Բիբլիական Դավիթ. բարու աներկբա հաղթանակը
Օրենսդիր մարմին

Բիբլիական Դավիթ. բարու աներկբա հաղթանակը

Ինչպես Երվանդ Քոչարի քանդակը տեղադրվեց խորհրդարանի այգում՝ ի հիշատակ Հոկտեմբերի 27-ի ողբերգության զոհերի։

Տեքստը՝ Աշոտ Գարունց


Լուսանկարները՝ ԱԺ արխիվ, Արմենպրես, ֆոտոլուր

 

ԵՐԵՎԱՆ #69 | 2021

#ՕրենսդիրՄարմին

Ազգային ժողովի այգու թաքնված գանձերից մեկը Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթ» բրոնզաձույլ հուշարձանն է։ Այն կանգնեցվել է 2009 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Հայաստանի նորագույն պատմության ամենամռայլ իրադարձություններից մեկի տասներորդ տարելիցին։

 

 

Քանդակի բացման արարողությունը, 1999

 

Մռայլ աշնանային օր էր, երկինքն ամպամած էր, ծառերը՝ դեղնած: Բաղրամյան 19-ի այգին մարդաշատ էր։ Ռիմա Դեմիրճյանն ու Գրետա Սարգսյանն առաջին անգամ տասը տարվա ընթացքում իրենց մեջ ուժ գտան նորից մուտք գործելու Ազգային ժողով։ 1999 թվականի ոճրագործության զոհերից երկուսի՝ Ազգային ժողովի նախագահի այրին և վարչապետի մայրը գնացել էին այդ քայլին, քանզի առիթը հոկտեմբերի 27-ի հիշատակն անմահացնելն էր։ ԱԺ այգում ամենաբարձր պաշտոնատար անձանց ներկայությամբ բացվում էր Երվանդ Քոչարի կերտվածքը՝ «Բիբլիական Դավիթը» (ավելի ստույգ՝ քանդակի հնգապատիկ խոշորացված կրկնօրինակը)։


Իր խոսքում Կարեն Դեմիրճյանի այրին թերևս բացատրեց, թե ինչու է հենց այս քանդակն ընտրվել որպես հուշակոթող. «Քոչարն ականատես չի եղել այս դաժան իրողությանը, այդ արձանը զոհվածներին հատուկ չի նվիրել, սակայն այն իր մեջ պարունակում է այնքան ամփոփված վիշտ, խորը ցավ, կորուստ, որ ճիշտ տեղին է օգտագործվել: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը խոցեց ոչ միայն մեր սրտերը և թողեց անջնջելի չբուժող վերք, նա տատանեց մեր պետականության հիմքերը, պառակտեց մեր հասարակությունը, որի հետևանքները մինչ այժմ էլ կրում ենք»:

 

Իսկապես, քանդակը ստեղծվել է 1999 թվականի ահաբեկչությունից տասնամյակներ առաջ, բոլորովին այլ երկրում ու իրականությունում։ 1953 թվականն էր, Քոչարի փառահեղ փարիզյան տարիներն արդեն անցյալում էին, նա ընդամենը մի քանի տարի առաջ էր տուն վերադարձել կալանքից. ձերբակալվել էր 1941-ին, պատրվակներից մեկն այն էր, որ Սասունցի Դավթի առաջին արձանում «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի բարեկամ Թուրքիա...»։ Ճիշտ է, Քոչարը համեմատաբար լավ պրծավ, ընդամենը երկու տարի անց ազատ արձակվեց, բայց երկիրն իր շուրջ գրեթե չէր փոխվել։ Եվ ահա, 1953-ին մահացավ Ստալինը։ Նույն տարի, կարծես ի պատասխան դրան, ծնվեց «Բիբլիական Դավթի» գիպսե քանդակը։ Դավիթը, ինչպես հայտնի է Աստվածաշնչից, առաջին հայացքից թույլ, բայց անկոտրում բարությունն է, որ չի վախենում մենամարտի դուրս գալ չարի խորհրդանիշ Գողիաթի դեմ։ Եվ ի վերջո հաղթում է։


ԱԺ-ում հիշում են, որ «Բիբլիական Դավիթն» ընտրվել է միաձայն, հետո գաղափարը քննարկել են Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա  Դեմիրճյանի հետ: Նրանց դրական արձագանքն ավելի է ոգևորել մտահղացման հեղինակներին: Դուրս հանելով քանդակը զուտ աստվածաշնչային համատեքստից՝ կարելի է ասել, որ հուշակոթողն արտահայտում է սպանված պետական ու քաղաքական գործիչների անցած ուղին, որը նույնպես լի էր չարին դիմագրավելու, պետականության գաղափարներն իրագործելու վճռականությամբ:

 

«Բիբլիական Դավթի» բնօրինակը


Իր հերթին, քանդակագործի դուստրը՝ Լալա Քոչարը, շարունակում է միտքը. «Ժամանակակից աշխարհին, մարդկությանը սպառնացող մարտահրավերներից է ահաբեկչությունը, որը պետք է արմատախիլ արվի, ինչպես չարն առհասարակ: «Բիբլիական Դավիթը» խորհրդանշում է չարի և բարու հավերժ պայքարում բարու աներկբա հաղթանակը»։


«Բիբլիական Դավիթը» տեղադրելու միտքն ընդունվել է միանշանակ, սակայն երկար քննարկվել է, թե որտեղ այն կարելի է տեղադրել՝ ԱԺ այգու հատկապես ո՞ր հատվածում: Սկզբում ցանկացել են, որ այն լինի այգու կենտրոնական մասում, բայց քանի որ ԱԺ այցելող օտարերկրյա պատվիրակություններն այդ հատվածում գրեթե չեն լինում, որոշվել է տեղակայել վերջիններիս համար առավել տեսանելի վայրում, այնտեղ, ուր եղել է քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հեղինակած հուշաքարը՝ ժամանակին տեղադրված հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին:  Համալիրի ճարտարապետական լուծման հեղինակը Երվանդ Քոչարի որդին է՝ ճարտարապետ-դիզայներ Հայկազ Քոչարը:

 

Քանդակի լվացումը

 


Եվ ահա, ամեն տարի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի ղեկավար կազմը, պատգամավորները, աշխատակազմն ու հյուրերը ծաղիկներ են խոնարհում ոճրագործության զոհ դարձած պետական ու քաղաքական գործիչների՝ Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի, հայոց պետականության նվիրյալներ Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակին նվիրված հուշակոթողին: Քոչարի «Դավիթը» լուռ է, բայց նրա հայացքից հստակ երևում է՝ չարի և բարու պայքարը դեռ շարունակվում է, ու բարին անպայման կհաղթի։


Մինչ 1953 թվականի գիպսե քանդակն այժմ գտնվում է մասնավոր հավաքածուում և թաքնված է հանրությունից, դրա այս մեծացված տարբերակը մոտ ապագայում, երբ Ազգային ժողովի այգին բացի իր դռները բոլորի համար, կկարողանան տեսնել բոլոր ցանկացողները։

հավելյալ նյութեր