Բոտեռոր. երեք հաստլիկ՝ չհաշված հեղինակին
Գրողը տանի

Բոտեռոր. երեք հաստլիկ՝ չհաշված հեղինակին

Արձակագիր Արմեն Օհանյանը հիշում է, թե ինչպես մեկը մյուսի հետևից Երևանի կենտրոնում հայտնվեցին Ֆերնանդո Բոտերոյի երեք աղմկահարույց քանդակները:

Տեքստը՝ Արմեն Օհանյանի


ԵՐԵՎԱՆ #27 | 2014

 

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

 

Ֆեռնանդո Բոտեռո, ինքնադիմանկար

Հաստլիկ 1

Ասես մեր միջով անցավ էդ Սև կատուն՝ առաջին բոտեռորիստը, որ Երևան եկավ ու մեր վարդագույն քաղաքի սրտին ծանրացավ իր մի տոննա քաշով: Տեսանք՝ տեղը չբերեցինք: Մեր իմացածներից չէր. Աստծու թաշկինակի նման չէր, գող փիսոն էլ չէր, ոչ էլ մի մութ անկյունում նստած ունքերը կիտածը, էն մեկն էլ չէր, որ ժամանակին ճոն էր ու անգամ վանեցի չէր: Կարճ ասած, հաստատ հայ կատու չէր ու դժվար լիներ հայ ժողովրդի մեծագույն բարեկամ: Դրսի ծանոթ չաղ կատուներին փորձեցինք հիշել. չեշիրյան ժպիտ չուներ, քիփլինգյան շարժուձև՝ նույնպես, պուշկինյան ոսկե շղթայի վրա ման եկողին հեչ նման չէր, ասեցին՝ սատանան գիտի, երևի բուլգակովյան Բեգեմոտն է, բայց սրամիտ կատվի տեսք չուներ: Մի խոսքով՝ կյանքում բոտեռորիստ չտեսած երևանցու համար անծանոթ, անկապ-անդասակարգ չաղ կատու էր: Բայց մի օր, երբ սրա նմանակին հեղինակի հայրենի քաղաքի հրապարակից գողացել տարել էին, միջազգային լրահոսից շատերս իմացանք, որ էս կատվի գինն ու քաշն իրար համապատասխան են, ու էդ գումարային ծանրակշիռ փաստարկն էնքան համոզիչ թվաց քաղքենուն, որ սևն աչքին ոսկեգույն երևաց, կատուն էլ՝ առյուծ, ու բոլորն իրենց պարտքը համարեցին ծառ տնկել, տուն սարքել ու տղա ունենալուց զատ՝ կատվի հետ նկարվել: Բոտերոն մեր կողմերում երրորդ ճանաչված կոլումբիացին դարձավ՝ Շակիրայից ու Գարսիա Մարկեսից հետո:

 

 

Հաստլիկ 2

Կատվակրքերը դեռ չմարած՝ մի հռոմեացի զինվոր բոտեռորիստ էլ հայտնվեց: Անգամ մակեդոնացու զորքը վախեցավ մեր լեռների բարձրությունից, իսկ սա հազարամյակներ անց, եկավ գրավեց Կասկադի բարձունքը, տռուզ ու փքված, բայց նաև զինված, ամոթ-աբուռը կորցրած՝ դիրքավորվեց Մայր Հայաստանի փեշերին: Ժամանակին սրա նմանները քանդեցին Տիգրան Մեծի ծովից ծովը, հետո էլ որդու՝ մեր գրող թագավոր Արտավազդի գլուխը կերան, ու թե խորանանք՝ շատ-շատ պատմանցքերից լիքը կեղտ կհանենք ու դեմքին կշփենք: Հարցը փողը չի: Հռոմեացի զինվորը հայի հերոսը չի եղել երբեք, ոչ էլ պաշտպանն ու դարավոր բարեկամը. ոչ մի Խաչատուր չի գրել՝ «օրհնվի էն սհաթը, երբ հռոմեացու ոտը…»: Բայց էս անգամ էլ կռիվը չթեժացավ, քանի որ մինչ էդ՝ սեռահասուն տարիքի ոչ մի տղամարդ-քանդակ, ճուճ-պլորը բաց, քաղքի մեջ կանգած չկար: Հռոմեացու եղած-չեղածն իր մարմնի չափերի համեմատ պստիկ էր, ու մեր սեռաքաղց նաֆարը նայեց-նայեց, ուրախացավ՝ համեմատելով իր ունեցածի հետ, ինքնահաստատվեց ու մերվեց: Ասում են՝ բացման օրը մեկը կատակել էր, թե՝ բանից բռնես, խեր է, ու էս փոստը բերնեբերան տարածվեց, արդյունքում՝ հռոմեացու պուպուլն էնքան քաշքշեցին, որ հիմա մաշվել ու պլպլում է: Կարճ ասած՝ մի կողմից հարազատ մի բան կար մեջը՝ կերած-խմած տղու տեսք ուներ, մյուս կողմից էլ՝ պարզվեց՝ խեր է, ու հին հաշիվները մոռացվեցին: Հիմա Հռոմն արդեն կայսրություն չի, անցած-գնացած պատմություններ են, ինքն էլ թուրք չի, եվրոպացի է, ուրեմն՝ թող կանգնի:

