Ճանապարհ՝ ներսդ, անցյալդ ու ապագադ ճանաչելու
Արարատ

Ճանապարհ՝ ներսդ, անցյալդ ու ապագադ ճանաչելու

Լուսնի պես հեռու երազանք, շփում թուրք ոստիկանների հետ, ընկերություն քուրդ ուղեկցորդների հետ, մշտապես նոր զգացողություններ. պատմում են մարդիկ, որոնք Արարատի գագաթին եղել են բազմաթիվ անգամներ ու դեռ էլի են լինելու։

Տեքստը՝ Լիլիթ Խաչատուրյանի


Լուսանկարները՝ Հովհաննես Մարտիրոսյանի և Հրաչ Իվանյանի արխիվներից

 

ԵՐԵՎԱՆ #88 | 2025
 

Հովհաննես Մարտիրոսյան
Հայաստանի դահուկային լեռնագնացության ֆեդերացիայի նախագահ

 


 

Բարձրացել է Արարատի գագաթ 18 անգամ

 

Լուսնի պես հեռու, բայց մերը

Առաջին անգամ Արարատ բարձրացել եմ 2009 թվականին։ Երբ պարզվեց, որ հնարավոր է վերելքներ իրականացնել, դա մեր աչքին լուսնի պես մի բան էր՝ այնտեղ է, երևում է, բայց հասնել՝ անհնարին։ Սահմանները փակ էին, և թվում էր՝ ավելի հեշտ է մի աստղի հասնել, քան փակ սահմանից այն կողմ գտնվել։ Իսկ Արարատը հենց այնտեղ էր՝ հեռու ու անհասանելի։
Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան վարորդի միջոցով կոնտակտ էինք ստացել մի քրդի հետ, որը ռուսերեն էր խոսում։ Գնացինք, գտանք, ու երբ գինն ասեց՝ շուկայականից մի քանի անգամ ավելի էր։ Ասացինք՝ ինչքան որ ունենք, կտանք, մնացածը՝ հետո։ Վերելքն արեցինք, վերջում էլ սպասեցինք, որ նա իջնի՝ իրեն ներքև իջեցնենք։ Գագաթին տեսանելիություն չկար, մառախուղ էր, լույսի շողեր։ Անմոռանալի գեղեցկություն։

 

 

Սաֆեթի հետ հանդիպումն ու նոր բարեկամություն

Էլբրուսի վերելքի ժամանակ մի նոր կազմակերպության մասին իմացա՝ «Ararat Sunrise» անունով։ Վերելքից հետո զանգեցի և ծանոթացա Սաֆեթի հետ։ Պլանավորեցինք մեր՝ դեպի Արարատ համատեղ վերելքը։ Առաջին վերելքի ժամանակ տարօրինակ բան տեղի ունեցավ. 3200 մետրի ճամբարում պարզվեց, որ խոհարարը թողել-գնացել է։ Սաֆեթից հարցնում եմ՝ սրանից առաջ եղել ե՞ս Արարատում։ Ասում է՝ չէ։ Ասացի՝ ուրեմն դու կլինես խոհարարը, ես՝ ուղեկցորդը։ Այդ վերելքը դարձավ մեր բարեկամության սկիզբը։ Այսօր էլ միասին ենք աշխատում։

 

 

Սառցաճեղք, ջահերով երթ, կողոպուտ և այլ արկածներ

2010-ին Արարատի վրա սառցաճեղքի մեջ ընկա։ Երեկո էր, 4200 մ բարձրության վրա։ Հեռախոսով փորձում էի սիգնալ բռնել՝ տուն զանգելու համար։ Ու հանկարծ զգացի՝ ոտքս ինչ-որ ուժ քաշում է ներքև։ Ընկա։ Վերջին վայրկյանին ինքս ինձ բռնեցի ու դուրս եկա։ Բարեբախտաբար՝ ողջ մնացի։


