոջը, քանի որ բռնապետի նկատմամբ ձեռնարկած մահափորձը ձախողվում է, իսկ իրագործողները սպանվում են: Մարթա Բատիստան չի մոռանում խոստումը: 

 

 Ջիլմա Մադերան և Օտտավիո դել Ամիգան Քրիստոսի գլխաքանդակի մոտ

Ջիլմա Մադերան և Արմանդո Չինկան` քանդակի վրա աշխատելիս

 

Կարարա․ ամենալավ մարմարը

Ապագա արձանը պատվիրում են քանդակագործուհի Ջիլմա Մադերային: Հավակնոտ Բատիստաներն ուզում էին, որ փրկչի արձանը լինի սպիտակ մարմարից, իսկ բարձրությամբ գերազանցի Հավանայի ամենաբարձր շենքները: 42-ամյա Մադերան ներկայացնում է ապագա քանդակի մեկ մետր բարձրությամբ էսքիզը, որը պատկերում էր արևադարձային երկրների բնակիչներին բնորոշ դիմագծերով վեր հառնող Քրիստոսին: Այս ծրագրի իրականացմանը ներգրավվում է Իտալիայում Կուբայի դեսպանատունը: 

 

1957 թվականին օվկիանոսից հազարավոր կիլոմետրեր հեռու, Կարարայում աշխատող քանդակագործ Ալդո Բուտինին  հանդիպում է Հռոմում Կուբայի դեսպանի հետ: Վերջինս նրան խնդրում է աջակցել Մադերային` հսկայական ծավալաչափերով այդ գործն իրականացնելու համար: Անհրաժեշտ էր Իտալիայում գտնել համապատասխան որակի ու երանգի մարմարը, պատրաստել փրկչի քանդակն ու տեղափոխել Կուբա: Բացի այդ, Հավանայում արձանը վերջնական տեսքի բերելու, տեղադրելու և մոնտաժելու համար համապատասխան մասնագետներ ու վարպետներ էին անհրաժեշտ: Այս ամենի արժեքը հաշվարկված ու համաձայնեցված էր` այն կազմում էր մոտավորապես 100 միլիոն լիր: 

 

Շուտով Կարարա է հասնում Ջիլմա Մադերան` լատինական հմայքով և հմտությամբ հարուստ մի արվեստագետ կին, որի անունը կարիբյան ցեղերի լեզվով նշանակում է վայրի խոլորձ: Մեկ տարի ու կես, մինչ 1958-ի օգոստոսը, քանդակագործուհին օրական 16 ժամ աշխատում է Տիրոջ քանդակի վրա: Ժամանակի Կուբայի թերթերը հաղորդում են. «Քանդակագործուհի Ջիլմա Մադերան տեղափոխվել է Կարարա, ուր ծնվում են մոլորակի ամենագեղեցիկ արձանները: Սպիտակ մարմարը, որի մասին երազել էր, մշակվել է, և այժմ նա քանդակում է Քրիստոսի մի պատկեր, որը ներկայացնում է իր ժամանակի տղամարդուն և լիդերին, Կուբայի քավության Քրիստոսին, որը դիտողի մեջ առաջացնում է եռանդ, ուժ, խաղաղություն և վստահություն: Օր ու գիշեր Մադերան բանվորների մոտ է, փոխում է չափերը` ծավալի փոփոխման և ստվերի թեորիային համապատասխան: Մարմարե մարմինը ձև է ստանում: Մարդկային ձեռքով պատրսատված մասերը բարձրացվում են վերամբարձ կռունկով, ամրացվում և մոտենում են ավարտուն տեսքին»: Այդ ժամանակ, սակայն, Կուբայից հեղափոխական լուրեր են հասնում. Ֆիդել Կաստրոն և Չե Գևարան հեզհետե գրավում են կղզին: 

 

