Բարի հակառակ կողմը. «Կարևորը՝ խոսես հետները»
Ի՞նչ են զգում բարմենները, երբ հաճախորդը ցանկանում է ոչ թե տեկիլան՝ լայմով, այլ «մեկ գավաթ անուշաբույր սուրճը»՝ մտերմիկ զրույցով։ Որո՞նք են բարմենին ուղղված կախարդական բառերը, որ մին զարկի՝ ջարդի հազար նյարդային բջիջներ։ Եվ ինչպե՞ս գրավել բարմենի սիրտը։ Պատմում է Երևանի փորձառու բարմեններից մեկը։
Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի
ԵՐԵՎԱՆ #84 | 2024
Կոկտեյլ խառնող հոգեբանները
Մասնագիտություն, որ, թվում է, պիտի կապված լինի թթու, կծու, քաղցր համերի ու ալկոհոլի տոկոսային հարաբերության հետ, բայց բանից պարզվում է՝ ավելի շատ կապված է զրուցելու, մարդկային փոխհարաբերությունների ու դիմացինին լսելու անփոխարինելի հմտության հետ։
Բայց մարդիկ հիմնականում գալիս, նստում են բարի մոտ՝ խոսելու։ Նրանց համար ինչ էլ սարքես, դժգոհ չեն մնա։ Կարևորը՝ խոսես հետները։ Մեծ հաշվով, բարմենները նոր սերնդի հոգեբաններ են: Իսկ բարի մոտ նստողի ֆոտոռոբոտը կլիներ մոտավորապես էսպիսին. վերցնում ենք միջին վիճակագրական 30+ տարիքի տղամարդ, գումարում ենք հոգսեր, ընտանիք, երեխաներ ու վերջում համեմում վարկերով։ Կոկտեյլը պատրաստ է։ Ի՞նչ է, որ. մարդը վատ օր է ունեցել ու խոսելու կարիք ունի։ Մի բաժակ Կուբա լիբրեի հետ սիրտը բացելը հեշտ է։
Հարուստները նույնպես խոսելու կարիք ունեն
Մեկ-մեկ էնքան տարօրինակ մարդիկ են գալիս։ Տպավորություն ա՝ գալիս են հենց խոսելու, խմելն էլ դե հեչ, ձեռի հետ, զբաղվում են էլի։ Օրինակ՝ երկու օր առաջ մեկը եկավ, ասեց՝ «բարի օր, ախպերս, ինձ մի հատ «Կիլիկա»։ Ու մինչև ես կհասցնեի աչքս թարթել, հավելեց՝ «մեկ էլ 3 հատ BMW ունեմ»։ Գարեջուրը տալիս եմ, ասում եմ՝ «էս քո «Կիլիկիան», բայց էդ ասում ես, որ ինչ անեմ»։ Ինքն էլ թե բա՝ «բան չէ ախպերս, բայց 3 հատ BMW ունեմ»։
Հարուստներն ընդհանրապես սիրում են խոսել բարմենի հետ, նույնիսկ եթե մենակ չեն եկել։ Ընկերներին թողնում, նստում են բարի մոտ ու հետդ շատ անմիջական զրույց սկսում։ Տպավորություն է՝ հասարակ մարդու հետ հասարակ զրույցի կարիք ունեն։ Ընդ որում, էսպիսի մարդիկ միանգամյա այցելուներ չեն, հաճախ են գալիս։
Մեկ էլ շատ է պատահում, որ խոսում են, խմում, խոսում, խմում ու էլի խմում։ Դու էլ աչքդ չես հասցնում թարթել, ակամա տեղեկանում ես մի մարդու անձական կյանքից, ում դեմքը հերիք չի առաջին անգամ ես տեսնում, հետն էլ 15 րոպեից հաստատ մոռանալու ես։
— Ախպեր, դե էս քանի վախտը չէի կարում գամ, որտև կնիկս երեխեքին վերցրել փախել էր Ռուսաստան, ես էլ հետևներից էի գնացել։ Էդ գործերով էի խառը, էլի։ Իմանայի, որ սենց բան ա անելու, նո՞ր էի կնգաս պասպորտը ճղել։
Խմիչքը ոնց որ անձնական կյանքն անծանոթի առաջ բացելու կախարդական բանալի լինի։ Մի կում անում են թե չէ, վերջ: Ընդ որում՝ լեզուն մեկ-մեկ էլ պատահաբար է բացվում.
