Բարքեմփ 2022
Չկոնֆերանս

Բարքեմփ 2022

ԵՐԵՎԱՆն այցելել է 13-րդ երևանյան Բարքեմփը ու շփվել միջոցառման կազմակերպիչների հետ։

Տեքստը՝   Կարինե Տերտերյանի

 

Լուսանկարները՝  Արթուր Խաչատրյանի

 

ԵՐԵՎԱՆ #76 | 2022

#ՏՏ

Սկզբում այս միջազգային ֆորմատի միջոցառման մասնակիցները շաբաթ-կիրակիներին ինչ-որ գրասենյակում հավաքվում էին 50-60 հոգով ու մաթեմատիկայի բարդ խնդիրներից խոսում: Հետո գիտությամբ ու նորարարություններով խանդավառված՝ որոշ երկրներում Բարքեմփը դարձավ մեծ, կարևոր իրադարձություն։ Հայաստանում արդեն 2009-ից սկսեցին Բարքեմփի օրերին փափուկ, բրենդավորված T-shirt-ներ բաժանել ու հյուրընկալել տեխնոլոգիաներով հետաքրքրված մարդկանց: 2022-ի թողարկմանն արդեն կարելի է տեսնել պատանիների, որոնք այն հեռավոր 2009-ին դեռ տակավին մանուկներ էին։ Ոչ ֆորմալ, ինքնակազմակերպված (չ)կոնֆերանսի հայաստանյան պատմության մասին խոսել ենք Բարքեմփի կազմակերպիչներից մի քանիսի հետ։

 

Ելույթների ավանդական գրատախտակը

 

Նախապատմություն. «Փող տվեք՝ Հայաստանում փորձենք»

 

Գեղամ Վարդանյան. «Բարքեմփը սիրված է համայնքի կողմից»:

 

Արմեն Գրիգորյան. «Մենք երբեք չենք խնդրել մարդկանց, որ օգնեն»:

 

Ալեքսեյ Չալաբյան. «Մի քանի տարի առաջ դժվար էր մեզ կոմերցիոն հովանավոր գտնել, որովհետև մի բլոգեր գրել էր՝ «այ տեսե՛ք, սովորեցնում են գունավոր հեղափոխություն անել»։ Առաջին երկու տարին մարդիկ հուշտ էին լինում, հետո տեսան, որ ոչ մի կապ չկա դրա հետ, ու շատ բան փոխվեց»։

 

Մեդիափորձագետ, լրագրող Արթուր Պապյանն էլ հիշում է, որ 2008-ից է հետևում Բարքեմփերին: Առաջին անգամ Վրաստանում է մասնակցել միջոցառման այս ֆորմատին. «Գալիս է ժամանակ, երբ ինչ-որ բան դառնում է թեժ թեմա ու վիրուսի նման տարածվում: Հետո տարբեր ֆոնդեր, լրագրողական կազմակերպություններ այստեղ-այնտեղ Բարքեմփեր էին անում։ Գնացինք, տեսանք, հասկացանք, որ լավ բան է։ Այստեղ-այնտեղ ընկանք, որ գումար ճարենք Հայաստանում անցկացնելու համար, ի վերջո՝ Բաց հասարակության ինստիտուտը միակն էր, որ ընդառաջեց՝ ֆինանսավորեց։ Նույն տարին կոմերցիոն հովանավոր էլ գտանք, որն ընդամենը համաձայնեց ինտերնետ կապն ապահովել։ Ու առաջին Բարքեմփը կայացավ»։


Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ լրագրող Գեղամ Վարդանյանն էլ հիշում է Ուկրաինայի առաջին Բարքեմփյան փորձերն ու խոստովանում՝ նախանձում էին, որ Հայաստանում չկար. մտածեցին՝ ինչու՞ իրենք պետք է անեն, մենք՝ ոչ։ 

 

 

Գեղամ Վարդանյանն ու Սամվել Մարտիրոսյանը

 