1958 թվականի օգոստոսի վերջին բետոնե և պողպատյա հիմնակմաղքով հսկայական արձանը Հիսուս Փրկչի նմանությամբ և տեսքով արդեն քանդակված է մարմարից: Երեք հիմնական կտորները բեռնավորվում են երկաթուղային վագոններում և ուղղություն վերցնում նախ Ջենովայի Սուրբ Մարտինո նավահանգիստ: Մարմարյա հսկա ստեղծագործությունը, որն այժմ կշռում է 320 տոննա, բեռնվում է Հավանա մեկնող մի նավի վրա: 

 

Մարմարի հանքերը Կարարայում

 

Հավանա․ Փրկիչն ու հեղափոխականները

Սեպտեմբերի 3-ին արձանն արդեն բարձրացվում է Կասաբլանկայի մոտ, ծովի մակարդակից 51 մետր բարձրության վրա գտնվող բլրակին: Ջիլմա Մադերան հիմնաքարի խորշերից մեկում դնում է մի քանի ոսկյա և արծաթյա դրամներ` իր ծննդյան տարեթվով: 1958 թվականի ծննդյան տոներին տեղի է ունենում Հիսուսի արձանի բացումը: Դեպի բլրակ են շտապում Ֆուլջենցիո Բատիստան և նրա կինը: Սակայն ճոխ միջոցառում տեղի չունեցավ՝ ինչպես հետո կգրեն թերթերում, քանի որ «իրավիճակը երկրում այնպիսին էր, որ նույնիսկ Հիսուս Քրիստոսն անձամբ կուզենար բռնապետությունը փրկել հոգեվարքից»:

 

1959  թվականի հունվարին Կուբայում հեղափոխությունը հաղթանակում է: Ֆիդել Կաստրոն արդեն տապալել է բռնապետ Ֆուլջենցիո Բատիստային, որը հենց Նոր տարվա գիշերն ինքնաթիռով փախել էր Սան Դոմինգո` իր հետ տանելով միլիոնավոր դոլարներ: Քաոսային և քավության ժամերին ինչ-որ մեկը տեղեկացնում է Ֆիդելին, որ հեղափոխականները ականապատել են մի հսկայական մարմարե արձան, որը պատվիրված էր բռնապետության կողմից և բացումը կատարվել էր ժողովրդական շարժման հաղթանակից մի քանի օր առաջ: Հետաքրքրված Ֆիդելն ուղևորվում է դեպի արձանը և տեսնում սպիտակ Քրիստոսին, որը հանգիստ և վեհորեն վեր է հառնում իր պատվանդանին, ասես օրհնելով մարդկանց: «Նա եկել է ինձ հետ: Հավանայի Քրիստոսը կլինի հեղափոխության պահապանը և ինձ հաջողություն կբերի», — որոշում է նա: Այսպես մարմարյա Հիսուսի արձանը նոր իմաստ ու կյանք է ստանում: 

 

Կարարա․ սրտանց շնորհավորանքներ Երևանին

Այս դեպքերից երեք տարի անց, 1962 թվականի հունիսին Կարարայի Ջունիո հրապարակում կատարվում է հասարակական նոր պալատի բացումը: Եվ քանի որ հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող իտալական այս քաղաքն արդեն բավականին ժամանակ բարեկամական հարաբերությունների մեջ է Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ, ուստի նրա կյանքում խոշոր այդ իրադարձությանը մասնակցում է նաև հայկական պաշտոնական պատվիրակությունը` քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի գլխավորությամբ: 

 

Հունիսի 12-ին քաղաքային խորհուրդը պաշտոնապես հաստատում է Երևանը որպես քույր քաղաք և կազմում է երկարաժամկետ բարեկամության արձանագրությունը: 1963 թվականի օգոստոսի 8-ին, Կարարայի քաղաքապետ Ֆիլիպո Մարտինելին գրում է Երևանի իր գործընկերոջը. «Որախ եմ տեղեկացնելու, որ երկաթգծով Ձեզ եմ ուղարկում սպիտակ մարմարից քանդակված մեծ ձեռքեր պարունակող երկու արկղ: Կարարա քաղաքի կողմից արվող այդ նվերը կդառնա բարեկամության խորհրդանիշ և, որպես քույր քաղաքների քաղաքապետարաններ, ավելի կմերձեցնի մեզ: Հուսով եմ, որ այն անվնաս տեղ կհասնի ու վստահ եմ, որ Երևանի բնակիչները կհավանեն կարարացիների նվերը: Խնդրում եմ ընդունեք իմ և Կարարա քաղաքի սրտանց շնորհավորանքները»: 

