Գրքի տոնավաճառ․ ընթերցիր և հանգանակիր
Պատերազմի ժամանակ

Գրքի տոնավաճառ․ ընթերցիր և հանգանակիր

Երևանում անցկացվեց գրքի տոնավաճառ, որում վաճառված գրքերի եկամտի 50 տոկոսը կփոխանցվի զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։

Հոկտեմբերի 31-ին Երևանը լի էր գրքերով ու գրքասերների՝ գիրք գնելու պատրաստակամությամբ։ Նպատակը հայրենիքի պաշտպաններին օգնելն ու հայաստանյան հրատարակիչներից գիրք գնելն էր։ 

 

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Լուսանկարները՝  Հարություն Մալխասյանի

 

📕 📘 📙

Վերջին երեք տարիների ընթացքում գրքասեր երևանցիները հնարավորություն ունեին մասնակցելու իրական գրքի տոնի՝ ի դեմս Գրքի երևանյան փառատոնի, որն իրականացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Այս տարի ցավոք չորրորդ փառատոնը տեղի չունեցավ։ 2020 թվականին ամեն լավ բանից առաջ «չ» ժխտական կա և այս տարին մարտահրավեր է նետել բոլորին ու բոլոր ոլորտներին, այդ թվում և գրահրատարակչությանը։ 

 

Բնութագրությունը հասանալի չէ

Պատերազմը սակայն ստիպեց, որ գրքի սիրահարներն ու հրատարակիչները ևս ոտքի կանգնեն և աջակցեն հայոց բանակին։ Գրքի փառատոնին փոխարինելու եկավ գրքի մեկօրյա տոնավաճառը, որը ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ և մի շարք մարդկանց օգնությամբ հնարավոր եղավ իրականացնել հոկտեմբերի 31-ին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի քանդակների պուրակում՝ երևանցիների սիրելի կասկադում։ Գրահրատարակիչների առջև միայն մեկ պայման կար՝ տոնավաճառից ստացված հասույթի առնվազն 50 տոկոսը փոխանցել զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Զարմանալի չէ, որ տոնավաճառն ընդգրկեց 30-ից ավելի մեծ ու փոքր գրատներ և որոշ թանգարաններ ու գրադարաններ։ Նրանցից շատերը նույնիսկ վճռեցին հիմնադրամին փոխանցել հասույթը 100 տոկոսով։ 

 

Եղանակն ի դեպ հիանալի էր և մենք երկար շրջեցինք տաղավարներով, իհարկե, գրքեր գնեցինք և մի քիչ էլ ուսումնասիրեցինք գրահրատարակիչների տաղավարները, բազմաթիվ նոր տպագրված գրքեր հայտնաբերեցեինք, ծանոթացանք մեզ համար հայտնի ու անհայտ հրատարակչություններին։ Անտարես հրատարակչության տաղավարում, օրինակ, ներկայացվում էր «Վիշապաքարի գաղտնիքը» պատանեկան ֆենթըզին։ 

 

Բռնացեցրինք նաև ԿԳՄՍՆ գրականության ոլորտի հատուկ փորձագետ և գրքի երևանյան փառատոնի կազմակերպիչներից մեկին՝ Արմեն Սարգսյանին։ Ըստ նրա, գրքի տոնավաճառը ոչ միայն մշակութային իրադարձություն է, այլև հրաշալի սոցիալական նախաձեռնություն․ «Երկրում տևական ժամանակ համավարակով և ռազամական դրությամբ պայմանավորված իրավիճակի արդյունքում տուժել է նաև գրահրատարակչության ոլորտը։ Այս առումով տոնավաճառը հրաշալի հնարավորություն է ներկայացնելու գործող մեծ ու փոքր հրատարակչությունները, իսկ գրքասերներին էլ՝ տաղավար առ տաղավար ծանոթանալու դրանց, տեսնելու նոր հրատարակումները, գնելու դրանք տարատեսակ զեղչերով և ակցիաներով, դրանով իսկ հանգանակություն կատարել՝ օգնելով մեր հայրենիքի պաշտպաններին»։  

 

Մի խոսքով՝ ընթերցել նշանակում է հանգանակել։ 

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

 

Գրքի երևանյան փառատոնի և տոնավաճառի կազմակերպիչներից Անի Հակոբյանն էլ հիացմունքով է նշում այն փաստը, որ տոնավաճառն իրականացվել է առանց որևէ գումար վատնելու։ Գրքի այս տարվա փառատոնի համար նախարարության կողմից նախատեսված գումարը ևս ամբողջությամբ փոխանցվել է հիմնադրամին, իսկ տոնավաճառն ըստ Անիի հնարավոր եղավ իրականացնել մարդկանց բարի կամքի շնորհիվ։ Եկող տարվա ծրագրերն էլ ավելի մեծ են։ Անին վստահ է, որ հաղթանակից հետո գրքի փառատոնը ևս անպայման իրականացվելու է, բայց ոչ թե Երևանում, այլ արդեն հաղթանակած Շուշիում և Ստեփանակերտում։