«Բարև, ես եմ՝ ով սիրո՜ւն սիրո՜ւն»
Մեծ էկրան

«Բարև, ես եմ՝ ով սիրո՜ւն սիրո՜ւն»

Կաննի կինոփառատոնի Cannes Classics ծրագրում ցուցադրվեց Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմը․ 1966-ին այն ընդգրկվել էր փառատոնի մրցութային ծրագրում, այս անգամ ներկայացվել էր կինոնկարի վերականգնված տարբերակը։ Կարեն Ավետիսյանը պատմում է այս պատմական իրադարձության մասին։

Տեքստը՝ Կարեն Ավետիսյանի

 

Լուսանկարները՝ Կարեն Ավետիսյանի, Վիգեն Գալստյանի

#Կինո

 

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

 

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

Փառատոների պալատի ամենավերին հարկում՝ իսպանացի հանճար Բունյուելի անունը կրող դահլիճում ահագնացող թմբուկների զարկերն ընդհատեց Մարտին Վարդազարյանի փառահեղ շեփորն ու մեծ էկրանին գրվեցին հայ կինոյի համար «ես քեզ սիրում եմ»-ին համազոր նշանային բառեր «Բարև, ես եմ»։

 

Հայաստանի Ազգային Կինոկենտրոնը՝ լատվիական «Լոկոմոտիվ» ռեստավրացիոն ստուդիայի և հեղինակային կինոյի տարածման առաջատար MK2 ընկերության օգնությամբ և Կաննի կինոփառատոնի օրհնությամբ՝ Cannes Classic ծրագրում Գոդարի ու  Հիչքոքի,  Ռիդլի Սքոթի և Կուստուրիցայի կողքին 57 տարի անց Կաննում ցուցադրվեց Ֆրունզե Դովլաթյանի գլուխգործոցը՝ մինչ օրս միակ (խորհրդա)հայկական լիամետրաժ ֆիլմը, որ երբևէ հայտնվել է Կաննի կինոփառատոնի մրցույթային ծրագրում։

 

 

Ֆիլմ, որ խորհրդային թեպետ բազմամիլիոն, բայց փակ շրջանակից զատ, Կրուզետի ափին դիտել էին նաև առնվազն մեծ վիպագիրներ Անդրե Մորուան և Մորիս Ժընեվուան, նշանավոր դրամատուրգներ Մարսել Պանիոլը և Մարսել Աշնարը (վերջինիս նախագահությամբ տարիներ առաջ Արմավենին շնորհվեց Կալատոզովի թռչող կռունկներին) կամ օսկարակիր դերասաններ Փիթեր Ուստինովը և ժյուրիի նախագահ 32-ամյա Սոֆի Լորենը։ 

 

Դովլաթյանի ֆիլմի նույն պատվանդանին այդ տարի իրենց նոր ֆիլմերով ներկայացան Պիեր Պաոլո Պազոլինին և Օրսոն Ուելսը, Ժակ Ռիվետն ու Պիետրո Ջերմին, արևմտաեվրոպական հսկաներ Անջեյ Վայդան, Յեժի Կավելերովիչը և Միկլոշ Յանչոն, Դեյվիդ Լինը աշխարհին ներկայացրեց «Դոկտոր Ժիվագոն», իսկ Կլոդ Լելուշի «Տղամարդն ու կինը» արմավի ոսկե տառերով իրենց անունը գրեցին կինոյի պատմության մեջ։ 

 

Նույն թողարկման ընտրանիում էին տարբեր կինոալիքների առաջամարտիկներ Դուշան Մակավեևը և Ֆոլկեր Շլյոնդորֆը, կինոաշխարհը ճանաչեց Վանեսսա Ռեդգրեյվին, փառատոնի հոբելյանական մրցանակը  հանձնվեց Օրսոն ՈՒելսին։

 

Ասել է թե՝ մի պահ առաջադեմ աշխարհի հետ երկխոսում էինք գեղագիտական և մտավորական համընթաց հանգերով, որտեղ Վարդազարյանի շեփորը նույնքան տպավորիչ է, որքան Մայլսինը՝ Լուի Մալի ֆիլմում, Ջիգարխանյանը նույնքան հմայիչ ու խարիզմատիկ է, որքան Բելմոնդոն ու Ժան Պիեռ Լեոն, իր զուգընկերուհիները ոչ պակաս Ժաննա Մորո են կամ Աննա Կարինա, իսկ տերևաթափը, ռմբանման կարուսելների շնչակտուր պտույտը կամ մոսկովյան փողոցային հանճարեղ անցումները փչում են նոր ալիքների հովիկ զեփյուռով ու դե, իհարկե, տիեզերագիտության  ճառագայթների որոնման կայծերից և ջազային ակորդներից ճառագայթում է ծպտյալ էրոտիզմը և Դովլաթյանի դեդուկտիվ կոնտեքստավորումը, որը հավաքական վերհուշից քամում է առանձնացավի բեռը. «Դու ինձ չե՞ս հիշում, հիշու՞մ ես, պատերազմը...» կարծես հնչեն ինչպես «դու ոչինչ չես տեսել Հիրոշիմայում»՝ «Բարև, ես եմ»-ի ավագ խորթեղբայր «Հիրոշիմա, իմ սեր»  հանճարեղ ֆիլմից։

 

 

Հավաքական լուսանկարը խոշորանում է մինչև անհատ, իսկ ատլասը մինչև ազգ՝ ժանգոտ, պայթունավտանգ պարուրաձև դիալեկտիկ կարուսելի պտույտով հպվելով ներկային՝ «ազգի վիրավորված ինքնասիրություն, որն անցյալում ընչազուրկ է իսկ այժմ ձգտում է ինքնահաստատման»:

 

Ու պատմության ավերակների ու հիշողության խրամատների ամբերդյան կածանը անցյալը շալակած Արտյոմի հետ մեզ բերում է օրս՝ տապալված ամրոցի դիմաց կիսաքանդ, բայց կանգուն վանք ու քեֆչի Ջիվանու դեռևս անկատար մնացած մաղթանքներն իր երկրին՝

 

«Կստանաս համբավ, քիչ էլ սպասե,

 

Կուգա ժամանակ, ո՛վ սիրուն, սիրուն»:

 

հավելյալ նյութեր