 

 

Հաստլիկ 3

Երրորդ բոտեռորիստն էր, որ վերջնականապես բացեց մեր աչքերը, ու մենք վերջապես հասկացանք, որ սենյոր Ֆերնանդոյի հաստլիկները արևմտյան մութ ուժերի կողմից ներդրված ծպտյալ մշակութային ռումբեր են՝ հուշարձանացավից տառապող մեր քանդակագործության համար վտանգավոր՝ անգամ իրենց չափուձևի առումով: Ծխող կնոջ անպատկառությունից վարդագույն քաղաքի թշերն ու ականջները կարմրեցին: Մի քաղաքում, ուր, ընդհանրապես, կնոջ մերկ արձանները հատուկենտ են ու այլաբանական՝ «Սպասում», «Մեղեդի» խոսուն անուններով, կատարվածը չտեսնված բան էր, էլ չասած, որ ոչ մի կին-արձան անուն-ազգանուն չունի (ոչ մի արվեստագետ, գիտնական, մտավորական, հասարակական-քաղաքական կամ պատմական գործիչ կին Երևանում արձանացման դեռ չի արժանացել): Ու սկսվեց: «Ա՜խ, — ասեցին բոտեռորի կողմնակիցները, — որ ամեն գեղամեջում մի տկլոր ծխող աղջկա արձան դրվի, Հայաստանում մշակութային հեղափոխություն կլինի»: «Վա՜խ, — ասեցին բոտեռորից ահաբեկվածները, — հարիր չի՛, սիրուն չի՛, հայեցի չի՛, սեքսի չի՛»: Էդ բրոնզե ճարպը մեզ էլի բաժանեց ընդդիմության ու ոչ ընդդիմության, և սեպ խրեց ազգիս միջև: «Ա՜յ, — ասեցին ծխող կնոջ երկրպագուները, — ոնց կուզենք բոլոր հրապարակներում, չէ, ամեն կանգառում, ամեն այգու ծառութփի տակից աղջիկ թե տղա, ջահել ու ահել լիքը տկլոր, չաղ ու բախտավոր արձան լինի՝ պառկած, կանգնած, չոքած, պպզած, ինչ ուզես անելիս, թեկուզ ծխել, պարել, գլուխկոնծի տալիս, ու թող մեկն իր բրոնզե հետույքով, մեկն իր մարմարի ծծերով, մեկն էլ իր բազալտե ձվերով հունից հանեն քաղքենուն»:

 

«Վա՜յ, — հակառակվեցին նամուսով արվեստասեր-ու-գետները, — հարցը ծիծը չի, ծիծ ինչքան ուզես մենք էլ ենք քանդակել, ոչ ծծմեռ ենք, ոչ էլ ծծկեր, բայց էդ պահվածքի քարոզն ու գործի վուլգարությունն ինքնին անընդունելի են:

 

Չտեսանք պատից կախ, տեսանք՝ ճակտից կախ: Միլիոն ու կես դոլար արժի, թող ներսում դնեն՝ ում հաճելի է, գնան տեսնեն: Սրա նմանը Մոնտե Կարլոյի մի այգում պառկած է՝ աչքից հեռու տեղ, մեկն էլ՝ Մեմֆիսի «Բրուքս» թանգարանի բակում: Բայց հենց նույն ձեր սիրելի Արևմուտքում ոչ մեկը չի տարել իր մայրաքաղաքի սրտում, իր ազգի մեծերի հարևանությամբ (Թամանյան, Կոմիտաս, Սարյան, Խաչատրյան, Սարոյան և այլք) ծխող կնոջ պառկացրել»: Ու էդպես շարունակ: Իսկ իրականում, միայն երրորդ հաստլիկի երևան գալով ակնառու դարձավ, թե ինչպես է աշխատում բոտեռորը՝ առանց ջղաձգման, մահապարտի հանգստությամբ, դանդաղեցված գործողության ռումբի նման: Փամփլիկի արածը մի բան չէր. իր համար պառկած երևանյան արևն էր վայելում, ու թքած ուներ իր շուրջը բարձրացող հույզերի փոթորկի վրա, մինչդեռ սև, ոսկի պտերով ճաղավանդակված քաղաքային միջավայրը, ուր ամեն քայլափոխի անարգանքի էլեկտրական սյուներին գրոտել են՝ «պորտդ փակիր», նրա ներկայությունից սկսեց հուզվել ու տագնապել՝ մեծ պայթունի կանխազգացողությամբ:

