ԲՈԼՈՐԻ ՏՈՒՆԸ. Rambalkoshe-ի արտ ռեզիդենտները
Ռելոկացիա

ԲՈԼՈՐԻ ՏՈՒՆԸ. Rambalkoshe-ի արտ ռեզիդենտները

ԵՐԵՎԱՆը գնացել էր Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարան՝ զրուցելու հիմնադիր, լուսանկարիչ Վահան Ստեփանյանի և այնտեղ արդեն մոտ մեկ ամիս ապրող Ռուսաստանից եկած երկու զույգի հետ։ Սոֆիան և Սաշան, Միշան և Զլատան պատմել են իրենց վերջին շրջանի իրականության մասին։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի


Լուսանկարները՝ Վահան Ստեփանյանի

 

ԵՐԵՎԱՆ #75 | 2022
 

Վահան Ստեփանյանն ասում է՝ եթե դառնում ես Rambalkoshe-ի ռեզիդենտ, ապա դառնում ես այդ տան տերը, բայց տունը շարունակում է ապրել իր կյանքով, առօրյան և իրադարձությունների շղթան չեն խախտվում։ Մարտի սկզբից Rambalkoshe-ը դարձել է Ռուսաստանից եկած Սաշայի, Սոֆիայի, Միշայի և Զլատայի տունը։ 

 

Բլինչիկ ու լեռնային փունջ 

Վերջին անգամ այստեղ եղել էի ԵՐԵՎԱՆի 10-ամյակի միջոցառման օրը։ Մարդիկ, խոսակցություններ, երաժշտություն, գինի... Իսկ այսօր՝ առավոտյան 11-ի մոտակայքում, Rambalkoshe-ում առաջին հայացքից մարդ չկա։ Թելիսը՝ տան պահապան շունը, դիմավորում է դարպասների մոտ ու տանում դեպի տուն։ Սենյակներից մեկում գտնում եմ Սոֆիային և Սաշային։ Սոֆիան արագ գալիս է խոհանոց, սեղանին դնում թարմ բլինչիկները, մուրաբան ու թեյը։ Ասում է, որ հատուկ մեր հանդիպման առիթով է պատրաստել, իսկ «Լեռնային փունջն» իր ամենասիրելի թեյն է դեռ նախորդ այցերից։ Այդպես նստում ենք Rambalkoshe-ի խոհանոցում, նախաճաշում և սկսում զրուցել։ 


Սոֆիան նախկինում Հայաստանում շատ է եղել, նվագել տարբեր միջոցառումների ժամանակ։ Այստեղ ընկերներ շատ ունի, նրանցից մեկի միջոցով էլ ծանոթացել է Վահանի հետ և հայտնվել Rambalkoshe-ում։ Սաշան Հայաստանում երբեք չէր եղել ու պատկերացում չուներ, թե որտեղ է գալիս, բայց ասում է, որ Երևանն իրեն իր մանկության քաղաքն է հիշեցնում. կլիման, ծառերը շատ նման են։ 

 

 

Կապույտ անձնագիրը 

Սաշան ծնվել է Իզմայիլում, որն Օդեսայի շրջանի հարավային քաղաքներից է։ Հետո երկար ապրել է Մոսկվայում և կապույտ՝ ուկրաինական անձնագիրը կյանքում չի խանգարել իրեն։ Բայց պատերազմի սկզբից լուրեր էին պտտվում, որ ուկրաինացիներին կալանավորելու փորձեր են արվում։ Հյուպատոսարանը լքել էր երկիրը. Մոսկվայում մնալն այլևս անվտանգ չէր։


Տխրությամբ հիշում են, որ այնտեղ են թողել Ստասին՝ իրենց կատվին։ Սաշան, ցույց տալով իրենց երեքի վերջին ընտանեկան լուսանկարը ճամպրուկների հետ, ասում է. «Նաև շատ իրեր ենք թողել, մեր սիրելի նվագարկիչը, հարյուրավոր վինիլային ձայնապնակներ՝ ամբողջ կյանքը։ Վերցրել ենք միայն շորեր ու աշխատանքային տեխնիկա»։ 


