«Ցանկացած տեղ կարող է դառնալ քո տունը»
Ռելոկացիա

«Ցանկացած տեղ կարող է դառնալ քո տունը»

Ինչո՞ւ որոշեցին անժամկետ մեկնել իրենց երկրից, ինչպե՞ս ընտրեցին Երևանը և ի՞նչ ծրագրեր ունեն այստեղ. պատմում են ռուս-ուկրաինական պատերազմի օրերին Երևան տեղափոխված ռուս ստեղծագործողները։

Տեքստը՝ Դիանա Մարտիրոսյան

 

Լուսանկարները՝ Հայգազ Կրադենյանի

 

ԵՐԵՎԱՆ #75 | 2022

Մարիա

դիզայներ-կոնստրուկտոր

 

 

Երևան ենք հասել ինքնաթիռով, մինչ այդ արդեն մեր մի չվերթը չեղարկել էին։ Ես Մոսկվայում ունեմ մի քանի մտերիմ հայ ընկեր, բացի այդ Երևանում է ապրում ընկերուհիս, ով Ռուսաստանից տեղափոխվել է վեց տարի առաջ և շատ մեծ ջերմությամբ ու սիրով է խոսում քաղաքի մասին։ Բացի այդ, հասկացանք, որ կոնստրուկտորի մասնագիտությամբ ես կարող եմ այստեղ աշխատանք գտնել, մինչև գալս կապ հաստատեցինք մի քանի կազմակերպությունների հետ, ու շատ հնարավոր է, որ շուտով մի առաջարկ ստանամ։


Այստեղ կա անշտապության զգացողություն, որի շնորհիվ, ի տարբերություն Մոսկվայի, կարելի է հանգիստ վայելել քաղաքը, զբոսնել, նայել մարդկանց, նկատել, թե ինչպես են նրանք շփվում միմյանց հետ, ինչպես են վառվում քաղաքի լույսերը, ընկղմվել այդ միջավայրի մեջ։ Ըստ իս՝ միջավայրը շատ ընկերասեր է, քաղաքացիները միշտ պատրաստ են օգնել, եթե ոչ ռուսերեն, ապա անգլերեն, կամ թեկուզ բացատրվում են ձեռքերով։ Աղջիկս առանձնահատուկ սեր է վայելում այստեղ, ինչը շատ հաճելի է։ 


Ես շարունակում եմ հեռավար աշխատել որոշ բրենդների համար, խորհրդատվությամբ զբաղվել, բայց ամեն դեպքում ստացվում է հանգիստ տալ քեզ, վայելել և հանգստանալ։ 
Սպասում ենք, թե երբ է գալու մեր հայրիկը՝ ամուսինս, մեզ պակասում է միայն ինքն ու մեր կատուն, մնացած ամեն ինչը կա։ 


Երբ ժամանեցինք օդանավակայան, այնտեղ կար այսպիսի ցուցանակ՝ «Բարի գալուստ տուն», և ես մտածեցի՝ այո, ցանկացած տեղ կարող է դառնալ քո տունը, պետք չէ մարդկանց բաժանել ըստ տեղանքների, քանի որ եթե մենք վերջիվերջո կոտրենք այդ կարծրատիպերն ու սահմանները, դադարենք ամեն ինչ կիսել ու դառնանք աշխարհի մարդիկ, շատ լավ կլինի։ Բոլորիս համար։

 

Պոլինա

լուսանկարիչ

 


Երբ սկսվեց պատերազմը, ընկերս, որ այդ պահին Կիևում էր, ասեց, որ պետք է արտագաղթեմ։ Համաձայնվեցի, որ մի-երկու տարուց պետք է մի բան մտածել, բայց մի օր հետո արդեն տոմսը ձեռքիս էր։ 


Սկզբից տոմս էի գնել մարտի 19-ի համար, բայց չվերթը չեղարկվեց, իսկ քանի որ միանգամից խստացումներ մտցվեցին, ուզում էի հնարավորինս շուտ լքել երկիրը։ Մինչդեռ քանի որ մոտակա օրերի տոմսերի գները շատ բարձր էին և քանի որ չէի կարող ինձ թույլ տալ տոմս գնել, Իտալիայում ապրող ընկերուհիս ինձ համար նոր տոմս գնեց։ Զարմուհիս գնացել էր Թբիլիսի, այնպես որ ես էլ էի մտածում այդտեղ մեկնելու մասին, քանի որ արդեն ծանոթ մարդ ունեի։ Բայց դեպի այդ ուղղություն ուղիղ չվերթներ չկան, և քանի որ ես ճամփորդում էի շանս հետ, ինձ հարմար չէր կանգառներով չվերթը, մտածեցի՝ մի շաբաթ կմնամ Երևանում, հետո կշարունակեմ։ Բայց երբ հայտնվեցի այստեղ, մտածեցի, ինչի՞ եմ առհասարակ որևէ այլ տեղ գնում։ 


