Ճամփորդություն հին էպոսներով դեպի ARARAT-ի արժեքներ
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում նոր ցուցադրություն է բացվել․ պատկերներ աշխարհի հայտնի էպոսների տեսարաններից, որոնք ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։ Ահա թե ինչու և ինչպես ծնվեց այս զարմանալի նախագիծը։
Տեքստը՝ Արտավազդ Եղիազարյանի
Լուսանկարները՝ Երևանի կոնյակի գործարան
Մի փետրվարյան մռայլ աշխատանքային օր էր, երբ զանգ եկավ Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանից։ Ինչպես միշտ, երբ այնտեղ նոր գաղափար է խելքի գալիս, Զարուհին չափազանց ոգեշնչված է ու կլանված։ Պատմում էր, թե ինչ անհավանական է, որ հազարամյակների պատմություն ունեցող էպոսներում այսօր կարելի է գտնել այնպիսի արժեքներ, որոնց վրա հիմնված է նաև ARARAT-ը։ Ու որ ինչ բարդ, ու նույնքան հետաքրքիր աշխատանք է՝ սովորեցնել արհեստական բանականությանը մարդավարի պատկերել դրանք։ Մի րոպե, զարմացա, ի՞նչ արհեստական բանականություն։ Ահա այդտեղ էլ պարզվեց, որ միտքը հին, հիմքային արժեքները նորագույն, եթե ոչ ապագայի միջոցներով պատկերելն է։
«AI-ի մասնագետներ կան, - վստահեցրեց Զարուհին, - էպոսների գրական մասը ավելի բարդ ա։ Ոնց ես կարծում, ո՞վ կարող է»։ Ես գիտեի ոչ թե մեկին, այլ երկուսին․ առաջինը հայրս է՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ, էպոսագետ Ազատ Եղիազարյանը։ Մյուսը՝ նրա կրտսեր կոլեգան, Մատենադարանի գիտաշխատող Հայկ Համբարձումյանը։ Հենց նա էլ առավել լավ կներգրավվեր այս յուրահատուկ նախագծում։ Վստահեցրի Զարուհուն, որ հայրիկս էլ միանշանակ նույն կարծիքին կլիներ։
Այդպես, Հայկը միացավ ARARAT-ի թիմին. նրանք միասին վերընթերցեցին նախ՝ մեր հարազատ «Սասնա ծռերը», հետո անցան այլ ազգերին։ Հետազոտության արդյունքում տարբեր էպոսներից ընտրվեցին դրվագներ, որոնք լավագույնս համապատասխանում են ARARAT-ի արժեքներին։ Այնուհետև այս ամենը հանձնվեց հարգարժան արհեստական բանականությանը։ Արդյունքն առաջին անգամ հանրությանը ներկայացվեց 2023 թվականի թանգարանների գիշերը։
Ըստ Զարուհու՝ ցուցադրության գաղափարական կապն ARARAT թանգարանի հետ շատ բազմաշերտ է։ «Ցանկացած էպոս՝ նաև ճամփորդության պատմություն է։ Ճամփորդությունը իրադարձությունների, մարդկային հատկանիշների, գաղափարների զարգացման միջոց է։ Այդպես, ARARAT թանգարանի ամեն այցելու սկսում է ևս մի ճամփորդություն։ Բացի այդ, էպոսների հերոսները սովորաբար արժեքների անվերջ որոնումների մեջ են լինում։ Իսկ ARARAT-ը, որպես հայկական կոնյակ, նույնպես արժեքներ կրող ու փոխանցող պատմություն է»։
Եվ քանի որ ցուցադրության թռչնագիրն ամեն դեպքում մեր «Սասնա ծռերն» է, այս ճամփորդությունը սկսվում է հայկական էպոսի երկու դրվագներից․ Սանասարի ու Բաղդասարի ամրոցի կառուցումը և Սասունցի Դավթի երկխոսությունը ալեհեր արաբ ծերունու հետ։ «Յուրաքանչյուր էպոս բնութագրում և խորհրդանշում է կոնկրետ ժողովրդին բնորոշ հատկանիշներն ու արժեքները,- պատմում է Հայկն ու հստակեցնում․ - այս դրվագները շատ լավ ցույց են տալիս հայ ժողովրդի առանձնահատկությունները՝ նրա ուժը, ինքնության պահպանման ձգտումը, դժվարությունների հաղթահարումը»։
Հաջորդ կայարանը «Նիբելունգների երգն» է․ Զիգմունդ արքան ասպետի կոչում է շնորհում որդուն՝ Զիգֆրիդին։ «Այս տեսարանը ճոխ, առատ սեղանի գրական նկարագրության բացառիկ նմուշ է և այս ցուցադրությունում խորհրդանշում է ARARAT-ի առատաձեռնությունը», բացատրում է Հայկ Համբարձումյանը։
Հայկ Համբարձումյանը
Երկու դրվագ «Սասնա ծռերից»
Ահա ևս մեկ ճամփորդական զուգահեռ․ ռուսական բիլինաների հերոս Իլյա Մուրոմեցի՝ երեսուն տարի վառարանին նստելուց հետո մեծ ճանապարհ սկսելու պահը․․․ Արթուր Արքան հանում է առասպելական Էքսկալիբուր թուրը քարից․․․ Գիլգամեշը՝ ընկերոջը կորցնելուց հետո իջնում է գետի հատակը, որպեսզի գտնի անմահության ծաղիկը․․․
Կարևոր նշում․ չզարմանաք, երբ նկատեք, որ ամեն պատկերի կողքին համապատասխան դրվագն էպոսից գրված է բնօրինակ լեզվով․ գերմաներեն, հունարեն, ռուսերեն և այլն։ «Մենք ուզում էինք շեշտել, որ ամեն թանգարանի գլխավոր բաղադրիչը հենց այցելուն է, - բացատրում է Զարուհին, - պատկերացրեք, ինչ հաճելի պիտի լինի, ասենք՝ գերմանացի զբոսաշրջիկի համար, որը երկար ճանապարհ անցնելով եկել-հասել է մեր թանգարան ու հանկարծ հանդիպում է իրենց ազգային էպոսից մի դրվագ, այն էլ՝ հարազատ լեզվով։ Ու այդպես, տասնյակ հազարավոր մարդիկ իր պես կկիսեն համամարդկային արժեքները»։
Ոդիսևսի վերադարձը
Ցուցադրության ավարտը «Ոդիսականից» է․ 20 տարի անց Ոդիսևսը վերադառնում է Իթակե ու հանդիպում Պենելոպեին։ Սա, իհարկե, խորհրդանշական է․ «Ոդիսականը» վերադարձի մասին է, այնպես, ինչպես բոլոր թանգարանները՝ այդ թվում և ARARAT-ը նույնպես, անում են այնպես, որ այցելուն այստեղ մտնելիս զգա, որ վերադարձել է հարազատ մի վայր, իսկ հեռանալիս անպայման հետ գա։