— Վայ, հորս արև, էս ինչ եմ խոսում։
— Ախպերս, կներես գործ էի անում, չլսեցի։
Բայց մտքումս՝ «հանգիստ շունչ քաշի, ախպեր ջան, հաշվենք՝ չեմ լսել»։
Մեկ-երկու, ու չես նկատում, որ բարմեն լինելը ոչ թե խմիչքների հետ աշխատել է նշանակում, այլ այցելուների հետ մի ողջ կյանք ապրել։
Բարը կյանքեր է կապում
Երկու սովորական հաճախորդ ունեի՝ մեկը տղա, մյուսը՝ աղջիկ։ Երկուսն էլ, իրարից անկախ, հաճախ գալիս էին բարի մոտ՝ խմելու։ Նկատել էի՝ օդում «սիրո քիմիա» կար։ Դե բարմենների կյանքում էլ, գիտես, ինչն է շատ՝ ծանոթանալն ու ծանոթացնելը։ Ինչ մեղքս թաքցնեմ, ես էլ հաճախ էնպես էի անում, որ իրար մոտ նստեն, շփվեն։ Ամեն ինչ շատ լավ էր մինչև այն պահը, երբ էդ աղջիկը կորավ, դե իսկ մեր Ռոմեոն ընկավ դեպրեսիայի մեջ։
Դարդերը սփոփելու հերթական օրերից էր, երբ ես ու Ռոմեոն մինչև առավոտվա 8-ը միասին խմեցինք։ Սիրտն էր բացել, ասում էր՝ «ձև չկա. ինքն էն աղջիկն ա, ում հետ ուզում եմ կյանքս կապել»։ Ես էլ նայեցի ժամին, ասեցի՝ «տան տեղը գիտե՞ս. դե գնացինք»։ Գուշակի՝ ի՞նչ։ Գնացինք մեր Ջուլիետի պատուհանի տակ՝ առավոտյան 8-ին սերենադ երգելու։ Դե ես էլ հո սաղ կյանքս բարմեն չեմ եղել։ Մի խոսքով՝ մեր սերենադը երգեցինք, ու էդ օրը Պրոսեոյի փականի օղակով Ռոմեոն առաջարկություն արեց Ջուլիետին։ Ամուսնացան։ Արդեն երեք տարի միասին են ապրում։
Բարը կյանքեր է փրկում
Բարում անցկացրածս հերթական օրերից մեկն էր, երբ բավականին ուրախ դեմքով մի երիտասարդ եկավ ու էդ երեկո մնաց՝ խմելու։ Ասեցինք, խոսեցինք, խմեցինք։ Ժամերը վազում էին, ու փաբն արդեն փակվում էր, բայց ինքը շարունակում էր խմել։ Երբ բոլորը գնացին, հանկարծ ասեց՝ «էսօր եկել եմ իմ վերջին բաժակը խմելու. էլ չեմ ուզում ապրել»։ Ասեց ու լացեց։ Երբեք չեմ մոռանա էդ օրը. ասում էր՝ «հետդ որ շփվում եմ, թվում ա՝ կյանքումս ամեն ինչ լավ ա, բայց հասկանում եմ, որ վաղուց ոչ մի բանն էլ լավ չի»։ Էդ գիշեր խոսեցինք էնքան, որ կյանքն էլ իսկականից մի քիչ քաղցրացավ։ Էդ տղեն հիմա ողջ ա, դեռ մեկ-մեկ գալիս ա՝ խմելու, բայց մտքով, որ խմած բաժակներից ոչ մեկը վերջինը չի լինելու։
Բարում բոլորը մերոնքական են