Առաջին տպավորությունները քաղաքի մասին մի քիչ վախենալու էին, քանի որ ես եկա կենտրոնից շատ հեռու մի հյուրանոց [գտնվում է ՏԷՑ-ի մոտ — խմբ.], բայց երբ երկրորդ օրն արդեն կենտրոնում էի, հասկացա, որ Երևանը լրիվ ուրիշ է, մի տեսակ արտհաուսային։ Շատ ծիծաղելի է, որ ես ընդամենը տասը ծանոթ ունեմ այստեղ, բայց զբոսնելիս միշտ ինչ-որ մեկին հանդիպում եմ, զարմանալի է։ Ռուսաստանում դրան անգամ մոտ բան չկա։ 


Երկու խոսք էլ երևանցիների մասին. առաջին իսկ օրը քայլում էի, ձեռքերս զբաղված էին, երբ մի տղամարդ ասեց՝ «Ձեր կոշկաքուղը քանդվել է», ասեցի՝ «գիտեմ, բայց հիմա չեմ կարող կապել»։ Ինքն առաջարկեց օգնել և կապել, որպեսզի չընկնեմ։ Նման պահվածքը շատ հուզիչ է ու, ի տարբերություն իմ որոշ սպասումների, անկեղծ։ Իմ տեսած Երևանը միատոն չէ, կա բազմազանության ու ազատության տպավորություն, շենքերի առումով ոնց որ արևելյան Խորհրդային Միություն լինի։


Հիմա փնտրում եմ հեռավար աշխատանք, շատ եմ ուզում մնալ առնվազն չորս ամիս, քանի որ շատ եմ սպասում հայկական ամառվան, բացի այդ էլ արդեն ունեմ ցանկ, թե որ վայրերն եմ ուզում այցելել։ Մինչև դրանք հերթով չտեսնեմ, չեմ լքի երկիրը։

 

Ալեքսանդր

լուսանկարիչ

 

 

Սկզբից թվում էր, որ այս ամենը երկար չի տևի, կարծում էինք՝ մի քիչ կսպասենք, մինչև այս սարսափն անցնի. սխալվեցինք։ Հիմա հասկանալի է՝ երկար է տևելու։ Պատերազմի հաջորդ օրն առանց մտածելու տոմս գնեցի։ Ուժ ու ցանկություն չկար Ռուսաստանում մնալու։ Հայաստանն ընտրեցի, որովհետև այստեղ կան հաճելի ընկերներ, ազատության զգացողություն, որը Ռուսաստանում լրիվ մոռացվել է, կա էքսպատների համայնք, հատկապես՝ արվեստի մարդկանց։ Բացի այդ, Հայաստանը նաև ֆինանսական առումով հասանելի տարբերակ էր։


Ես սիրում եմ քաղաքը. Երևանն ապրելու համար ադեկվատ չափեր ունի, հատկապես, երբ համեմատում ես մեգապոլիսների հետ՝ այստեղ ապրելն ավելի հաճելի է ու խաղաղ։ Որպես լուսանկարիչ ինձ դուր է գալիս քաղաքի ֆակտուրան, նաև հասցրել եմ ծանոթանալ անդերգրաունդային նկարիչների համայնքի հետ, հոյակապ տպեր են։ Ես արդեն հույս չունեի, որ կբռնացնեմ այս տեսակ ստեղծագործական ոգի իրական կյանքում, այլ ոչ գրքի էջերին։ Հասցրել եմ ներգրավվել մի քանի պրոցեսների մեջ, կան հետաքրքիր գաղափարներ։ Հենց հիմա հետաքրքիր սիմբիոզ է ծնվում տեղացի ու եկած նկարիչների միջև, շատ ոգեշնչող է։ 