Սոֆիան սրճեփի մեջ ջուր է լցնում, դնում կրակի վրա, որ նորից թեյ պատրաստի ու ասում է, որ հիմա անհամեմատ հանգիստ է, բայց սկզբում այդպես չէր։ Հայաստան գալուց բարդություններ եղան։ Թռիչքի ժամանակ օդաչուն երեք անգամ հայտարարում էր, որ հիմա կթռչեն, դռները փակվում էին, բայց քիչ անց նորից բացվում, ներս էին մտնում ոստիկանները, սկսում հարցեր տալ։ Մինվոդիում Սաշայի անձնագիրը երկու ժամով վերցրել էին ու, եթե մյուս թռիչքը չուշանար իր ժամից, իրենք այն բաց էին թողնելու։ Հասնելուց հետո թռիչքի խուճապը փոխարինվեց ապագայի մասին մտքերով, բայց երկուսն էլ ասում են, որ այստեղ իրենց այնքան լավ ընդունեցին, որ այսօր արդեն իրենց զգում են այնպես, ինչպես իրենց տանը, հանգստացել են։
«Այստեղ, երբ հարցնում են՝ կարո՞ղ ենք օգնել, չեն ասում ուղղակի ասելու համար։ Նրանից է, որ դուք էլ ձեր փորձից գիտեք, թե պատերազմն ինչ բան է»,- վստահ է Սոֆիան։ 

 

Ծնողներին բերել Հայաստան

Սաշան օրվա կեսն անցկացնում է հեռախոսի մեջ։ Իր ծնողները հայտնվել էին հրետակոծության տակ և միայն մեկ շաբաթ անց հնարավոր եղավ նրանց էվակուացնել։ «Այս պահին կամավորների մոտ են ապրում Լեհաստանում։ Փորձում եմ իրենց փաստաթղթերը դասավորել, որպեսզի կարողանան մեկնել բարեկամների մոտ՝ Ռումինիա, որտեղից ավելի հեշտ կլինի հասնել Ուկրաինայի ապահով հատվածներ»։ 


Նրա խոսքով, միշտ էլ գիտեին, որ կա տարածքային կոնֆլիկտ, բայց այն տևում էր երկար տարիներ և արդեն սովորական երևույթ էր դարձել։ Դրա համար էլ շատ չէր հետևում նորություններին և կես օր ուշ իմացավ, որ հնարավոր էր այդ օրը էվակուացնել ծնողներին։ Սոֆիայի մայրիկն ու եղբայրը մնացել են Մոսկվայում։ Նրա հիմնական միտքն այս պահին այն է, որ պետք է շատ փող վաստակել և նրանց էլ բերել Հայաստան։ 

 

 

Նորից կառուցելու Ուկրաինան

Սոֆիան եռացած ջուրը թեյնիկի մեջ է լցնում, որ «Լեռնային փունջը» թրմվի ու ասում, որ դպրոցականների պես են զգում, ովքեր ուսումն ավարտելուց հետո մեկնել են ուրիշ երկրում այն շարունակելու։ Նրանք սկսել էին հանդիպել քովիդի համաճարակի ժամանակ և նախորդ աշնանն ամուսնացել էին։ Արդեն պատրաստվում էին տուն գնել, երեխաներ ունենալ, բայց եղավ պատերազմը, իսկ հիմա Rambalkoshe-ի խոհանոցում փորձում են պատկերացնել իրենց ապագան։ 


Հարցերի մեծ մասին են պատասխանում ու հետո ծիծաղելով պատմում, որ իրենց մոտ այդպես շատ է լինում, երբեմն նույն նախադասություններով կարող են խոսել։ «Մենք Ռուսաստան չենք վերադառնա,- ասում են երկուսով,- սկզբում ասում էինք, որ չենք վերադառնա մինչև չփոխվի կառավարությունը, բայց գնալով հասկանում ենք, այնտեղ շատ քիչ ադեկվատ մարդ է մնացել, բացի այդ, տնտեսությունը դեռ երկար պիտի վերականգնվի»։ 


Ներս է մտնում Միշան՝ տեսնելու, թե ինչ է կատարվում խոհանոցում։ Միշան, չնայած դեղին ներկված մազերին, արտաքնապես նման է տեղացու։ Զլատան, ով ներս է մտնում ամուսնու հետևից, ասում է, որ արդեն ավարտել են լուսանկարվելը։ Նրանք իմ հաջորդ զրուցակիցներն են։ Որոշում ենք տեղափոխվել ներսի սենյակներ ու այնտեղ շարունակել զրույցն արդեն իրենց հետ։ Սոֆիան ճանապարհելով ասում է՝ քննարկել ենք մեր ընկերների հետ. եթե պետք լինի գնալ և նորից կառուցել Ուկրաինան, մենք էլ կգնանք։ 

