Ճամփորդություն Բի-2-ի շուրջ․ ալբոմի շնորհանդեսը Բյուրականի աստղադիտարանում
Երաժշտություն

Ճամփորդություն Բի-2-ի շուրջ․ ալբոմի շնորհանդեսը Բյուրականի աստղադիտարանում

Ռուսական ռոքի առաջատար խմբերից մեկը՝ Բի-2-ն, տվեց Երևանում իր արդեն երրորդ համերգը։ Բայց նախ՝ սա առաջինն էր սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, և երկրորդ՝ համերգից առաջ խումբը ներկայացրեց իր հենց նոր լույս տեսած ալբոմը Բյուրականի աստղադիտարանում՝ մի քանի տասնյակ երկրպագուների ու լրագրողների ուղեկցությամբ։

Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի

 

Լուսանկարները՝ Ալեքսանդրա Օվչերենկո

#Ռոք

Կան համերգներ, որոնք մնում են պարզապես համերգներ, և կան իրադարձություններ, որոնք ստանում են խորհրդավոր ու սիմվոլիկ նշանակություն։ Բի-2-ի երեկոն Բյուրականի աստղադիտարանում հենց այդպիսի դեպքերից էր, երբ երաժշտությունը դադարում է լինել պարզապես ձայն և համընկնում ու միաձուլվում տարածության հետ։

 

Տեղի ընտրությունն ինքնին հնչում էր որպես գրեթե չափազանց ճշգրիտ հանգ նոր ալբոմի անվան հետ՝ «Պտույտ արևի շուրջ»։ Լսել այն ոչ թե ակումբում կամ համերգասրահում, այլ այստեղ՝ բարձրության վրա, աստղադիտակների միջև, իրական աստղերի տակ, արդեն ոչ թե շնորհանդես է, այլ տիեզերական մի գործողություն։

 

 

Ֆորմալ առումով սա «կենդանի լսում» էր։ Իրականում՝ հիբրիդ՝ և՛ listening party, և՛ հանդիպում երաժիշտների հետ, և՛ փոքր ակուստիկ համերգ։ Խումբը երաժշտական լրագրող Բորիս Բարաբանովի հետ զրույցում հերթով պատմում էր ալբոմի երգերի մասին՝ առանց պաթոսի, ընկերական քննարկման պես։ Ալբոմը ծնվել է խմբի համար շրջադարձային մի փուլում, երբ երաժիշտներն ընտանիքներով ստիպված եղան անժամկետ լքել Ռուսաստանը ու նոր կյանք սկսել արտերկրում՝ ինչպես հազարավոր իրենց հայրենակիցներ, որոնցից շատերը հաջորդ օրը գալու էին լսելու երևանյան մեծ համերգը մարզահամերգային համալիրում։ Այդտեղից էլ ալբոմի ընդհանուր դառնացած բովանդակությունը։ Իսկ հանդիպման վերջում՝ մի քանի դասական հիթերի ակուստիկ կատարում («Варвара»-ից մինչև «Молитва»): 

 

 

 

Այսպիսի տարածքում երաժշտությունը այլ կերպ է հնչում։ Ոչ ավելի բարձր, ոչ էլ ավելի մաքուր՝ այլ ավելի մոտ։ Խմբին, երաժշտությանը, տիեզերքին։ Եվ այս իմաստով Բյուրականը կատարյալ տեղ էր։ Աստղադիտարանը սպասման տարածք է։ Դու նայում ես երկնքին և չգիտես՝ ինչ ես տեսնելու։ Այստեղ նույնն էր տեղի ունենում, պարզապես աստղերի լույսի փոխարեն՝ ձայն։

 

Ամենախորհրդանշական պահը եղավ վերջում։ «Молитва» երգի ընթացքում արդեն առանց ավելորդ խոսքերի և գրեթե առանց դադարի, աստիճանաբար սկսեց բացվել աստղադիտարանի գմբեթը։ Եվ դահլիճի վրա հայտնվեց մաքուր գիշերային երկինքը։ Այդ պահին ամեն ինչ հանկարծ դարձավ բառացի․ ալբոմը, որի մասին հենց նոր խոսում էին, դադարեց պատկանել այս տարածքին։ Կարծես այն իսկապես «դուրս եկավ»՝ այնտեղ, որտեղ այլևս չկա ոչ բեմ, ոչ հանդիսատես։

 

 

 

 

Հաջորդ օրն այդ զգացողությունն ավելի ուժեղացավ։ Նույն երգերը հնչեցին արդեն մեծ դահլիճում՝ հազարավոր մարդկանց առջև։ «Псалом 26»-ն առաջին անգամ կատարվեց կենդանի ու ինչպե՜ս։ Իսկ ինչ-որ տեղ տիեզերքում սավառնում են ու իրենց կյանքով ապրում «Путешетвие вокруг солнца» սկավառակի երգերը։

հավելյալ նյութեր