Ուզում եմ հետքս թողնել մշակույթի մեջ, ինչ-որ բան ստեղծել տեղացի նկարիչների հետ, որովհետև միշտ հավատացել եմ, որ նկարիչներն աշխարհի կարևորագույն կոսմոպոլիտներն են։ Իսկ ամենից շատ ուզում եմ հանգիստ ու հաճույքով ապրել, առանց վախի, որ մի առավոտ տանս դուռը կթակեն։ 


Հենց Երևանում եմ ուզում անել շատ նշանակալից դաջվածք։ Պլաններ չեմ կառուցում, բայց ունեմ հաճելի սպասումներ։

 

Ալինա

դիզայներ

 

 

Իրականում միտք չունեինք Երևան տեղափոխվելու, այնպես էր ստացվել, որ վերջերս էինք Պիտեր տեղափոխվել, ընդամենը մեկ ու կես ամիս էինք այդտեղ անցկացրել։ Բայց մարտի սկզբներին ամուսնուս կազմակերպությունն առաջարկեց մեզ ռելոկացիա կա՛մ դեպի Սերբիա, կա՛մ Պորտուգալիա, կա՛մ էլ Երևան։ Մոտ երկու շաբաթ պատրաստվում էինք Սերբիա տեղափոխվելու ընթացքին, սակայն հետո հասկացանք, որ բյուջեի տեսանկյունից չենք ձգի, ու բառացիորեն մեկնումից երեք օր առաջ հասկացանք, որ գալիս ենք Երևան։ 


Ես բացարձակ պատկերացում չունեի, թե ուր եմ գալիս, քանի որ չէինք հասցրել հետազոտել։ Մեկնումից մի օր առաջ հանձնեցինք մեր Պիտերի բնակարանը, մոտ 300 կգ ընդհանուր քաշ ունեցող իրերն ուղարկեցինք ծնողների տուն, երկու ճամպրուկ հավաքեցինք, ինքնաթիռի տոմսեր գնեցինք ու մարտի 13-ին հայտնվեցինք այստեղ։


Քաղաքն ու քաղաքացիները շատ կոնտրաստային են մեզ համար, կան բաներ, որոնք երբեք չէինք տեսել, իսկ որոշ բաների գոյության մասին պարզապես մոռացել էինք։ Օրինակ՝ հասցրեցինք մինչև նոր հակածխախոտային օրենքի ընդունումը երկու օր ծխել հաստատություններում, որտեղ ես հանդիպում էի ծխող կանանց, բայց հիմա չեմ տեսնում նրանց փողոցում ծխելիս, այնինչ տղամարդիկ ծխում են գրեթե ամեն տեղ, որտեղ կարելի է։ 


Տեղական մթնոլորտի մասին. երբեմն, երբ մարդիկ շփվում են, թվում է, թե վիճում են, բայց հետո պարզում ենք, որ պարզապես խոսում են։ Սկզբից անսովոր էր, հիմա արդեն ընտելացանք։ Շատ եմ սպասում ամառվան, որպեսզի հետազոտեմ փողոցային սրճարանների մշակույթը, ինչպես, օրինակ՝ Թայլանդում կա փայտիկների վրա միս խորովելու մշակույթը, հետաքրքիր է՝ այստե՞ղ ինչպես է։ Չնայած արդեն մեզ համար հասցրել ենք առանձնացնել մի քանի սիրելի վայր։ Նաև բավականին տպավորված ենք տեսարաններով, հատկապես՝ Արարատով, որը երևում է գրեթե բոլոր շենքերից, շատ յուրահատուկ ու գեղեցիկ բնական օբյեկտ է։


Մենք, որպես նորեկներ, շատ բան չգիտենք տեղական ավանդույթների մասին, շատ ենք ուզում, որպեսզի տեղացիները հանդուրժող գտնվեն մեր չիմացության ու անտեղյակության նկատմամբ, մենք էլ մեր հերթին դեռևս փորձում ենք շատ զգուշավոր լինել, բայց երբ ինչ-որ երևույթների բացատրությունը ստանում ենք, շատ բան ընկնում է իր տեղը։
Չմոռանանք, որ մեզ այստեղ է բերել ամուսնուս աշխատանքը, քանի որ ՏՏ ոլորտի համար բոլոր նախադրյալներն ու պայմանները կան, քաղաքը կարող է դառնալ յուրահատուկ Սիլիկոնային հովիտ, իսկ ինքս կուզեի գտնել ինձ համար աշխատանք՝ թեկուզ հեռավար։ 


