«Ցանկապատն» առանց ցանկապատերի
Թատրոն

«Ցանկապատն» առանց ցանկապատերի

Այս տարի լրանում է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի հիմնադրման 20-րդ տարեդարձը: «Convivial Reunion» մշակութային շարքի հատուկ նախաձեռնությամբ՝ հոբելյանական միջոցառումների մեկնարկը նշանավորվեց մասնաճյուղի տարածքում «Ցանկապատ» ներկայացման՝ թատերաշրջանի առաջնախաղով:

Տեքստը՝ Կարինա Տերտերյանի


Լուսանկարները՝ Երևանի կոնյակի գործարանի

 

ԵՐԵՎԱՆ #80 | 2023

#Գործընկեր #ARARAT

Փոքրիկ էքսկուրսիա ԵԿԳ-ի Բերդի մասնաճյուղում

20 տարի առաջ բացվելով որպես խաղողի մթերման կետ՝ այսօր Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղը համայնքի կարևորագույն վայրերից է, լեգենդար ARARAT կոնյակների պատրաստման ակունքներից մեկը, որտեղ իրականացվում են կոնյակի արտադրության այնպիսի փուլեր, ինչպիսիք են՝ խաղողի մթերումը, թորումը և հնեցումը։ Այս մասին հատուկ լրագրողների համար կազմակերպված էքսկուրսիայի ընթացքում պատմեց Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի կառավարիչ Գարիկ Վարդանյանը: Կանգ առնելով մառանում, որտեղ խաղողի սպիրտի բուրմունքը բուն իմաստով արբեցնող էր՝ ղեկավարը բացատրեց այս մասնաճյուղի մեկ այլ յուրահատկությունը. «Նախ այս տարածաշրջանում կլիման այնպիսին է, որ ցրտահարության վտանգ չկա, հետևաբար խաղողի վազերը ձմռանը պահելու կարիք չկա։ Երկրորդ՝ այս կերպ Երևանի կոնյակի գործարանն աշխատանք է ապահովում սահմանամերձ մարզի խաղողագործների համար, ինչը շատ կարևոր է այս մարզից արտագաղթը կանխելու տեսանկյունից»:

 

Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը

 


Կոնյակի գործարանի բոլոր մասնաճյուղերում էլ կարելի է ժամերով զբոսնել ու մի նոր բան իմանալ։ Բայց այս անգամ Բերդ գնալու մեր գլխավոր նպատակն ուներ ոչ միայն կոնյակի բուրմունք, այլև մշակութային բաղադրիչ։ Այդ պատճառով էլ լրագրողների մեր խմբին միացան մասնաճյուղի հետ պայմանագիր կնքած խաղողագործների մի մասը, գործարանի աշխատակիցները, համայնքի ղեկավարն ու համայնքի այլ ներկայացուցիչներ։

 

«Ցանկապատը»՝ բնական միջավայրում 

«Convivial Reunion». այսպես է կոչվում ԵԿԳ-ի արդեն ավանդական դարձած նախաձեռնությունը, որի շրջանակում ընկերության աշխատակիցները գործից դուրս միասին ժամանակ են անցկացնում՝ մասնակցելով մշակութային տարբեր միջոցառումների։ Այն իր բնույթով ամփոփում է ընկերության Convivialite՝ աշխատանքի լուսանցքներում միմյանց հետ ջերմ և հագեցած պահերը կիսելու գաղափարը։


Եվ քանի որ գործարանի՝ Բերդի մասնաճյուղի աշխատակիցները միշտ չէ, որ կարողանում են այցելել Երևան և մասնակցել մշակութային միջոցառումներին, մասնաճյուղի 20-ամյակի առթիվ Երևանի կոնյակի գործարանը որոշել է այս նախաձեռնությունը տանել սահմանին գտնվող Բերդ քաղաք։ Հենց սրա շրջանակներում էլ կայացավ «Ցանկապատ» ներկայացման՝ այս թատերաշրջանի առաջնախաղը։ 