 

 

Հեղինակին (չհաշված)

Ծանր է, երբ չորս տարեկանում հորդ կորցնում ես ու մի տուն լիքը երեխեքով մնում եք խեղճուկրակ, կար անող մորդ վզին, գավառական մաֆիոզ մի քաղաքում, որ թմրակարտելի մաս է կազմում: Ծանր է, երբ գիտակցում ես, որ նկարիչ դառնալու երազանքիդ հետևից գնալու համար պիտի կտրվես քո հողուջրից, պիտի գնաս հեռու մի տեղ, որ պաշտելի Գոյայի, Վելասկեսի, Դելակրուայի արվեստը գրքերում ու ալբոմներում չտեսնես միայն: Ծանր է, երբ ոճերի ու փորձերի բազմազանության մեջ կորցնում ես քոնը, տարիներ շարունակ ստեղծագործական որոնումներում չես գտնում քեզ: Ծանր է, երբ բաժանվում ես կնոջիցդ, երեք երեխաներիդ մորից, որ հետո պիտի Կոլումբիայի մշակույթի նախարար դառնա, իսկ դու ամբողջ կյանքում քո արվեստով ծաղրել ես պաշտոնյաներին ու բյուրոկրատներին: Ծանր է, երբ առաջնեկիդ՝ մեծ որդուդ, որին հայրենիքի նվիրյալ էիր համարում, հեռացնում են պաշտպանության նախարարի պաշտոնից ու բանտարկում հինգ տարով՝ միլիարդավոր դոլարների չարաշահման, թմրաբիզնեսի ու զենքի առուվաճառքի հետ կապված խայտառակ մի գործով, իսկ դու քո արվեստով միշտ պայքարել ես մաֆիայի դեմ: Շատ ծանր է, երբ փոքր տղադ՝ ընդամենը վեց տարեկան, ավտովթարից մահանում է հենց քո ձեռքերին, իսկ դու մնում ես ողջ, մնում ես, քո իսկ խոսքերով՝ «ամենակոլումբիացի նկարիչը», մնում ես էստեղ, որ շարունակես աշխարհը ծանրաբեռնել ու լիցքավորել քո ուռած-փքված կերպարներով: Ծանր է, երբ արդեն ութսուն տարեկան ես, որից վաթսունն անընդմեջ լցրել ես գոյության ձանձրույթի և ունայնության փոսեր, փքել, ուռացրել, կլորացրել, փչել, պայթելու աստիճան լիցքավորել ամեն բան, ինչպես մանդոլինը՝ հիսունհինգ թվին, որ ինտուիտիվ, քեզնից անկախ հսկա չափերի ստացվեց, բայց դու միանգամից հասկացար, որ դա հասարակ մանդոլին չի, որ պայթյունավտանգ է, որովհետև գերհագեցած է քեզնով, որ բոտեռորիստ ես ստեղծել՝ աշխարհը փոխելու քո առաջին հաջողված գործիքը, ու հետո՝ հազարներն են դուրս գալու քո ձեռքի տակից: Ծանր է, բայց դու պիտի լցնես ամեն դատարկ բան մինչև վերջին շունչդ, պետք է փքես, պետք է ուռացնես, կլորացնես, փչես, պայթելու աստիճանի լիցքավորես տղամարդկանց, կանանց, ձիերին, կատուներին, միրգ ու ծաղիկ, կահ-կարասի՝ ինչ պատահի. ողջ աշխարհը պիտի փուչիկի պես լցվի հովվերգական խաղաղությամբ, մարկեսյան վեպերի մոգական հանգստությամբ, կոլումբիական կոլորիտով, որ դիմանա ծանրությանը կամ էլ՝ պայթի:

հավելյալ նյութեր