🧳 «Ճամպրուկ»․ ամեն ինչ ավելի լավ է լինելու
Թատրոն

🧳 «Ճամպրուկ»․ ամեն ինչ ավելի լավ է լինելու

Սունդուկյանի անվան թատրոնում հոկտեմբերի 9-ին կայացավ «Ճամպրուկ» ներկայացման թարմացված տարբերակի պրեմիերան, այս անգամ ռուսաստանցի աստղեր Ալեքսեյ Կորտնևի, Ալեքսեյ Ագրանովիչի և Սեմյոն Տրեսկունովի մասնակցությամբ։ ԵՐԵՎԱՆը շփվել է Սերգեյ Դովլաթովի համանուն գրքի հիման վրա ստեղծված բեմադրության հեղինակների ու դերասանների հետ՝ պրեմիերայից օրեր առաջ։

 

Տեքստը՝ Լենա Գևորգյանի

 

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

 

«Ճամպրուկի» հետագա ներկայացումների մասին տեղեկանացեք այստեղից

 

Մի օր նոր կյանք սկսվեց, դե այդպես ստացվեց․ բացեցի ճամպրուկս՝ ախր էս ինչե՞ր եմ վերցրել: Մոմ, ձեռագիր նամակ, լուսանկար, օծանելիքի դատարկ սրվակ, մազակալ, բաղադրատոմսերի գիրք, լավ, էս բանալիներն էլ ինչի՞ս են պետք: Բայց հենց դիպա դրանց՝ կենդանացան: Հիշեցի դեմքեր, վայրեր, իրադարձություններ, զգացի հոտեր ու համեր, վերապրեցի ակնթարթներ․․․  

 

Դովլաթովյան «Ճամպրուկի» այս հոգեվիճակը հիշեցի, երբ գլխավոր հերոսն արտագաղթում է Խորհրդային Միությունից ու իր հետ տանում ճամպրուկը, որում հավաքած, առաջին հայացքից անկապ թվացող իրերը դառնում են իր նախկին կյանքի հայելին՝  մարդկանց ու ճակատագրի վրա ազդած իրադարձությունների փաթեթ: Այդ մասին է Ռեժիսոր Ալեքսեյ Գայլիտի՝ Սերգեյ Դովլաթովի համանուն  ժողովածուի հիման վրա ստեղծված ներկայացումը։ Պրեմիերայից մի քանի օր առաջ հանդիպեցի ներկայացման պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովին ու ստեղծագործական կազմի մյուս անդամներին։ Նրանց գրեթե բոլորին, ի դեպ, Դովլաթովի հետ կապում է արտագաղթը, ու իրենց հետ վերցրած ճամպրուկում տեղավորված՝ առաջին հայացքից անկապ թվացող իրերը․․․ 

 

Ներկայացման պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովը

 

«2022-ի աշնանը երևանյան սրճարաններից մեկում ընկերուհուս հանդիպեցի․ ասում է, լսիր, նորից կարդացի Դավլաթովի պատմվածքները, գրողը տանի, որքան արդիական են․ արտագաղթելուց հաճախ մեր գոյատևման համար անպետք իրեր ենք վերցնում: Օրինակ` ես փոքրիկ արջուկ եմ հետս բերել, որը պարզապես ինչ-որ բարակ թելով կապում է ինձ համար թանկ մարդկանց կյանքի ինչ-որ ժամանակաշրջանի հետ: Սա բավական հակառացիոնալ է, քանի որ նման իրերը երբեմն շատ տեղ են զբաղեցնում, բայց մարդիկ իրենց հետ հիշողությունն են տանում», - պատմում է Սերգեյը: 

 

Ներկայացում անելն անխուսափելի դարձավ։ Նախագծին միացավ ռեժիսոր Գայլիտը։ Պրեմիերան կայացավ 2023-ին: Մի քանի ներկայացում, լեփ-լեցուն դահլիճներ։ Իսկ արդեն այս տարի Նինա Շկարայի երաժշտությանն ավելացան Ալեքսեյ Կորտնևի ու Արամ Գյուրջյանի խոսքերն ու ծնվեց նոր ներկայացումը:

 

Բեմական «Ճամպրուկի» կարևոր բաղադրիչներից է երաժշտությունը։ «Երբ իմ առջև խնդիր դրվեց ստեղծել երգը, որ կփոխանցի այն պահը, երբ գրողն առաջին անգամ բացում է ճամպրուկը, Դովլաթովի հետ փոխհարաբերություններս փոխվեցին։ Սկսեցի տողատակեր գտնել։ Տպավորություն է, թե անձնապես ծանոթ ենք։ Իրեն բնորոշ սուր կերպով հաճախ դիտարկումներ է անում, ու ինչ խոսք, շատ համոզիչ։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ Դովլաթովը, յուրահատուկ կերպով, սիրում է իր բոլոր կերպարներին։ Ու հենց սա է օգնում մեզ դիմացինի նկատմամբ ավելի ըմբռնումով մոտենալ»,֊ պատմում է Արամ Գյուրջյանը։

 

 

 

2019 թվականին դերասան Սերգեյ Տրեսկունովը հոր հետ Նյու Յորքում էր․ «Առաջին վայրերից մեկը, որտեղ հայրս ինձ տարավ, հրեական գերեզմանոցն էր: Նա ինձ  ցույց տվեց Սերգեյ Դոնատովիչի՝ բավական սովորական, ճոխությունից զուրկ գերեզմանը։ Նա պանթեոնում չէ թաղված, այլ սովորական մարդկանց կողքին։ Բայց նրա հոգին դեռ սավառնում է։ Ինչ-որ ներքին վեհություն, կապ զգացի այս մարդու հետ։ Եվ ահա, տարիներ անց առաջարկ եմ ստանում մասնակցել այս ներկայացմանը․․․»։

 

Ռեժիսոր Գայլիտը խոստովանում է, որ Երևանն իրեն շատ է ոգեշնչում, «Տպավորություն է, թե սովետական ​​բոլոր ամենաստեղծագործ ռեժիսորներն ու ճարտարապետները հենց այստեղ են հավաքվել ու կառուցել Երևանը»։ Ռեժիսորը նշում է, որ ներկայացումը ներկա աշխարհաքաղաքան իրավիճակում չափազանց կարևոր է․ «Երբ կարդում ես Դովլաթովի արձակը, զգում ես, որ նա վերևից չի նայում հերոսներին, չի դատապարտում նույնիսկ նրանց, ովքեր իրեն անընդհատ տանջում էին։ Բոլորին վերաբերվում է մեծ սիրով»։ 

 

 

 

Պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովն էլ հուշում է, որ այս նախագիծը դեպի ապագան նայելու փորձ է․ «Այն, ինչ եղավ մեզ հետ՝ անցյալ է․ պետք է հիշենք որպես գեղեցիկ պահ, որովհետև հիմա այլ կյանք է, որն իր ձևով է գեղեցիկ։ Գլխավորը ձեր առավելություններն այլ կերպ տեսնելն է։ Սա է այն ուղերձը, որ ռեժիսորի հետ ցանկանում ենք փոխանցել մեր ներկայացմամբ»։

 

Ու անկախ իրավիճակից, բոլորս մեզ հետ տանում ենք պատմությունների մեր ճամպրուկը՝ հույս ունենալով, որ ամեն ինչ կլինի դեռ այնպես, ինչպես նախկինում էր։ Բայց հիմա այլ կերպ է լինելու։ Ու հիմա ամեն ինչ լինելու է ավելի լավ։