Կոնֆերանս՝ առանց փողկապի

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի համար Բարքեմփի գլխավոր այցեքարտը ոչ ֆորմալ կազմակերպումն է. «Աշխարհի ամենավատ կոնֆերանսները լուրջ կոնֆերանսներն են։ Դրանց ընթացքում ոչ ոք իրականում բան չի պատմում, քանի որ շատ լուրջ է. մարդիկ վախենում են կոնկրետ բաներ խոսել։ Խոսում են շատ լուրջ դեմքով, լուրջ հագուստով, թիթիզ բեյջերով, բայց ի վերջո ոչինչ չեն ասում։ Բարքեմփում էլ այնքան ազատ են, որ հետո խնդրում ենք չհրապարակել նկարահանված տեսանյութերը: Կամայական լուրջ կոնֆերանսին մարդ չի կարող դառնալ ելույթ ունեցող, եթե կայացման փուլեր չի անցել, բացառությունը երևի միայն Գրետա Թունբերգն էր։ Բարքեմփին նախօրոք հայտարարված թեմաներ ունենք, բայց նաև գրատախտակ կա, որտեղ կամայական մարդ կարող է գալ, գրել,եթե ինչ-որ թեմայի շուրջ խոսել է ուզում։ Փաստացի ստացվում է այնպես, որ երիտասարդներին ոչ ոք չի ճանաչում, բայց հնարավոր է, որ թույն բան է հնարել, սարքել կամ պատրաստվում է սարքել։ Տվյալ անձն ունի նույն մեկնարկային հնարավորությունները մասնակցել (չ)կոնֆերանսին ու, միգուցե, իր ելույթն ավելի շատ մարդիկ լսեն, քան ինչ-որ լուրջ ձյաձյայի կամ տյոտյայի ելույթը, որը մի պահ իրեն կորցրել է ու թվում է՝ պետք է ներկայացնի իր կազմակերպության արդյունքները»։ 


Բացի դրանից Բարքեմփն անվճար է։ Այսինքն՝ մի կողմից կրթություն է, մյուս կողմից՝ կամավորություն: Կոմերցիոն ֆինանսավորման խնդիր ընդհանրապես չունեն. նախ՝ գտել են ընկերություններ, որ նվիրատվություններ անեն ու միջոցառումն «ինքնակազմակերպվել է», իսկ 2011-ից սկսած ընկերություններն են հովանավորելու ցանկություններով հասել Բարքեմփ: 


«Ով ուզում է, կարող է դառնալ խոսնակ,– ասում է տեխնիկական խորհրդատու Արմեն Գրիգորյանը,– կան հրավիրյալ հյուրեր, բայց գումար չեն պահանջում իրենց փոխանցած գիտելիքի համար: Մենք հոգում ենք իրենց ճանապարհի ծախսն ու կեցության վայր ենք ապահովում։ Բանախոսներին չենք սահմանափակում, միայն խնդրում ենք ինքնագովազդ չանել։ Բարքեմփը ձևավորված փոքրիկ համայնքում փորձի փոխանակման միջոց է: Ինչ-որ մեկն ինչ-որ լավ բան սովորել, օգտագործել է, գալիս պատմում է»։

 

 

Գոռ Էլչյանը

 

Ոտքերով գնահատում խոսնակներին

 

Գեղամ Վարդանյան. «Շատ ժողովրդական միջոցառում է»

 

Սամվել Մարտիրոսյան. «Ժողովրդի հետ, ժողովրդի համար»

 

Մարդիկ գալիս խոսում են, լսողներն էլ պետք է ոտքերով քվեարկեն. միջազգային ֆորմատն է այդպիսին։ Եթե բանախոսն անհետաքրքիր է, անլուրջ թեմա է, մասնակիցները լուռ կարող են հեռանալ լսարանից, մյուս լսարանում ավելի հետաքրքիր ինֆորմացիա գտնելու հույսով կամ միջանցքներում կարող են նոր բանիմաց ծանոթներ ձեռք բերել: Կարևոր է ոտքերով քվեարկելը, որովհետև այդ անկեղծ արձագանքի շնորհիվ բանախոսներն էլ տարեցտարի կատարելագործվում են։


