Գրքի երևանյան 6-րդ փառատոն․ ինչի՞ն ուշադրություն դարձնել
Բուքֆեսթ

Գրքի երևանյան 6-րդ փառատոն․ ինչի՞ն ուշադրություն դարձնել

Պաչյանի նոր ժողովածուն, ստալինյան բռնությունների մասին հուշագրության վերահրատարակումը, Տատյանա Տոլստայայի և Արմեն Զախարյանի հետ հանդիպումները, հայ պոեզիայի ժամանակակիցը, ժամանակավորն ու անժամկետը․ ԵՐԵՎԱՆն առանձնացրել է գրքի փառատոնի մի քանի ամենակարևոր միջոցառումները։ 

Տեքստը՝ Մարիամ Ալոյանի

 

Գրքի երևանյան 6-րդ փառատոնի ամոբղջական ծրագիրը

#ՔաղաքըԿարդումԷ

 

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

 

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

Գրքի 6-րդ փառատոնը տեղի կունենա մայիսի 25-27-ը՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Բուքֆեստն այս տարի ստացել է միջազգային կարգավիճակը, այնպես որ կլինեն նաև օտար հյուրեր: Փառատոնային ծրագրը հագեցած է շնորհանդեսներով, քննարկումներով, զրույցներով, հանդիպումներով ու համերգներով, որոնց բոլորի մուտքը, իմիջիայլոց, ազատ է: Եվ, ամենակարևորը, բոլոր երեք օրերին գործելու է 20-50 տոկոս զեղչ: 

 

Այս տարվա գրքի փառատոնի պաստառը ձևավորել է Վիլյամ Կարապետյանը

 

25.05 | 15:00. Վաչե Սարգսյան. «Ակեղդամա» գրքի շնորհանդես

Հովհաննիսյան ինստիտուտը  ներկայացնում է խորհրդահայ գրող Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» անտիպ գործի հրատարակությունը: Փառատոնում կներկայանցվեն այս եռահատոր վեպի առաջին երկու գրքերը՝ «Անկրկնելի պատմություն» և «Հավերժական սառածություն. Նամակներ Սոնյա Կարոլին»: Սիրանուշ Դվոյանը և Նարե Սահակյանը, որոնք ուսումնասիրել են վեպը, կներկայացնեն խորհրդահայ ճամբարային գրականությունը տարբեր կողմերից` անդրադառնալով վեպի տարբերակներին, հրատարակության խնդիրներին:

 

25.05 | 18:00 Հանդիպում Տատյանա Տոլստայայի հետ

Գրականագետ Լիլիթ Մելիքսեթյանը կզրուցի ռուս գրող, հրապարակախոս, մանկավարժ, լրագրող և գրականագետ Տատյանա Տոլստայայի հետ: Հեղինակի՝ «Նրանք նստել էին ոսկե պատշգամբում...» պատմվածքը մեծ արձագանք ունեցավ և ջերմորեն ընդունվեց թե՛ ընթերցողների, թե՛ քննադատների կողմից, ապա և ճանաչվեց 1980-ականների լավագույն գրական դեբյուտներից մեկը։ Կծավալվի քննարկում, հանդիսատեսը ևս կկարողանա ուղղել իրեն հետաքրքրող հարցերը:

 

 

25.05 | 19:00 Համերգ. Լավ էլի

Իհարկե, հավաքվել են գրքի սիրահարներ ու ընթերցողներ, որոնք սիրում են լսել նաև որակյալ երաժշտություն, ուստի փառատոնի բացման առաջին օրվա ավարտը կազդարարվի գուցե ամենասիրված հայակակն խմբի տրամադրությամբ:

 

26.05 | 14:00 Բանաստեղծությունը՝ բացված․ պոետիկ արտահայտման հետմիջօրե․ Շենոն Սալիվան և Յորղոս Կուտուվելաս | Վերսոպոլիս 

Փառատոնի միջազգային կարգավիճակի ևս մի դրսևորում․ այս, ինչպես պնդում են կազմակերպիչները, շատ գեղեցիկ միջոցառման հյուրերն են հայտնի բանաստեղծներ Շենոն Սալիվանը Գերմանիայից և Գիորգոս Կուտուվելասը Հունաստանից: Միջոցառման ժամանակ կընթերցվեն բանաստեղծությունները հայերեն, կլինի հարց ու պատասխան հանդիսատեսի հետ: 

 

26․05 | 16:00 Վահրամ Ալազան. «Տառապանքի ուղիներում» հուշագրության շնորհանդես

 

 

