Եռացող կաթսայատունը
Դրսի փորձ

Եռացող կաթսայատունը

Ինչպես սիրիահայ Շանթը հայրենադարձվեց Երևան, բացեց ակումբներ, միացավ ակումբային կյանքի հեղափոխականների առաջին շարքերին, հետո կազմակերպեց լեգենդար Boiler Room-ի միակ հայաստանյան իվենթը։

Տեքստը՝ Էլեն Բաբալյանի

 

Լուսանկարները՝ Շանթ Գոչեանի արխիվ

 

ԵՐԵՎԱՆ #71 | 2021

#Ռեյվ

Հոբբին հաղթեց 

Սիրիայում պատերազմ սկսվելուց հետո դիջեյ Շանթը վերցրեց իր դիպլոմն ու ընտանիքի հետ եկավ Հայաստան: Ինֆորմացիոն համակարգերի մենեջմենթի բարձր որակավորում ունեցող մասնագետին պատմական հայրենիքը դիմավորեց վերապահումով: Երևանը, իհարկե, գրկաբաց ընդունեց նրան: Բայց աշխատանքի փնտրտուքը հեշտ չէր: 

 

Շանթը հանկարծակի պարզեց, որ առավելագույն աշխատավարձը չի գերազանցում չորս հարյուր դոլարը, իսկ դա անհարգալից էր ստացած կրթության նկատմամբ: Ու առաջացավ խիստ կենսական հարց՝ մնալ հայրենիքո՞ւմ, թե՞ տեղափոխվել աշխարհի այլ կետ: Ու քանի դեռ որոշում չէր ընդունել, Սիրիայի հոբբին հիշեցրեց իր մասին ու նա սկսեց ծանոթանալ Երևանի գիշերային երաժշտական կյանքին: Վերհիշեց իր դիջեյական պուլտն ու սկսեց նվագել հնարավոր բոլոր ակումբներում ու փաբերում: «Սկզբում ստանում էի հինգ հազար դրամ, հետո վեց հազար, յոթ հազար… աստիճանաբար բարձրացավ հոնորարս: Իմ նվագածը տարբերվում էր, երևի դա էլ հենց գնահատվեց: Բեքգրաունդս այլ էր, այստեղ սիրում էին դիփ հաուս, իսկ ես այլ պարային մյուզիք բերեցի»,- պատմում է Շանթը: 

 

 

Երկու տարի անց որոշեց հիմնել սեփական ակումբը: Նվագելու հրավիրում էր լոկալ դիջեյների, որոնք իր պես փորձում էին փոխել քաղաքի երաժշտական նախասիրությունները: «Պապարացին» սկզբում հանրապետության հրապարակում էր, հետո տեղափոխվեց Աբովյան փողոց՝ երևանցիներին լավ ծանոթ նախկին «ԷլենԱլենի» շենք: Գրեթե միաժամանակ ստեղծվեց երկրորդ ակումբը՝ «Բեյսմենթը», որն առավել փոքր, ընտրյալ զանգվածների համար էր: Եռահարկ շենքի վերևի հարկում էլ «Վերև» սրճարանն էր: 

 

Բիզնես նախագիծն ամենայն մանրամասնությամբ գծած մենեջերն անցավ գործի ու սկսեց հեղափոխել Երևանի գիշերային կյանքը: «2012-2014 թվականներին չկար այս ազատությունը, չկար ակումբ գնալու ու երաժշտություն լսելու մշակույթը: 2015-ի «Էլեկտրիկ Երևանի» ակցիաների ֆոնին ինձ անվանեցին Երևանի գիշերային կյանքում հեղափոխություն անող դիջեյ: Եվ դա մինչ օրս եղել է մեծագույն գնահատականներից մեկը»,- կարծում է Շանթը:

 

 

Երեք զավակ

Հիմա Շանթն ամեն ինչ գիտի գիշերվա քունը կորցրածների մասին: Ակումբ այցելողներին դեմքով է ճանաչում, նորեկների հայացքից հասկանում՝ ով կվերադառնա, ում է տեսնում առաջին ու վերջին անգամ: «Վեց տարի քլաբ պահելը հեշտ գործ չէ, ակամայից հոգեբան ես դառնում: Շատ են եղել իվենթներ, երբ ես եմ եղել ֆեյս քընթրոլ, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջանան»,- ասում է նա ու շեշտում, որ ակումբի կյանքում դիջեյից ոչ պակաս կարևոր է անվտանգության աշխատակցի դերը: 

 

