Գրքի երևանյան միջազգային փառատոն 2026. ուղեցույց
Փառատոն

Գրքի երևանյան միջազգային փառատոն 2026. ուղեցույց

Սեպտեմբերի 4–6-ը Երևանում կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը։ Ծրագրում ընդգրկված է շուրջ 60 կազմակերպություն և 54 միջոցառում՝ գրքերի շնորհանդեսներից ու հանդիպումներից մինչև քննարկումներ, վարպետության դասեր և պոեզիայի ընթերցումներ։ Մասնակիցներ են ժամանելու 13 երկրից, իսկ գրքի տոնավաճառում հրատարակությունները վաճառվելու են 20–40% զեղչով։

Մանրամասներ փառատոնի մասին 

#ՔաղաքըԿարդումԷ

11 նոր գրքի շնորհանդես, որոնք արժե ունենալ գրադարակում

 

1. Ջոն Բերջեր, «Տեսնելու կերպերը»

Սեպտեմբերի 4, 16։00, Ազգային պատկերասրահ

20-րդ դարի արվեստի մասին ամենաազդեցիկ հանրամատչելի գրքերից մեկը՝ առաջին անգամ հայերեն։ 1972-ին լույս տեսած այս գիրքը ստեղծվել է Բերջերի BBC-ի համանուն հեռուստաշարի հիման վրա և դարձել վիզուալ մշակույթի մասին ամենաազդեցիկ հանրամատչելի աշխատություններից մեկը։ Յոթ էսսեներում Բերջերը քննարկում է, թե ինչպես են վերարտադրությունը, սեփականությունը, կանանց ներկայացումը արևմտյան արվեստում և գովազդը փոխում պատկերներ տեսնելու ու մեկնաբանելու մեր ձևը։ Փառատոնում կներկայացվի գրքի հայերեն հրատարակությունը։

 

2. Ուիլյամ Սարոյան, «Ամեն ինչ ընտիրից ընտիր է նորից»

Սեպտեմբերի 5, 15։00, Ազգային պատկերասրահ

Սա պարզապես Սարոյանի հերթական վերահրատարակությունը չէ։ Սքոթ Սեդրակյանի կազմած ժողովածուում ընդգրկված են 1933–1976 թվականներին ամերիկյան պարբերականներում լույս տեսած, բայց նախկինում հեղինակի գրքային ժողովածուներում չհայտնված պատմվածքներ։ Այսինքն՝ արդեն շատ լավ ծանոթ Սարոյանից՝ փաստացի նոր գիրք։

 

3. Ֆրենք Հերբերթ, «Դյունի մեսիան»

Սեպտեմբերի 5, 14։00, Ազգային պատկերասրահ

«Դյունի» երկրորդ վեպը՝ արդեն հայերեն՝ ճիշտ Դենի Վիլնյովի կինոեռապատման նոր մասի էկրաններ բարձրանալուց առաջ։ Եթե առաջին գիրքը կառուցում է Փոլ Աթրեյդեսի հերոսական պատմությունը, ապա շարունակությունում Հերբերթը սկսում է քանդել այդ առասպելը՝ պատմությունը դարձնելով իշխանության, կրոնի, մեսիականության և առաջնորդի պաշտամունքի մասին ավելի մութ գործ։

 

4. Սիմոն Աբգարյան, «Պենելոպե, օ՜, Պենելոպե»

Սեպտեմբերի 6, 11։00, Ազգային պատկերասրահ

Աշխարհը դեռ շարունակում է քննարկել Քրիսթոֆեր Նոլանի «Ոդիսականը», իսկ Երևանի Համազգային թատրոնի բեմում շարունակում է բեմադրվել ֆրանսահայ Սիմոն Աբգարյանի պիեսը, որտեղ Հոմերոսի Պենելոպեի պատմությունը տեղափոխում է ժամանակակից պատերազմական միջավայր։ Կենտրոնում Դինահն է, որը քսան տարի սպասում է պատերազմ մեկնած ամուսնու վերադարձին։ Պիեսը խոսում է սպասման, հավատարմության, պատերազմի թողած հետքերի և վերադարձի հնարավորության մասին։ Գրիք երևանյան միջազգային փառատոնում կներկայացվի պիեսի գրքային հրատարակությունը։ 

 

5. Ռուբեն Հախվերդյան, «Խոսքեր»

Սեպտեմբերի 4, 20։00, Ազգային պատկերասրահ

Հախվերդյանի երգերի տեքստերն ու բանաստեղծությունները՝ մեկ գրքում։ Շնորհանդեսը կանցնի հեղինակի հետ հանդիպման ձևաչափով՝ այս ցանկի ամենաքիչ «դասական շնորհանդեսային» ու ամենաշատ կենդանի հանդիպում հիշեցնող իրադարձություններից մեկը։