Ստեփան Զորյանի համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրված այս ներկայացումը նախորդ տարիներին հանդիսատեսին է ներկայացվել Սաղմոսավանքում և Հայաստանի այլ պատմամշակութային վայրերում: Այս անգամ ցանկապատերը Բերդ էին հասել: Ձնախառն անձրևն ու մառախուղը չխանգարեցին դերասաններին հուզական ապրումների վառ գունապնակի ներքո պատմել առավել քան մեկ դարյա իրադարձությունների մասին։

 

«Ցանկապատ», ըստ Ստեփան Զորյանի ստեղծագործության, բեմադրող՝ Տիգրան Գյուլումյան
 


Ներկայացման ֆորմատը յուրատեսակ էր. չնայած անվանմանը, հանդիսատեսի ու դերասանների միջև ցանկապատ չկար: Այստեղ բեմը գործարանի տարածքում գտնվող կանաչ այգին էր, իսկ դեկորացիաներ թատերական իմաստով չկային բնական էին և՛ լեռները, և՛ գառան բառաչը, և՛ կրակը, և՛ նույնիսկ մատաղն էր իրական կրակի վրա եփվում: Դե իսկ մառախուղն էլ ժամանակ առ ժամանակ հետաքրքիր միզանսցեններ էր ապահովում: 


Հրավիրվածները հարևանների կռվի իրական ականատեսը դարձան, որոնք վիճում էին՝ չկարողանալով իրենց այգու հողը կիսել: Ներկայացման մեջ կենցաղային խնդիրներն են, իսկ երկխոսության տողատակերում՝ լուրջ խնդիրները:

 

Սահմանամերձ մասնաճյուղի անսահման հմայքը

Անձրևն ամեն դեպքում եկավ՝ ներկայացման ավարտից հետո, երբ դերասան Մկրտիչ Արզումանյանը հույս հայտնեց, որ ներկայացումն էլ կոնյակի նման երկար կյանք կունենա: Նա ընդգծեց՝ ուրախ են, որ այս թատերաշրջանի մեկնարկը հենց Բերդում են տալիս։ Ներկայացման ռեժիսոր և սցենարի հեղինակ Տիգրան Գյուլումյանն էլ նշեց, որ այս անգամ խաղը տարբերվում էր նախորդներից, թե՛ ընտրված վայրով և թե՛ եղանակով պայմանավորված: 


«Հրաշալի «բեմ» ստացանք, կազմակերպիչների կողմից ամեն ինչ արվել էր, որպեսզի մեկ վայրկյան անգամ չզգայինք, որ այլ տեղում ենք ներկայացումը խաղում: Դարեր շարունակ կրկնվող թեմա է։ Ներկայացում, որը հասնում է հանդիսատեսի հոգուն, կարծում եմ՝ թողնում է մի լույս, հաղորդագրություն։ Դա շատ կարևոր է։ Մեր գործը դա է»,– ասաց Արզումանյանը:

 

 

Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը


Ներկայացմանը հաջորդեց հյուրասիրությունը՝ հաճելի երաժշտությամբ և ARARAT կոնյակների հետաքրքիր կոկտեյլներով: Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը ընդգծեց՝ 20 տարի առաջ ոչնչով աչքի չընկնող այս վայրը վերածվել է ARARAT լեգենդար կոնյակների ակունքներից մեկի: «Այս մասնաճյուղը 20 տարվա գիտական, հետևողական և անձնվեր աշխատանքի արդյունքում դարձել է Բերդ քաղաքի այցեքարտերից մեկը»,– ասաց նա: 


«Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի 20-րդ տարեդարձն այս մշակութային ձևաչափով նշանավորելու գաղափարը և այս ջերմ երեկոն համայնքի հետ կիսելը մեր երախտիքն է այն կամքին ու վարպետությանը, տոկունությանն ու բնությանը, որ հյուսում են սահմանամերձ մասնաճյուղի անսահման հմայքը»,– նշեց Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը։ Դժվար է չհամաձայնել։

հավելյալ նյութեր