Քանի որ մենք այստեղ կմնանք առնվազն կես տարի՝ պլանների մեջ կա բացահայտել քաղաքը, բնությունը, վայելել տաք օրերը մինչև շոգերի ընկնելը, միրգ ուտել, լողալ Սևանում, տեսնել՝ ինչպես են փոխվում բնապատկերների գույները։ Բացի այդ, Երևանին շատ մոտ են միջերկրական երկրների օդանավակայանները, այնպես որ ուզում ենք համատեղել աշխատանքի ու կյանքի բալանսը՝ ճամփորդելով մոտակա երկրներ։

 

Պավել

երաժիշտ, վիդեոգրաֆ

 

 

Քանի որ ես հիմնականում աշխատում էի օտարերկրյա կազմակերպությունների համար, աշխատանքն անհետացավ։ Հիմա ուրախության ժամանակը չէ, պատվերները չեղարկվում են, իրավիճակն ընկճող է, այդ իսկ պատճառով ուզում էի ճամփորդել, հանգստանալ, տեսնել՝ ինչ հնարավորություններ ու հեռանկարներ կան Հայաստանում։ Ինչու՞ հենց Հայաստան. նախ այստեղ կարելի է ժամանել ներքին անձնագրով, իսկ ես օտարերկրյա անձնագիր չունեմ, բացի այդ Հայաստանում կան ծանոթներ, որոնք շատ էին գովում երկիրը։ 


Առաջին տպավորությունս շատ դրական էր՝ նախ ուրախացրել էր օդանավակայանը, շատ լավ է սարքած, օրինակ՝ Ռուսաստանի հարավում ամեն ինչ շատ ավելի փոքր է, ես ակնկալում էի նման մի բան տեսնել։ Ժամանումից անմիջապես հետո գնացինք Գյումրի, որտեղ ես, անկեղծ ասած, մի քիչ վշտացա. քաղաքը գտնվում է յուրահատուկ կարգավիճակում, անգամ տեղացիներն են խոստովանում, որ երկրաշարժից հետո վերակառուցվում է արդեն 30 տարի, բացի այդ եղանակը բավական ցուրտ էր, այնինչ մենք եկել էինք հարավ՝ ջերմություն ու արև էինք ուզում։ Հետո, երբ արդեն եկանք Երևան, տեսանք, որ այստեղ ուրիշ է, քաղաքն ապրում է, սա իսկապես կենդանի քաղաք է։ Մոսկվան, օրինակ, ավելի բարեկարգ է, ամեն ինչ ու ամեն ինչից շատ ավելի շատ կա, բայց այստեղ կա կյանք, մարդիկ շփվում են, օգնում իրար, շատ զարմանալի է։ 


Ես ինձ համար կոտրեցի հայերի մասին ունեցած կարծրատիպերս. մեզ մոտ ես հայերի հետ հիմնականում հանդիպել եմ շուկաներում և մեքենաների ավտոսերվիսներում, այդ հայերը սովորաբար հակված են «գցելուն»։ Այնտեղ «եղբայրով» են դիմում, այստեղ՝ «ջանով», արդեն ուրիշ պատմություն է։ 


Ցավալի է, որ տների վարձն այդքան թանկացավ, Գյումրիի տան վարձն ավելի շատ էր, քան իմ Մոսկվայի գրեթե կենտրոնում գտնվող տան վարձը, վարձին էլ գումարում ենք կոմունալները, ջեռուցումը, որն ահավոր թանկ է։ Բայց երբ սկսեցինք ծանոթանալ մարդկանց հետ, հայտնաբերեցինք, որ երկրում կան բազմաթիվ ունիկալ մարդիկ, շատ-շատերը խոսում են մի քանի լեզվով, օրինակ՝ ծանոթացանք անիմացիոն ստուդիայից Աղվանի ու իր կնոջ՝ Իռայի հետ, ով գրքեր է գրում ու հաջողությամբ վաճառում դրանք Amazon-ում։ Հիմա Սևան ենք գնալու վավերագրող Վարդանի հետ՝ մարդիկ ապրում են ստեղծագործելով, լուսաբանում են պատերազմները, այս ամենն իրոք տպավորում է։


Որպես երաժիշտ ես այս պահին ինձ համար այստեղ հեռանկարներ չեմ տեսնում, ռեալիզացվելը շատ բարդ է։ Կենդանի երաժշտությունը, որն այստեղ սովորաբար նվագում են, յուրահատուկ է, ռուս մարդու համար, այսպես ասենք՝ բարդ է, երաժշտական դպրոցներում կոպեկներ են տալիս։ Այդ ամենը Ռուսաստանում էլ է քիչ վարձատրվում, իսկ այստեղ՝ է՛լ ավելի քիչ։ 


