«Ճամփորդություն արվեստում»․ լույսի, ձայնի և հույզերի միջով
Հունիսի 19-ին Նկարիչների միության ցուցասրահում մեկնարկեց բացառիկ նախագիծ, որը միավորում է Վան Գոգի և Գուստավ Կլիմտի ստեղծագործությունները նոր տեխնոլոգիաների լեզվով։ «Ճամփորդություն արվեստում» մուլտիմեդիա ցուցադրությունը կգործի մինչև օգոստոսի 19-ը։
21.07.2025Վինսենթ Վան Գոգի արվեստին ծանոթ ամեն մարդ երևի գոնե մի անգամ մտովի պատկերացրել է, թե ինչ հրաշալի կլիներ հայտնվել նրա կերտած աշխարհում, զբոսնել աստղազարդ գիշերվա երկնքի տակ, կամ թափառել ցորենի դաշտերում և վերջապես մրափել Արլի հռչակավոր ննջասենյակում։ «Ճամփորդություն արվեստում» մուլտիմեդիա ցուցահանդեսը հնարավոր ամենամոտ փորձառությունն է․ շարժվող պատեր, կենդանի գույներ, պարող լուսային շերտեր ու տարածական ձայն՝ սա պարզապես ցուցադրություն չէ, այլ զգայական ներգրավվածություն։
Աշխարհում մուլտիմեդիա արվեստի ցուցադրություններն արդեն ձևավորել են մարդկության մշակութային ժառանգության հետ հարաբերվելու նոր մշակույթ։ Նման նախագծեր լայն տարածում ունեն Միլանում («Van Gogh Alive», «Klimt Experience» ցուցահանդեսներ), Փարիզում (Atelier des Lumières մուլտիմեդիա կենտրոն), Դուբայում (Infinity des Lumières կենտրոն), Տոկիոյում (teamLab Borderles տարածությունում), որտեղ արվեստն ապրում է շարժման, ալգորիթմի և լուսային համակարգերի միջոցով։ Այս ցուցադրությունները փոխում են ավանդական պատկերացումը թանգարանի մասին՝ արվեստը դարձնելով ներգործական, խաղացողական և երբեմն՝ մեդիտատիվ միջավայր։
Հայաստանում «Ճամփորդություն արվեստում» նախագիծն իրականացվում է Anima Exhibitions ընկերության կողմից, որը փորձում է նոր ձևաչափով ներմուծել այսպիսի զգայական փորձառությունը տեղական մշակութային դաշտ։ 510 քմ տարածքի վրա՝ 4 մետր բարձրությամբ էկրաններով ու տիեզերական ձայնային համակարգով ստեղծվել է այնպիսի մթնոլորտ, որտեղ դասական արվեստն այլևս դիտելու, այլ զգալու փորձառություն է։
Հատուկ մշակված 77 րոպեանոց ծրագրում ներկայացված են ավելի քան 300 աշխատանք՝ վերամշակված վիզուալ և ձայնային տեխնոլոգիաներով։ Այստեղ «Համբույրը»՝ Կլիմտի ոսկեգույն գլուխգործոցը, հանգիստ տեղ գտել է «Արևածաղիկների» կողքին՝ չեղարկելով ժամանակի ու տարածության սահմանները։ Հյուրերը կարող են ազատ շարժվել սրահում, նստել կամ պառկել՝ փորձառությունը յուրովի ապրելով։ Վիդեոների հեղհեղուկ շարժումն ու երաժշտական ուղեկցումը ստեղծում են զգացողություն, թե կտավները շնչում են հենց քո շուրջը։
Ցուցահանդեսը բաց է ամեն օր՝ առավոտյան 10։00-ից մինչև կեսգիշեր։ Տոմսերի արժեքը՝ աշխատանքային օրերին 3500 դրամ, իսկ հանգստյան օրերին՝ 5000։ Տեղի ընտրությունը՝ Աբովյան 16 հասցեում գործող Արա Սարգսյանի անվան ցուցասրահը, լավագույնս համատեղում է կենտրոնական հասանելիությունը և մշակութային լրջությունը։
Ցուցադրությունը ոչ միայն հիացնում է, այլև հիշեցնում. Վան Գոգի կենսագրությունն ու նրա ստեղծագործական մենակությունը, ինչպես նաև Կլիմտի էսթետիկ հեղափոխությունը, այսօր էլ շարունակում են ներշնչել նոր ձևով ստեղծելու և ընկալելու։ Եվ եթե ժամանակին այդ կտավները դիտվում էին զուսպ լռության մեջ, ապա հիմա դրանք խոսում են լույսով, ձայնով ու շարժումով՝ ուղղակիորեն դիմելով զգացմունքին։