Բարև, դրամ ջան
Փող

Բարև, դրամ ջան

1993թ. նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ մտավ հայկական դրամը։ Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից վերջինն էր, որ դուրս եկավ ռուբլու գոտուց՝ առաջ անցնելով միայն Տաջիկստանից։ Հարցրել ենք տարբեր տարիքի ու մասնագիտության երևանցիներին դրամի հետ իրենց առաջին հանդիպման մասին։

Տեքստը՝ Վիկտորյա Մուրադյանի


Լուսանկարները՝ Ֆոտոլուր


ԵՐԵՎԱՆ #52, 2019

Սերգեյ Սարգսյան, հաղորդավար

Դրամի հետ առաջին հանդիպումը՝ 12 տարեկանում

«Երբ առաջին հայկական դրամը թողարկվեց, ես շատ էի սիրում Մոնոպոլիա խաղալ, և ինձ սկզբից թվում էր, որ դա խաղալիք փող է։ Երկար ժամանակ չէի ընտելանում այն գաղափարին, որ կարող է փողի վրա չլինել Լենինի գլուխը։ Սակայն հենց մոտակա խանութից հաց առնելու ժամանակ շոկ ապրեցի։ Վախենալով դրամը տվեցի հաց վաճառողին և մտածում էի, որ հիմա կսկսի ծիծաղել կամ ծաղրել ինձ, բայց նա լուրջ դեմքով վերցրեց և տվեց ինձ մատնաքաշս, ինչպես նաև ինչ-որ մոնոպոլիայի կոպեկներ։ Մոնոպոլիայի կոպեկները, պարզվեց, լումաներն էին»։

 

Վազգեն

Դրամի հետ առաջին հանդիպումը՝ 13 տարեկանում

«Միջինում մեկ անձի խնայողություններն ողջ կյանքի ընթացքում կազմում էին 8–15.000 ռուբլի։ Այդ օրերին հայտարարություն եղավ, որ մինչև 50.000 ռուբլի գումարը, որը մեր օրերում համարժեք կլիներ մոտ 200.000 դոլարի, հնարավոր է փոխել բանկում անձնագրով և դրա դիմաց ստանալ ընդամենը 250 դրամ։ Ինֆլյացիայի արդյունքում ինձ մոտ հավաքվեց մոտ մեկ միլիոն ռուբլի, որը ես այդպես էլ չկարողացա փոխել բանկում, որովհետև անձնագիր չունեի 13 տարեկանում։ Եթե սովորաբար 13-ամյա երեխաները մտածում են միայն պաղպաղակ գնելու մասին, իմ ամբողջ մտահոգությունը հետևյալն էր՝ ինչպե՞ս կարողանամ 4 արժույթով հաշվել իմ կողմից վաճառվող կաշվի գինը։ Այդ տարիներին 4 արժույթներն էլ՝ հայկական դրամը, դոլարը, սովետական ռուբլին ու ռուսական ռուբլին, հավասարապես օգտագործվում էին։ Առաջին անգամ դրամ տեսա տատիկիս ու պապիկիս տանը։ Պապիկս շատ վրդովված էր՝ ամբողջ կյանքում խնայել էր ու հավաքածը կարողացել էր փոխել և ստանալ ընդամենը 60–70 դրամ»:

 

Արաքս Մանուչարյան, ֆինանսական կրթման մասնագետ

Դրամի հետ առաջին հանդիպումը՝ 3 տարեկանում

«Առաջին անգամ ինձ դրամ տվեց հայրիկս. 50 դրամանոց էր, որի վրա պատկերված էր Արամ Խաչատրյանը։ Հայրս ասաց. «Արաքս, սա փող է»։ Դա պարգև էր այն բանի դիմաց, որ ես շատ հեշտությամբ սովորել էի ժամացույցին նայել ու ասել, թե ժամը քանիսն է։ Մինչև այդ ասում էի, օրինակ, որ մեծ սլաքը 6-ի վրա ա, իսկ փոքրը՝ 2-ի։ Հայրս ինձ փող տվեց ու ասաց, որ ինձ համար կոնֆետ գնեմ։ Դրանից առաջ տեսել էի, որ մարդիկ խանութում թուղթ են տալիս, ապրանք են վերցնում։ Բայց երբ ես վաճառողին տվեցի մոտս եղած գումարն ու տեսա դեպի ինձ եկող կոնֆետը, ավելի լավ հասկացա փողի արժեքը։ Մենք ապրում էինք Սևանում, և հայրս խանութում էր աշխատում։ Նա հաճախ էր ինձ կոնֆետ բերում, բայց ամենաքաղցրն ու ամենահամեղն իմ գնած այդ կոնֆետն էր։

 

Մի անգամ լումաներով հավաքված գումարը հաշվեցի, գնացի խանութ, հպարտորեն պարզեցի 10 դրամը վաճառողին, որ ինձ մի մաստակ տա։ Աշխատողն ինձ մաստակ տվեց, բայց փողս չվերցրեց. ասաց, որ դա փող չէ։

 

Մի պահ գլխումս ամեն ինչ խառնվել էր իրար, մոտս հարցեր էին ծագում. եթե փող չէ, ապա ի՞նչ գործ ունի իմ խնայատուփում, ինչու՞ են մեծերը փորձում ինձ հիմարեցնել, կամ էլ, գուցե, իրե՞նք են հիմար։ Այնպես էի ուզում հասկանալ, թե ինձ ով է խաբել։ Հետո եղբայրս բացատրեց, թե լուման ինչ փոքր փող է, ու ամեն ինչ ընկավ իր տեղը։ Փողի հանդեպ այս առողջ հետաքրքրությունն էլ, երևի, ինձ տարավ Կենտրոնական բանկ՝ աշխատելու Ֆինանսական կրթման կենտրոնում։ Ես հաճախ կատակում եմ, որ հիմա իմ առօրյան նվիրում եմ նրան, որ երեխաներին փոքր տարիքից սովորեցնեմ ամեն ինչ փողի մասին, որ մեծերը նրանց չհիմարեցնեն»։

 

1993 թվական, ներկայացվում է 5000 դրամանոցը

Արամ Եսայան, դասախոս

Դրամի հետ առաջին հանդիպումը՝ 14 տարեկանում

«Ես հիշում եմ, որ հորս ընկերն ասում էր՝ ով կմտածեր, որ ծիրանի կիլոգրամը կդառնար մի ավտոմեքենայի գին՝ 6000 սովետական ռուբլի, որը համարժեք է մոտ 30 դրամին։ Պատկերացնու՞մ ես՝ մեր օրերի համեմատ ի՜նչ էժան էր։ Հիշում եմ, որ մարդիկ խանութներում դրամով առևտուր անելիս ամեն ինչ նույնացնում էին սովետական ռուբլու հետ ու այդ թվաբանութան արդյունքում անիծում էին իշխանություններին։ Հայրս ասում էր՝ սովետի ժամանակ, որ 1000 ռուբլի կողքի էր դրել ու մենք մտածում էինք, թե լուրջ խնայողություններ ունեինք։ Հիմա 5 դրամով ի՞նչ կարող ենք անել»։

հավելյալ նյութեր