Կարելի է ասել՝ Բարքեմփի չկազմակերպվածությունը կազմակերպվածություն է։ Ֆորմալ տեսակետից այստեղ կազմակերպիչը մասնակիցն է: Չկա ֆորմալ ինչ-որ նյարդային կազմակերպություն ֆիքսված թիմով, որը զբաղվում է միջոցառման անթերի կազմակերպմամբ: 


Ելույթները ձայնագրում են և հետո մոնտաժում, տարածում, որ էլ ավելի շատ մարդկանց համար հասանելի դառնան: Հաճախ երկու հետաքրքիր թեմա նույն ժամին է։ Մասնակիցը չի կողմնորոշվում՝ որը լսի, արդյունքում միշտ մեկը բաց է թողնում։ Հետո բաց թողածը հնարավոր է գտնել օնլայն։ Կազմակերպիչներից Գոռ Էլչյանի համար ամենահետաքրքիրն ու գրավիչն էլ այն է, որ մարդկանց ժխորի մեջ նույնիսկ շատերը գալիս, տեղում են պատրաստում իրենց ելույթներն ու նույն օրն էլ կարողանում են այն ներկայացնել:

 

 

Արթուր Պապյանը

 

Ովքեր եվ ինչու են գալիս

Յութուբյան ալիքում տեսագրված նյութերն ամեն ամիս 6-7 հազար դիտում ունեն։ Բարքեմփին միանում են 40 տոկոսից ավելի ծրագրավորողներ, մոտ 15 տոկոս IT մենեջերներ, 5-10 տոկոս մեդիադեմքեր, մնացածը՝ դիզայներներ, մարկետոլոգներ։ Այդ զարմանալի խառնուրդից մասնագիտական ու նորարարական բում է լինում: Այն ստեղծագործական բախումների շատ լուրջ հնարավորություն է: Կան ընկերություններ, որ այստեղ նոր գաղափար են քննարկել, նույնիսկ Բարքեմփում ծնված ընկերություններ կան: 
Արդեն քանի տարի է՝ Բարքեմփում մոտ 3000 մարդ է ներկա, ընդ որում մոտ կեսը նոր մասնակիցներ են: Հատկապես ՏՏ մեծ ընկերություններին բնորոշ է, որ աշխատակիցները կարող են իրար նույնիսկ չճանաչել, բայց ամենաչխոսկան ծրագրավորողներին անգամ կարելի է հանդիպել ու ծանոթանալ այս միջոցառմանը: 

 

Բարքեմփի հակառակ կողմը 

 

Արթուր Պապյան. «Մարդիկ այնքան շատ են գալիս-գնում, որ շոգ է լինում, իրենց հետևից էլ աղբ են թողնում» 

 

Գոռ Էլչյան. «Ավելի հարմար ու ընդարձակ տարածք չենք գտնում, որ Բարքեմփն էլ ավելի մասշտաբային դարձնենք»

 

Գեղամ Վարդանյան. «Երկար ժամանակ գրատախտակի մարկերով գրածը չենք կարողանում ջնջել» 

 

Կարծիք կա, որ մարդկանց մի մասը Բարքեմփ է գալիս, որ անվճար T-shirt-ներ ստանա ու ամենատարբեր տեխնոընկերություններից նվերներ վերցնի։ «Մարդիկ կան նույն տրամաբանությամբ կառավարություն են մտնում»,– կատակով նկատում է Սամվել Մարտիրոսյանը: Գեղամ Վարդանյան էլ կարծում է՝ մարդիկ նույն տրամաբանությամբ 4 տարի համալսարան են գնում։ Բայց այդուհանդերձ լավատես է. T-shirt-ներ տանելով՝ խթանում են հայկական տեքստիլ արտադրությանը։ 

