Ծակող հուշեր
Խորհրդային Երևանի կրծքանշան-հուշանվերների հավաքածու։
Լուսանկարները՝ Գրիգոր Եփրեմյանի
ԵՐԵՎԱՆ #34 | 2015
Օտարերկրյա ճամփորդություններից զբոսաշրջիկների կողմից թերևս ամենահաճախ տուն բերվող հուշանվերներն են տեղի հետ ասոցացվող պատկերներով մագնիսները կամ կախազարդերը: Խորհրդային տարիներին դրանց փոխարեն տարածված էին թեմատիկ կրծքանշանները: Երևանը բացառություն չէր: Ներկայացնում ենք նմուշներ «ԵՐԵՎԱՆ» ամսագրի գլխավոր խմբագրի անձնական հավաքածուից:
Պլաստմասսայե այս շարքը Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատի արտադրանքն է: Այստեղ Երևանին վերաբերող կրծքանշանները սկսել են արտադրվել 1967-ից:
Պլաստմասսայե շրջանների վրա նախ հաստոցներով դաջվում էր պատկերի ուրվագիծը, ապա ձեռքով ներկվում: Այդ պատճառով կարելի է հանդիպել նույն հուշարձանի պատկերով կրծքանշան՝ տարբեր գույների: Օրինակ՝ Մաշտոցի արձանը մի տեղ արծաթագույն է, մյուս տեղում՝ նարնջագույն: Առավել նուրբ պատկերներում, օրինակ՝ Վահագն Վիշապաքաղի կամ Հայկ Նահապետի արձաններում, ներկը տեղ-տեղ անցնում է ուրվագծի սահմանները, կան դատարկ տեղեր:
Հուշանվեր-կրծքանշանները Հայաստանում սկսել են արտադրել 1960-ականների սկզբից, սակայն հատկապես մեծ թափ է առել արտադրությունը 1968-ից սկսած, երբ Երևանը տոնում էր հիմնադրման 2750-ամյակը: Այսօր հայտնի է այդ իրադարձությանը նվիրված կրծքանշանների շուրջ քառասուն տեսակ:
Լինում էին նաև Երևանի և Հայաստանի տեսարժան վայրերին, իրադարձություններին, տոներին (Վարդավառ), խոշոր գործարաններին («ԵրԱԶ», Ժամացույցի գործարան), խանութներին («Գայանե» ունիվերմագ), համալսարաններին նվիրված նմուշներ: Կրծքանշանները, որպես կանոն, պատրաստվում էին մելխիորից, բրոնզից, պղնձից կամ ալյումինից, ավելի ուշ տարիներին օգտագործվում էր նաև էմալը: Ձևավորող նկարիչների թվում էին Մնացական Թամրազյանը, Էդուարդ Գասպարյանը և այլոք: Նրանց առաջարկները նախ հաստատվում էին նախարարների խորհրդի հատուկ բաժնի կողմից, որից հետո կրծքանշանները հատվում էին Գեղարվեստի ֆոնդի կերպարվեստի կոմբինատում կամ Հայաստանի երգչախմբային ընկերության արտադրամասում:
Մի կրծքանշանի տպաքանակը կարող էր հասնել 40 հազար օրինակի: Առաջին հերթին դրանք վաճառքի էին դրվում Թումանյան փողոցում գտնվող Գեղարվեստի սալոնում: