Բլուրի վրայի խաղողի այգին
Օրենսդիր մարմին

Բլուրի վրայի խաղողի այգին

Ինչպես կառուցվեց ներկայիս Ազգային ժողովի շենքը։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝ Մարկ Գրիգորյանի արխիվ, Արմենպրես

 

ԵՐԵՎԱՆ #69 | 2021

#Ճարտարապետություն #ՕրենսդիրՄարմին

 

Մարկ Գրիգորյան (1900-1978)

Ծնվել է Նոր Նախիջևանում։ 1928 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ճարտարապետության բաժինը։ 1937-1951 թվականներին եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, 1951-1978 թվականներին՝ Հայարդնախագիծ ինստիտուտի տնօրեն։ 1951 թվականին ղեկավարել է Երևանի գլխավոր հատակագծի նախագծումը, կազմել է Հրազդան քաղաքի 1961-1963 թվականների գլխավոր հատակագիծը։ Բացի Կոմկուսի Կենտկոմի շենքից մյուս նշանակալից աշխատանքներից են Հանրապետության հրապարակի «Արմենիա» հյուրանոցի շենքը (համահեղինակ՝ է. Սարապյան) և Միությունների շենքը, Մատենադարանի շենքը, Նախագահի նստավայրը (Բաղրամյան 26), Մարգարյանի անվան ծննդատան շենքը, Դերասանների բնակելի շենքը Մաշտոցի պողոտայում։

 

Մարկ Գրիգորյան կրտսերը

Վերջին հարյուրամյակում Խորհրդային, այնուհետև նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունն անցավ մի շարք դժվարություններով, և այդ ամենի ականատեսն ու անմիջական մասնակիցը քաղաքի կենտրոնից հեռու, մի բլուրի վրա գտնվող և խաղողի այգիների փոխարեն կառուցված շինությունն էր, որը մենք այսօր ճանաչում ենք որպես Ազգային ժողովի շենք։ Շինության անցած պատմության և ներկայի մասին ԵՐԵՎԱՆին պատմեց լրագրող Մարկ Գրիգորյանը՝ շենքի հեղինակ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը։

 

 

Լենինի հրապարակից հեռու

1947 թվական, ամառային մի օր, այդ տարիների Երևանի գլխավոր ճարտարապետ Մարկ Գրիգորյանը զանգ ստացավ։ Նրա հետ կապ էր հաստատել Հայաստանի ղեկավար Գրիգորի Արուտինովի օգնականը։ Ասաց, որ ղեկավարը նրան զբոսանքի է հրավիրում։


Շրջանցելով ամառանոցները՝ նրանք մոտեցան մի կիսադատարկ բլուրի, որի մի հատվածում խաղողի այգի էր տեղակայված։ Արուտինովը հենց այդտեղ էր պատկերացրել Կոմունիստական կուսակցության կենտկոմի ապագա շենքը և իր գաղափարի մասին հայտնեց Գրիգորյանին։ Ճարտարապետն էլ իր հերթին զարմացավ։ Նախ՝ այն ժամանակ Բաղրամյան պողոտայի տեղում մի նեղլիկ փողոց էր, որի երկայնքով ամառանոցներ էին կառուցվել, այն քաղաքի կենտրոնական մասից հեռու էր, Լենինի հրապարակը նույնիսկ չէր էլ երևում այդ կետից։ Ինչպե՞ս էր հնարավոր կառավարել ամբողջ հանրապետությունն այդ տեղից։ Բայց Արուտինովն ուզում էր ապացուցել, որ Կոմունիստական կուսակցությունը կարող է կառավարել երկիրը ցանկացած վայրից։


Այդպես էլ եղավ. Մարկ Գրիգորյանը սկսեց նախագծել շինությունը։ Ընդամենը երեք տարի անց շենքը պատրաստ էր, իսկ կենտկոմի աշխատակիցները՝ տեղափոխությունների մեջ։

 

Մարկ Գրիգորյանի էսքիզներից

 

Մարկ Գրիգորյանը (աջից)՝ շինհրապարակում


Բաց գույնի հմայքը

ԱԺ-ի շենքը մարմնավորում է այդ տարիների դասական ճարտարապետության լավագույն լուծումները՝ հիշեցնելով անտիկ ճարտարապետությունն ու ոճը։ «Այս շենքն ունի բաց գույնի քարի հմայքը, ու թեև Երևանն անվանում են վարդագույն քաղաք, նույն հաջողությամբ այն կարելի է անվանել տեռակոտայի գույնի քաղաք,- ասում է Մարկ Գրիգորյան կրտսերը,- պատկերացրեք ճարտարապետի հմտությունը, ով կարողացել է ստանալ ավանդական հունական ոճի մոնումենտալ շենք, որը սակայն ծայրից ծայր հայկական է։ Կասկածել, որ այդ շենքն ազգային է, մենք չենք կարող։ Դրանում է կայանում վարպետությունը»։