2010 թիվն էր, Հայաստան-Իռլանդիա խաղից հետո ամբողջ փաբը իռլանդացիներով էր լցված։ Ես էլ, ինչպես միշտ, գործերով էի։ Շատերին խմիչք հյուրասիրեցի, միասին խմեցինք։ Բոլորը գոհ ու երջանիկ էին։ Բարի մոտ մի իռլանդուհի էր նստած, երբ քյարթահայության ականավոր ներկայացուցիչներից մեկը եկավ, բազմեց կողքին, հետո մեծահոգաբար պառկեց էդ աղջկա աթոռին ու երևի փորձում էր անգլերեն թարգմանել «ծնողներդ գիտե՞ն, որ տանը հրեշտակ են պահում» երբեք պադվադիտ չանող արտահայտությունը։ Ես էլ բարի էն ծայրից տեսնում եմ՝ էդ աղջիկը նեղվում ա։ Հիմա աղմուկի մեջ գոռում եմ, ձեռով-ոտով փորձում էդ տղուն հասկացնել, որ «յան տա»։ Մեկ էլ պտտվեմ, տեսնեմ՝ ինձնից մի երեք անգամ մեծ իռլանդացիները, նկատելով, որ փորձում եմ փրկել աղջկան, հավաքվեցին շուրջներս ու մի նենց աղմուկով էդ տղուն միասնաբար հեռացրին տարածքից, որ հաճելիորեն զարմացել էի։ Առանց երկար-բարակ մտածելու՝ վստահել էին ինձ՝ մի մարդու, ով ընդամենը դրական վերաբերմունք էր ցույց տվել նրանց։
Բարմենների սիրելի կոկտեյլը
Նեգրոնին շատ բարմենների սիրելի կոկտեյլն է, իսկ բարմենները, գիտես չէ՞, սիրում են պատրաստել այն, ինչ իրենք էլ հաճույքով խմում են։ Նեգրոնին էլ հո պատահական խմիչք չի, կատարելություն ա՝ համը, հոտը, գույնը։ Ինքը՝ Գրաֆ Նեգրոնին դեռ էն ժամանակ ճիշտ էր ասում՝ «գազով ջուրը ու՞մ ա պետք, ջին ավելացրեք»։
Ներգրոնին» ոգեշնչում ա, ապրել ա տալիս, ստեղծագործել, մենակ խմելը չի։ Էս էն կոկտեյլն ա, որ հերիք չի իր անձնական շաբաթն ունի, մի հատ էլ անձնական թագավոր։ Թագավորը՝ Մաուրո Մահջուբը, որը ժամանակին Նեգրոնին փառաբանել ու տարածել ա աշխարհով մեկ, երկու անգամ եղել ա Հայաստանում, ես էլ հետը կոկտեյլ եմ սարքել…
Ի՞նչն է նյարդայնացնում բարմեններին
Բոլոր բարմենների մոտ մի բան ընդհանուր ու նյարդայնացնող է։ Երբ օրդ լավ ես սկսել, բարը մաքրել, պատրաստել ես, ու մեկը հանկարծ դանդաղ ականջիդ շշնջում է՝ «քո ճաշակով մի բան սարքի, էլի, ցավդ տանեմ»։ Ստեղ են ասել՝ դե արի ու բացատրի, որ քո անձնական ճաշակն ընդհանրապես կապ չունի բարի 27 տարբեր ջիների, 13 տեկիլաների, 46 ռոմերի ու առհասարակ թթու, կծու, քաղցր 876 համային միքսերի հետ։
Փոխարենը՝ որ գան, ասեն՝ «խմիչքներից ջին եմ սիրում, նախընտրածս համն էլ՝ կիսաթթու»։ Էդ ժամանակ, բա ո՜նց, իմ ճաշակով նենց համով բան սարքեմ, մատները հետը խմեն։