«Բոլորով սկսում ենք «Իլիկը» նորից»
Բացում

«Բոլորով սկսում ենք «Իլիկը» նորից»

2023 թվականին Երևանը հրաժեշտ էր տալիս հռչակավոր «Իլիկ» արտ-սրճարանին, որի հիմնադիր Անահիտ Սահակյանն ասում էր, որ այս անգամ այն այլևս չի վերաբացվի։ Բայց ահա, 2024-ի ապրիլին Հանրապետության 62 հասցեում իր դռները բացեց «Իլիկի» երրորդ ինկարնացիան։ ԵՐԵՎԱՆն արդեն եղել է սրճարանում ու շփվել դրա հիմնադրի հետ։

Տեքստն ու լուսանկարները՝ Մարիամ Ալոյանի

Անահիտ Սահակյան

 

 

Ես չէի պլանավորում մոտակա 2-3 տարին «Իլիկ» բացել ու մտածում էի, որ ընկերներիս հետ էդ «Քիմ Քի Ձուկ» սրճարանը կբացենք, ես մենակ չէի մնա, ընկերներս կօգնեին։ Բայց դա շատ դաժան կյանք ունեցավ՝ ընդամենը մեկ շաբաթ աշխատեց, քանի որ տարածքի սեփականատերը փոխվել էր, եկան ու մեզ հրավիրեցին դուրս, ու մենք ստիպված դուրս եկանք: 

 

Էդ ընթացքում մի տեսակ անձնական ճգնաժամ էր մոտս, չէի հասկանում՝ ինչ անեմ, որովհետև այսքան գործ էինք արել, շատ աշխատանք տարանք: Մտածում էի՝ ինչ եմ անելու, համ էլ կարոտում էի «Իլիկը», չնայած, որ սպառվել էի: Հասկանում էի, որ ամեն դեպքում չի հերիքում ո՛չ ինձ, ո՛չ շատ ընկերներիս, «Իլիկն» է պակասում․․․ Հասկանում էի, որ շատ ծանր բան եմ վերցնում ինձ վրա։ Հիմա էլ շատ վախենում եմ, չգիտեմ՝ կստացվի՞, թե չէ, բայց մտադրված ուզում եմ, որ այս անգամ լավ ստացվի:

 

 

Ես կուզեմ, որ մարդիկ չգան քայքայվելու, ինչպես անցած «Իլիկում» էր։ Կարծում եմ՝ դա պատերազմի հետ էր կապված, ու ես չկարողացա վերահսկել: Ուզում եմ մարդիկ գան իրար հետ շփվեն, համատեղ նախագծեր անեն, ավելի գործունյա դառնան, ոչ թե քանդեն ու քայքայեն իրենց կյանքը, չունեմ ոչ մի նախադրյալ, բայց մտադրված եմ, որ լավ ստացվի:

 

Երկու շաբաթ առաջ ենք գտել տարածքը, հազիվ ենք այսօր մի կերպ հասցնում բացվել: Բայց ես չեմ վախենում կիսատ վիճակներից, հակառակը սիրում եմ, որովհետև տարածքն է սկսում թելադրել: Այստեղ են հավաքվել բոլոր Իլիկասերները, բոլորով սկսում ենք «Իլիկը» նորից:

 

 

Ես ուզում եմ ասել, որ բոլորին սպասում եմ, չնայած կան մարդիկ, որոնց հետ դժվար էր նախկինում, բայց ամեն դեպքում, ես ուզում եմ էդպես սկսել նոր «Իլիկը»: Մեր շուրջ շատ անհույս վիճակ է, ներքին ապրումներն ու ֆունդամենտը փլվում է, բայց փլվող ֆունդամենտի վրա ուզում եմ շարունակենք ապրել ու իրար սիրել:

հավելյալ նյութեր