 

 

Ներքևի հարկ

Մինչ Rambalkoshe-ում բնակություն հաստատելը Սաշան ու Սոֆիան ծանոթ չէին ներքև հարկում հարկում ապրող Միշայի ու Զլատայի հետ։ Նրանց իրավիճակն այլ է. որոշել են վերադառնալ Ռուսաստան։ 


Միշան կողքի սենյակից բազկաթոռներ է բերում ու դնում դրանք պատին փակցված Դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» պաստառի մոտ։ Տեղավորվելով բազկաթոռների մեջ՝ սկսում ենք մեր զրույցը։ Ի տարբերություն Միշայի՝ Զլատան ընդհանրապես նման չէ տեղացու ու ինչպես պարզվեց խոսակցության ընթացքում, երևանցիները դա նույնպես նկատում են։ Միշան, վառելով ծխախոտը, հիշում է, որ սկզբում խուճապի մեջ էին, որոշել էին լքել երկիրը և այլևս չվերադառնալ։ Մի որոշ ժամանակ մտածելուց հետո որոշեցին դեռ երկու շաբաթով մեկնել, հանգստանալ, սթափվել ու մտածել։ Այս պահին վերադառնում են, որպեսզի անձնագրերը ստանան, վերցնեն կատվին, գուցե իրերի մի մասը տան բարեգործության, որ ամեն դեպքում շարժունակ լինեն։ «Մենք նույնիսկ օտարերկրյա անձնագրեր չունեինք, բայց Զլատան շատ անհանգիստ էր, որ ինձ կարող են զորակոչել բանակ, իսկ ես անհանգիստ էի նրա հոգեկան վիճակի համար»,- պատմում է նա։ 


Զլատան էլ շարունակում է, որ նաև անհանգիստ էր ինքն իր համար։ Վերջին շրջանում հակապատերազմական պաստառներ էր նկարում, մասնակցում ցույցերի։ Այն ժամանակ գուցե 15 օրով նստացնեին, իսկ այսօր այդ ժամկետն արդեն կարող է հասնել մինչև 15 տարի։ Երբ որոշում կայացրին մեկնել, Զլատան իր կուրատորին ասաց, որ մի որոշ ժամանակ չի գալու դասի, վախենում է ամուսնու համար, պետք է երկրից գնան։ Կուրատորն էլ ասեց, որ մի ընկեր ունի Հայաստանում, ով պատրաստ է իրենց ընդունել, լավ է գնան և այլևս չվերադառնան։ Այդ կուրատորը Վահան Ստեփանյանի ընկերն էր, ով ժամանակին եղել է Հայաստանում։ Նկարիչ է, որին հրավիրել էր ԹՈՒՄՈ-ն վարպետաց դասի համար։ Հետո նա եկել էր Rambalkoshe միջոցառման, որտեղ էլ ծանոթացել էին, երկար զրուցել և Վահանն իրեն առաջարկել էր գիշերել այնտեղ։ Նաև պատմել էր, որ տունն արտ-ռեզիդենցիայի ֆորմատի մեջ է և նա կարող է գալ, երբ ցանկանա, քանի որ այն արդեն իր տունն էլ է։ Արդյունքում եկան Միշան ու Զլատան։ 

 

 

Տուն ու տոն

Երկուսն էլ ասում են, որ երբեք չեն ցանկացել հեռանալ Ռուսաստանից, այն իրենց տունն է, իսկ տանը կարող է լինել և՛ լավ, և՛ վատ։ Մինչ Հայաստան գալը նրանք չգիտեին, որ այստեղ էլ է պատերազմ եղել։ Rambalkoshe-ի հավաքույթների ժամանակ մարդիկ իրենց պատմում էին տեղի ունեցածի մասին, կիսվում իրենց փորձով և դա շատ օգնում էր։ 