2013-ին մեզ կողոպտեցին լեռան վրա։ Երեկոյան երկու հոգի մոտեցան՝ իբր հարցեր տալու, գիշերը 11-ին՝ կրակոց, զենք, «money, money»։ 3200 դոլար, հեռախոսներ… ու հեռացան։ Կապվեցինք Սաֆեթի հետ, նկարագրեցինք մարդուն։ Նա կասկածեց մի ձիապանի։ Գիշերվա ընթացքում բարձրացան մեզ մոտ, գնացինք կողքի ճամբար, ու… գտանք։ Գումարը որոշ ժամանակ անց մեզ մոտ էր։

 


Մեծ եղեռնի 100-ամյակին որոշեցինք ջահերով երթ կազմակերպել Արարատում։ Կնոջս գաղափարն էր։ Ցանկացանք հարյուր հոգով՝ հարյուր մետրանոց դրոշ բարձրացնել։ Գագիկ Գինոսյանի խումբը ևս մեզ հետ էր։ Ութ երկրներից հայեր միացան։ Մենք պարեցինք գագաթին, սրբազան լեռը վերածվեց ոչ միայն վերելքի վայրի, այլ՝ լույսի։ Թուրքական մի քանի լրատվամիջոց անդրադարձավ այդ վերելքին։


Եղել է նաև դահուկային վերելք դեպի Արարատ։ Այնտեղից իջնելը հեշտ էր։ Վերին մասը սառույց էր, բայց մեկ ժամում վայելքով իջնում ես։ Սիս էլ եմ դահուկներով բարձրացել, սակայն այդ ժամանակ ոստիկանությունը մեզ տարավ բաժանմունք, կարող էին մի շաբաթ պահել։ Բարեբախտաբար՝ բաց թողեցին։

 



Հրաչ Արա-Իվանյան
Armenian Geographic արշավային ակումբի լեռնային ուղեկցորդ

Բարձրացել է Արարատի գագաթ 5 անգամ

 

Երբ կինոն սերմ է դառնում

Արարատը միշտ ինչ-որ տեղ իմ ներսում էր։ Մանկուց հիշում եմ մի ֆիլմ՝ չորս ֆրանսահայերի վերելքի մասին, որ ամեն ապրիլի 24-ին ցուցադրում էին։ Երևի հենց այդտեղից էլ սերմանվեց գագաթ բարձրանալու գաղափարը։ Այդ ժամանակ դեռ ոչ մի պատկերացում չունեի լեռնագնացության մասին։ Չգիտեի, որ Արարատի գագաթին հասնելը լեռնագնացություն է համարվում։ Ուղղակի գիտեի, որ կա Արարատ, և որ գագաթին եղել են մարդիկ։ Մնացած լեռների մասին նույնիսկ չէի մտածում։

 

 

Առաջին վերելքը 

Ինձ համար առաջին քայլերը սկսվեցին 2008-ին։ Սոցցանցում աչքովս ընկավ, որ մեկը հետաքրքրվում է Արարատի վերելքով։ Ես էլ սկսեցի հետաքրքրվել։ Այդ ժամանակ արդեն Հայաստանում արշավում էի։ Իսկ առաջին անգամ 2014-ին բարձրացա։ Հետաքրքիր պատմություն է. աշխատանքից մի քանի ժամով կապից կտրված էի, ու երբ ինտերնետ ունեցա, տեսա, որ մի շարք ընկերներ ուղարկել են նույն հրավերը (event)՝ վերելք դեպի Արարատ։ Ոչինչ պատահական չի լինում։


Վերելքին մնացել էր մոտ հինգ-վեց ամիս։ Սկսեցի հարցուփորձ անել՝ կկարողանա՞մ արդյոք բարձրանալ։ Քաշս շատ էր, ու առաջին բանը, որ մտածեցի՝ նիհարելն էր։ Երկու ամիս առաջ սկսեցի վազել ու կարողացա մոտ 10 կգ պակասեցնել։ Նախքան Արարատը բարձրանալը Արագած բարձրացանք՝ ստուգելու, թե ինչ վիճակում եմ։


