«Բեր քո սեփական պրոյեկտորը»
Արվեստ

«Բեր քո սեփական պրոյեկտորը»

Երևանը միացավ Bring Your Own Beamer (BYOB)՝ «Բեր քո սեփական պրոյեկտորը» համաշխարհային նախագծին։ hosq մշակութային հիմնադրամը նախաձեռնությունը ներկայացրեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքում։

Աղբյուր՝ hosq.co

#Արվեստ

BYOB-ը (Bring Your Own Beamer) յուրահատուկ ձևաչափ էր, նախատեսված վիզուալ արվեստագետների և երաժիշտների համար։ Այն մեկօրյա, ազատ և փորձարարական հարթակ էր, որտեղ յուրաքանչյուր մասնակից իր հետ բերել էր սեփական տեսաքցող սարքը (պրոյեկտորը) կամ ինստալյացիան՝ ներկայացնելու իր աշխատանքը հանրությանը՝ տեսանյութի, անիմացիայի, վիզուալի, VJ սեթի, մեպփինգի, AR-ի կամ այլ նորարարական ձևաչափով։

 

 

 

 

Միջոցառումն անցավ անմիջական, կենդանի և անակնկալներով լի մթնոլորտում։ Այն միավորեց տասնյակ արվեստագետների մեկ ընդհանուր տարածության մեջ՝ վերածելով այն մեծածավալ համատեղ ինստալյացիայի։ Այս ձևաչափը չուներ ցուցադրության դասական կանոններ․ չկային համադրողներ, ժյուրի կամ ընտրություն։ Սա պարզապես ստեղծագործական դաշտ էր, որտեղ յուրաքանչյուրն ազատ էր իր փորձերը ներկայացնելու և ուրիշների հետ գաղափարներ փոխանակելու համար։

 

Երևանում BYOB-ի թողարկման նախաձեռնողը եղավ արվեստագետ և երաժիշտ Միսակ Սամոկատյանը, որը 2011 թվականից աշխատում է ինտերակտիվ, կինետիկ և աուդիովիզուալ ինստալյացիաների ոլորտում։ Նրա գործերը ներկայացվել էին մի շարք միջազգային փառատոներում ու ցուցահանդեսներում, այդ թվում՝ True/False Festival (ԱՄՆ), Burning Man Russia, Moscow Biennale of Contemporary Art, Winzavod Centre for Contemporary Art (Ռուսաստան), Ուրվական Փառատոն, Հայ Արտ Մշակութային Կենտրոն և ՆՓԱԿ (Հայաստան)։

 

 

 

BYOB նախաձեռնությունը մեկնարկել էր 2010 թվականին՝ արվեստագետ Ռաֆայել Ռոզենդալի գաղափարով, և արդեն իրականացվել էր աշխարհի տարբեր քաղաքներում՝ Բեռլինում, Նյու Յորքում, Տոկիոյում, Սան Պաուլոյում, Լոնդոնում և Ամստերդամում։ Այժմ այս համաշխարհային շարժումը իր հաջող շարունակությունն ունեցավ նաև Երևանում։

 

 

«Սունդուկյանի թատրոնի տարածքը վերածվել էր կենդանի լաբորատորիայի, որտեղ տեխնոլոգիաներն ու արվեստը միաձուլվել էին մեկ հարթակում։ Մասնակիցների էներգիան, ազատ ստեղծագործական մթնոլորտը և հանդիսատեսի արձագանքը դարձան վկայություն, որ Երևանը լիովին պատրաստ է նման բաց ձևաչափերի։ Սա ոչ միայն ցուցադրություն էր, այլ նաև համայնքային փորձառություն», -նշել է hosq հիմնադրամի նախագծերի ղեկավար Շողակաթ Մլքե-Գալստյանը։

 

 

հավելյալ նյութեր