Camerata Fest Yerevan
Ռելոկացիա

Camerata Fest Yerevan

Ապրիլի 9-ին Երևանի միանգամից մի քանի հարթակներում տեղի ունեցավ Camerata երաժշտական փառատոնը՝ Ռուսաստանից տեղափոխվածների կազմակերպած առաջին մեծ միջոցառումը, որին մասնակցեցին ինչպես ռուս, այնպես էլ հայ երաժիշտներ (ռոք և էլեկտրոնային), իսկ հասույթը փոխանցվեց Ուկրաինայում ու Արցախում ռազմական գործողություններից տուժած խաղաղ բնակիչներին։ Ահա թե ԵՐԵՎԱՆին ինչ պատմեցին փառատոնի կազմակերպիչները (իրենց խնդրանքով՝ նշում ենք միայն անունները)։

Տեքստը՝ Դիանա Մարտիրոսյանի


Լուսանկարները՝ Բիայնա Մահարու

 

ԵՐԵՎԱՆ #75 | 2022
 

 

 

Camerata-ի երրորդ օրն ամբողջությամբ

Իլյա

Փառատոն գաղափարը ծնվեց մի պարզ նախաձեռնությունից՝ ապրիլի սկզբին կազմակերպել պետերբուրգյան Sonic Death խմբի համերգը Երևանում։ Բայց հետո մի օր հավաքվեցինք բարում ու հասկացանք, որ հիմա շատ լավ պահ է տարբեր երաժիշտների միասին հավաքելու, քանի որ իրենք ունեն լիցք ու նվագելու ցանկություն, մենք էլ՝ մեծ հավես օգտակար իրադարձություն կազմակերպելու։ Նաև հասկացանք, որ չենք ուզում կազմակերպել ուղղակի համերգ, այլ նաև օգնել այն մարդկանց, որոնք այսօր հայտնվել են շատ ծանր իրադրության մեջ զինված բախումների պատճառով: 


Մոտավորապես մի երեկոյի ընթացքում ծնվեց բարեգործական փառատոնի կոնցեպտը. ի սկզբանե պլանավորված էր երկու օր, արդյունքում դարձավ երեք, և մենք ամեն ինչ կազմակերպեցինք բառացիորեն մեկ ու կես շաբաթվա ընթացքում՝ կոնցեպտի մտահղացումից մինչև մեկնարկ։ Ծրագրում պահպանում էինք որոշակի երկվություն. սկզբից երկու օր էր, երկու գլխավոր ժանր, երկու հարթակ։ Հետո դրանից մի փոքր շեղվեցինք, բայց մեծ հաշվով այդ երկվությունը պահպանվեց։ Էլեկտրոնային և ռոք բեմերը, հայ և ռուսաստանցի ունկնդիրները, ցերեկային ու գիշերային ծրագրերը։ 


Երբ գլուխ հանեցինք, թե ոնց ենք ուզում այդ ամենն իրականացնել, սկսեցինք հավաքել երաժիշտներին։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ օրգանիկ ու պարզ ստացվեց։ Մեր թիմում կան տարբեր երաժշտական բեքգրաունդ ունեցող մարդիկ, այնպես որ մասնակիորեն բաժանեցինք կոմունիկատիվ մասը երաժիշտների հետ. մեկս ավելի շատ շփվում էր ռոք երաժիշտների հետ, մյուսը՝ էլեկտրոնային, այդ կերպ ստացանք երկու զուգահեռ լայնափ, պայմանավորվեցինք բոլորի հետ ու հավաքեցինք մեկտեղ։

 

 

 

Սաշա

Ժամանման պահից արդեն հասցրել էինք ինքներս ներկա գտնվել թե՛ դիջեյների, թե՛ փանք-խմբերի ելույթներին, հետն էլ ծանոթանալ համերգային հարթակներին, դրանք էստեղ այդքան էլ շատ չեն, դրա համար էլ ընտրությունը երկար չտևեց։ Bak75-ը դարձավ ակնհայտ ընտրություն մեր կիթառային բեմի համար, որը փառատոնի երկրորդ համերգային օրն էր, Fermata ակումբն ընտրեցինք բարեհամբույր ադմինիստրացիայի ու լավ տեղական ձայնի համար, Միրզոյանն էլ մեզ թվաց կատարյալ հարթակ՝ ակուստիկ ծրագրով փառատոնն ավարտելու համար, պարզվեց՝ չէինք սխալվել։ 


