Հենց այսպես էլ ապրում ենք՝ ըստ Կովկասյան բարոմետրի
Կպատկերացնեի՞ք, որ հայաստանցիները որպես իրենց տան հարևան ամենաշատը չէին ուզենա տեսնել նույնասեռականների (25.4%), հետո միայն՝ թմրամոլների (24.1%) ու հանցագործների (18.5%)։ Պատմում ենք Կովկասյան բարոմետրի այս և բազում այլ կարևոր թվերի մասին, որոնց միջոցով կարելի է ավելի լավ ճանաչել մեր հասարակությանը։
Տեքստը՝ Սոնա Բալասանյանի
Գրաֆիկները՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամ
ԵՐԵՎԱՆ #75 | 2022
Սա վերաբերում է բոլորին
Քչերն են իրականությանը նայում հետազոտողի աչքերով։ Երբ հարևանից կամ ընկերոջից ու նույնիսկ լրատվամիջոցից ինչ-որ բան ես լսում, մի պահ կանգ ես առնում ու մտածում. «Բայց արդյո՞ք սա վերաբերում է բոլորին, արդյո՞ք սա ամբողջ հասարակության մասին է, թե՞ պարզապես տեսակետ կամ մասնավոր դեպք է»։
Հասարակության մասին հետազոտական տվյալներից չես դադարում զարմանալ։ Դրանք հանրության հետ «խոսում են» գիտությամբ հիմնավորված լեզվով՝ ցույց տալով, թե իրականում ով ենք մենք, ինչպես ենք տեսնում ինքներս մեզ, մեր իրականությունը, մեր առօրյան։
Այս հոդվածը գրված է շատ հետաքրքիր հետազոտության՝ Կովկասյան բարոմետրի տվյալների հիման վրա։ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստանը Կովկասյան բարոմետրն իրականացնում է 2004 թվականից։ Այս տարի Հայաստանում հարցմանը մասնակցել է 1648 հայաստանցի այնպիսի ընտրանքով, որը ներկայացնում է ամբողջ Հայաստանի պատկերը։
Ի՞նչ է մեզ պատմում Կովկասյան բարոմետրը
Պետության հետ մեր հարաբերությունները հեղափոխությունից հետո բավական դինամիկ են։ Օրինակ՝ կարծում ենք, որ ինքներս ենք որոշում մեր ճակատագիրը։ Միևնույն ժամանակ, մեր 67,7%-ը կարծում է, որ մարդիկ երեխաների պես են, ու պետությունը պետք է ծնողի պես հոգ տանի մեր մասին։ Հայաստանցիների ընդամենը 25,5%-ն է համաձայն, որ պետությունը (պետապարատը) մեր վարձու աշխատողն է, ու մենք պետք է տիրոջ նման վերահսկենք այն։ Այստեղ գուցե իր «գործն» է անում մեր խորհրդային անցյալը, որի փլուզումը, մեր 67%-ի կարծիքով, վատ իրադարձություն էր։
Մի քիչ էլ քաղաքականությունից խոսենք. ո՞նց կարող էր Հայաստանում որևէ զրույց չհանգել այդ թեմային։ Այս հարցում բոլորս շատ խառը մտքեր ունենք։ Հեղափոխությունից հետո բավական ակտիվ են քաղաքական թեմաներով քննարկումները։ Մեկ հանդիպում ես մարդու, որն ասում է՝ ամեն ինչ այնքան էլ վատ չէ, մեկ էլ ուրիշի, ում կարծիքով ամեն ինչ ուղղակի անտանելի վատ է։ Այս վերջինը մի փոքր բոլորս ենք, հատկապես՝ երկուշաբթի օրերին։
Ի՞նչ է իրականում մտածում հայաստանյան հասարակությունը
Ուրեմն, մեր 40%-ի կարծիքով՝ երկրի ներքին քաղաքականությունը սխալ ուղղությամբ է ընթանում։ Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո մարդկանց 67%-ը համարում էր, որ մեր ներքին քաղաքականության ուղղությունը ճիշտ է, ապա 2021-ին գրեթե վերադարձել ենք այնտեղ, որտեղից սկսել էինք. ներքաղաքական ուղղությանը հավանություն է տալիս հայաստանցիների ընդամենը 17%-ը (2017-ին այս ցուցանիշը 8%-էր)։