Մի պահ սենյակ է մտնում Վահանը։ Մինչ մենք զրուցում էինք, նա նաև հասցրեց նկարել Սոֆիային և Սաշային և արդեն պիտի գնար։ Նրան հրաժեշտ տալուց հետո հանգցնելով ծխախոտը՝ Միշան հիշում է՝ «Վահանն ինձ մի անգամ ասեց՝ քանի որ Հայաստանը փոքր երկիր է, այստեղ ցավն ու կորուստն էլ ես ավելի ուժեղ զգում»։ Այդ ամենից հետո Միշան իր համար որոշել էր ամեն օրը վերջին օրվա պես ապրել։ Ասում է՝ եթե վաղը լինելու է ապոկալիպսիս, ինչո՞ւ այս օրը տոն չդարձնենք։ Վահանի խոսքերից հետո ավելի շատ համոզվեց, որ պետք է վերադառնալ տուն. եթե ցանկացած հաջորդ օրը կարող է վերջինը լինել, ավելի լավ է այդ տոնը կազմակերպել տանը։


Միշայի աշխատանքը հեռավար է Ռուսաստանի ամենաշատ պատժամիջոցների տակ ընկած բանկերից մեկում։ Նա փորձում է այս ամենում դրական կողմեր տեսնել։ Այն, որ նոր պրոդուկտներ պիտի մշակեն, որոնք նախկինում Ռուսաստանում չեն եղել, քանի որ հիմա մնացել են միայնակ։ Որպես կերամիկայի մասնագետ՝ Զլատան աշխատում է ներառական վարպետարանում, որտեղ կան մտավոր առանձնահատկություններ ունեցող շատ մարդիկ։ Պատմում է, որ հիմա վարպետարանի համար շատ դժվար ժամանակներ են, հումքը չեն ներկրում, խանութները փակ են, մարդիկ չգիտեն ինչ է լինելու։ Դա է պատճառը, որ իրեն այդքան դժվար է Ռուսաստանից հեռանալ։ 


««Էխո Մոսկվայի»-ի Վենեդիկտովն ասում էր՝ պատմության դասագրքում ապրելը սարսափելի բան է։ Չգիտես ինչի վրա հույս դնես, նույնիսկ լավ լինելու հույս էլ չկա», ասում է Զլատան։ Բայց մի պահից հուսահատված տոնը մի կողմ դնելով՝ վստահ ձայնով ասում են, որ ամենամութ ժամը լուսաբացից առաջ է և նրանք չեն ուզում անվերադարձ գնալ Ռուսաստանից, որպեսզի տեսնեն այդ լուսաբացը։ 

 

 

Արտ ռեզիդենցիա 

Թեև Միշան ու Զլատան շուտով գնում են, բայց Սոֆիան և Սաշան դեռ կմնան այս տան տերերը։ 

 

Վահան Ստեփանյանն ասում է, որ ի սկզբանե Rambalkoshe-ի գաղափարներից մեկը հենց արտ ռեզիդենցիան էր։ Տարբեր ժամանակներում տունը պարբերաբար բնակիչներ է ունեցել։ Այսինքն՝ արտ ռեզիդենցիան տրամաբանական զարգացում է տան համար։ «Դեռ ֆորմալ հայտարարություն չէինք տվել։ Մտածում էինք, որ դեռ չունենք համապատասխան պայմաններ,- պատմում է Վահանը,- երբ մեր հյուրերը Ռուսաստանից եկան, առաջին օրն ուտելիք սարքեցինք, հրավիրեցինք իրենց ընկերներին ու մեր ընկերներին։ Այդ օրն էլ հասկացանք, որ մարդկային մակարդակում պատրաստ էինք ռեզիդենտներ ընդունելու»։ 

 

Զլատան իր պաստառներից մի քանիսը տպել կպցրել է Rambalkoshe-ի պատերին, Սոֆիան պարբերաբար նվագելու է տարբեր միջոցառումներին։ Rambalkoshe-ի արտ ռեզիդենտներն ինքնաբերաբար կանխորոշել են տան տրամաբանական շարունակությունը։ 

 

Վահանը վստահ է, որ շատ մարդիկ կարող էին գալ, շատերն են հիմա տուն փնտրում, այն էլ Կոմիտասում և անվճար, բայց բոլորը պատրաստ չեն նման ֆորմատով ապրել։ Բայց Rambalkoshe-ում հայտնվեցին մարդիկ, ովքեր արվեստի մեջ են այս կամ այն կերպով։

 

«Չեմ կարծում, որ դա պատահականություն էր, որ հենց արվեստի հետ կապ ունեցող մարդիկ են հայտնվել այս տանը։ Երևի կապ ունի քո անցած ճանապարհը, շրջապատը, ոնց ես նայում աշխարհին, որքանով է միտքդ ազատ»։
 

հավելյալ նյութեր