 

Տարիներ անց Ազգային ժողովի շենքը վերանորոգվեց։ Կառուցումից տասնամյակներ հետո պարզ դարձավ, որ կառույցն այլևս չի բավարարում աճող բյուրոկրատիայի պահանջներին, և 70-ականների կեսերին Կարեն Դեմիրճյանի նախաձեռնությամբ մեկնարկեց նոր շինարարություն։ Կառուցվեցին նիստերի դահլիճը, ճաշարանը, ավելացավ աշխատասենյակների քանակը։ Ստեղծվեց առանձին մուտք դեպի առաջին քարտուղարի սենյակ։ Դեմիրճյանի նախաձեռնած շինարարությունն ավարտվեց 1985 թվականին, իսկ երեք տարի անց պատմությունը լծակը վերցրեց իր ձեռքը։ Սումգայիթի ջարդեր, Արցախյան առաջին պատերազմ։ «Այս շենքն անցել է մի քանի ծանր իրադարձության, ժամանակաշրջանի և հասարակական կատակլիզմների միջով,- հիշում է Մարկ Գրիգորյանը,- այս երկրի վրայով անցնող ամպերն անպայման անձրևել են այս շենքի կտուրին»։ 


Խաղողի այգիների տեղը զբաղեցրած շենքում շարունակում էր գործել արդեն բավականին թուլացած կենտկոմը, իսկ Գերագույն խորհրդի նստավայրը Բաղրամյան 26-ն էր։

 


Ցեկայից՝ ԱԺ

Երբ որոշում կայացվեց պակասեցնել կենտկոմի ազդեցությունը, հարց առաջացավ, թե ինչ անել շենքի հետ, որն ուներ բոլոր հարմարությունները Գերագույն խորհրդի գործունեության համար։ Սակայն կոմունիստական կուսակցությունը ցանկություն չուներ հրաժարվել իր նստավայրից, և Գերագույն խորհրդին առաջարկվեց զբաղեցնել մեկ այլ շենք՝ ներկայիս Ամերիկյան համալսարանը (որը, ի դեպ, նույնպես նախագծել է Մարկ Գրիգորյանը)։ Այնուամենայնիվ, Գերագույն խորհուրդը տեղափոխվեց «ՑԵԿԱ-ի» շենք, որն էլ մի քանի տարի անց վերանվանվեց Ազգային ժողով։


Հաջորդող տարիներին այդ շենքը կրկին ականատես եղավ ողբերգական դեպքերի։ 1996-ին շենք մուտք գործեցին նախագահական ընտրություններից դժգոհ քաղաքացիներ, իսկ 1999 թվական հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը, երբ մի խումբ զինված անձինք սպանեցին իշխանության տարբեր անդամների։ Տարիներ անց նիստերի դահլիճը, որտեղ և տեղի ունեցան այդ դեպքերը, ամբողջությամբ փոխեց իր տեսքը՝ կարծես ցանկանալով մոռանալ եղածը։ Այն դարձավ ավելի հարմարավետ, ուղղանկյուն եզրերը դարձան կլորավուն։ Լրագրողներին էլ տեղափոխեցին ապակյա պատուհաններից այն կողմ։ Դահլիճը վերաբացվեց 2010 թվականին։ Նիստերի նոր դահլիճի հեղինակն Անահիտ Թարխանյանն է։ «Ճարտարապետական տեսանկյունից՝ քանի դեռ շենքի հիմնական տեսքը չի աղավաղվել և այդ բոլոր հավելումները հետևի կողմից են կառուցվել, ես խնդիր չունեմ»,- ասում է Մարկ Գրիգորյան կրտսերը։

 