 

6. Արմեն Սարգսյան, «Բացակայություններ»

Սեպտեմբերի 5, 19։00, Ազգային պատկերասրահ

Բանաստեղծ Արմեն Սարգսյանի երկրորդ ժողովածուն։ «Բացակայությունները» կարևոր է հենց որպես այսօրվա հայկական պոեզիայի նոր հրատարակություն՝ միջազգային հյուրերի ու թարգմանական ծրագրերի կողքին ժամանակակից տեղական գրականությունը ներկայացնող շնորհանդեսներից մեկը։

 

7. Լիլիթ Ալթունյան, «Աղջիկը, որ թռչել գիտեր»

Սեպտեմբերի 5, 20։00, Ազգային պատկերասրահ

Լիլիթ Ալթունյանի նոր աշխատանքը տարբերվում է սովորական գրքից նաև ձևաչափով․ այն ներկայացվում է որպես տեսողական պատմություն, որտեղ պատումը կառուցվում է պատկերների միջոցով։ Դրա համար էլ շնորհանդեսը շարունակվելու է բեմում՝ «Փոքր թատրոնի» դերասանների մասնակցությամբ պերֆորմանսով։ Փառատոնի առավել փորձարարական գրքային իրադարձություններից մեկը։

 

8. «21-րդ դար. արձակ»․ չորս նոր գիրք

Սեպտեմբերի 5, 17։00, Հայաստանի պատմության թանգարան

«Անտարեսի» «XXI դարի արձակ» մատենաշարի նոր թողարկմամբ միանգամից չորս ժամանակակից հայ հեղինակ է ներկայացվում՝ Աշոտ Ստեփանյան, Մհեր Իսրայելյան, Հայկ Սիրունյան և Վահե Վայան։ Նոր գրքերն են Աշոտ Ստեփանյանի «Գիրք՝ հրաժեշտի փոխարեն», Մհեր Իսրայելյանի «Փոքր աշխարհի մեծ կատակները», Հայկ Սիրունյանի «Մարմինների վրայով» և Վահե Վայանի «Bonne-Nouvelle»։

 

9. Անի Չոբանյան, «Պատշգամբ»

Սեպտեմբերի 4, 14։00, Հայաստանի պատմության թանգարան

Անի Չոբանյանի անդրանիկ գիրքը սկսվել է երեք տարի առաջ՝ որպես Թումո կենտրոնու ստեղծագրության դասընթացի ժամանակ գրված պատմվածք երկու քույրերի մասին, որոնք իրենց սիրելի Երևանում նորովի բացահայտում են միմյանց։ Հետագայում պատմվածքը մեծացել է ու դարձել ամբողջական գիրք՝ հենց հեղինակի նկարազարդումներով։ Վերնագիրն էլ պատահական չէ․ պատշգամբը երկու քույրերի համար տան կարևորագույն վայրերից է և միաժամանակ՝ երևանյան կոլորիտի մասնիկ։ Գիրքը լույս է տեսել Edge Publishing-ի հրատարակությամբ։

 

10. «Իմ Շեկոյանը»

Սեպտեմբերի 4, 12։00, Հայաստանի պատմության թանգարան

Ժողովածուն հնարավորություն է տալիս Արմեն Շեկոյանին նորից դիտարկել նախևառաջ որպես բանաստեղծ։ Գիրքը հավաքում է նրա տարբեր տարիների պոեզիան՝ անձնական ու առօրյա թեմաներից մինչև այն ժամանակաշրջանի Երևանն ու Հայաստանի հասարակական փոփոխությունները, որոնց միջով անցել է հեղինակը։ Փառատոնում գիրքը ներկայացնում է «Ակտուալ արվեստը»։

 

11. Հրանտ Մաթևոսյան, «Կանաչ դաշտը»

Սեպտեմբերի 4, 16։00, Հայաստանի պատմության թանգարան

Հրանտ Մաթևոսյանի «Կանաչ դաշտը» գրվել է 1978 թվականին։ Պատմվածքը պատմում է մայր ձիու, նրա քուռակի և գայլի բախման մասին՝ միաժամանակ դառնալով մայրական բնազդի, վտանգի և ինքնազոհաբերության պատմություն։ 1992 թվականին այն լույս է տեսել առանձին՝ պատկերազարդ հրատարակությամբ, իսկ Book Fest-ում կներկայացվի հենց այդ տարբերակի նոր ֆաքսիմիլե վերատպությունը։