Նախորդ տարիների համեմատ մենք կորցրել ենք վստահությունը լրատվամիջոցների, կառավարության, Ազգային ժողովի ու դատարանների նկատմամբ։ Ավելի շատ ենք վստահում Մարդու իրավունքների պաշտպանին (հիշեցնենք, որ հարցման ժամանակահատվածում պաշտոնավարում էր Արման Թաթոյանը) ու Եվրամիությանը։ Լրատվամիջոցներն այս տարվա ամենաանվստահելի ինստիտուտն են՝ 69%-ը չի վստահում, ու Բարոմետրի պատմության մեջ առաջին անգամ է նման ցուցանիշ գրանցվում։ Անվստահության հիմնական պատճառներն այն են, որ, մեր կարծիքով, լրատվամիջոցներն ուզում են մարդկանց մոլորեցնել (34%), որ դրանք հետևում են որևէ քաղաքական օրակարգի (23%), կամ որ պարզապես «քլիքեր» են հավաքում սոցիալական հարթակներում (20%):
Հետաքրքիր է, որ մարդիկ սկսել են ավելի շատ վստահել քաղաքական կուսակցություններին (40%) (առողջապահական ու կրթական համակարգերից հետո), գուցե որովհետև համընդհանուր անվստահության ֆոնին որևէ նոր քաղաքական ո՞ւժ ենք փնտրում։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ օպտիմիստ ենք։
Նախկինների ու ներկաների մասին
Հայաստանցիները կարծում են, որ Լևոն ՏերՊետրոսյանի ժամանակաշրջանի հիմնական հաջողություններն Արցախյան առաջին պատերազմում հաղթանակը (20%) և Հայաստանի անկախացումն ու միջազգային ճանաչումն (15%) են։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակաշրջանի հիմնական հաջողությունը, ըստ 25%-ի, տնտեսական աճն էր։ Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանը, ըստ հարցվածների, գրեթե հաջողություններ չի բերել (54%)։ Իսկ Փաշինյանի ժամանակաշրջա՞նը. կոռուպցիայի նվազեցումը և Հայաստանին ժողովրդավար դառնալու հույս տալը հայաստանցիները համարում են հիմնական երկու հաջողությունները (10-ական %), բայց 54%-ը հիշատակում է պատերազմը տանուլ տալը։
Այս թվերից հետո զարմանալի չէ, որ հարցվածների կեսից ավելին կարծում է, թե մարդիկ պետք է մասնակցեն իշխանության դեմ բողոքի ակցիաների։ Միաժամանակ, 80%-ի կարծիքով քաղաքականությունն ու կառավարումն այնքան խճճված են, որ մեզ պես մարդիկ չեն կարող հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում։
Առհասարակ, մեր ընդհանուր մոտեցումներից ակնհայտ է, որ մենք հետպատերազմյան որոշակի ընկճված մթնոլորտում ենք. առաջին անգամ երկրում գլխավոր խնդիրը խաղաղության բացակայությունն է համարվել (42%)։ Չնայած դրան՝ մեր 78%-ը լավատես է ապագայի հարցում, բայց կարևոր է նշել, որ մարդիկ ավելի լավատես են իրենց անձնական ապագայի հանդեպ (73%), այն էլ՝ երբ ավելի երիտասարդ տարիքում են։ Դե իսկ 70%-նն էլ չի ցանկանում լքել երկիրը։
Արցախյան հարցը՝ ուշադրության կենտրոնում
Արցախյան հարցը մեր ուշադրության կենտրոնում է, բայց չունենք համընդհանուր համաձայնություն անվտանգության տարբեր համակարգերին անդամակցելու, մեր ինքնավարության, անվտանգության հետ կապված։ Զարմացած չեք, չէ՞։ Ռուսաստանի նկատմամբ մեր վստահությունը պարբերաբար ընկնում է. այն 2013 թվականի 83%-ից արդեն դարձել է 35%՝ 2021-ին։ ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցմանը կողմ է հարցվածների 29%-ը, Եվրամիությանը՝ 30%-ը, ԵԱՏՄ-ին՝ 26%-ը:
Կարևորը՝ հասկանալ
Հոգնեցի՞ք թվերից։ Էլ չենք տանջի, բայց այս ամենը Բարոմետրի 10%-ն էլ չէր։ Կարևոր է ոչ միայն կողմնորոշվել, թե որն է անձամբ մեր դիրքորոշումն այս կամ այն սոցիալական, մշակութային կամ քաղաքական հարցում, այլ նաև փորձել հասկանալ ամբողջ հասարակության տրամադրությունը։ Այս թվերը պետք է ուղենիշ լինեն թե՛ յուրաքանչյուրիս, թե՛ բիզնեսի, հասարակական կազմակերպությունների, պետական ինստիտուտների և քաղաքական դաշտի համար։ Իսկ ՀՌԿԿ-Հայաստանը խոստանում է պարբերաբար զարմացնել, տխրեցնել, ուրախացնել և երբեմն էլ առավոտյան սուրճի արարողության ընթացքում զբաղեցնել ձեզ հետաքրքիր տվյալներով։