Կերպարանափոխություններ

Սակայն այս տարիների ընթացքում եղան փոփոխություններ, որոնք Մարկ Գրիգորյանն այդպես էլ չընդունեց։ Ազգային ժողովի դիմաց գտնվող ջրավազանի արտաքին տեսքը, մեղմ ասած, փոփոխությունների ենթարկվեց, ինչը նա համարում է պարզապես վատ ճաշակի դրսևորում։ Պարոն Գրիգորյանի խոսքով՝ ընդամենը կես օրվա ընթացքում կատարված այդ փոփոխությունը որևէ կերպ չէր համապատասխանում Ազգային ժողովի շենքի կերպարին։ Ի սկզբանե այդ ջրավազանը նախատեսված էր հակահրդեհային համակարգ ապահովելու համար։ Դեռ մինչև 40-ականները յուրաքանչյուր տան մոտակայքում կամ նույնիսկ դրա տանիքում տեղադրվում էր ջրավազան, որից հրդեհի դեպքում հնարավոր կլինի օգտվել։ Նույն նպատակով նախագծվել էր նաև Ազգային ժողովի դիմացի ջրավազանը՝ պարզ, գետնի մակարդակին հավասար ջրային հայելի։ Բայց 2015-2016 թվականներին այն սալապատեցին, զարդաքանդակներ փակցրեցին կողերին, իսկ կենտրոնում թագանման մի մետաղյա զարդ տեղադրեցին։ Ճարտարապետի թոռան բողոքներն օգուտ չտվեցին՝ տեսքն այդպես էլ մնաց նույնը։


Այսօր ակնհայտ է, որ շենքը վերանորոգման կարիք ունի, պետք է փոխել փայտյա պատուհաններն ու մի շարք այլ աշխատանքներ իրականացնել։ Բացի այդ, տարիների ընթացքում աշխատասենյակները դարձել են իրարից բացառապես տարբեր ու երբեմն հակաէսթետիկ՝ արտահայտելով դրանցում բնակություն հաստատած յուրաքանչյուր անձի ճաշակը։ Ի դեպ, դեռ պապի կենդանության օրոք, Գրիգորյան կրտսերը նույնպես իր ներդրումն է ունեցել շենքի տեսքի համալրման գործում։ Ավելի ճիշտ, ոչ թե բուն շենքի, այլ դարպասին մոտ նախատեսվող ոստիկանական տնակի, որը մինչ օրս օգտագործվում է որպես մուտք։ «Դպրոցական էի, մի օր պապիկս եկավ տուն, սեղանին դրեց տնակի մի քանի տարբերակ և հարցրեց՝ որը կընտրեի։ Ես էլ ասացի, որ ոչ մեկը սրտովս չէ և կնախընտրեի երկու տարբերակների համադրությունը։ Մի թղթի կտորի վրա պատկերեցի ասածս տարբերակը և տվեցի նրան։ Եվ ի՞նչ։ Նա դարձրեց իմ նկարածը պրոֆեսիոնալ գծագիր ու հենց այդ տարբերակով էլ կառուցեց տնակը»,- հիշում է պարոն Գրիգորյանը։

 

 

Նախկին կենտկոմի շենքը և դիմացի ջրավազանը՝ իր նախնական տեսքով

 

Իշխանությունների նկատմամբ վստահության խորհրդանիշը

Ազգային շենքի հմայքի մի մեծ բաժին պատկանում է իրեն շրջապատող այգուն։ Տարածքում ժամանակին ջերմոց է եղել նաև, որտեղ աճեցվել են գեղեցկագույն մեխակներ։ Այս լուծումը խնայողական նպատակ ուներ՝ այլևս չկար կարիք պետական գումարները ծախսել ծաղիկ գնելու համար։ Անկախացումից հետո, երբ Գերագույն խորհուրդը տեղափոխվեց այդ շենք, խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշում կայացրեց այգին բացել քաղաքացիների համար։ Սակայն, շաբաթներ անց իրավիճակն անկառավարելի դարձավ։ Մի օր աշխատակիցները եկան և տեսան, որ շենքի մուտքի դիմաց դագաղ է դրված։ Պարզվեց՝ քաղաքում սպանություն էր տեղի ունեցել և սպանվածի բարեկամները, պահանջելով արդարություն, բերել դագաղն այդտեղ էին տեղադրել։ Մեկ այլ առիթով, շենքի առջև տեղաշորեր հայտնվեցին. մարդիկ կրկին բողոքում էին։ Արդյունքում՝ այգին նորից փակվեց։


Այգին կրկին բացվեց 2018 թվականին, բայց այսօր այն կրկին փակ է։ «Ես կողմնակից եմ, որ այգին բացվի, և մարդիկ կարողանան վայելել այն, քանի որ, ի վերջո, այն ստեղծված չէ միայն մի խումբ պատգամավորների համար. այգին բոլորինն է,- ասում է Մարկ Գրիգորյանը,- բայց այստեղ մի հանգամանք կա։ Այգու բաց կամ փակ լինելը դարձել է կառավարության նկատմամբ վստահության մակարդակի ցուցանիշ։ Քանի վերաբերմունքը լավն է, այգին բաց է, երբ վերաբերմունքը վատանում է, այգին կրկին փակում է իր դռները»։


Մնում է միայն հուսալ, որ մոտ ապագայում այգին նորից կդառնա հանրային վայր, իսկ ԱԺ շենքը չի լինի այդքան հեռու։

հավելյալ նյութեր