 

ՈՒՐԻՇ ԱՆԵԼԻՔՆԵՐ 

Book Talks

Փառատոնի առանձին բաղադրիչներից մեկը Book Talks-ն է՝ կարճ բանախոսությունների շարք լեզվի, գրականության ու թարգմանության մասին։ Այն կանցկացվի սեպտեմբերի 5-ին, ժամը 16։00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում։ Այս տարվա թեմային՝ լեզվին, համապատասխան՝ խոսակցությունները կպտտվեն այն հարցերի շուրջ, թե ինչպես է լեզուն ձևավորում գրականությունը, ինչպես են պատմությունները անցնում մշակութային ու լեզվական սահմանները, և ինչ հարաբերություն կա գրական ու կինոլեզվի միջև։ Բանախոսների թվում են Անահիտ Ղազախեցյանը, վրացի գրող Դաթո Տուրաշվիլին, ռուս գրականագետ Ալեքսանդր Չանցևը, հարավկորեացի գրող Լի Գում Ին, իրանցի արձակագիր Մորթեզա Բարզեգարը և կինոռեժիսոր Արամ Խաչատրյանը։

 

Երաժշտություն և պերֆորմանս

Book Fest-ը միայն գրքերի շնորհանդեսներով չի սահմանափակվում․ երեկոյան ծրագրում կան նաև թատերական, երաժշտական ու պոետիկ միջոցառումներ։ Սեպտեմբերի 4-ին, 19։00-ին, Ազգային պատկերասրահում փառատոնի պաշտոնական բացման շրջանակում կցուցադրվի Համազգային թատրոնի «Է» ներկայացումը՝ Վլադիմիր Նաբոկովի «Բառը» պատմվածքի հիման վրա։ Դրանից հետո՝ 20։00-ին, նույն վայրում կանցկացվի Ռուբեն Հախվերդյանի «Խոսքեր» գրքի շնորհանդեսն ու հանդիպումը հեղինակի հետ։ Սեպտեմբերի 5-ին, 20։30-ին, Ազգային պատկերասրահի կամարաշարի դիմաց կանցկացվի «Պոետիկ փոթորիկը»՝ Արամ Ավետիսի, Եր Կարի, Հասմիկ Սիմոնյանի, Համլետ Առաքելյանի և Նարեկ Կոսմոսի մասնակցությամբ։ Սա ավելի շուտ բացօթյա պոետիկ live է, քան դասական գրական ընթերցում։ Նույն օրը՝ 20։00-ին, Լիլիթ Ալթունյանի «Աղջիկը, որ թռչել գիտեր» գրքի շնորհանդեսը կուղեկցվի «Փոքր թատրոնի» դերասանների պերֆորմանսով։ Սեպտեմբերի 6-ին, 19։00-ին, Ազգային պատկերասրահում նախատեսված է նաև «Գիրք ծաղկանց» մնջախաղային ներկայացումը։

 

Մրցույթներ

Yerevan Book Fest-ի ծրագրում այս տարի երկու առանձին գրական մրցույթ կա՝ փառատոնի հիմնական մրցույթը և Սարոյանի անվան պատմվածքի միջազգային մրցույթը։ Փառատոնի հիմնական գրական մրցույթն անցկացվում է չորս անվանակարգում՝ արձակ, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն և պոեզիա։ Մասնակցել կարող էին 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները՝ հայերեն և նախկինում չհրապարակված ստեղծագործություններով։ Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողը կստանա 400 հազար դրամ։ Հաղթողների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 6-ին, ժամը 20։00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում՝ փառատոնի փակման արարողության ժամանակ։

Առանձին անցկացվում է նաև Սարոյանի անվան պատմվածքի միջազգային մրցույթը, որը Yerevan Book Fest-ի և Saroyan Foundation-ի համատեղ նախագիծն է։ Այն բաց է աշխարհի բոլոր երկրների 18 տարեկանից բարձր հեղինակների համար։ Մրցույթին կարելի էր ներկայացնել անգլերեն գրված կամ անգլերեն թարգմանված՝ մինչև 3500 բառանոց պատմվածք։

Սարոյանի մրցույթի հաղթողը նույնպես հայտնի կդառնա սեպտեմբերի 6-ի փակման արարողության ժամանակ։ Այստեղ մրցանակը դրամական չէ․ հաղթողը կստանա Վիլյամ Սարոյանի ստեղծած բնօրինակ նկար, որը մրցույթին տրամադրել է Սարոյան հիմնադրամը։

հավելյալ նյութեր