Մենք եկանք, ծանոթացանք, հիմա պետք է վերադառնանք, քանի որ մնացել են անավարտ գործեր, բայց պլանավորում ենք վերադառնալ ու սկսել առաջ շարժվել հենց այստեղից, քանի որ Հայաստանն այս պահին ելք է դեպի աշխարհ և զարմանահրաշ երկիր է։

 

Կատյա

կրեատիվ պրոդյուսեր

 

 

Ես միշտ ունեի այն զգացումը, որ Ռուսաստանում կայուն չէ, և մեծ հաշվով ես միշտ մի ոտքով Վրաստանում էի։ Բայց անցած աշնանն այցելեցի Երևան, եկել էի վիպասանայի [բուդդիզմում մեդիտացիայի տեսակ — խմբ], նաև մի քիչ ճամփորդեցի երկրով, այցելեցի Վանաձոր ու Գյումրի, ինձ այստեղ շատ դուր եկավ։ Ի տարբերություն Վրաստանի՝ այստեղ կարծես ավելի ջերմ է։ 

 

Իրականում, մինչև վերջին պահը ես ուզում էի մնալ իմ երկրում, պայքարում էի, գնում էի ցույցերի, լուսաբանում դրանք։ Մի պահ մտածեցի, որ կարելի է գնալ ծնողների մոտ՝ Կամիշլով, բայց հետո սկսեցին ընկերներիս իրենց տեսախցիկների օգնությամբ իդենտիֆիկացնել ու այցելել նրանց տներ, իսկ վերջին կետը դարձավ այն, որ կենտրոնում՝ հենց ցույցերի տարածքում, ամեն քայլափոխի գլխից մի փոքր վերև դեմքերը ճանաչող տեսախցիկներ էին տեղադրվել։ Նույն պահին էլ չեղարկեցին դիմակ կրելու կանոնակարգը, և ակնհայտ էր, թե ինչի համար է այդ ամենն արվում։ 


Գնալով ամեն ինչ սկսեց ավելի վատանալ, ու ես հասկանում էի, որ մի օր ալիքն ինձ էլ է հասնելու։ Որոշել էի մեկնել կատվիս հետ, քանի որ հասկանալի չէր՝ կկարողանամ վերադառնալ իր հետևից, այնպես որ հիմա ապրում է մեզ հետ և թվում է՝ գոհ է կյանքից։


Երևանն ընտրելու և այստեղ տեղափոխվելու առումով ոչ մի կասկած չկար, ես անգամ հոգեթերապևտիս հետ քննարկեցի, որ սա հենց այն վայրն է, որտեղ ես ինձ հարմարավետ ու լավ եմ զգալու։ Սա ինձ համար փախուստ չէ, այլ լավ փորձ. Ռուսաստանում բավական գորշ ճարտարապետություն է, գորշ եղանակ է, Մոսկվայում արև չկա, իսկ ես ստեղծագործող մարդ եմ, ինձ վրա այդ ամեն դեպքում ազդում է։ Այստեղ անգամ տուֆն է ջերմ գույների, իմ կարծիքով այդ ամենը լավ ազդեցություն է ունենալու։ Ես միշտ կատակում եմ, որ հայերը սուպերմարդիկ են. ես ոչ մի տեղ չեմ տեսել այսպիսի բարի ու բաց մարդկանց, բնականաբար, շատ մեծ ցանկություն կա շփվելու ու համագործակցելու տեղացիների հետ։


Ես շարունակում եմ հեռավար աշխատել Ռուսաստանի համար, բայց նաև ուզում եմ ընկերներիս հետ ստեղծել գործակալություն ու փորձել աշխատել տեղացիների հետ։ Մենք ոչ թե եկել ենք մեր մշակույթով, մերն այստեղ իրականացնելու՝ դա անիմաստ է, դու եկել ես ուրիշ երկիր, այստեղ հետաքրքիր է ծանոթանալ տեղականին, այնպես որ պետք է մերձենալ հայկականին, ստեղծել երկու մշակույթների համատեղ միաձուլումը, սիմբիոզը։


Ալիսա

մոուշն դիզայներ 

Վիկտոր

արտ լուսանկարիչ

 