Վերջին շաբաթներին լուրջ անհանգստություն ունեի։ Աշխատանքից հետո ուղիղ տուն էի գնում, փողոցում նույնիսկ զգուշությամբ էի քայլում, որ հանկարծ ոտքս չոլորեմ։ Չէի ուզում, որ որևէ բան խանգարի վերելքին։ Բայց հենց վերելքից առաջ մի ուրիշ ծանրություն եկավ՝ գնացինք Անի, ու էն, ինչ կարդացել էի, հանկարծ մարմնով զգացի։ Շատ ճնշող էր։ Դրա ազդեցությունը տարա հետս դեպի վերելք։


Արարատն իմ առաջին 5000 մետր բարձրության լեռն էր։ Ու մինչ օրս ամենաբարդ եղանակային պայմաններով վերելքս՝ ուժեղ քամի, մառախուղ, մութ։ Գագաթից մոտ մեկ ժամ առաջ լույսը բացվեց, հետո էլի մթնեց։ Հիշում եմ՝ քուրդ ուղեկցորդն անհանգստացած գագաթից մեզ ստիպողաբար իջեցրեց։ Բայց մենք ոչինչ չէինք զգում՝ էյֆորիկ վիճակ էր։

 

 

Հինգ վերելք, բայց նույն գայթակղությունը

Այդ օրից ի վեր հինգ անգամ բարձրացել եմ Արարատ։ Ամեն վերելք այլ է, յուրահատուկ։ Այլ լեռներ էլ եմ հաղթահարել, բայց Արարատը միշտ մնացել է սրտի վրա մի տեսակ ուրիշ։ Ուղեկցել եմ ավելի քան 100 մարդու իրենց երազանքի գագաթ։ 


Հաստատուն ավանդույթներ ունենք. նախորդ երեկոյան Բայազետում հավաքվում ենք մեր հարազատ դարձած անկյունում, ծանոթանում ենք, պատմում՝ ինչու ենք հենց հիմա այստեղ։ Պատմությունները տարբեր են, բայց բանալին մեկն է՝ Արարատն է։


Վերելքից հետո մի զարմանալի բան է լինում՝ մարդիկ «Արարատված» են դառնում։ Դա հատուկ զգացողություն է։ Հետո երբ լեռը Հայաստանից ես տեսնում, ներսումդ մի ժպիտ է փռվում։ Ու հասկանում ես, որ կյանքդ փոխվել է 5165 աստիճանով։

 

Քանակը կարևոր չէ, բայց հաջորդի սպասումը միշտ կա

Չեմ հաշվում՝ քանի անգամ դեռ կբարձրանամ։ Ամեն անգամ հաջորդի պես է, ու ամեն անգամ նոր հիշողություն է ավելանում։ Առաջին վերելքս տպավորիչ էր, բայց մի քիչ կիսատ մնաց՝ գագաթից տեսարան չունեի։ 


Ի դեպ, մի վերելք էլ կա, որ այդպես էլ կիսատ մնաց։ 3200 մետր բարձրության ճամբարում էինք, պատրաստվում էինք շարունակել, բայց… Բոլորին լեռան վրայից էվակուացրեցին։ Հետո մի ամբողջ հինգ տարի Արարատը փակ լեռ համարվեց՝ թուրքական կառավարության որոշմամբ։ 


Սիսն էլ երկար ժամանակ անհասանելի մնաց։ Այսօր որոշակի թույլտվություններով հնարավոր է կրկին բարձրանալ։

 

Գրքեր, խորհրդանիշներ ու ընկերություն գագաթին

Երբ առաջին անգամ էի գնում Արարատ, մի ամբողջ գրադարան հետս էի տարել՝ վեց գիրք։ Այդ թվում Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը»՝ ինձ համար հատուկ խորհուրդ ունեցող գիրք։ Ընկերոջս բանաստեղծությունների ժողովածուն եմ գագաթ բարձրացրել։ Շատերն ինչ-որ բան են բերում՝ լինի առարկայական, թե խորհրդանշական։ Մեկը գագաթին տեսանյութ է նկարում ու ուղարկում սիրելիին։ Իմ ընկերներից մի զույգ հենց Արարատի գագաթին նշանադրվեց։