Իր ստեղծած երեք նախագծերն ունեն հստակ դերաբաշխում՝ «Վերևը» երեսառած աղջիկն է, այստեղ գալիս են գեղեցիկ զգեստներով, խմում համեղ կոկտեյլներ: «Պապարացին» հավատարիմ զավակն է, ֆինանսական բոլոր խնդիրներն օգնում է լուծել: Իսկ «Բեյսմենթն» անառակ որդին է, որի հիմնադրման օրից երբեք շահ չի  ունեցել, շատ անգամ ծախսերը փակել է այլ եկամուտներով, բայց համառորեն շարունակել է պահել նախագիծը. «Ես «Բեյսմենթի» միջոցով մշակույթ էի զարգացնում, անդադար, անընդհատ: Ձևավորում էի ապագայի նայթ լայֆի կուլտուրան ու հավատում, որ կստեղծվի այն զանգվածը, որն ակումբ կգա երաժշտության հետևից, կիմանա տենդենցները, նախընտրած ուղղությունն ու ի վերջո՝ դիջեյներին»: 

 

 

Եռում ենք բոլորս

Ու մի օր էլ Հայաստանում Բրիտանական գրասենյակը որոշեց իրար գլխի հավաքել լոկալ արտիստներին, հնչյունային ինժեներներին ու վերապատրաստել նրանց: Անգլիական հայտնի Boiler Room հարթակից («կաթսայատուն», բառացի թարգմանությամբ՝ «եռացող սենյակ») մասնագետներ եկան, ծանոթացան մեր պոտենցիալի հետ ու ծրագրի ավարտին անսպասելիորեն որոշեցին Շանթի անառակ որդի «Բեյսմենթում» անվճար եռման երեկո անել՝ մաքուր սոցիալական ուղղվածությամբ մի իվենթ: 

 

Հայաստանում առաջին ու դեռևս միակ Բոյլեռումն իրականացնելու համար ունեին ընդամենը մեկ շաբաթ ու Բեյսմենթի յոթ հոգանոց թիմ: Բայց փոքր քաղաքում նման կարևոր միջոցառումը չէր կարող գաղտնի մնալ, ու վերջին երկու օրն այնքան մեծ էր հետաքրքրվածների քանակը, որ Շանթն առաջարկեց վերցնել մեծ տարածք՝ Տերյան փողոցում: Անցան Պլան Բ-ի: 

 

Կազմվեց քառասուն հոգուց բաղկացած լոկալ դիջեյների ցանկ, որից Boiler Room-ի Էմ-սի Միքայելն ընտրություն կատարեց: Ու 2019-ի ապրիլյան մի երեկո Հայաստանը միացավ համաշխարհային «կաթսայատանը»: Հազարից ավելի մարդ եկավ ու վայելեց էլեկտրոնային երաժշտություն: «Ի՞նչ մթնոլորտ էր ներսում» հարցին ի պատասխան Շանթը ժպտում է. «Այդ օրը ես ֆեյս քընթրոլ էի, քանի որ ինձնից լավ ոչ ոք չգիտեր մեր քաղաքի գիշերային մարդկանց: Ես ոչ ոքի չէի կարող վստահել այդ գործը, ու փաստացի մեր միակ Boiler Room-ը ես շատ-շատերի նման տեսել եմ Յութուբով»: Այս Boiler Room-ը չէր ներկայացնում Բեյսմենթը կամ Պապարացին, այն փաստացի Հայաստանի այցեքարտն էր էլեկտրոնային երաժշտության աշխարհ:

 

 


 

Երազանքների մասին

Էմ-սի Միքայելը հետո հարցազրույցներում ասել էր, որ Երևանում ստացել են ամենահաջող Boiler-ներից մեկը, մարդիկ անկաշկանդ էին ու անկեղծորեն վայելում էին երաժշտությունը: Փաստացի հիմքեր կան ստանալու էլեկտրոնային երաժշտության համաշխարհային կետերից մեկը: Ինքը՝ Շանթը, այդքան լիահույս չէ, մեկանգամյա իվենթներով բարդ է պահել ստատուսը. «Շարունակականություն չկա, փառատոները քիչ են, կախումը հովանավորներից ահռելի է»: 

 

Ակումբային կյանքում հեղափոխություն արած Շանթը դեռևս գոհ չէ արդյունքներից: Սակայն տասը տարի առաջ Սիրիայից հայրենիք եկած երիտասարդը հանձնվել չգիտի: Ու նրա երազանքներն իրականանալու հատկություն ունեն:    

հավելյալ նյութեր