 

Արբանյակ, NFT ու պայծառ ջահելներ

Այս տարվա (չ)կոնֆերանսին միջանցքներում հնարավոր էր հանդիպել ամենատարբեր մարդկանց. 12-13 տարեկան երեխաներից ու շփոթված ուսանողներից մինչև կայացած ընկերության հիմնադրի։ Արթուր Պապյանը զարմացած էր նոր սերնդով։ «Այս տարի ամենահետաքրքիր դեմքերը մինչև 15 տարեկան էրեխեքն էին, ոմանք մենակ էին, ոմանք էլ՝ ծնողների հետ։ Երևում էր, որ ոգևորված էին, հետաքրքրված, զարմացած։ Ապագան այդ ջահել տեխնոուղեղների ձեռքում է։ 


«Հայաստանը տիեզերքում» թեման այս տարի համընկավ խորհրդավոր հայկական արբանյակի թռիչքի հետ, որ շատ հետաքրքրեց բոլորին: Բիոտեխնոլոգիաներով էլ հետաքրքրությունը մեծ էր։ Ելույթներ կային նաև այլ թրենդային ուղղություններից NFT-ների ու կրիպտոյի մասին: Ռուսների մասնակցությունն էլ է նկատվել. կային քննարկումներ ռելոկացիայի մասին»։ 
Նախկինում հիմնական թեմաները ՏՏ-ն ու մեդիան էին, բայց արագ զարգացող աշխարհում հասկացել են, որ պետք է ևս մեկ քայլ առաջ գնալ։ 2019-ից որոշվել է՝ հայ-թեք թեմաներ ներառել։ Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող մեդիան ու ՏՏ-ն միաձուլվում են: «Ի՞նչ է անում Գուգլը. աշխարհի ինֆորմացիոն հոսքն է ապահովում, Ֆեյսբուքը մարդկանց օգնում է իրար մոտ զգալ, ինֆորմացիա տարածել, Յութուբը՝ ինֆորմացիոն հարթակ է, Այֆոնը՝ մեդիա սպառելու հեղափոխական գործիք։ Օրինակներն ապացուցում են, որ ՏՏ-ի ու մեդիայի միաձուլումը շատ մոտ է։ Այնպես չէ, որ մենք ենք հորինել։ Շատ հաճախ ՏՏ-Ն ստեղծում Է մեդիայի սպառման նոր միջավայր։ Փորձելով հետևել մեդիայի նոր զարգացումներին՝ Բարքեմփը դարձրել ենք մեդիայի և ՏՏ մարդկանց հավաքատեղի»,– վստահեցնում են կազմակերպիչները:

 

 

Բախտավոր 13-ը

 

Գոռ Էլչյան. «14-րդ Բարքեմփին կփորձենք էլ ավելի կազմակերպված դառնալ»

 

Սամվել Մարտիրոսյան. «13 տարի է՝ փորձում ենք ավելի կազմակերպված դառնալ» 

 

Հաճախ Բարքեմփին ոչ թե պրոֆեսիոնալ հետաքրքրությունից ելնելով են գալիս, այլ միջոցառումն արդեն դարձել է հոբբի։ Կազմակերպիչների համար կարևոր է համայնքն ակտիվացնել։ Ուզում են, որ մարդիկ ուրախ ու գոհ գնան՝ միջանցքներում նոր ծանոթներ ձեռք բերած: Ու քանի դեռ այդ ամենը տեսնում են, (մենք էլ) վստահ են՝ հաջողում են: 
Քանի որ սա 13-րդ Բարքեմփն էր, ֆեյսբուքում #LUCKY13 էին գրում, որ ոչ ոք, ոչ մի մտավախություն չունենար բախտավորության համար։ Ծրագրավորողները 0-ից են սկսում հաշվել, չնայած որ 13-րդն է, բայց ուրբաթ չէ, հետո 14-րդ տարին է. մի տարի բաց են թողել։