Բուքուբորան գրատոն 2026
Փետրվարի 21-ին ու 22-ին, ժամը՝ 12:00-20:00, Վուդս կենտրոնում կկայանա Բուքուբորան գրատոնի երկրորդ թողարկումը, որի շրջանակում Ռամբալկօշէն և Վուդսը՝ տասնյակ հրատարակիչների, գրական համայնքների, հեղինակների, տարբեր ոլորտների մասնագետների ու գրականագետների կհավաքեն մեկ հարկի տակ՝ տոնելու գիրքն իր բոլոր դրսևորումներով։
Լուսանկարները՝ Woods Center
Բուքուբորանի կազմակերպիչները փորձում են դուրս գալ զուտ գիրք վաճառելու սահմաններից ու միջոցառումը դարձնել գրքի տոն։ Այդ պատճառով՝ գրատոն, ոչ թե գրքի տոնավաճառ։
Ռամբալկօշէի հիմնադիր Վահան Ստեփանյանն ասում է․ «Անցյալ տարվա առաջին թողարկումը ուժերի փորձարկում էր, իսկ արդեն այս տարի Բուքուբորանը դարձել է սպասված տոն։ Մարդկանց արձագանքներից ես հասկանում եմ, որ մենք ինչ-որ բաց ենք լրացնում։ Ու դրա գլխավոր գրավականը ներքին շփումն է․ Բուքուբորանում բոլոր մասնակիցները, բոլոր հրատարակիչները, գրողները, այցելուները շփվում են, նոր կապեր ստեղծում։»

Ամեն դեպքում, հենց գիրք որոնողների համար հրաշալի հնարավորություն կլինի, քանի որ այս տարի երկու անգամ ավելի աշտ հրատարակչություն է մասնակցելու՝ ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչները, իսկ գրքերը կվաճառվեն զեղչերով։
Կլինեն մի քանի նոր գրքերի շնորհանդեսներ, օրինակ՝ Կարեն Անտաշյանի «Լավ պրծա» ժողովածուի և Կոլյա Ստեփանյանի «Որտեղ» վեպի հայերեն թարգմանության։
Մի քանի բանաստեղծներ կներկայացնեն Պոետիկ փոթորիկ ծրագիրը։
Ինչպես անցյալ տարի, այս անգամ էլ Բուքուբորանն ունի վառ ընդգծված տեսողական բաղադրիչ։ Ծրագրում հայտարարված միանգամից վեց ցուցահանդես՝ «Արարարտ» թանգարանից, ԵՐԵՎԱՆ ամսագրից (մենք ի ցույց ենք դնելու մեր 95 շապիկները), Մատենադարանից, ինչպես նաև նկարիչներ Վիլյամ Կարապետյանից ու Դավիթ Խոջամիրյանից և լուսանկարիչ-բանաստեղծ Աշոտ Ստեփանյանից։


Երաժշտության համար էլ պատասխանատու են Katil խումբը՝ կենդանի համերգով ու Մհեր Խաչատրյանը՝ հատուկ մշակված փլեյլիսթով։
Դասախոսությունների բաժնում ամենատարբեր թեմաներով ելույթներ կունենան Հասմիկ Սիմոնյանը, Ռուբեն Մալայանը, Արքմենիկ Նիկողոսյանը, Հրանտ Թոխատյանն ու ուրիշները։
Երեխաների համար ոչ միայն կլինեն բազմաթիվ հրատարակություններ, այլև մի ամբողջ ծրագիր՝ Արմեն Օհանյանից ու Հարություն Թումաղյանից, որոնք կպատմեն «Ունոն, Բենոն և Ազատության թևերը» նկարազարդ պատումը, իսկ Դրամատիկական թատրոնը կներկայացնի աշխարհի ամենահայտնի գրական ստեղծագործություններից մեկի՝ «Փոքրիկ իշխանի» թարմ բեմադրությունը (իսկ մեծերի համար կլինի նույն թատրոնի «Համլետը»)։

Մուտքը ազատ է։ Վուդս հասնելու համար պարբերաբար կգործի անվճար ուղևորափոխադրում Հանրապետության Հրապարակից (նախկին ԱԳՆ շենքի դիմացից) դեպի Վուդս կենտրոն և հակառակը։