 

Ալիսա. Մենք արդեն երկար տարիներ է, ինչ պլանավորում էինք մեր մեկնումը, ուղղակի առանձնապես պարզ չէր, թե երբ է դա լինելու ու որտեղ ենք գնալու, բայց արդեն հիմա, երբ հայտնվեց ակնհայտ կատալիզատոր, ամեն ինչ որոշվեց շատ կտրուկ, կարելի է ասել՝ իմպուլսիվ։ Ի սկզբանե մտածում էինք մեկնել Վրաստան, քանի որ մեր ծանոթներից շատերը մեկնեցին այդտեղ, մենք էլ մեր հերթին ուզում էինք հայտնվել ընկերների միջավայրում, չկտրել նախկին կապերը։ Սակայն երբ հայտնվեցինք Երևանում, նախ՝ մեզ այստեղ շատ դուր եկավ, իսկ հետո բազմաթիվ ծանոթներ սկսեցին ժամանել նաև այստեղ, այդ իսկ պատճառով չկար միայնության զգացողություն։ Բացի այդ սկսեցինք նոր ծանոթություններ ձեռք բերել տեղացիների մեջ, դա էլ իր հերթին որոշակի թեթևության զգացում ավելացրեց։ Կյանքը հեշտանում է նրանից, որ ուղղակի կարող ես գնալ ինչ-որ բար, խոսել մարդու հետ ու ընկերանալ։ 


Ի սկզբանե մտածում էինք մեկնել մի ամսով, քանի որ ամենասկզբում թվում էր, թե մի ամսից ամեն ինչ կարող է լավ լինել, հիմա արդեն ակնհայտ է, որ այդպես չէ։ Ես գրանցվել եմ նոր արտասահմանյան անձնագիր ստանալու համար, պետք է սպասեմ մի քանի ամիս, հետևաբար՝ դեռ երկար կմնանք այստեղ, բայց ես դրանից չեմ վախենում, սա շատ հետաքրքիր փորձ է, ինձ այստեղ վախեցնում են միայն վարորդները։ 


Մարդիկ շատ բարեհամբույր են, ինչն ինձ համար շատ անսովոր է, կարծես սպասում ես որևէ խարդախության, ինքդ քեզ ասում ես, որ նորմալ է, բայց դեռ լիարժեք սովոր չես դրան։ Օրինակ, երբ անծանոթը փողոցում մոտենում է ու հարցնում՝ Ձեզ պե՞տք է օգնել, ես երբեք նման բանի հետ չեմ առնչվել։


Ես ինքս մեծ հաշվով շատ կասկածամիտ եմ, հիմա եմ քիչ թե շատ սկսել հասկանալ, որ ամեն ինչ նորմալ է, մարդիկ շատ բաց են, ինչը Մոսկվային ու Սանկտ Պետերբուրգին բացարձակապես հատուկ չէ։ 


Հիմա աշխատանք եմ փնտրում, դրան զուգահեռ մտածում ենք ինքներս ստեղծել մեր ստարտափը, գործակալություն, որը կզբաղվի նախագծերի առաջխաղացմամբ, ոչ թե SMM, այլ ինտերակտիվ խաղի պես բան, որը կներգրավի օգտատերերին։ Կա տպավորություն, որ այստեղ շատ են հնարավորությունները, կարելի է նոր բաներ մտածել, զարգացնել, օգնել զարգացման ընթացքին։ Շատ հաճելի է նման զգացողություն ունենալ, զգալ առաջընթացի մթնոլորտը, մտածել, որ կարծես թե ամեն ինչ բաց է քո առջև։


Վիկտոր. Քաղաքն ակնհայտորեն հարմարավետ է, այն իմաստով, որ ամեն տեղ կան մթերային խանութներ, հանրային տրանսպորտը բավարարող է, երթուղայիններն այդքան էլ չէ, բայց ավտոբուսները լավն են։ Քաղաքը թեև ինչ-որ առումով աղքատիկ է, բայց մաքուր է ու կոկիկ, նույնը, օրինակ, կարող եմ ասել մեքենաների մասին՝ շատերը հին են, բայց մաքուր։ Քաղաքը կառուցվում է, կան երկարամյա նախագծեր, որոնց շուրջն ամեն դեպքում մաքուր է, մեզ մոտ՝ Սոչիում, օրինակ, այդպես չէ։

հավելյալ նյութեր