Արարատը լեռ չէ միայն։ Դա մի ճանապարհ է՝ ներսդ, անցյալդ ու ապագադ ճանաչելու։

 

 

Սիս. ճանապարհ դեպի ամբողջականություն

Մեր տան պատուհանից շուրջբոլորը՝ 360 աստիճան, լեռներ են երևում՝ Արագածը, Արա լեռը, Թեղենիսը, Հատիսը, Գութանասարը, Գեղամա լեռները, Մեծ Մասիսը, Բարդողը ու… Սիսը։ Մի օր հանկարծ նկատեցի՝ եղել եմ բոլոր գագաթներին, բացի Սիսից։ Այդ պահից Սիսն ինձ համար միանգամից դարձավ «մնացածներից տարբեր»։ 


2023-ի սեպտեմբերին մեկնեցինք Սիս։ Հինգ ընկերներով բարձրացանք գագաթ։ Վերելքն էլ համընկավ Թուրքիա–Հայաստան ֆուտբոլային խաղի հետ։ Ու մենք ամեն տեղ ասում էինք, որ գնում ենք ֆուտբոլ դիտելու, քանի որ բարձրանալու թույլտվություն այդ ժամանակ չկար։ Իհարկե դիտեցինք, բայց՝ հեռուստացույցով։ Անմիջապես հետո սկսեցինք նախապատրաստվել։ Լուսադեմին սկսեցինք վերելքը։ Սիսը տարբերվում էր իր կտրուկ թեք լանջերով։ Բայց իրական խնդիրը դա չէր։ Գագաթ տանող ուղղության վրա ռազմական բազա կար։ Եթե մեզ կանգնեցնեին մինչև բարձրանալը, վերելքը չէր կայանա։ Իսկ դրանից հետո՝ ինչ լիներ, էլ կարևոր չէր։


Երբ մեքենայից իջանք, շատ արագ սկսեցինք բարձրանալ։ Պետք էր մի որոշակի տարածություն հաղթահարել, վստահ լինելու համար, որ մեզ չեն հասնի։ Բարձրացանք, արդեն գագաթին էինք։ Ֆանտաստիկ էր։ Բայց հետ իջնելիս մեքենան շարժվելուն պես մեզ ընդառաջ եկան ոստիկաններ։ 


Ամեն ինչ արեցին պատշաճ ու զուսպ։ Ասացին՝ այստեղ գտնվելու իրավունք չունեք, սկսեցին փաստաթղթեր ստուգել։ Տեղում ստուգումներ անցկացնելու համար կապի խնդիր կար, ու մեզ ստիպված տարան ոստիկանական բաժին։ Բացատրեցին՝ ռազմական կայան է, իսկ այդ տարածքում գտնվելը արգելված է։ Վերջում մեզ առանց որևէ մեղադրանքի բաց թողեցին։ Միակ տուգանքը քուրդ վարորդին էր, անվտանգության գոտի չկապելու համար։ 


Սիսի գագաթին նստած, հինգից հինգս արդեն Մասիս բարձրացած, հասկացանք մի բան։ Մեր Արարատին ինչ-որ բան էր պակասում, ու հիմա՝ Սիս բարձրանալով, այդ բացը լրացվեց։ Սխալ չհասկանաք, չեմ ասում, որ միայն Արարատը բարձրացողների մոտ ինչ-որ պակաս բան կա։ Բայց երբ Սիս էլ բարձրացա, մի խաղաղություն, մի ամբողջություն մտավ ներսս։ Հիմա, երբ պատուհանից եմ նայում, տեսարանն արդեն լիարժեք է։

հավելյալ նյութեր