Ստալինյան բռնությունների լավագույն վկայագրություններից մեկը համարվող այս գրքում նկարագրված է ժամանակի դաժան մթնոլորտը, հատկապես մշակույթի ասպարեզում։ 1930-1950-ական թվականների բանտերի ու աքսորների սարսափը վկայագրած կարևորագույն այս գիրքը ժամանակին մնացել է անտիպ, և հրատարակվել միայն 1990 թվականին, բայց չափազանց շատ կրճատումներով, մկրատումներով, խմբագրումներով: 

 

Ներկա հրատարակությունը պատրաստված է հեղինակային մեքենագիր օրինակի հենքով, և, ըստ էության, ամբողջությամբ ու անխաթար հրատարակվում է առաջին անգամ: Հրատարակության է պատրաստել գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Նա էլ կներկայացնի գիրքը՝ գրողի դստեր, Հասմիկ Ալազանի հետ։ 

 

26.05 | 19:30 Հանդիպում Արմեն Զախարյանի հետ (Մեծ դահլիճում)

 

 

Գրականության մասին լավագույն ռուսալեզու պոդկաստներից մեկի՝ «Արմեն և Ֆյոդորի» հեղինակ Արմեն Զաքարյանն այս անգամ կխոսի հայ ու համաշխարհային գրականության մասին: Դասախոսությունից հետո ծավալվելու է ակտիվ զրույց, որը կվարի գրականագետ Լիլիթ Մելիքսեթյանը,  հարցեր կարող է հղելը նաև հանդիսատեսը։ Կարևոր հավելում՝ հանդիպման մուտքը առավելագույնը տասը տարվա հնության գրքով է․ հավաքված գրքերը կդառնան գյուղերից մեկի համար փոքրիկ գրադարան:

 

27.05 | 15:00 Մոգականություն և ռեալիզմ․ Մարիամ Պետրոսյան, Ալեքսանդրա Շալաշովա

Ժամանակին ռուսական գրականությունը ցնցած «Տունը, որում․․․» վեպի հեղինակ, երևանցի Մարիամ Պետրոսյանն ու ռուսաստանցի Ալեքսանդրա Շալաշովան կքննարկեն գրականության մեջ տեղ գտած  երկու ծայրահեղությունները՝ ռեալիզմն ու մոգականությունը: Հատկապես Մարիամ Պետրոյսանը հաճախ չի հանդես գալիս հանրության առջև, այնպես որ լավ առիթ է նրան լսելու (ինչպես նաև ծանոթանալու իր ռուսալեզու վեպի վերջերս լույս տեսած հայերեն տարբերակի հետ)։

 

27.05 | 16:00 Ժամանակակիցը, ժամանակավորը և անժամանակը պոեզիայում. Կարեն Անտաշյան, Հասմիկ Սիմոնյան, Մարինե Պետրոսյան

Ինչպե՞ս է ժամանակակից գրողը պահպանում իր ժամանակակից լինելն այսօր, որպեսզի տեքստը չդառնա ժամանակավրեպ, ասելիքը հին կամ անընկալելի: Ժամանակի ու տեքստի հարաբարեության, ժամանակի ազդեցության ու տեքստի կարևորության մասին կզրուցեն վերջին տարիներին հայկական պոեզիայի ամենավառ ներկայացուցիչներից երեքը՝ Հասմիկ Սիմոնյանը, Մարինե Պետրոսյանն ու Կարեն Անտաշյանը: 

 

27.05 | 18:00 Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» գրքի շնորհանդես | Էջ

 

Գրեթե երեք տարվա դադարից հետո Արամ Պաչյանը ընթերցողին է հանձնում նոր գիրք՝ «Եթե սա գրող է»: Գրքում տեղ են գտել վերջին տարիներին գրված ստեղծագործությունները. էսսեներ, պատմվածքներ և այլն: Բովանդակության կարևոր կետերն են Արցախյան 1-ին և 2-րդ պատերազմները, երկրաշարժը, համավարակը, Երևանի և առհասարակ ուրբանիստական հիշողությունը հեղինակի ընկալմամբ։ Գրելու արվեստի, լեզվական փոփոխությունների գրող լինելու ու ասելիքի մասին կպատմի հեղինակը:  

 

Գիրքը կվաճառվի քսան տոկոս զեղչով: 

 

19:00 Գրական մրցույթի ամփոփում (Մեծ դահլիճում)

Ամենամյա մշտական ամփոփումը: Հեղինակներն արդեն ժյուրիին են ներկայացրել իրենք ստեղծագործությունները՝ արձակ, պոեզիա, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն: Փառատոնի ավարտը կազդարարի մրցանակաբաշխությունը, կհնչեն այս տարվա հաղթողների անունները: Իսկ հաջորդ փառատոնին, գուցե արդեն ներկայացվեն այդ հաղթող աշխատանքները՝ հրապարակված վիճակում։ 

հավելյալ նյութեր