Փառատոնի մասին ինֆոն տարածեցինք զլմներով ու տելեգրամ-ալիքներով, իսկ մեր ընկերներն ու կամավորներն օգնել էին գրառումները թարգմանել հայերեն ու աֆիշներ փակցնել ամբողջ քաղաքով, ինչի համար շատ շնորհակալ ենք։ Գովազդի նման ձևաչափը Մոսկվայում արդեն գրեթե մոռացված մեթոդ է, այնինչ միշտ հաճելի է տեսնել համերգիդ պաստառը, երբ զբոսնում ես քաղաքով։

 

 

Կատյա

Փառատոնի ընթացքում հավաքել ենք 4,668,240 դրամ, ինչը հավասարապես բաշխելու ենք հինգ հիմնադրամի միջև։ Բոլոր միջոցներն ուղղվելու են խաղաղ բնակիչներին, որոնք տուժել են Ուկրաինայում ու Արցախում ռազմական գործողություններից, կամավորներին, որոնք փրկում են կենդանիներին զինված հակամարտությունների գոտիներից, բացի այդ նաև ОВД-Инфо-ի ռուսաստանյան իրավապաշտպաններին։ 


Այս կերպ ցանկանում ենք աջակցել Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող լքել երկիրը, Արցախի տուժած բնակիչներին, որոնցից շատերը կորցրել են իրենց տները և մարդկանց, ովքեր, չնայած ամեն ինչին, շարունակում են պաշտպանել քաղաքացիական կյանքը, բռնաճնշումների ենթարկված ռուսների իրավունքները:


Երկար էինք մտածում՝ ինչպես ճիշտ կազմակերպել միջոցների փոխանցումը. ստեղծված իրավիճակից ելնելով բազմաթիվ սահմանափակումներ կան։ Բայց ի վերջո որոշեցինք փորձել հայկական բանկային քարտից փոխանցում կազմակերպել կամավորական կազմակերպություններին, իսկ ձախողման դեպքում կօգտագործենք կրիպտոարժույթ։

 

 

 

Մաքս

Այսքան խիտ ժամկետում այս կարգի լայնամասշտաբ միջոցառում կազմակերպելը մեզ առաջին հերթին սովորեցրեց այլևս երբեք նման բան չանել, թեև պարզ էր, որ կարիքը կա հենց հիմա ու հետաձգել պետք չէ։ Սա առաջին հետևությունն է, որն արեցինք, իսկ երկրորդը շատ ավելի լավատեսական է. անհնարը հնարավոր է, եթե իրար գլուխ հավաքվեն զիլ մարդիկ, որոնք պատրաստ են գործել ու օգնել միմյանց։ 


Թեև կային որոշ թերացումներ, սակայն կազմակերպման ընթացքում ոչ ոք չանհետացավ, չկորավ, չթռավ, բոլորն աշխատում էին գրեթե ինքնուրույն, առանց որևէ հիշեցումների ու արտաքին վերահսկման։ Մեծ փորձ ունեմ նմանատիպ միջոցառումների, բայց այսպիսի բան առաջին անգամ եմ տեսնում։ Անհավատալի է։ 

 

 

 

Դրան գումարած մեծ աջակցություն ստացանք տեղական երաժշտական համայնքից, սա էլ էր մեզ համար հաճելի անակնկալ, օգնեցին կոնտակտներով, տեխնիկական մասով, ուղղակի մի լավ գաղափարի շուրջ միավորում էր։ Մեզ դա շարունակելու մեծ լիցք տվեց, հասկացանք, որ անհրաժեշտ գործ ենք անում, շատերն ասում էին, որ այստեղ նման բան չի եղել։ Շարունակելու ենք միջոցառումներ անել, հնարավորինս միջազգային՝ ներգրավելով տարբեր արտիստների, բացի այդ անենք այնպես, որպեսզի և՛ տեղական, և՛ ռուս լսարանը նոր բան տեսնի, սովորի, կրթվի։ Նաև նախատեսում ենք բոլոր միջոցառումներն այս կամ այն կերպ անել բարեգործական, գուցե ոչ ամբողջությամբ, բայց թեկուզ մասնակի։

հավելյալ նյութեր