 

 

Երևան․ ջրի նման երկար, հավերժ ու զուլալ բարեկամություն

Մարմարյա երկու ձեռքերը, որոնք ավելի քան երկու մետր են, ոչ այլ ինչ են քան Հավանայի Քրիստոսի ձեռքերի կրկնօրինակը: Քաղաքապետ Մարտինելլին խնդրեց կերտել դրանք Մադերային ի պատիվ Օտավիե դել Ամիկոյի, որի ջանքերի շնորհիվ ապագա արձանի համար Կարարայում գտնվեցին և մշակվեցին մարմարի հսկա բեկորները: Գրեթե կես դար անց էլ նրանք պահպանել են իրենց գեղեցիկ տեսքը Երևանի կենտրոնում գտնվող ու մշտապես մարդաշատ այս զբոսայգում: Կարծես աղոթքի համար միացած ձեռքեր, որ երևանցիներն անվանում են «Բարեկամության ձեռքեր»: Հասնելով Երևան, քանդակագործ Արա Հարությունյանի միջամտությամբ ձեռքերը նոր հորինվածք ստացան և տեղադրվեցին Երևանի օղակաձև զբոսայգում: Այդ նրբագույն կոթողների հանդիսավոր բացումը մեծ շուքով տեղի ունեցավ 1965 թվականին: 

 

Ռաֆայել Իսրայելյանի և Արա Հարությունյանի Կենաց ծառը Երևանում

 

Հուշարձանի էսքիզ

 

Այսքանով, սակայն, պատմությունը չի ավարտվում, քանի որ Երևանի նախկին քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը չէր կարող իտալական, կարծես աղոթքի համար մեկնված, ձեռքերը «օդում» թողնել և ըստ պատշաճի չարձագանքեր: Երևանցիներից շատերը, անշուշտ, տեսել են Տերյան փողոցին աջից հարող օղակաձև զբոսայգում տեղադրված երկու խոյերով պահպանվող «Կենաց ծառ» աղբյուր-հուշարձանը, շատերն էլ գուցե խմել են նրա սառնորակ ջրից: Ահա այս աղբյուր-հուշարձանն էլ պատճենն է այն բնօրինակի, որը Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանն իր ու երևանցիների կողմից 1965 թվականին նվիրեց Իտալիայի Կարարա քաղաքին` ի նշան բարեկամության, մաղթանքով, որ այդ բարեկամությունը «ջրի նման երկար, հավերժ ու զուլալ» լինի: 

 

Աղբյուր-հուշարձանի հեղինակներն են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և քանդակագործ Արա Հարությունյանը: Այստեղ տեղին է հիշատակել նաև ճարտարապետ Արմեն Զարյանին և նրա քրոջը` իտալաբնակ քանդակագործուհի Նվարդ Զարյանին, որոնք մեծ ջանք թափեցին հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև «Ձեռքերը» Հայաստան և «Խոյերը» Իտալիա տեղափոխման` Կարարայի և Երևանի քաղաքապետերի բանակցությունների ընթացքում:

 

Փրկչի արձանը Հավայաում

 

Այսպիսով, արվեստի լեզվով և պատմությամբ իրար են կապվում, մտերմանում և բարեկամանում մարդիկ, երկրներ և ժամանակներ: Երևան, Կարարա, Հավանա եռակապը, իր հիմքում ունենալով արվեստագետների, քաղաքական և հասարակական գործիչների, արդյունաբերողների և արհեստավորների համագործակցություն, մեծապես նպաստեց, որպեսզի իրականություն դառնա հետաքրքիր պատմությամբ այս «հուշարձանային» ծրագիրը: